ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4777-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Գրիգորյանի 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-147079-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-147079-24 դիմումը, նշված դիմումին, ինչպես նաև 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ Դ-136544-24 դիմումին կից ներկայացված նյութերը, գնահատելով ներկայացված պահանջի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ Դ-136544-24 և 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-147079-24 դիմումներով ներկայացված փաստերի համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թունելով երթևեկելու ընթացքում թունելի առաստաղից քարեր են թափվել Գագիկ Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա, ինչի արդյունքում փոխադրամիջոցը վնասվել է:
Գագիկ Գրիգորյանը, հիմք ընդունելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 24-3525 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը (այսուհետ՝ Եզրակացություն), խնդրել է փոխհատուցել «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի թունելով երթևեկելու ընթացքում թունելի առաստաղից քարեր թափվելու հետևանքով առաջացած վնասը:
2024 թվականի մայիսի 31-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB815914 վկայագրի համաձայն՝ «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Գագիկ Գրիգորյանի սեփականությունը:
Եզրակացության «3. Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են ներկայացված ՃՏՊ արձանագրությամբ ամրագրված պատահարի հետևանքով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ էստակադայով (թունելով) երթևեկելու ընթացքում թունելի առաստաղից թափված քարերի անմիջական, վերևից ներքև և առջևից դեպի հետ ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում:
Եզրակացության «3. Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 364,000 (երեք հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ:
Եզրակացության առարկա փորձաքննությունն իրականացնելու նպատակով Գագիկ Գրիգորյանի և «ՋԻ ԷՄ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2024 թվականի նոյեմբերի 7-ին կնքված թիվ 112-24/ԱՓ պայմանագրի հիման վրա, Գագիկ Գրիգորյանի կողմից նշված ընկերությանը վճարվել է 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ (հիմք՝ «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 8-ին տրված թիվ 40 անդորրագիրը):
Թիվ Դ-136544-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացվել է, որ վարչության աշխատանքային ծրագրերով դիմումով նշված ժամանակահատվածում Հաղթանակի կամրջի վրա որևէ աշխատանք չի իրականացվել:
Թիվ Դ-147079-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի կողմից 2024 թվականի նոյեմբերի 20-ին տեղեկացվել է, որ վարչության աշխատանքային ծրագրերով դիմումով նշված ժամանակահատվածում որևէ աշխատանք չի իրականացվել:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց, Երևան քաղաքին են համարվում փոխանցված Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` նույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Իրականացված վարչարարությամբ ձեռք բերված ապացույցների, ինչպես նաև բացահայտված փաստական հանգամանքների գնահատման արդյունքում հիմնավորվում է Գագիկ Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի էստակադայի (թունելի) առաստաղից քարեր թափվելու հետևանքով առաջացած վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կազմված՝ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին N 766016 արձանագրությունը, պատահարի վայրի սխեման, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին տրված՝ հետքաբանական և ապրանքագիտական թիվ 24-3525 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Գագիկ Գրիգորյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-147079-24 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 24-3525 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «FORD EDGE-3.5» մակնիշի «66GG866» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 364,000 (երեք հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ գումարը, որպես վնասի գնահատման համար կատարված ծախս, փոխհատուցել Գագիկ Գրիգորյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |