Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-146-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.03.2011-18.10.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1308
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին

 

ՀՍԿԻՉ ՆՇԱՆՆԵՐԻ (ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ) ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱՁԱՅՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

1. Սույն օրենքը սահմանում է մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների (այսուհետ` ստեղծագործողներ) ստեղծագործությունները, կատարումները ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ` սկավառակ) վրա պարտադիր դրոշմավորման ենթակա հսկիչ նշաններով (այսուհետ` դրոշմապիտակ) դրոշմավորման, դրոշմապիտակների տրամադրման, հաշվառման, օգտագործման և պահպանման կարգը, ինչպես նաև սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

2. Ստեղծագործության հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքի իրավատիրոջ և դրոշմավորման ենթակա սկավառակներ արտադրողի կամ ներմուծողի միջև ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Սկավառակների դրոշմապիտակներով դրոշմավորումը նպատակ ունի`

1) պաշտպանել մշակույթի, գրականության, գիտության, արվեստի բնագավառների ստեղծագործողների, համակարգչային ծրագրեր և տվյալների բազաներ պատրաստողների հեղինակային իրավունքները, կատարողների, հնչյունագրեր արտադրողների, ֆիլմ արտադրողների հարակից իրավունքները.

2) սկավառակները կեղծումից պաշտպանելու միջոցով` պաշտպանել սպառողների շահերը.

3) տնտեսավարող սուբյեկտների համար` ապահովել արդարացի մրցակցային պայմաններ և ապրանքային նշանների լրացուցիչ պաշտպանվածություն.

4) ստեղծել լրացուցիչ պայմաններ` հարկային եկամուտների հավաքագրման և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման համար:

 

 Հոդված 2. Դրոշմապիտակների ձևը և կիրառման ոլորտները

 

1. Սույն օրենքի իմաստով դրոշմապիտակ է համարվում սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող, ծալքագծված փայլաթիթեղի մաս ունեցող դրոշմանիշը, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրոշմավորված սկավառակներ արտադրողին կամ ներմուծողին, ընդ որում, ներմուծված և տեղում արտադրված սկավառակների դրոշմապիտակները տարբերվում են գույներով և համապատասխանաբար «տեղական» կամ «ներմուծված» մակագրություններով:

2. Ինքնասոսնձվող դրոշմապիտակների դարձերեսին քսված սոսինձը և դրոշմապիտակի ծալքագծերը պետք է բացառեն դրանց անվնաս պոկելու և դրոշմապիտակի բազմակի oգտագործման հնարավորությունը: Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:

3. Դրոշմապիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես լիազոր մարմնի, այնպես էլ դրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Վերջիններս վարում են դրոշմապիտակների առանձին հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար oրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Եթե այլ բան չի բխում սույն օրենքից, ապա դրոշմապիտակներով դրոշմավորման պարտականություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք (այսուհետ` անձինք), Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

 

 Հոդված 3. Դրոշմավորման ենթակա ապրանքները և դրանց բովանդակությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված սկավառակների վրա իրացման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի):

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված սկավառակի կամ դրա փաթեթավորման վրա պարտադիր կերպով պետք է հայերեն նշված լինեն ստեղծագործության անվանումը, արտադրող կամ ներմուծող անձի լրիվ անվանումը, հասցեն:

 

 Հոդված 4. Դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը

 

1. Դրոշմապիտակները փակցվում են սկավառակի տուփի, փաթեթավորման այնպիսի հատվածում, որի նյութը ապահովում է դրոշմապիտակի հուսալի փակցնումը: Կափարիչով տուփի դեպքում դրոշմապիտակը փակցվում է տուփի բացվող մասի վրա:

2. Նախորդ նմուշի դրոշմապիտակը կիրառությունից հանելու կապակցությամբ վերադրոշմավորման անհրաժեշտության դեպքում նոր նմուշի դրոշմանիշը փակցվում է տուփի կամ փաթեթավորման այն հատվածում, որտեղ դրոշմապիտակ փակցված չէ:

 

 Հոդված 5. Դրոշմապիտակների արժեքը, կիրառության կարգն ու ժամկետները

 

1. Դրոշմապիտակների նմուշները (էսքիզները) հաստատում է լիազոր մարմինը:

2. Յուրաքանչյուր տարում կիրառվող դրոշմապիտակների արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ելնելով դրանց արտադրության, պահպանության, օգտագործումից հանելու հետ կապված ծախսերից: Դրոշմապիտակների արժեքը (գինը) յուրաքանչյուր տարվա համար սահմանվում է դրա սկզբից առնվազն մեկ ամիս առաջ: Մինչև սույն մասով սահմանված ժամկետը գին չսահմանվելու դեպքում տվյալ օրացուցային տարում կիրառվում է դրոշմապիտակների նախորդ տարվա արժեքը:

3. Լիազոր մարմնի սահմանած նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դրվում և կիրառությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու տարուց` սկսած դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու պահից, կամ 6 ամսից` դրան հաջորդող նմուշի դրոշմապիտակները կիրառության մեջ դնելու պահից:

4. Կիրառությունից հանված դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրելի ժամկետից հետո կարող է իրականացնել անմիջական արտադրողը կամ անմիջական ներմուծողը` ապրանքների նոր նմուշի դրոշմապիտակներով դրոշմավորված (հերթական թվով նմուշի դրոշմապիտակներով վերադրոշմավորված) լինելու դեպքում:

 

 Հոդված 6. Դրոշմապիտակների ձեռքբերման կարգը

 

1. Դրոշմապիտակները տրամադրում է լիազոր մարմինը` դրոշմապիտակի ձեռքբերման հայտի (այսուհետ` հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում:

2. Դրոշմապիտակներ ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետությունում սկավառակներ արտադրող և Հայաստանի Հանրապետություն սկավառակներ ներմուծող անձինք լիազոր մարմին են ներկայացնում`

1) դրոշմապիտակների ձեռքբերման հայտը.

2) դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) հաշվետվություն` նախկինում ձեռք բերված դրոշմապիտակների օգտագործման մասին (բացառությամբ առաջին անգամ դրոշմապիտակներ ձեռք բերելու դեպքի).

4) պայմանագիր, արտադրման և (կամ) իրացման թույլտվություն (լիցենզիա) կամ դրանց քաղվածքները` կնքված ստեղծագործությունների հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքի իրավատերերի հետ, որտեղ հստակ նշված է թողարկվելիք և (կամ) իրացման ենթակա (ներմուծված) սկավառակների անվանումները, բովանդակության նկարագրությունը (ցանկը), ընդհանուր քանակը և ստեղծագործությունների հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքի իրավատերերին վճարվելիք գումարները, ինչպես նաև հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքի իրավատերերի տվյալները (հասցե, հեռախոսի և հեռակապի համարներ, ինտերնետային կայք, էլեկտրոնային փոստ և այլն): Հեղինակային և (կամ) հարակից իրավունքները պաշտպանված չլինելու, ինչպես նաև օրենքով սահմանված հեղինակային և (կամ) հարակից իրավունքների ժամկետը սպառված լինելու դեպքում այդ մասին լիազոր մարմին է ներկայացվում տեղեկանք (հավաստագիր)` տրված հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա սկավառակների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված սկավառակները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

4. Հայաստանի Հանրապետություն սկավառակներ ներմուծող անձանց դրոշմապիտակները տրամադրվում են 90 oր ժամկետով` օտարերկրյա պայմանադիր կողմին ուղարկելու (ժամանակավոր արտահանելու) և դրանցով սկավառակները դրոշմավորելու համար: Լիազոր մարմինը մինչև 90-oրյա ժամկետի ավարտն oտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի չկատարման կամ մասնակի կատարման դեպքում ներմուծողի դիմումի հիման վրա երկարաձգում է դրոշմապիտակների տրամադրման ժամկետը` դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 oրով:

5. Դրոշմապիտակների տրամադրման հայտը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը ոչ լիարժեք ներկայացված լինելու դեպքում, որը չի զրկում փաստաթղթերը լիարժեք դարձնելուց հետո կրկին դիմելու իրավունքից:

6. Սույն հոդվածով նախատեսված հայտի և հաշվետվության ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

7. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվելու դեպքում դրոշմապիտակները անձանց տրամադրվում են 10-օրյա ժամկետում:

8. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով պահանջվող փաստաթղթերի կամ դրանցում պարունակվող որևէ տեղեկատվության իսկության և (կամ) հավաստիության համար լիազոր մարմինը պատասխանատվություն չի կրում:

9. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերում որևէ կեղծիք հայտնաբերվելու դեպքում հայտ ներկայացրած անձի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

 

 Հոդված 7. Վնասված և (կամ) չօգտագործված դրոշմապիտակների վերադարձման կարգը

 

1. Դրոշմապիտակների ձեռքբերման համար պետական բյուջե վճարված գումարը համարվում է համախառն եկամուտից նվազեցման ենթակա ծախս (նյութական ծախս), բացառությամբ եթե ստացված դրոշմապիտակները չեն օգտագործվել և չեն վերադարձվել:

2. Ձեռք բերված և չօգտագործված դրոշմապիտակները, համապատասխան արտադրությունը կամ ներմուծումը դադարեցնելու, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտի օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, վերադարձվում են լիազոր մարմին:

3. Վնասված դրոշմապիտակները վերադարձվում են լիազոր մարմին` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. Չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը սույն հոդվածով սահմանված ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված դրոշմապիտակների թվին, տեսակին համապատասխան հարկ վճարողը հաշվարկում է, իսկ չհաշվարկվելու դեպքում` լիազոր մարմինը առաջադրում է շահութահարկի (եկամտահարկի) (իսկ անձը ԱԱՀ վճարող համարվելու դեպքում` նաև ավելացված արժեքի հարկի մասով) հարկային պարտավորություն` ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարողի նույն տեսակի ապրանքի համար կիրառված միջին գներից: Նախորդ կիսամյակում նույն տեսակի ապրանքի իրացումների բացակայության դեպքում սույն մասով սահմանված հարկային պարտավորությունները հաշվարկվում են ելնելով նախորդ կիսամյակում հարկ վճարող նույնանման ապրանքի համար կիրառված միջին գներից, իսկ նման իրացումների բացակայության դեպքում` համեմատելի հանգամանքներում այլ հարկ վճարողների կողմից կիրառված գներից:

5. Հարկ վճարողի վերադարձրած դրոշմապիտակները լիազոր մարմինը չի ընդունում, եթե`

1) դրոշմապիտակները չեն փակցված առանձին էջերի վրա` առանց ծալքերի և անհարթությունների.

2) դրոշմապիտակների սերիան և դրա կենտրոնական մասը տեսանելի չեն.

3) դրոշմապիտակի պատռված մասերը միացված չեն.

4) վերադարձվող դրոշմապիտակի մակերեսը (այդ թվում` հավաքված առանձին մասերից) չեն կազմում սկզբնական չափի առնվազն 60 տոկոսը:

6. Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցումից:

7. Դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա` ներմուծվող սկավառակների դրոշմավորումը կարող է կատարվել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում (համապատասխան թույլատվության դեպքում` մաքսատան, կամ մաքսակետի տարածքում կամ մաքսային պահեստում): Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա սկավառակների սույն օրենքով սահմանված կարգով դրոշմավորման համար պատասխանատու է ներմուծողը:

8. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սկավառակների դրոշմավորումը իրականացվում է արտադրողի ընտրած տարածքում:

9. Դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

 

 Հոդված 8. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:

2. Սույն օրենքի պահանջների խախտման դեպքում հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքի իրավատերերին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 9. Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքով սահմանված դրոշմավորման կարգը չի տարածվում այն սկավառակների վրա, որոնք`

1) տարանցիկ փոխադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով.

2) պարունակում են համակարգչային ծրագրեր և տվյալների բազա և մտնում են որևէ սարքավորման լրակազմի մեջ.

3) կցված են գրքերին, ամսագրերին, տեղեկատուներին և պարունակում են դրանց էլեկտրոնային բովանդակությունը.

4) ֆիզիկական անձանց կողմից ներմուծվում են անձնական օգտագործման նպատակներով, ընդ որում, ներմուծվող սկավառակների քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) թողարկվել և (կամ) ներմուծվել են մարդասիրական օգնության և բարեգործական շրջանակներում և ենթակա են անհատույց բաշխման:

 

 Հոդված 10. Oրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 15

Երևան

ՀՕ-146-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.12.2015, ՀՕ-200-Ն 09.01.2016, ՀՕ-146-Ն
19.03.2012, ՀՕ-44-Ն 18.10.2012, ՀՕ-146-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան