ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 1978 թ. N 554
Քաղ. Երևան
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՍԽԵՄԱՅԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում են, որ Անտառային տնտեսության պետական կոմիտեն որոշ աշխատանք է կատարել անտառային զանգվածների պահպանման, ընդլայնման, դրանց վիճակի բարելավման և անտառների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
1971-1976 թվականներին պլանով նախատեսված 39,0 հազ. հա-ի փոխարեն տնկվել են 39,3 հազ. հա անտառային կուլտուրաներ: Անտառային կուլտուրաների երկարակեցությունը նորմատիվով նախատեսված 65 տոկոսի փոխարեն կազմել է 66-75 տոկոս: Ամեն տարի աճեցվել են 41-42 մլն սերմնաբույսեր և տնկիներ: Հանրապետության քաղաքների, արդյունաբերական կենտրոնների և առողջարանների շուրջը ստեղծվել է պարկային տնտեսություն 2550 հա տարածության վրա: Մի շարք միջոցառումներ են իրականացվում արգելոցային ռեժիմը բարելավելու ուղղությամբ, ավելացվել են արգելոցների տարածությունները:
Նոր անտառների մոտ 50 տոկոսը տնկված է անտառազուրկ և սակավանտառ շրջաններում ու գյուղատնտեսական օգտագործման համար ոչ պիտանի կոլտնտեսային և սովխոզային ողողամաշված հողերում:
Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը նշում են, որ Անտառային տնտեսության պետական կոմիտեն դեռևս բավականաչափ ուշադրություն չի դարձնում ցածր խտությամբ, սակավարդյունավետ անտառների արտադրողականության ավելացման ուղղությամբ գիտաարտադրական միջոցառումների իրականացմանը, որի հետևանքով հանրապետությունում որոշ անտառային զանգվածների վիճակը շարունակում է մնալ անբավարար:
Հանրապետության անտառային տնտեսության զարգացման գիտականորեն հիմնավորված հաստատված գլխավոր սխեմայի բացակայության պատճառով անտառամելիորատիվ և անտառատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հաշվի չեն առնվել հողօգտագործման, ջրային ռեսուրսների օգտագործման գլխավոր սխեմաները` հանրապետության գյուղատնտեսական արտադրության զարգացման հեռանկարով:
Անտառների զգալի տարածություններ պահանջում են գիտականորեն հիմնավորված անհետաձգելի միջոցների ձեռնարկում դրանց հողապաշտպան և ջրակարգավորման հատկությունները բարելավելու ուղղությամբ:
Դանդաղ տեմպերով են կատարվում անտառի խնամքի համար կտրատումները, այն դեպքում, երբ ներկայումս 24 հազ. հա արհեստական անտառատնկվածքներ և 25 հազ. հա վերականգնված անտառամասեր դրա կարիքն ունեն:
Ցածր է աշխատատար պրոցեսների մեքենայացման մակարդակը: Անտառային տնտեսության պետական կոմիտեն անտառային կուլտուրաների մեքենայացված խնամքի պլանը 1977 թվականին կատարել է 51 տոկոսով:
Հանրապետության տերիտորիայի ցածր անտառապատվածության պայմաններում (մոտ 10 տոկոս) դանդաղ տեմպերով են իրականացվում անտառային զանգվածների ընդլայնման, սակավարժեք տնկիների վերակառուցման աշխատանքները:
Գյուղատնտեսության համար պիտանի և Անտառային տնտեսության պետական կոմիտեին հանձնված շատ զանգվածներ չեն օգտագործվում անտառատնկման համար:
Որոշ անտառատնտեսություններում պատշաճ խնամքի և պահպանության բացակայության պատճառով ցածր է անտառային կուլտուրաների երկարակեցությունը: Վերջին յոթ տարում տնկված բոլոր անտառային զանգվածներից դուրս է գրված 13,4 տոկոսը: Ղափանի, Եղեգնաձորի, Կրասնոսելսկի և Սպիտակի անտառատնտեսություններում ոչնչացող անտառային կուլտուրաների ծավալը հասնում է 30-50 տոկոսի:
Անտառային տնտեսության պետական կոմիտեն դեռևս թույլ է զբաղվում բարձրորակ խոշոր տնկանյութերի արտադրության համար բազայի զարգացմամբ:
Հանրապետությունում անբավարար է կատարվում անտառային տնտեսության մասնագիտությունների գծով բարձրագույն ու միջնակարգ կրթությամբ կադրերի պատրաստումը: Տնտեսությունների 41 դիրեկտորներից ընդամենը 13 են անտառի մասնագետներ, իսկ 149 անտառապետներից մասնագիտական կրթություն ունեն միայն 32 մարդ:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.
1. Նշել, որ Անտառային տնտեսության պետական կոմիտեն դեռևս անբավարար է իրականացնում անտառային տնտեսությունը գիտականորեն հիմնավորված ձևով վարելու, հանրապետության անտառային զանգվածները պահպանելու, ընդարձակելու և դրանց վիճակը բարելավելու միջոցառումները:
2. Հանրապետության անտառային տնտեսության վարումն արմատապես բարելավելու նպատակով հաստատել Անտառային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացված մինչև 1990 թվականը Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության զարգացման գլխավոր սխեման և անտառների հետագա ընդարձակման ու դրանց վիճակի բարելավման համար համապատասխան միջոցառումները` համաձայն NN 1-14 հավելվածների*), այդ թվում անտառային ֆոնդի տերիտորիայի բաշխումն ըստ անտառատնտեսության գոտիների` համաձայն N 1 հավելվածի, տարածությունների վերաբաշխումն ըստ պաշտպանունակության կատեգորիաների` համաձայն N 2 հավելվածի, անտառօգտագործման չափերը` համաձայն N 3 հավելվածի, անտառավերականգնման աշխատանքների ծավալները` համաձայն N 4 հավելվածի, հակաէրոզային տնկարկատարածությունները կոլտնտեսային և սովխոզային հողերում` համաձայն N 5 հավելվածի, պտղատու այգիների և խաղողի այգիների վերակառուցման առաջադրանքը` համաձայն N 6 հավելվածի, անտառատնտեսային և անտառակուլտուրային աշխատանքների մեքենայացման ծավալը` համաձայն N 7 հավելվածի, անտառապաշտպան աշխատանքների ծավալները` համաձայն N 8 հավելվածի, անտառահատումների տարբերակված տարիքների հաստատումը` համաձայն N 9 հավելվածի, ընկուզենու տնկապատումը` համաձայն N 10 հավելվածի, խոշոր մեքենայացված անտառային տնկարանների ստեղծումը` համաձայն N 11 հավելվածի, ոռոգման համար նախատեսված տարածությունները` համաձայն N 12 հավելվածի, անտառապուրակների ստեղծման պլանը` համաձայն N 13 հավելվածի և Պետանտառֆոնդի անտառային տարածությունների փոփոխությունները` համաձայն N 14 հավելվածի:
3. Հանձնարարել Անտառային տնտեսության պետական կոմիտեին, Գյուղատնտեսության մինիստրությանը, Մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանը, համապատասխան մինիստրություններին, գերատեսչություններին ու գիտական կազմակերպություններին, կուսակցության շրջկոմներին և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին, կոլտնտեսությունների ու պետական տնտեսությունների ղեկավարներին` նպատակամղված աշխատանք կատարել անտառների հողապաշտպան և ջրակարգավորման հատկությունների և այլ օգտակար ֆունկցիաների բարձրացման, Պետանտառֆոնդի հողերի ռացիոնալ օգտագործման, լեռնային ողողամաշված լանջերի անտառապատման, անտառազուրկ շրջաններում անտառամշակման աշխատանքների կենտրոնացման, սելավային երևույթների դեմ պայքարի, անտառապուրակների և ընկուզենու տնկապատման, քաղաքների, բնակավայրերի, արդյունաբերական կենտրոնների և առողջարանների շուրջը կանաչ գոտիների տնկման, գոյություն ունեցող տնկարկների արդյունավետության բարձրացման, դրանց պահպանման և պաշտպանության բարելավման ուղղությամբ:
4. Հանձնարարել Պետպլանին, Անտառային տնտեսության պետական կոմիտեին և Գյուղատնտեսության մինիստրությանը` տնտեսական և սոցիալական զարգացման տարեկան ու հեռանկարային պլանների կազմման ժամանակ հաշվի առնել Հայկական ՍՍՀ անտառային տնտեսության զարգացման գլխավոր սխեմայով նախատեսված աշխատանքների ծավալները:
5. Պարտավորեցնել Անտառային տնտեսության պետական կոմիտեին.
ա) անտառատնտեսական և անտառամելիորատիվ աշխատանքները կազմակերպելու ժամանակ ղեկավարվել գլխավոր սխեմայի հիմնական դրույթներով.
բ) ապահովել ցածր խտության և ցածրարտադրողական տնկարկների ժամանակին վերականգնումը տնտեսապես արժեքավոր տեսակներով (կաղնի, հաճարենի, բոխի, գիհի, ընկուզենի, սոճի և այլ անտառակուլտուրաներ).
գ) անտառասերմնային տնտեսության արմատական բարելավման, ինչպես նաև սելեկցիոն հիմքով անտառասերմնային բազայի ստեղծման նպատակով նախապատրաստել և հաստատման համար ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեի առաջարկություն ներկայացնել հանրապետական վերահսկիչ-սերմնային լաբորատորիայի կազմակերպման մասին.
դ) ապահովել անտառահումքային ռեսուրսների և անտառի արտադրանքի ռացիոնալ և արդյունավետ օգտագործումը.
ե) Անտառափորձնական հայկական գիտահետազոտական կայանի միջոցով գիտականորեն հիմնավորված միջոցառումներ իրականացնել անտառի պաշտպանական, հակաէրոզային և այլ օգտակար ֆունկցիաների բարձրացման, գյուղատնտեսության համար ոչ պիտանի տարածությունների վրա անտառային զանգվածների ստեղծման, արժեքավոր վերապրուկային, փայտաթփուտային տեսակների պահպանման ու բազմացման, էլիտային սերմնաբուծության կազմակերպման և արժեքավոր տեսակների վերարտադրության, աշխատատար պրոցեսների կազմակերպման ուղղությամբ և այլն.
զ) մշակել և իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ հանրապետության արգելոցների և արգելանտառների աշխատանքն արմատապես բարելավելու ուղղությամբ, ապահովել նրանցում պահպանման արգելոցային ռեժիմի և բուսական ու կենդանական աշխարհի վերարտադրության գիտականորեն հիմնավորված վարումը.
է) եռամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել անտառատնտեսական, անտառակուլտուրային և անտառամելիորատիվ պրոֆիլներ ունեցող փորձնաարտադրական ցուցադրական անտառատնտեսությունների կազմակերպման մասին` արտադրության մեջ գիտական հանձնարարականները հաջող ներդնելու նպատակով.
ը) եռամսյա ժամկետում մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել հանրապետության քաղաքներին և արդյունաբերական կենտրոններին մոտ ընկած անտառներում առանձին տեղամասեր առանձնացնելու մասին, հարմարեցնելով դրանք աշխատավորների հանգիստը կազմակերպելու համար».
թ) մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Անտառային տնտեսության պետական կոմիտեի կառավարչական ապարատի կառուցվածքի կատարելագործման ուղղությամբ:
6. Պարտավորեցնել կուսակցության շրջկոմներին, ժողովրդական դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին, Գյուղատնտեսության մինիստրությանը և Անտառային տնտեսության պետական կոմիտեին.
ա) սահմանված կարգով ապահովել ձորակներում, հեղեղատներում և գյուղատնտեսական արտադրության համար ոչ պիտանի այլ տերիտորիաներում հողերի հատկացումը հակաէրոզային անտառատնկարկների համար ըստ առանձին ջրահավաք ավազանների, այլ հակաէրոզային միջոցառումների կոմպլեքսում.
բ) արգելել հանրապետության տերիտորիայում արժեքավոր պնդատերև տեսակների, այդ թվում կաղնու, հացենու, թխկենու, տանձենու և պտղատու ուրիշ ծառերի կտրատումը: Անհրաժեշտության դեպքում կատարել խնամքի համար կտրատումներ և սանիտարական կտրատումներ անտառային տնտեսության մարմինների թույլտվությամբ.
գ) եռամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել հանրապետության անտառային շրջաններում միջկոլտնտեսային և միջսովխոզային անտառատնտեսային ձեռնարկություններ կազմակերպելու հնարավորության մասին:
7. Գյուղատնտեսության մինիստրությանը և Անտառային տնտեսության պետական կոմիտեին.
ա) անտառի բնական վերականգնման ապահովման, նրա հողապաշտպանական և ջրապահպանման ֆունկցիաների բարձրացման նպատակով ուժեղացնել վերահսկողությունը կոլտնտեսային ու սովխոզային անտառների պահպանվածության վիճակի նկատմամբ և կտրականապես արգելել անտառներում անասնապահական ֆերմաների ու այլ կառույցների շինարարությունը.
բ) հանրապետության անտառներում հողաջրապահպանման վիճակը պարզելու համար «Հայհողպետնախագիծ» ինստիտուտի միջոցով կազմակերպել խոշոր մասշտաբի հողային հետազոտություններ.
գ) մշակել հանքային պարարտանյութերի, հերբիցիդների և անտառի վնասատուների ու հիվանդությունների դեմ այլ արդյունավետ միջոցների կիրառման գիտականորեն հիմնավորված սիստեմ.
դ) եռամսյա ժամկետում մշակել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել այդ նպատակների համար պիտանի Պետանտառֆոնդի հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու մասին:
8. Պարտավորեցնել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրությանը` կոլտնտեսությունների և սովխոզների ֆինանսական պլաններում միջոցառումներ նախատեսել անտառների պահպանման, խնամքի և վերականգնման ուղղությամբ:
9. Անտառային տնտեսության պետական կոմիտեին, Մակերեսային և ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման պետական կոմիտեին և «Հայջրտնտպետնախագիծ» ինստիտուտին` մշակել և եռամսյա ժամկետում Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ կոնկրետ առաջարկություններ ներկայացնել ոռոգման ցանցի շինարարության վերաբերյալ` 17 հազ. հա տարածության վրա անտառապտղատու տնկիները, տնկարանները, կանաչ գոտիները և անտառապուրակները ոռոգման ջրով ապահովելու համար:
10. Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի վրա դնել հանրապետությունում անտառի ու անտառամելիորացիայի պրոբլեմի վերաբերյալ գիտական հետազոտությունների կոորդինացումը և հանձնարարել նրան անտառների ու անտառակուլտուրաների վիճակի գիտական վերլուծության հիման վրա մշակել և Անտառային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարել միջոցառումներ բնական անտառների արտադրողականության բարձրացման, անտառածածկ տարածությունների ընդարձակման և անտառամելիորատիվ միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
11. Հանձնարարել Քաղաքացիական ավիացիայի հայկական վարչությանը` կազմակերպել գյուղատնտեսական և անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի մասնագիտացված ջոկատ, այն կոմպլեկտավորելով համապատասխան ինքնաթիռներով և ուղղաթիռներով:
12. Ամեն տարի կազմակերպել Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտին առընթեր անտառաբույծների որակավորման բարձրացման երկամսյա դասընթացներ:
13. Խնդրել ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին` սահմանել Հայկական ՍՍՀ անտառներում 50 հազ. խոր. մ քանակությամբ ամենամյա կտրատումների չափը` փայտանյութի 12 հազ. խոր. մ գործնական ելունքով:
14. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիային.
ա) բուսաբանության ինստիտուտին առընթեր ասպիրանտուրայում ամեն տարի նախատեսել 1-2 տեղ «Անտառային տնտեսություն» մասնագիտության գծով բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար.
բ) բուսաբանության ինստիտուտի թեմատիկայի մեջ մտցնել 1979-1983 թվականներին պայմանագրային հիմունքներով «Հարավային Հայաստանի թփուտային ծագման ցածրարդյունավետ անտառների արդյունավետության բարձրացումը» թեմայի մշակումը:
15. Պարտավորեցնել բոլոր մինիստրություններին, գերատեսչություններին, ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային սովետների գործկոմներին և նախագծային կազմակերպություններին` Անտառային տնտեսության պետական կոմիտեի հետ պարտադիր կարգով համաձայնեցնել ավտոմոբիլային և երկաթուղային տրասսաների, էլեկտրահաղորդման գծերի, գազամուղերի, կոյուղու կոլեկտորների, ջրատարների և ինժեներային այլ կառուցվածքների շինարարության նախագծերը:
16. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Գյուղատնտեսության արտադրատեխնիկական ապահովման պետական կոմիտեին` ապահովել մեքենաների, մեխանիզմների և նյութերի նկատմամբ անտառային տնտեսության պահանջարկը Հայկական ՍՍՀ Անտառային տնտեսության պետական կոմիտեի հայտերին համապատասխան:
17. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Պետպլանին.
ա) ամեն տարի Անտառային տնտեսության պետական կոմիտեին անհրաժեշտ միջոցներ առանձնացնել սույն որոշման 10-րդ կետով նախատեսված գիտական մշակումների ֆինանսավորումն ապահովելու համար.
բ) հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հետ համատեղ նախապատրաստել և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել ինստիտուտին կից անտառի բաժանմունք բացելու մասին, ամեն տարի ընդունելով 25 մարդ:
18. Խնդրել ՍՍՀՄ Անտառային տնտեսության պետական կոմիտեին` անտառատնտեսական, անտառավերականգնման և հիդրոտեխնիկական միջոցառումները նախագծանախահաշվային փաստաթղթերով լրիվ ապահովելու նպատակով տարեկան 340-350 հազ. ռուբլով ավելացնել 1978-1990 թվականների համար նախագծահետախուզական աշխատանքների ծավալները:
__________________________
*) Հավելվածները չեն բերվում:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆ |
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |