Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2024
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.12.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 393-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2012թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է

1. Սահմանել Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -21

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելված

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 25.12.2024

թվականի N 393-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1․ Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասին և 245-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և(կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնությունների սահմանման հետ կապված հարաբերությունները:

2․ Արտաշատ համայնքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն է սահմանում առանձին հարկ վճարողների համար Արտաշատ համայնքում գտնվող (հաշվառված), անշարժ գույքի հարկով և փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի մասով՝ արտոնության վերապահման տարվա համայնքի բյուջեի հաստատումից հետո, ընդ որում, սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը:

3․ Հարկ վճարողներին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն կարող է սահմանվել՝

1) համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ,

2) հարկ վճարողի հայցմամբ՝ համայնքի ղեկավարի եզրակացությամբ։

4․ Այն դեպքում, երբ արտոնությունը սահմանվում է համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի նախաձեռնությամբ, նախաձեռնողը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ առաջարկությունը՝ նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարի մեծությունը՝ հարկային արտոնություն տալու անհրաժեշտության հիմնավորմամբ։

5․ Այն դեպքում, երբ արտոնությունը հայցվում է հարկ վճարողի կողմից, հարկ վճարողը համայնքի ղեկավարին է ներկայացնում անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ դիմում՝ նշելով հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկային արտոնության տեսակը և հայցվող արտոնության գումարը՝ հարկային արտոնություն ստանալու անհրաժեշտության հիմնավորմամբ։

1)Արտոնություն հայցող կազմակերպությունների կողմից համայնքի ղեկավարին ներկայացվում են նաև՝

ա. տեղեկություններ՝ առաջացած հարկային պարտավորությունը ժամանակին կատարելու անհնարինության մասին հիմնավորմամբ,

բ․ տեղեկություններ տույժերի ու տուգանքների առաջացման մասին, որոնք պետք է պարունակեն դրանց առաջացման պատճառները։

6․ Համայնքի ղեկավարը հարկ վճարողի դիմումը և սույն կարգի 5-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝

1) հարկային արտոնության տրամադրմանը համաձայնելու դեպքում՝ մեկամսյա ժամկետում ճշտում է դրանց արժանահավատությունը, հաշվարկում հարկային արտոնության գումարի մեծությունը և իր կարծիքը, ինչպես նաև հարկային արտոնություններ տալու վերաբերյալ հարկ վճարողի ներկայացրած փաստաթղթերը ներկայացնում է համայնքի ավագանու քննարկմանը,

2) հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու դեպքում հայցողի ներկայացրած փաստաթղթերը վերադարձնում է հարկ վճարողին՝ գրավոր նշելով չհամաձայնելու պատճառները։

7․ Եթե հարկ վճարողը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարից չի ստանում հարկային արտոնության տրամադրմանը չհամաձայնելու մասին գրավոր պատասխան կամ իր փաստաթղթերը համայնքի ավագանուն ուղարկելու վերաբերյալ գրություն կամ եթե հարկ վճարողը համաձայն չէ հարկային արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու մասին հիմնավորումներին, ապա 20-օրյա ժամկետում համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի կրկնօրինակը՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, իսկ արտոնության տրամադրմանը համայնքի ղեկավարի չհամաձայնելու վերաբերյալ գրավոր պատասխանի առկայության դեպքում այդ պատասխանի վերաբերյալ իր առարկությունները և ավագանուն ուղղված դիմումը ներկայացնում է վերջինիս քննարկմանը։

8․ Համայնքի ավագանին սույն կարգի 5-րդ կամ 7-րդ կետերում նշված անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց, ինչպես նաև իր նախաձեռնությամբ արտոնության տրամադրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցը քննարկելուց հետո ընդունում է որոշում հարկ վճարողին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տրամադրելու կամ արտոնության հարցը մերժելու վերաբերյալ։

9. Անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն չի կարող սահմանվել, եթե արտոնություն հայցող անձը (բացի արտոնության կիրառման համար հիմք հանդիսացող ժամկետանց պարտավորությունների) Արտաշատ համայնքի հանդեպ ունի չկատարված այլ ժամկետանց պարտավորություններ, բացառությամբ, եթե դատական կարգով վիճարկում է տվյալ պարտավորության առկայությունը:

10․ Արտաշատ համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են`

1) հարկ վճարողի գրանցման և գույքի գտնվելու հասցեները, հարկ վճարողի անվանումն ու հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ).

2) հարկային օրենսդրությամբ սահմանված` տրամադրվող արտոնության տեսակը.

3) արտոնության գումարի մեծությունը, իսկ հարկի ժամկետային արտոնության տրամադրման դեպքում` հետաձգման ժամկետները:

11. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չափի հաշվարկման նպատակով`

1) հարկվող օբյեկտի, հարկի դրույքաչափի կամ հարկի նվազեցման գծով արտոնություն սահմանելիս, արտոնության գումարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարները, իսկ եթե դա անհնարին է, ապա հիմք ընդունելով հարկ վճարողի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկված հարկի գումարների մեծությունը.

2) հարկի հաշվարկման կամ վճարման ժամկետի, ինչպես նաև հարկային օրենսդրությունը և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի ու տուգանքների վճարման ժամկետի գծով արտոնություն սահմանելիս, տվյալ բյուջետային տարում արտոնության գումարը հաշվարկվում է հետաձգվող հարկային պարտավորության գումարի նկատմամբ տվյալ բյուջետային տարվա ընթացքում արտոնության մնացած ժամանակահատվածի համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկի գումարի նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարի չափով:

12․ Համայնքի ավագանու կողմից սույն կարգով չնախատեսված կարգով արտոնությունների սահմանումն արգելվում է, այդ թվում նաև՝ հարկ վճարողների հարկային պարտավորությունների կատարման համար համայնքի բյուջեից փոխհատուցում տրամադրելու միջոցով։

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան