Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.23-2025.01.05 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/12601/05/21

2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12601/05/21

 

Նախագահող դատավոր՝

Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

Ռ. Մախմուդյան

Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. Հակոբյան

ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2024 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22022024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «Ընկերներ տրանս» ՍՊ ընկերություն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետն անվավեր ճանաչելու և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով Ընկերությանը 10 տարի ժամկետով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք տրամադրելով՝ հաղթող ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետը և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչել Ընկերությանը՝ տրամադրելով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք 10 տարի ժամկետով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 24112022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22022024 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է ամբողջությամբ՝ Դատարանի 24112022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Սարգիս Մադաթյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Լուսինե Դանոյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ կառավարության 03122020 թվականի թիվ 1994-Ն որոշման 221-ին կետը։

Բողոքաբերը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ու դատական նիստերի ընթացքում բազմիցս քննարկված փաստարկը, ըստ որի՝ հանձնաժողովը պարտավոր չէր հայցվորին տեղեկացնել փաստաթղթերում առկա սխալների մասին, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող չի համարվել, քննարկման առարկա չի դարձվել և որոշմամբ դրան որևէ անդրադարձ չի կատարվել, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման։ Վերաքննիչ դատարանը նշված հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել այն պարագայում, երբ նշված հարցը գործի լուծման համար էական նշանակություն ունի ու դրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնված բողոքում։

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր չէ, քանի որ դրանում չեն արտացոլվել որոշման կայացման համար բոլոր անհրաժեշտ ու բավարար իրավական ու փաստական հիմքերը։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել օրենքով սահմանված առավելագույնի սկզբունքին, ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքին, վարչական մարմնի կողմից փաստաթղթերում առկա թերությունների մասին վարույթի մասնակցին տեղեկացնելու պահանջին այն պարագայում, երբ դրանց վերաբերյալ ու դրանց՝ սույն գործի նկատմամբ կիրառելի լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշումներ առկա են եղել թե՛ պատասխանողի վերաքննիչ բողոքում, թե՛ հայցվորի վերաքննիչ բողոքի պատասխանում։ Վերաքննիչ դատարանի որոշմամբ չի արտացոլվել նաև այն փաստական հանգամանքը, որ պատասխանողը բողոք բերող անձին չի տեղեկացրել նրա կողմից ներկայացված փաստաթղթերում առկա սխալների մասին։

Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության, պատճառաբանվածության պահանջներին։ Նշված պահանջները, ինչպես նաև վճռաբեկ բողոքում նշված այլ նյութական և դատավարական իրավանորմերը խախտվել են Վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ հիմքերով ու հիմնավորումներով, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը, որը խախտում է բողոք բերող անձի իրավունքներն ու օրինական շահերը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22022024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24112022 թվականի վճռին կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ընկերությունն իրավունք չուներ ներկայացնելու այնպիսի փաստաթուղթ, որը վարչական վարույթի շրջանակներում ներկայացված չի եղել։ Մինչդեռ, Դատարանի կողմից ընդունվել է ներկայացված ապացույցը և դրվել վճռի կայացման հիմքում այն դեպքում, որ փոխառության պայմանագիրը վարչական վարույթի շրջանակներում վարչական մարմնին ներկայացված չի եղել։ Ընկերությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում այն մասին, որ զրկված է եղել վարչական մարմնին փոխառության պայմանագիրը ներկայացնելու հնարավորությունից, այն էլ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքված է եղել 21102021 թվականին, այսինքն՝ ավելի վաղ, քան վարչական վարույթի նախաձեռնումը։

Հայցվորը վիճարկել է հրամանի միայն 4-րդ կետը, այն դեպքում, երբ նույն հրամանի 1-ին կետով հաստատվել է 15112021 թվականի թիվ 8 արձանագրությունը, որով հաստատվել է, որ Ընկերությունը չի ապահովել Կարգի 221-ին կետի պահանջը։ Այսինքն՝ 1-ին կետի չվիճարկման պարագայում 4-րդ կետի վիճարկումն առարկայազուրկ է։

Այն դեպքում, եթե նույնիսկ փաթեթում գումարի փոխանցման անդորրագիրն առկա է եղել, մրցութային հանձնաժողովի կողմից փաթեթների բացման օրը՝ նոյեմբերի 5-ին, ստուգվել է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նշված ցանկին, իսկ գումարի փոխանցումը հավաստող անդորրագիրն ընդունվել է, որովհետև այն ներառված է եղել մրցութային փաթեթում, և Նախարարությունն իրավունք չուներ այն չընդունելու։

Մրցութային հանձնաժողովը, դեռևս մրցույթի անցկացման օրը քննարկելով ներկայացված վճարման անդորրագիրը, Ընկերությանը հայտնել է, որ ներկայացված վճարման անդորրագրով չի ապահովվել Կարգի 221-ին կետի պահանջը։ Մինչդեռ Ընկերությունը մրցութային հանձնաժողովին չի ներկայացրել լրացուցիչ փաստաթղթեր, մասնավորապես՝ Ընկերության կողմից դատարան ներկայացված փոխառության պայմանագիրը, և ոչ էլ հայտնել է այդպիսի փաստաթղթի առկայության վերաբերյալ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ընկերության հիմնադիրների 25.10.2021 թվականի թիվ 01/2021 ժողովի արձանագրության համաձայն` Նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին տրանսպորտային միջոցների ձեռք բերման պայմանագրով նախատեսված գումարի 1.5 տոկոսի` 18.350.000 դրամի չափով անձեռնմխելի գումար ունենալու նպատակով ժողովը որոշել է Ընկերության հիմնադիր Սյուզաննա Խաչատրյանի կողմից կատարել վերը նշված վճարումը և այն համարել հիմնադրի կողմից ժամանակավոր ներդրում (հատոր 1-ին, գ.թ. 72).

2. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 01.11.2021 թվականի թիվ 000001 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն` թիվ 900008000730 հաշվեհամարին է փոխանցվել 18.350.000 դրամ, և «Նպատակ» տողում նշվել են ««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ մրցույթի մասնակցության 1 մլրդ. 213 մլն. 525208 դր. գումարի 1.5% վճարը» բառերը: Որպես վճարող է նշված Սյուզաննա Մուշեղի Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 91).

3. Սյուզաննա Խաչատրյանի և Ընկերության միջև 21.10.2021 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Սյուզաննա Խաչատրյանը՝ որպես փոխատու, ժամանակավոր ներդրում կատարելու կապակցությամբ որպես սեփականություն փոխառուին է տրամադրում անտոկոս փոխառություն՝ 18.350.000 դրամ, որը կողմերի համաձայնությամբ պետք է տրամադրվի Նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին փոխանցելու միջոցով՝ որպես Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար հայտարարված մրցույթին Ընկերության մասնակցության գումար (հատոր 2-րդ, գ.թ. 112-113).

 4 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի նիստի 16112021 թվականի թիվ 8 արձանագրության 2-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը չի ապահովել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 և 2007 թվականի հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1994-Ն որոշման հավելվածի 221 կետի պահանջը, ինչի հաշվառմամբ որոշվել է Ընկերությանը հաղթող չճանաչել (հատոր 1-ին, գ.թ. 14-15).

5. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 1-ին կետով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 15112021 թվականի թիվ 8 արձանագրությունը՝ համաձայն հավելվածի, իսկ 4-րդ կետի համաձայն՝ որոշվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման մրցույթում հաղթող չճանաչել և 03122020 թվականի թիվ 1994-Ն որոշման հավելվածի 46-րդ կետի պահանջներին համապատասխան հայտարարել նոր մրցույթ (հատոր 1-ին, գ.թ. 60-61).

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել ձևական պահանջները չարաշահելու արգելքի, ինչպես նաև առավելագույնի հիմնարար սկզբունքների էությունը։

 

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն oրենքը uահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախuերի, ինչպեu նաև վարչարարությամբ հաuցված վնաuի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրումն են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները՝ հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին (տե՛ս, Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով 10052022 թվականի որոշումը)։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել են վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից են նաև ձևական պահանջները չարաշահելու արգելքի և առավելագույնի սկզբունքները։

Այսպես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներից մեկում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը, արձանագրել է, որ ձևական պահանջները չարաշահելու արգելքը կոչված է ուղղորդել վարչական մարմիններին, որպեսզի նրանք օրենքները կիրառեն արդարացի և մարդասիրական եղանակով՝ թույլ չտալով դրանց տառի խիստ պահպանում՝ ի վնաս բովանդակության կամ ի վնաս մասնավոր անձանց շահերի: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ որոշակի պահանջներ ուղղակիորեն սահմանված են օրենքներով:

Անդրադարձ կատարելով «ձևական պահանջներ» հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ձևական պահանջները ոչ թե ընդհանրապես անտեսվում են, այլ դրանցով արգելվում է առաջնորդվել այն դեպքում, երբ անձինք բովանդակային չափանիշներով իրենց պարտականությունները կատարած են լինում: Այլ կերպ` ձևական պահանջները պարտադիր են այն չափով և այն դեպքերում, որ չափով և երբ դրանք հնարավորություն են տալիս արձանագրելու պարտականությունների՝ բովանդակային իմաստով կատարման փաստը: Ինչ վերաբերում է «ձևական պահանջ» հասկացության բովանդակությանը, ապա վերջինիս շրջանակները հստակ պատկերացնելու համար ՀՀ վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստել է, որ ոչ մի պարագայում ձևական չեն կարող համարվել այն պահանջները, որոնք միանշանակ ներկայացվում են օրենսդրությամբ: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքի նպատակն է խուսափել ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից) և ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց չծանրաբեռնել պարտականություններով կամ չմերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Լիանա Հարությունյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/3558/05/20 վարչական գործով 01022024 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ձևական պահանջները չարաշահելու արգելքը միտված է ֆիզիկական (իրավաբանական) անձանց և վարչական մարմինների փոխգործակցությանը, ինչն իր հերթին կարող է կանխարգելել վերջիններիս կողմից ֆիզիկական (իրավաբանական) անձանց հանդեպ դրսևորվող բյուրոկրատական վարքագիծը: Օրենսդիրն այնքան է կարևորել ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքը, որ այն ավելի է մանրամասնել վարչական վարույթի համար՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ «Ձևական սխալները վերացնելը» վերտառությամբ 32-րդ հոդվածում ամրագրելով, որ եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հիմնարար սկզբունքներից է նաև առավելագույնի սկզբունքը, ավելի ճշգրիտ «առավելագույնը ներառում է նվազագույնը» («a majore ad minus»), որի հիմնական գործառույթը վարչական մարմինների բյուրոկրատական վարքագծի կանխարգելումն է։

Այս սկզբունքի էությունը, ըստ էության, հանգում է նրան, որ մեծն իր մեջ ներառում է ավելի փոքրը։ Թեև առավելագույնի սկզբունքն իրավունքի ընդհանուր սկզբունք է և դրանով պայմանավորված կարող էր որպես ինքնուրույն սկզբունք չամրագրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում, այդուհանդերձ օրենսդիրը կարևորելով նշված սկզբունքի բովանդակությունը մասնավորապես վարչարարությունում, կոնկրետացրել է այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում՝ դրան հաղորդելով գործնական բնույթ։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ առավելագույնի սկզբունքը վարչական վարույթի մասնակիցների համար երաշխիք է ընդդեմ վարչական մարմինների կողմից բյուրոկրատական վարքագծի հնարավոր դրսևորումների։ Մասնավորապես, գործնականում քիչ չեն այն դեպքերը, երբ վարչական մարմինները ֆիզիկական (իրավաբանական) անձանցից պահանջում են առանձին-առանձին կատարել այն գործողությունը, որը, ըստ էության, բովանդակային առումով վերջիններիս կողմից արդեն իսկ կատարվել է մեկ ընդհանուր գործողության շրջանակներում։ Վարչական մարմինների նմանատիպ վարքագիծը կանխելու համար էլ օրենսդիրը երեք հնարավոր ուղղություններով արգելքներ է սահմանել վարչական մարմինների համար։

Այսպես

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլևս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձևով:

Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ եթե վարչական մարմինների կողմից անձանց տրված թույլտվությունները բովանդակային առումով ներառում են այլ թույլտվություններ, ապա դրանք նույնպես համարվում են տրված:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բարենպաստ վարչական ակտ հայցելու կամ գործողություն կատարելու համար օրենքով սահմանված պարտականությունները ֆիզիկական (իրավաբանական) անձանց կողմից բովանդակային առումով կատարված լինելու պարագայում, եթե դրանք բավարար են բարենպաստ վարչական ակտն ընդունելու կամ գործողությունը կատարելու համար, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում, չեն կարող պահանջել լրացուցիչ կամ առանձնացված ձևով ներկայացնել այն փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները), որոնք արդեն իսկ ներկայացված է վարչական մարմնին և բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակությունը։ Ըստ այդմ՝ վարչական մարմիններն իրավունք չունեն միայն ձևական պահանջների պահպանման նպատակով ֆիզիկական (իրավաբանական) անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետը, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչել Ընկերությանը՝ տրամադրելով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք 10 տարի ժամկետով:

Դատարանը բավարարել է Ընկերության հայցը հետևյալ պատճառաբանությամբ «Դատարանի գնահատմամբ, թեպետ հայցվոր ընկերությունը և ընկերության մասնակիցը նույնական սուբյեկտներ չեն, և ըստ ՀՀ կառավարության՝ 03.12.2020թ. թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի՝ կազմակերպությունն է փոխանցում անհրաժեշտ գումարը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքները, որ

- «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը որոշել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին տրանսպորտային միջոցների ձեռք բերման պայմանագրով նախատեսված գումարի 1.5 տոկոսի՝ 18.350.000 դրամի չափով անձեռնմխելի գումար ունենալու նպատակով ժողովը ընկերության հիմնադիր Սյուզաննա Խաչատրյանի կողմից կատարել վերը նշված վճարումը և այն համարել հիմնադրի կողմից ժամանակավոր ներդրում,

- գումարը փոխանցվել է ««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի՝ մրցույթին մասնակցելու նպատակով՝ որպես 1 մլրդ. 213 մլն. 525208 դր. գումարի 1.5 %,

- փոխառության պայմանագրով կողմերը համաձայնել են, որ Սյուզաննա Խաչատրյանը փոխառության գումարը՝ 18.350.000 դրամ, ընկերությանը տրամադրի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին փոխանցելու միջոցով,

Դատարանը գտնում է, որ բովանդակային առումով ընկերությունը կատարել է համապատասխան գումարը փոխանցելու իր պարտականությունը:

(․․․)

Անդրադառնալով պատասխանողի այն դիտարկմանը, որ վերը նշված արձանագրությունը, անդորրագիրը և պայմանագիրը վարչական մարմնին չեն տրամադրվել, և եթե տրամադրեին, ապա հնարավոր է, որ վարչական մարմինն այլ որոշում կայացներ, Դատարանը նման դիտարկումը հիմնավոր չի համարում այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի՝ 13.01.2022թ. թիվ ԱՊ/651-2022 գրությունից երևում է, որ պատասխանողը տեղյակ է եղել, որ փոխանցումը կատարել է ընկերության մասնակիցը, և անհրաժեշտության դեպքում կարող էր պահանջել փոխառության պայմանագիրը և մնացած փաստաթղթերը, եթե, ինչպես պատասխանողի ներկայացուցիչն է նշել, վարչական մարմինը կարող էր այլ որոշում կայացնել»։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Նախարարության վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է՝ Ընկերության հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) հայցվոր ընկերության կողմից ի հավաստումն Կարգի 22.1-ին կետով տրված պահանջի կատարման` ներկայացվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից տրված` 01.11.2021թ. թվագրությամբ թիվ 000001 վճարման հանձնարարագրի անդորրագիրը, որի ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ այն չի բավարարում Կարգի 22.1-ին կետով նշված` փոխանցողի պահանջներին, քանզի ըստ իրավանորմի` համապատասխան չափի փոխանցումը ենթակա է իրականացման «կազմակերպության» կողմից, իսկ սույն դեպքում որպես փոխանցող հանդես է գալիս ֆիզիկական անձը` Սյուզաննա Խաչատրյանը:

Այսպիսով, ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մրցույթի ընթացքում մրցութային հանձնաժողովին չեն ներկայացվել Կարգի 22.1-ին կետով որպես պարտադիր կատարման ենթակա գործողության կատարումն հավաստող պատշաճ փաստաթղթեր, որպիսի պայմաններում հանձնաժողովն իրավաչափորեն որոշել է հայցվոր ընկերությանը հաղթող չճանաչել, որպիսի որոշումը` արձանագրության տեսքով, հետագայում հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19.11.2021 թվականի թիվ 2221-Ա հրամանով:

(․․․)

Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը Պատասխանողի կողմից ընդունված որոշումը որակում է իրավաչափ, ապա Հայցվորի կողմից որպես ածանցյալ որակված պահանջներին անդրադառնալու իրավական անհրաժեշտությունը բացակայում է, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը նկատում է, որ Դատարանն այն բավարարելով վճռել է նաև Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը` վերջինիս 10 տարի ժամկետով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք տրամադրելով, դա այն դեպքում, երբ քննարկվող մրցութային գործընթացն ավարտվել է Հայցվոր մասնակցի կողմից ներկայացված մրցութային փաստաթղթերն ամբողջությամբ գնահատման չենթարկելու պայմաններում, հետևաբար նաև այն չէր կարող ածանցվել հիմնական պահանջից, քանզի առկա է եղել հայտի մերժման հիմքը` Կարգի 22.1-ին կետի պահանջին չբավարարելը»։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության կազմակերպման և իրականացման իրավական ու տնտեսական հարաբերությունները, այդ գործընթացին մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման, ուղևորների, ուղեբեռի և բեռների փոխադրումների, սպասարկման ծառայությունների և փոխադրումների անվտանգության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև նրանց իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթները կազմակերպում և անցկացնում են լիազոր մարմնի, իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներինը` համապատասխան համայնքի ղեկավարի կազմած մրցութային հանձնաժողովները` մրցույթների անցկացման ժամանակացույցին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության՝ 03122020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 և 2007 թվականի հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1994-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն հավելվածի։

Կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով սահմանվում են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումներ) իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրելու գործընթացին առնչվող հարաբերությունները:

Կարգի 2-րդ կետով սահմանվել է, որ այն վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ):

Կարգի 22-րդ կետի համաձայն՝ մրցույթին կարող են մաuնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք ներկայացրել են երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ քանակով մինչև մեկ տարվա արտադրության ավտոբուսներ՝ սեփականության իրավունքով և (կամ) լիզինգով ձեռք բերելու մասին հայտ-պարտավորություն՝ համաձայն N 12 ձևի, և առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձի վերաբերյալ տեղեկություն՝ սոսնձված և ստորագրված ծրարով:

Կարգի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 221-ին կետի համաձայն՝ նույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ միայն երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո: Գումարը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին պետք է փոխանցվի մինչև նույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետը: Մրցույթին մասնակցելու իրավունք չստացած կամ մրցույթը չհաղթող կազմակերպությունների գումարը փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ մրցույթի ամփոփիչ նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Կարգի 33-րդ կետի համաձայն՝ փաթեթներում թերություններ լինելու դեպքում հանձնաժողովը դրանք հայտնաբերելու պահից 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպություններին վերացնել թերությունները:

Կարգի 34-րդ կետի համաձայն՝ հայտնաբերված թերությունները կազմակերպությունները կարող են վերացնել մինչև մրցույթ անցկացնելու նախորդող աշխատանքային օրվա ժամը 12:00-ը: Կազմակերպությունները սույն կետով սահմանված ժամկետում, եթե չեն վերացնում փաթեթներում առկա թերությունները, ապա մրցույթին մասնակցելու իրավունք չեն ստանում:

Վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցութային հանձնաժողովների կազմավորման, մրցույթի անցկացման, մրցույթի մասնակցության պայմաններն ու մրցույթի հաղթողին որոշելու կարգը, ինչպես նաև մրցույթում հաղթողին որոշելու չափանիշները սահմանելու իրավասությունը օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը, որն էլ սահմանել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու գործընթացին առնչվող հարաբերությունները։

Ընդ որում՝ մրցույթին կարող են մաuնակցել նաև այն կազմակերպությունները, որոնք ներկայացրել են երթուղին սպասարկելու համար անհրաժեշտ քանակով մինչև մեկ տարվա արտադրության ավտոբուսներ՝ սեփականության իրավունքով և (կամ) լիզինգով ձեռք բերելու մասին սահմանված կարգով հայտ-պարտավորություն, և առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրելու փոխադրավարձի վերաբերյալ տեղեկություն՝ սոսնձված և ստորագրված ծրարով։ Նշված դեպքում՝ կազմակերպությունը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին է փոխանցում երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումար (այսուհետ` գումար), որը երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է N 12 ձևում նշված հաշվեհամարին՝ միայն երթուղային ցանցը կազմակերպող մարմնի հետ սպասարկման պայմանագիրը կնքելուց հետո:

Վերոգրյալից հետևում է, որ հայտ-պարտավորություն ներկայացնելու պարագայում կազմակերպությունը պետք է երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումարը փոխանցի երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին, որպիսի դեպքում, իրավահարաբերության ծագման պահին գործող Կարգի համաձայն, կարևորվում է ոչ թե անձամբ կազմակերպության կողմից, այլ ընդհանրապես վերջինիս կողմից ներկայացված հայտ-պարտավորությանն առնչվող գումարը փոխանցելու փաստը։ Ընդ որում, հանձնաժողովը փաթեթներում թերություններ գտնելու դեպքում դրանք հայտնաբերելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է կազմակերպությանը վերացնել թերությունները։

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության հիմնադիրների 25.10.2021 թվականի թիվ 01/2021 ժողովի արձանագրության համաձայն` Նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին տրանսպորտային միջոցների ձեռքբերման պայմանագրով նախատեսված գումարի 1.5 տոկոսի` 18.350.000 դրամի չափով անձեռնմխելի գումար ունենալու նպատակով ժողովը որոշել է Ընկերության հիմնադիր Սյուզաննա Խաչատրյանի կողմից կատարել վերը նշված վճարումը և այն համարել հիմնադրի կողմից ժամանակավոր ներդրում։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 01.11.2021 թվականի թիվ 000001 վճարման հանձնարարագրի անդորրագրի` թիվ 900008000730 հաշվեհամարին է փոխանցվել 18.350.000 դրամ, և «Նպատակ» տողում նշվել են ««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ մրցույթի մասնակցության 1 մլրդ. 213 մլն. 525208 դր. գումարի 1.5% վճարը» բառերը: Որպես վճարող է նշված Սյուզաննա Մուշեղի Խաչատրյանը։

Սյուզաննա Խաչատրյանի և Ընկերության միջև 21.10.2021 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Սյուզաննա Խաչատրյանը՝ որպես փոխատու, ժամանակավոր ներդրում կատարելու կապակցությամբ որպես սեփականություն փոխառուին է տրամադրում անտոկոս փոխառություն՝ 18.350.000 դրամ, որը կողմերի համաձայնությամբ պետք է տրամադրվի Նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին փոխանցելու միջոցով՝ որպես Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար հայտարարված մրցույթին Ընկերության մասնակցության գումար։

Նախարարության՝ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի նիստի 16112021 թվականի թիվ 8 արձանագրության 2-րդ կետի համաձայն՝ Ընկերությունը չի ապահովել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 և 2007 թվականի հունիսի 21-ի թիվ 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1994-Ն որոշման հավելվածի 221 կետի պահանջը, ինչի հաշվառմամբ որոշվել է Ընկերությանը հաղթող չճանաչել։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 1-ին կետով հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 15112021 թվականի թիվ 8 արձանագրությունը՝ համաձայն հավելվածի, իսկ 4-րդ կետի համաձայն՝ որոշվել է Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման մրցույթում հաղթող չճանաչել և 03122020 թվականի թիվ 1994-Ն որոշման հավելվածի 46-րդ կետի պահանջներին համապատասխան հայտարարել նոր մրցույթ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը մրցույթում հաղթող չի ճանաչվել այն պատճառով, որ վերջինս չի ապահովել ՀՀ կառավարության թիվ 1994-Ն որոշման հավելվածի 221 կետի պահանջը, այն է՝ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին Կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետում չի փոխանցել երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումարը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերը վկայում են ՀՀ կառավարության թիվ 1994-Ն որոշման հավելվածի 221 կետի պահանջն Ընկերության կողմից բովանդակային առումով կատարված լինելու մասին։

Այսպես

Ընկերության հիմնադիր Սյուզաննա Խաչատրյանի և Ընկերության միջև 21.10.2021 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Սյուզաննա Խաչատրյանը՝ որպես փոխատու, ժամանակավոր ներդրում կատարելու կապակցությամբ որպես սեփականություն փոխառուին է տրամադրել անտոկոս փոխառություն՝ 18.350.000 դրամ, որը կողմերի համաձայնությամբ պետք է տրամադրվեր Նախարարության թիվ 900008000730 հաշվեհամարին փոխանցելու միջոցով՝ որպես Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար հայտարարված մրցույթին Ընկերության մասնակցության գումար։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի 01.11.2021 թվականի թիվ 000001 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն՝ թիվ 900008000730 հաշվեհամարին է փոխանցվել 18.350.000 դրամ, որի «Նպատակ» տողում նշվել է ««Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ մրցույթի մասնակցության 1 մլրդ. 213 մլն. 525208 դր. գումարի 1.5% վճարը»: Որպես վճարող նշվել է Սյուզաննա Մուշեղի Խաչատրյանը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում ապահովված է եղել ՀՀ կառավարության թիվ 1994-Ն որոշման հավելվածի 221 կետի պահանջը, այն է՝ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումարը փոխանցելու պարտավորությունը Ընկերությունը կատարել է։ Ընդ որում՝ նշված փոխանցումն անմիջականորեն Ընկերության հաշվեհամարից չկատարելու հանգամանքն ինքնին չի կարող որակվել Կարգով նախատեսված այնպիսի ձևական պահանջ, որը հնարավորություն չի տալիս արձանագրելու երթուղային ցանցը կազմակերպող մարմնի տրամադրած հաշվեհամարին երթուղիները սպասարկելու մրցույթ անցկացնելու մասին հայտարարությամբ սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 1.5 տոկոսին համարժեք գումարը փոխանցելու պարտավորությունը բովանդակային իմաստով Ընկերության կողմից կատարման փաստը։ Հետևաբար, 01.11.2021 թվականի թիվ 000001 վճարման հանձնարարագրի անդորրագրով 18.350.000 դրամը Ընկերության հիմնադրի միջոցով թիվ 900008000730 հաշվեհամարին փոխանցված լինելն արդեն իսկ պետք է դիտվեր բավարար ՀՀ կառավարության թիվ 1994-Ն որոշման հավելվածի 221 կետի պահանջը պահպանված համարելու համար։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարգի 221-ին կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ Ընկերությանը հաղթող չճանաչելու մասով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետը ոչ իրավաչափ է, քանի որ այն կայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքի խախտմամբ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում արտահայտած դիրքորոշումներում արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը:

 ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նման իրավիճակներում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (“ex officio”) սկզբունքի ուժով ոչ ճիշտ հայցապահանջը ճշտելու վերաբերյալ վարչական դատարանի կողմից հայցվորին առաջարկ ներկայացնելու և հայցվորի կողմից դատարանի նշված առաջարկն ընդունվելու դեպքում տեղի է ունենում ոչ թե հայցի առարկայի կամ հայցային պահանջների չափի փոփոխություն, այլ ներկայացված հայցապահանջի ճշգրտում և համապատասխանեցում հայցվորի իրական կամարտահայտությանն ու դատական պաշտպանության դիմելիս վերջինիս հետապնդած իրական նպատակին (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042016 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք, վիճարկման հայցով դիմելով վարչական դատարան, հայցում են իրենց իրավունքներին ու օրինական շահերին միջամտող վարչական ակտի վերացում:

Նույն օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ անձը, դիմելով վարչական դատարան, պահանջում է վերացնել իր իրավունքներին և օրինական շահերին միջամտող վարչական ակտը, սակայն հայցի հիմքում դնում է իր կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի՝ ոչ իրավաչափ կերպով չտրամադրման փաստը։ Այսինքն՝ քննարկվող պարագայում հայցվորը, իրացնելով իր դատական պաշտպանության իրավունքը, իրականում ցանկանում է հասնել իր կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրմանը, սակայն սխալմամբ պահանջում է վերացնել այն վարչական ակտը, որով մերժվել է բարենպաստ վարչական ակտի տրամադրումը։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացված հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ հայցվորը, դիմելով դատարան, իրականում հետապնդում է բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն սխալմամբ պահանջում է վերացնել այն վարչական ակտը, որով մերժվել է բարենպաստ վարչական ակտի տրամադրումը, ապա նույնիսկ այդ ակտի վերացմամբ չի կարող ապահովվել անձի խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, քանի որ հայցվորի նպատակը բարենպաստ վարչական ակտն ստանալն է։ Դեռ ավելին, պարտավորեցման հայցի ներկայացման պարագայում այն ներառում է նաև վարչական մարմնի կողմից այդ ակտի տրամադրումը մերժելու վերաբերյալ ընդունված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը, ուստի նման իրավիճակում ճիշտ հայցատեսակը պարտավորեցման հայցն է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում, երբ ներկայացվել է միջամտող վարչական ակտի վիճարկման հայցապահանջ, սակայն հայցի հիմքում ընկած իրավական և փաստական հանգամանքներից հետևում է, որ հայցվորն իրականում ցանկանում է դատական կարգով հասնել իր կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանը, ապա վարչական դատարանը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (“ex officio”) սկզբունքի ուժով պարտավոր է առաջարկել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով:

Սույն գործով հայցվոր Ընկերությունը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19.11.2021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետը, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով Ընկերությանը ճանաչել հաղթող՝ տրամադրելով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք 10 տարի ժամկետով։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ընտրված վիճարկման հայցատեսակը տվյալ դեպքում չի կարող ապահովել Ընկերության՝ առերևույթ խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, քանի որ վերջինիս կողմից ներկայացված հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ դիմելով դատարան՝ Ընկերությունը հետապնդել է ոչ թե ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 19112021 թվականի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետն անվավեր ճանաչելու, այլ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով Ընկերությանը հաղթող ճանաչելու՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների 10 տարի ժամկետով սպասարկման իրավունք ստանալու նպատակ։ Նման պարագայում հայցվորի իրավունքների պաշտպանությանն ուղղված արդյունավետ դատավարական միջոցը ոչ թե վիճարկման, այլ պարտավորեցման հայցի ներկայացումն էր։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով Դատարանը պարտավոր էր առաջարկել Ընկերությանը ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով: Մինչդեռ, Դատարանը չի կատարել իր այդ պարտականությունը, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսինքն՝ Դատարանը չի կատարել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակության մեջ մտնող՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու, այն է՝ դատական պաշտպանության դիմելիս Ընկերության հետապնդած նպատակին համապատասխանեցնելու նպատակով վերջինիս ներկայացրած հայցատեսակը փոփոխելու առաջարկ անելու իր պարտականությունը, ինչի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ ճիշտ հայցատեսակով գործի քննությունն իրականացնելու հետևանքով չի ապահովվել Ընկերության՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացումը, որպիսի հանգամանքով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում գնահատական տալու Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով Ընկերությանը 10 տարի ժամկետով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք տրամադրելով՝ հաղթող ճանաչելու պահանջը որպես ածանցյալ ներկայացնելու թույլատրելիությանը և(կամ) դրա հիմնավորվածությանը, ուստի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22022024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ ՀԱԿՈԲՅԱՆ
ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: