ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0839/05/23 2024 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/0839/05/23 | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
Նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող | Լ. Հակոբյան | |
Ռ. Հակոբյան
Ա. Թովմասյան Ք. Մկոյան |
2024 թվականի դեկտեմբերի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20․09․2023 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ ՀՀ կառավարության 24․11․2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24․11․2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը։ Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ․ Սոսյան, դատավորներ՝ Ա․ Ավագյան, Ռ․ Մաքեյան, Ա․ Հարությունյան, Վ․ Միքաելյան) (այսուհետ՝ Դատարան) 17․05․2023 թվականի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Ալ․ Հարությունյան, դատավորներ՝ Ռ․ Խադանյան, Է․ Նահապետյան, Ա․ Առաքելյան, Կ․ Գևորգյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17․07․2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20․09․2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք (դիմում) է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ՝ Միքայել Դանիելյան, Բարի Պաղտասարյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20․09․2023 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն Ընկերության նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ըստ այդմ՝ ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.2024 թվականի թիվ ՍԴՈ-1725 որոշումը նոր հանգամանք է և թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշման վերանայման հիմք։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով 20.09.2023 թվականին կայացված որոշումը. ամբողջությամբ բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով 20.09.2023 թվականի որոշումը՝ կայացնելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին նոր դատական ակտ»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դիմելով Դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24․11․2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը։ Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։
2) Դատարանի 25.06.2019 թվականի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
3) Վերաքննիչ դատարանի 17․07․2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
4) ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20․09․2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
5) Ընկերության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը 16․04․2024 թվականին կայացրել է թիվ ՍԴՈ-1725 որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության դեպքում առաջնային նշանակություն է ձեռք բերում անհատական շահերի պաշտպանությունը, ինչով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է․ «Սույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով»։ Նշված նորմով նախատեսված դեպքերում սահմանադրական դատարանի որոշումների հիմքով դատական ակտերի վերանայման նպատակը հակասահմանադրական նորմի կամ նորմի՝ հակասահմանադրական մեկնաբանությամբ կիրառման արդյունքում անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում է։
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15․07․2011 թվականի ՍԴՈ-984 որոշումը)։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է նույն օրենքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով։
Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերոհիշյալ նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ անհատական դիմումի քննության արդյունքում կայացված ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիմքով դատական ակտը ենթակա է վերանայման հետևյալ դեպքերում․
- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր,
- տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է այդ դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ կատարելով նշում առ այն, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, և ըստ այդմ՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման։
Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ։
ՀՀ կառավարության 27․12․2018 թվականի «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 1-ին կետով նույն որոշման 1-ին հավելվածում նշված՝ Բուզանդի փողոց թիվ 32 (2 գույքային միավոր) հասցեի նկատմամբ, ի թիվս այլնի, ճանաչվել է հանրության գերակա շահ:
ՀՀ կառավարության 27․12․2018 թվականի «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվել է, որ նույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողն է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն, իսկ 3-րդ ենթակետով (մինչև վիճարկվող որոշումն ընդունելը գործած խմբագրությամբ) սահմանվել է սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը՝ նույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 4 տարի: Այնուհետև, ՀՀ կառավարության 24․11․2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման 1-ին կետով ՀՀ կառավարության 27․12․2018 թվականի «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինվել են «5 տարի» բառերով։
Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 24․11․2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշումը։ Ընկերությունը միաժամանակ ներկայացրել է վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն։
Դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ Ընկերության կողմից ներկայացված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինիս կողմից բերված փաստարկներով ու գործի փաստերով որևէ կերպ չի հաստատվում այն հանգամանքը, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողության չկասեցումը դիմումատուի կամ հանրության համար կարող է հանգեցնել անդառնալի (անվերականգնելի) կամ ծանր (ներկա պահի համեմատ նյութական անհամեմատ վատ վիճակի հանգեցնող) հետևանքների։
Վերաքննիչ դատարանը 17.07.2023 թվականի որոշմամբ Դատարանի 17.05.2023 թվականի «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(․․․) կողմերն անմիջական կարգով իրավունք ունեն բողոքարկելու միայն այն միջանկյալ դատական ակտերը, որոնց բողոքարկման հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է այն միջանկյալ դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով: Ընդ որում, նշված միջանկյալ դատական ակտերի շարքը սպառիչ է, ինչը նշանակում է, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն այդ ցանկում, չեն կարող բողոքարկվել վերաքննության կարգով:
(...)
Հետևաբար այն պարագայում, երբ բողոքարկվել է այնպիսի միջանկյալ դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման և ընդգրկված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ցանկում կամ դրա համար ուղղակի բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ, վերաքննիչ դատարանն իրավասու է կայացնել որոշում՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին:
(...)
Տվյալ պարագայում կայացվել է «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում, որպիսի որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով, ինչպես նաև դրա՝ վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունն ուղղակիորեն նախատեսված չէ նաև «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» հատուկ վարույթ գլխով:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Դատարանի կողմից 17.05.2023թ. կայացված «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխով չի հանդիսանում բողոքարկման ենթակա դատական ակտ, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն ենթակա է մերժման»։
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20․09․2023 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 17․07․2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Դիմումատու Ընկերության կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը» վերտառությամբ 131-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին.
6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.
7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.
8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.
9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը.
12) այլ որոշումներ՝ օրենքով սահմանված դեպքերում»:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ» վերտառությամբ 195-րդ հոդվածը սահմանում է.
«1. Գործը վարույթ ընդունելուց հետո վարչական դատարանը դիմողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
2. Վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) հրապարակման պահից»։
ՀՀ սահմանադրական դատարանը, Ընկերության անհատական դիմումի հիման վրա քննության առնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 16․04․2024 թվականի թիվ ՍԴՈ-1725 որոշմամբ որոշել է․ «1․ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:
3․ Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով»։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1725 որոշումը հանդիսանում է նոր հանգամանք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով։
ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1725 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․ «(…) նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում օրենսդրի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման միջնորդությունը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման օրենսդրական հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Սահմանադրությամբ երաշխավորված անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին։ (․․․) անհրաժեշտ է սահմանել կազմակերպական այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կապահովեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործումը»։
ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտի բողոքարկման իրավունքն է: Դատական բողոքարկման ինստիտուտն այն առանցքային իրավական գործիքակազմն է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը, որպիսի պայմաններում դատավարության կողմը կարող է ակնկալել իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտի վերանայում վերադաս դատարանի անկախ դատավորի կամ դատավորների կազմի կողմից: Այս իմաստով՝ դատական բողոքարկման իրավունքի առանցքային գործառույթը հանգում է, ի թիվս այլնի, նաև նրան, որ դատական բողոքարկմամբ համապատասխան սխալները շտկելու հնարավորություն ընձեռելը նպաստում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն այն հաշվառմամբ, որ անձը ձեռք է բերում վերադաս դատարանում իր նկատմամբ կայացված դատական ակտի վերաքննության իրական հնարավորություն՝ վերջնարդյունքում ակնկալելով ստանալ օրինական և հիմնավորված դատական ակտ։
ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ թեև օրենսդրի հայեցողությունն է սահմանել վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը, այնուամենայնիվ, դրանց բողոքարկելիության կարգի հիմքում պետք է դրվեն թե՛ դրանց վարույթային առանձնահատկությունները (վարույթի ընթացքը կասեցնող բնույթ ունենալը), թե՛ դրանցով վրա հասնող հետևանքները՝ իբրև գերնպատակ ունենալով մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անխախտելիությունը, ներառյալ՝ դատական պաշտպանության արդյունավետության երաշխավորումը։
ՀՀ սահմանադրական դատարանը շեշտել է, որ հատուկ վարույթի շրջանակներում նախատեսված իրավակարգավորումներն առանձնահատուկ են նաև այդ գործերով կայացվելիք միջանկյալ դատական ակտերի, դրանց բողոքարկելիության և այդ ակտերից բխող իրավական հետևանքների տեսանկյունից:
ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է նաև, որ Օրենսգրքի «Դիմումի ապահովումը վարչական դատարանի որոշմամբ» վերտառությամբ 195-րդ հոդվածի 1-ին մասն, ըստ էության, սահմանելով վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա Դատարանի միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկ (1-11-րդ կետերով սահմանված ակտեր), միաժամանակ այդ ցանկով սահմանում է բաց թվարկում (12-րդ կետ), ինչը ենթադրում է թվարկվածից զատ այլ՝ այդ թվում՝ հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերով վերաքննության կարգով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտեր՝ օրենքով հստակ նախատեսված լինելու պայմանով: Օրենսդրի կողմից նման մոտեցման որդեգրման հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ այն դատական ակտերը, որոնք նախատեսված չեն ինչպես այդ ցանկում (ընդհանուր կարգավորմամբ), այնպես էլ օրենքով սահմանված այլ՝ հատուկ կարգավորումներով, չեն կարող վերաքննության կարգով անմիջական բողոքարկման առարկա հանդիսանալ:
ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ հայցային վարույթի կարգով քննության ենթակա գործերով կիրառման ենթակա նախնական իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ կայացվելիք դատարանի որոշումները, այն է՝ հայցի ապահովման վերաբերյալ համապատասխան որոշումներն ու Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված որոշումները, համապատասխանաբար, Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3 և 9-րդ կետերի իմաստով, ենթակա են անմիջական բողոքարկման վերաքննության կարգով՝ հաշվի առնելով դրանց արդյունքում վրա հասնող հետևանքները, մինչդեռ համանման իրավական հնարավորություն նախատեսված չէ նույն իրավաչափ նպատակը հետապնդող, սակայն հատուկ վարույթի կարգով քննության ենթակա՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում կիրառման ենթակա վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցման վերաբերյալ կայացվող միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով անմիջական բողոքարկման մասով:
Սույն գործի փաստական հանգամանքների, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1725 որոշման ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ի կատարումն ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1725 որոշման, անհրաժեշտ է ապահովել Ընկերության՝ Դատարանի 17.05.2023 թվականի «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման բողոքարկման իրավունքի իրացումը` վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկմանն առնչվող իրավակարգավորումների հաշվառմամբ։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20.09.2023 թվականի որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 17․07․2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը (դիմումը) բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 20․09․2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել և վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17․07․2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող Հ. Բեդևյան զեկուցող Լ. Հակոբյան Ա. Թովմասյան Ռ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2024 թվական: