ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 1990-Լ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի (այսուհետ՝ միջոցառում)։
2. Հաստատել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի (այսուհետ՝ կարգ)։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) միջոցառման իրականացումը ֆինանսավորելու նպատակով մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2025 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը.
2) ապահովել միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ մինչև 2025 թվականի հունվարի 25-ը.
3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից.
4) մինչև 2025 թվականի հունվարի 25-ը ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից սույն միջոցառման շրջանակում ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերի հետ համապատասխան պայմանագրերի կնքումը.
5) Հայաստանի բանկերի միության հետ համագործակցելով՝ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր, որով կսահմանվեն միջոցառումից բխող առանձնահատկությունները, այդ թվում՝ միջոցառման շահառուների անհուսալի վարկերի գծով առաջացած տույժերի, տուգանքների և ժամկետանց տոկոսագումարների հնարավոր ներման դեպքերը, չափը, ժամկետներն ու կարգը։
4. Գլխավոր հարկադիր կատարողին՝ ապահովել սույն միջոցառման շրջանակում շահառու ճանաչված անձանց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) պահվող (բռնագանձվող) չափը 20% սահմանելը, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։
5. Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումների ընդունման ժամկետ սահմանել 2026 թվականի հունվարի 31-ը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից, իսկ որոշման 1-ին և 2-րդ կետերը՝ 2025 թվականի փետրվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
13.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ
1. Սույն միջոցառման նպատակն է աջակցել աշխատաշուկայից (ֆորմալ զբաղվածությունից) դուրս մնացածներին կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցողներին, որոնք ունեն անհուսալի վարկային դասով դասակարգված վարկային պարտավորություն(ներ)՝ վերականգնելու իրենց տնտեսական ակտիվությունն աշխատաշուկա վերադառնալու միջոցով։
2. Սույն միջոցառման մեջ կիրառվող հասկացություններն ու հապավումներն ունեն հետևյալ իմաստները.
1) անհուսալի վարկ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի N 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի N 39-Ն համատեղ որոշման 1-ին կետով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» համաձայն անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն, որն ունի առնվազն 3 տարվա չընդհատվող վաղեմություն (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով).
2) աշխատող՝ աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձ.
3) շահառու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձ, որը՝
ա. սույն միջոցառման շահառու ճանաչվելու համար սահմանված կարգով ներկայացրել է դիմում,
բ. 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում որպես վարկառու ունեցած որևէ վարկ անհուսալի է, որի (որոնց) հանրագումարը (միայն վարկ(երի)ի մայր գումար(ներ)ը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը),
գ. սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության.
4) վարկային բյուրո՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերություն.
5) վարկավորող՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն, որը տրամադրել է շահառուի վարկը.
6) անձնավորված հաշվառման համակարգ՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգ».
7) ՀԾՀ՝ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար.
8) ՀԿԱ ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
9) ՄՍ ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայություն։
3. Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։
4. Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը, աջակցության՝ սույն որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը կամ պարտավորության օրենքով սահմանված հիմքով դադարելը։
5. Շահառու ճանաչվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՀԿԱ ծառայության կողմից շահառուի նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի աշխատավարձից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20% (եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ)՝ 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից։
6. Սույն միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն մեկ անգամ և չի կարող կրկին դիմել միջոցառման շահառու դառնալու համար։
7. Շահառուի աջակցությունը դադարում է, եթե շահառու դառնալուց հետո 24 ամսվա ընթացքում, մինչև անհուսալի վարկի ամբողջական մարումը, 3 ամիս անընդմեջ դադարում է լինել (չի հանդիսանում) աշխատող։ Տվյալ դեպքում վարկավորողը կարող է վերականգնել սույն ծրագրի շրջանակում ներված պարտավորությունները, եթե այդպիսիք եղել են։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են շահառուներին միջոցառման շրջանակում աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ու հապավումներն ունեն միջոցառման մեջ տրված իմաստները։
3. Միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու նպատակով անձը՝
1) առցանց եղանակով դիմում ներկայացնելու դեպքում մուտք է գործում www.e-social.am կայքէջ, որտեղ ներկայացնում է դիմում՝ համապատասխան դաշտերում լրացնելով իր անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը, տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև նշում է կատարում միջոցառման շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին.
2) ՄՍ ծառայությունում դիմում ներկայացնելու դեպքում ՄՍ ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում ներկայացնում է գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները մշակելու համար։
Առցանց եղանակով ներկայացված դիմումը հաստատվում է դիմումատուի բջջային հեռախոսահամարի և սարքի կիրառմամբ՝ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով, իսկ առձեռն դիմումը՝ դիմումատուի ստորագրությամբ։
4. ՄՍ ծառայությունում դիմում ներկայացվելու դեպքում ՄՍ ծառայության աշխատակիցը սույն ծրագրի համար իրեն տրված օգտանվան և գաղտնաբառի կիրառմամբ դիմողի՝ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները մուտքագրում և նույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված համաձայնության ստորագրված տարբերակը լուսապատճենում և կցում է ծրագրային համակարգ։ Դիմումն ընդունվելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է դիմումատուի կողմից ներկայացված տվյալների ստուգում հետևյալ ուղղություններով և հաջորդականությամբ ինքնաշխատ հարցմամբ՝
1) բնակչության պետական ռեգիստրից ստուգվում են դիմումատուի անվան, ազգանվան և ՀԾՀ-ի համապատասխանությունը, դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու կամ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունենալու հանգամանքը.
2) անձնավորված հաշվառման համակարգից ստուգվում է դիմումատուի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող լինելու հանգամանքը.
3) վարկային բյուրոյից ստացվում է դիմումատուի անհուսալի վարկերի վերաբերյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝
ա. միայն անհուսալի վարկ(եր) ունենալու մասին փաստը,
բ. վարկատու կազմակերպություն(ներ)ը,
գ. անհուսալի վարկերի քանակը,
դ. անհուսալի վարկ(եր)ի հանրագումարը,
ե. յուրաքանչյուր անհուսալի վարկի նույնականացման կոդը։
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հաջորդականությամբ ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դադարեցվում է հաջորդող ստուգումների իրականացումը, և համարվում է դիմումը մերժված։ Դիմումը մերժվում է նաև, եթե դիմումատուն արդեն հանդիսանում է շահառու։ Դիմումի մերժման և դրա պատճառների մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին և բջջային հեռախոսահամարին ուղարկվում է ինքնաշխատ ծանուցում։
6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ինքնաշխատ ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում (այդ թվում, եթե դիմումատուն դիմել էր ավելի վաղ և չէր ճանաչվել շահառու) դիմումի բավարարման և շահառու ճանաչվելու մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին և բջջային հեռախոսահամարին ուղարկվում է ինքնաշխատ ծանուցում։
7. Միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից յուրաքանչյուր օր համակարգի միջոցով ՄՍ ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակը, որը յուրաքանչյուր օր «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով փոխադարձ համաձայնությամբ էլեկտրոնային որևէ եղանակով ուղարկվում է ՀԿԱ ծառայությանը, որի հիման վրա ՀԿԱ ծառայությունը շահառուների ցուցակը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) պահվող (բռնագանձվող) չափը սահմանում է 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։ Սահմանված բռնագանձման նոր չափը շահառուների մասով կիրառվում է ՀԿԱ ծառայության կողմից շահառուների ցուցակը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից և գործում է 24 ամիս ժամկետով։
8. Միասնական սոցիալական ծառայությունը յուրաքանչյուր ամսվա 25-ին համակարգի միջոցով իրականացնում է շահառուների՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտի) գծով նախորդ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարի հարցում, իսկ արդյունքներն ինքնաշխատ պահպանվում են համակարգում՝ շահառուների շտեմարանում։ Ընդ որում՝ նշված գործողության հետ մեկտեղ՝ համակարգն ինքնաշխատ իրականացնում է շտեմարանում առկա շահառուների տվյալների թարմացում, և եթե ըստ թարմացված տվյալների շահառուն այլևս չունի անհուսալի վարկ (ամբողջությամբ մարվել է անհուսալի վարկը կամ օրենքով սահմանված հիմքով պարտավորությունը դադարել է), ապա շահառուն շտեմարանում ստանում է «Ավարտվածի» կարգավիճակ, և այդ պահից դադարում է շահառուի գծով աջակցության տրամադրումը։ «Ավարտված» կարգավիճակով շահառուների մասով համակարգում հետագա հարցումներ և թարմացումներ չեն իրականացվում։
9. Սույն կարգի 8-րդ կետում նախատեսված գործողությունը կատարելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՄՍ ծառայությունը համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորում է աջակցություն ստացող շահառուների ցուցակը։ Շահառուների ցուցակը կազմվում է «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով, որում ներառվում են հետևյալ տվյալները.
1) շահառուի անունը, ազգանունը (հայրանունը).
2) ծննդյան օրը, ամիսը, տարին.
3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
4) վարկավորող յուրաքանչյուր կազմակերպության անվանումը, որտեղ շահառուն ունի անհուսալի վարկ.
5) յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը.
6) անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարի չափը (հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ը):
10. Շահառուների աջակցության ցուցակը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ) ուղարկում է համապատասխան բանկերին և վարկային կազմակերպություններին, որից հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է աջակցության գումարների փոխանցումը բանկերի և վարկային կազմակերպությունների բանկային հաշիվներին։ Ընդ որում, համաձայն համակարգի շտեմարանի տվյալների, եթե նույն շահառուն ունի անհուսալի վարկեր մեկից ավելի վարկավորողի մոտ, ապա շտեմարանում տվյալ շահառուի մասով ձևավորվող ցուցակում տվյալներն ինքնաշխատ գրանցվում են՝ ըստ վարկավորողի։
11. Շահառուին տրվող աջակցության գումարը վարկավորողի կողմից ուղղվում է շահառուի համապատասխան վարկային հաշվին, իսկ եթե նույն վարկավորողի մոտ շահառուն ունի անհուսալի մի քանի վարկ, ապա բանկն աջակցության գումարն ուղղում է իր հայեցողությամբ ընտրված անհուսալի վարկի մարմանը:
12. Մեկից ավելի վարկավորողի մոտ անհուսալի վարկեր ունենալու դեպքում աջակցության գումարները վճարման ցուցակներում ինքնաշխատ բաշխվում են համամասնական չափերով` ըստ յուրաքանչյուր վարկավորողի մոտ ունեցած մասնաբաժնի՝ ընդհանուր վարկային բեռի մեջ։
13. Յուրաքանչյուր վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը վարկավորողի կողմից ուղղվում է անհուսալի վարկի մարմանը՝ մինչև աջակցության գումարի ստացմանը հաջորդող աշխատանքային օրվա ավարտը։
14. Եթե անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը գերազանցում է անհուսալի վարկի ամբողջական մարման համար անհրաժեշտ մեծությունը կամ անհուսալի վարկն ամբողջությամբ մարված է կամ օրենքով սահմանված հիմքով պարտավորությունը դադարել է կամ որևէ պատճառով (տեխնիկական կամ այլ) վարկավորողի կողմից հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի վարկային հաշվին, ապա վարկավորողը ավել փոխանցված գումարը հետ է վերադարձնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե նույն եղանակով, ինչպես որ ստացել է ՄՍ ծառայության կողմից։
15. Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե ամբողջությամբ կատարվել է անհուսալի վարկային պարտավորությունը, լրացել է աջակցության տրամադրման ժամկետը, շահառու դառնալուց հետո 24 ամսվա ընթացքում, մինչև անհուսալի վարկի ամբողջական մարումը, շահառուն 3 ամիս անդադար դադարել է լինել (չի հանդիսացել) աշխատող կամ օրենքով սահմանված հիմքով պարտավորությունը դադարել է։ Աջակցության դադարեցման մասին ՀԿԱ ծառայությունը փոխադարձ համաձայնությամբ էլեկտրոնային որևէ եղանակով 1 օրվա ընթացքում ստանում է տեղեկատվություն՝ «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով։
16. Աջակցության դադարեցմանը հաջորդող ամսվա 1-ից ՀԿԱ ծառայությունը վերացնում է շահառուի համար սույն կարգի 7-րդ կետով նախատեսված բռնագանձման չափի կիրառումը և սահմանում է բռնագանձման ընդհանուր կարգով նախատեսված չափը։
17. Միջոցառման շրջանակում ավել վճարված դրամական աջակցությունը ենթակա է հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե անձը ինքը չի վերականգնում այդ գումարը պետական բյուջե և վճարման վերաբերյալ համապատասխան հիմքերը ներկայացնում ՄՍ ծառայություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|