Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6389/05/23

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/6389/05/23

Նախագահող դատավոր`

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի դեկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Կարեն Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կարեն Մկրտչյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձինք` Լևոն Արիստագեսյան, ՀՀ կադաստրի կոմիտե՝ 26.05.2021 թվականի թիվ 1694-Ա որոշումը մասնակիորեն` 20,8քմ մակերեսով կառույցի մասով անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` Լևոն Արիստագեսյանի անվամբ Երևան, Տերյան 59 շենք, թիվ 16/1 հասցեում գտնվող 20,8քմ մակերեսով կառույցի նկատմամբ 22.06.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարեն Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2021 թվականի թիվ 1694-Ա որոշումը մասնակիորեն` 20,8քմ մակերեսով կառույցի մասով, և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Լևոն Արիստագեսյանի անվամբ Երևան, Տերյան 59 շենք, թիվ 16/1 հասցեում գտնվող 20,8քմ մակերեսով կառույցի նկատմամբ 22.06.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ ներկայացվել է միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 05122023 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.03.2024 թվականի որոշմամբ երրորդ անձ Լևոն Արիստագեսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 05122023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Մկրտչյանը (ներկայացուցիչ` Սահակ Մանուկյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է միայն 28.06.2023 թվականին, երբ իր ներկայացուցիչ Սահակ Մանուկյանի միջոցով 27.06.2023 թվականին դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե և ստացել է այն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ հայցվորը, որպես ք. Երևան, Տերյան փողոց 59 բազմաբնակարան շենքի համասեփականատեր, չի տվել իր համաձայնությունը Լևոն Արիստագեսյանի կողմից կառուցած 20,8 քմ անտրեսոլի օրինականացման համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Լևոն Արիստագեսյանի կողմից ք. Երևան, Տերյան փողոց 59 բազմաբնակարան շենքի տանիքում կառուցված շինությունները, այդ թվում՝ վիճելի շինությունն օրինականացնելու և դրանց նկատմամբ Լևոն Արիստագեսյանի իրավունքները հաստատելու վերաբերյալ համաձայնություն տալով՝ հայցվորն այդ պահից պահպանել է նշված շինությունների հետագա ճակատագիրը լուծող գործընթացներին տեղեկանալու հնարավորությունը, եկել է սխալ եզրահանգման, քանի որ ինքնակամ կառույցն օրինականացնելուն համաձայնություն տալը դեռևս չի նշանակում, որ անձը տեղյակ է վիճարկվող որոշման վերաբերյալ, քանի որ անձը տվյալ պարագայում տեղյակ է միայն, որ փորձում են օրինականացնել ինքնակամ կառույցը։ Բացի այդ, հայցվորը վարչական վարույթի մասնակից չի դարձվել, հետևաբար տեղեկացված չի եղել վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/0513/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.02.2022 թվականի, թիվ ՎԴ/4429/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2022 թվականի, թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ վիճարկման հայց ներկայացնելիս բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության ու նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական ակտի վերաբերյալ տեղեկացված չլինելու հիմքով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքը ոչ միայն հիմնարար իրավունք է, այլ նաև այլ հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիք է, որն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերում։

Այսպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարան դիմելու իրավունքին, նշել է, որ այն բացարձակ չէ և որոշակի հանգամանքներում կարող է օրինական կերպով սահմանափակվել, օրինակ, նաև դատարան դիմելու ժամկետային սահմանափակումների հիմքով (տե՛ս, Sanofi Pasteur v. France գործով Եվրոպական դատարանի 13.02.2020 թվականի վճիռը, կետ 50):

Եվրոպական դատարանն, այնուամենայնիվ, նշել է, որ կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անձի՝ դատարան դիմելու իրավունքն այնպես կամ այն աստիճանի, որ խախտվի դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը (տե՛ս, Oorzhak v. Russia գործով Եվրոպական դատարանի 30.03.2021 թվականի վճիռը, կետ 16):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից բխում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Այնուամենայնիվ, այս իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին չխոչընդոտող որոշակի սահմանափակումների, այդ թվում նաև՝ ժամկետային սահմանափակման։

Ելնելով վերը նշված չափանիշներից՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետներ՝ ապահովելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված սկզբունքների իրացումը: Միաժամանակ, իրավունքի վերոնշյալ սահմանափակումների միջոցով դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը չխախտելու և տվյալ իրավունքն անհարկի չսահմանափակելու նպատակով սահմանվել է բաց թողնված ժամկետի վերականգնման ինստիտուտը։

Այսպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետները՝ ըստ հայցատեսակների։ Վիճարկման հայցի համար նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է երկամսյա ժամկետ, որը հաշվարկվում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ։

Հաշվի առնելով, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամյսա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու հանգամանքով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը ևս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով։ Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել շեշտել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով, հետևաբար (…) երրորդ անձանց իրազեկվելու փաստը չի կարող ելակետ հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար, այլ նշված փաստն ընդամենը կարող է դրվել վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության հիմքում (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):

Վարչական արդարադատությունում դատավարական ժամկետը բաց թողնելու իրավական հետևանքները և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հետ կապված կառուցակարգերը նախատեսվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ անձն իր դատական պաշտպանության իրավունքից կարող է օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Դավիթ Ասատրյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/0361/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո (տե՛ս, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, արձանագրել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտած դիրքորոշումները և հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջամտող վարչական ակտը (զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները) վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավունքի ժամկետային եզրագիծն օրենսդիրը պայմանավորում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից (օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից) երկամսյա ժամկետի լրանալու պահով։ Այնուամենայնիվ վերոնշյալ ժամկետը բաց թողնելու պարագայում օրենսդիրը հնարավորություն է տալիս վերականգնելու բաց թողնված դատավարական ժամկետն այն դեպքում, երբ ներկայացվել է դատավարական ժամկետների վերականգնման վերաբերյալ հիմնավոր միջնորդություն, այն է՝ բացի ֆորսմաժորային իրավիճակներից, անձն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Կարեն Մկրտչյանը 16.08.2023 թվականին դիմել է դատարան և պահանջել է անվավեր ճանաչել 26.05.2021 թվականի թիվ 1694-Ա որոշումը մասնակիորեն` 20,8քմ մակերեսով կառույցի մասով, և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել Լևոն Արիստագեսյանի անվամբ Երևան, Տերյան 59 շենք, թիվ 16/1 հասցեում գտնվող 20,8քմ մակերեսով կառույցի նկատմամբ 22.06.2021 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ Կարեն Մկրտչյանը ներկայացրել է միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:

Դատարանը 05.12.2023 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ նշելով, որ «վիճարկվող որոշման մասին 28.06.2023 թվականին տեղեկացված լինելու պայմաններում, հաշվի առնելով նաև Կարեն Մկրտչյանի` վիճարկվող վարչական ակտի հասցեատեր չհանդիսանալու, ինչպես նաև պատասխանող Երևանի քաղաքապետի և երրորդ անձանց կողմից հայցվորի` վիճարկվող որոշման մասին տեղեկանալու ժամկետի վերաբերյալ փաստարկները հերքող որևէ այլ ապացույց չներկայացնելու հանգամանքները, դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է»։

Վերաքննիչ դատարանը 05.03.2024 թվականի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 05.12.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» վերացրել է այն պատճառաբանությամբ, որ. «(…) վիճահարույց շինության նկատմամբ Լևոն Արիստագեսյանի իրավունքները հաստատելու ուղղությամբ հայցվոր կողմը նույնպես ունեցել է կամարտահայտություն, որը դրսևորվել է համապատասխան համաձայնության ստորագրմամբ։ Ընդ որում, քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորում ստացած անհատ ձեռնարկատեր Հակոբ Մարգարյանի կողմից կազմված 2020 թվականի դեկտեմբերի 15-ի շինությունների բնութագրի բովանդակությունից ուղիղ հետևում է, որ հայցվորն օբյեկտիվորեն չէր կարող անտեղյակ չլինել վիճարկվող որոշմամբ օրինականացված ինքնակամ շինության ծավալի մասին: Ըստ այդմ, պետք է փաստել, որ հայցվոր կողմն օբյեկտիվորեն կարող էր տեղեկանալ վիճարկվող որոշման մասին ավելի վաղ, քանի շեշտադրել է հայցվորը, քանի որ տալով Լևոն Արիստագեսյանի կողմից Երևանի Տերյան 59 շենքի տանիքում կառուցված շինությունները, այդ թվում՝ վիճելի շինությունն, օրինականացնելու և դրանց նկատմամբ Լևոն Արիստագեսյանի իրավունքները հաստատելու վերաբերյալ համաձայնություն՝ հայցվորն այդ պահից պահպանել է նշված շինությունների հետագա ճակատագիրը լուծող գործընթացներին տեղեկանալու հնարավորությունը (…)։

Նման պայմաններում հաշվի առնելով, որ հայցվոր կողմը որևէ փաստարկ չի վկայակոչել առ այն, թե ինչ հանգամանքների ազդեցության պայմաններում է, որ չի կարողացել դատավարական ժամկետների հաշվառմամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իր ենթադրյալ խախտված իրավունքների դատական պաշտպանության ուղղությամբ, ապա պետք է փաստել, որ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին հայցվորի միջնորդությունը, փաստորեն, հիմնավոր չէ»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ կադաստրի կոմիտեի 08.01.2014 թվականի «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» թիվ 08012014-01-0276 վկայականի համաձայն Կարեն Մկրտչյանը ք. Երևան, Տերյան փողոց 59 շենքի 8-րդ բնակարանի սեփականատերն է (հատոր 1-ին, գթ 15-16) և, ի թիվս նույն շենքի այլ սեփականատերերի, 20.01.2021 թվականին տվել է իր համաձայնությունը, որ Լևոն Արիստագեսյանը ք. Երևան, Տերյան փողոց 59 շենքի տանիքում իր կողմից վերակառուցած վերնահարկը սեփականացնի (հատոր 1-ին, գթ 81)։ Ընդ որում, համաձայնության տեքստում շինության մակերեսի վերաբերյալ նշում առկա չէ։

Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշման համաձայն՝ ք. Երևան, Տերյան փողոց 59 շենք հասցեում Լևոն Արիստագեսյանի կողմից իրականացրած 141,7 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական (հատոր 1-ին, գթ 17): Որոշման հիմքում, ի թիվս այլնի, դրվել են համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները և անհատ ձեռնարկատեր Հակոբ Մարգարյանի կողմից տրված ինքնակամ կառուցի արտաքին չափերի վերաբերյալ տեղեկանքը, որում նշված է, որ շինության հատակագծի համաձայն 126,9 քմ շինությունը բաղկացած է 106,1 քմ վերնահարկից և 20,8 քմ անտրեսոլից (հատոր 1-ին, գթ 20

Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշման հիման վրա ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 22062021 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում և տրվել է «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման» թիվ 23062021-01-0164 վկայականը, որի համաձայն՝ ք. Երևան, Տերյան փողոց 59 շենք 16/1 հասցեում գտնվող 126,9 քմ վերնահարկի նկատմամբ գրանցվել է Լևոն Արիստագեսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գթ 18-19

Կարեն Մկրտչյանի ներկայացուցիչ Սահակ Մանուկյանը 27.06.2023 թվականին դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե (հատոր 1-ին, գ.թ. 24) և, ըստ հայցադիմումում ներկայացված տեղեկատվության, 28.06.2023 թվականին ստացել է Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 6), որը հերքող որևէ ապացույց պատասխանող Երևանի քաղաքապետի և սույն գործով երրորդ անձանց կողմից չի ներկայացվել։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կարեն Մկրտչյանի կողմից սույն գործով վիճարկվող վարչական ակտի մասին 28062023 թվականից ավելի վաղ տեղեկանալու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությանը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այդ դիրքորոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Կարեն Մկրտչյանը տվել է իր համաձայնությունը ք. Երևան, Տերյան փողոց 59 շենքի տանիքում Լևոն Արիստագեսյանի կողմից վերակառուցած վերնահարկը վերջինիս կողմից սեփականացնելուն, ինչի պայմաններում համաձայնությունը տալու պահից պահպանել է նշված շինությունների հետագա ճակատագիրը լուծող գործընթացներին տեղեկանալու հնարավորությունը։ Սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշման հիմքում դրված անհատ ձեռնարկատեր Հակոբ Մարգարյանի կողմից տրված ինքնակամ կառույցի արտաքին չափերի վերաբերյալ մասնագիտական տեղեկանքում նշված է, որ շինության հատակագծի համաձայն 126,9 քմ շինությունը բաղկացած է 106,1 քմ վերնահարկից և 20,8 քմ անտրեսոլից։ Այնինչ, ըստ գործի նյութերի, Կարեն Մկրտչյանը վիճարկվող վարչական ակտի կայացումից առաջ՝ վարչական վարույթի ընթացիկ փուլում՝ 20.01.2021 թվականին տվել է իր համաձայնությունը միայն ք. Երևան, Տերյան փողոց 59 շենքի տանիքում կառուցված շինության վերնահարկի սեփականացման մասով, ուստի Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ հայցվորը համապատասխան համաձայնությունը տալու պահից պահպանել է նշված շինությունների (106,1 քմ վերնահարկի և 20,8 քմ անտրեսոլի) հետագա ճակատագիրը լուծող գործընթացներին տեղեկանալու հնարավորությունը, հիմնավոր չէ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անհատ ձեռնարկատեր Հակոբ Մարգարյանի՝ ինքնակամ կառուցի արտաքին չափերի վերաբերյալ տեղեկանքի բովանդակությունից ուղիղ հետևում է, որ հայցվորն օբյեկտիվորեն չէր կարող անտեղյակ լինել վիճարկվող որոշմամբ օրինականացված ինքնակամ շինության ծավալի մասին, սակայն տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը տվել է ընդհանուր բնույթի վերացական դատողություն՝ առանց ներկայացնելու նման համոզմունքի ձևավորման ուղեգիծը։

Այսպիսով, հաշվի առնելով, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Կարեն Մկրտչյանն օբյեկտիվորեն հնարավորություն է ունեցել տեղեկանալու վիճարկվող վարչական ակտի մասին ավելի վաղ, քան ՀՀ կադաստրի կոմիտեից 28062023 թվականի պատասխանի ստացման պահը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար, քանի որ իր ներկայացուցչի կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումին ի պատասխան տեղեկացել է վիճելի շինության իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթի (Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշում) մասին և տեղեկանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում դիմել է դատարան։

Հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Կարեն Մկրտչյանի միջնորդությունը ենթակա է բավարարման, և բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա է վերականգնման, քանի որ Կարեն Մկրտչյանը Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշման վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է՝ չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և այդ պատճառը վերանալուց հետո երկու ամսվա ընթացքում վիճարկման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան: Փաստորեն, Դատարանը, սույն գործով 05.12.2023 թվականի որոշմամբ բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կարեն Մկրտչյանի միջնորդությունը և վերականգնելով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը, կայացրել է իրավաչափ դատական ակտ, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել են թիվ ՎԴ/0513/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.02.2022 թվականի, թիվ ՎԴ/4429/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.12.2022 թվականի, թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումները, որոնցով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները։ Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կարեն Մկրտչյանը Երևանի քաղաքապետի 26052021 թվականի որոշման վիճարկման ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է՝ չի իմացել նշված վարչական ակտի գոյության մասին, և օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար՝ սույն որոշմամբ նշված դիրքորոշումների համատեքստում:

Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Կարեն Մկրտչյանի միջնորդությունը՝ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարել հարգելի և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

ա. Թովմասյան

լ. Հակոբյան

ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: