ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2024 թվականի N 1982-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1388-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու, «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին» N 1388-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ 3 771 900 000 դրամ գնահատված շուկայական արժեքով՝ քաղ. Երևան, Ավան, Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող՝ 3126,3 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 11,8 քառ. մետր մակերեսով պահակատունը, 256 քառ. մետր մակերեսով ջրավազանը, 123,5 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 67,5 քառ. մետր մակերեսով պահեստը, 1280,3 քառ. մետր մակերեսով խաղահրապարակը, 6664 քառ. մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը, 88,9 քառ. մետր (177,8 խոր. մետր) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.857309 հա հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք)՝ Հայաստանի Հանրապետությունում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա հիմնելու և սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված ներդրումային ծրագրին համապատասխան օգտագործելու պայմանով, 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նեքստ Ջեն Սպորտս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 269.110.1368932 / 2024-02-07, գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ., 0006, այսուհետ՝ ընկերություն):».
2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.
3) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ծրագրի,» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բառերով․
«սույն պարբերությամբ նախատեսված ներդրումների կատարման՝ որոշման N 1 հավելվածով սահմանված ժամկետի ընթացքն սկսվում է անշարժ գույքն ընկերությանը հանձնելուց հետո։».
4) որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը «հնարավորությամբ» բառից հետո լրացնել հետևյալ բառերով.
«ընդ որում, գնորդի կողմից մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի ձեռքբերման համար յուրաքանչյուր տարվա վճարումների կատարման ժամկետի սկիզբ է համարվում բաժնետոմսերի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահը.».
5) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով.
6) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը «հավելվածի,» բառից հետո լրացնել հետևյալ բառերով.
«ընդ որում, ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր տարվա ներդրումների կատարման ժամկետի ընթացքն սկսվում է բաժնետոմսերի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման պահից և ավարտվում է հաջորդ տարվա համապատասխան օրը, իսկ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ներդրումները կատարել, այդ թվում՝ ընկերություն 1–ի միջոցով, մասնավորապես, ընկերություն 1–ի կանոնադրական կապիտալում ներդրումներ կատարելու միջոցով, որոնք ընկերություն 1–ի կողմից ենթակա են օգտագործման սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ներդրումների կատարման նպատակով,».
7) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«դ. գնորդը սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետը լրանալուց հետո պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել տեղեկությունները՝ կցելով սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարումը հաստատող փաստաթղթերը, գնահատման հաշվետվությունը, ինչպես նաև կոմիտեի պահանջով ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ և տեղեկություններ։ Ընդ որում, սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պարտավորությունների վաղաժամկետ կատարման դեպքում կարող է հաշվետվությունը ներկայացնել սահմանված ժամկետից շուտ,».
8) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ը. սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված, ընկերություն 1-ի գործունեության հիմնական ուղղվածության (հանրային նշանակության (պրոֆիլի) պահպանման և սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված տարաժամկետ վճարման պարտավորություններից որևէ մեկը տուգանքով հաշվարկված ժամկետում չկատարելու դեպքում կոմիտեն օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բռնագանձում կիրառելու կամ պայմանագիրը լուծելու կամ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով,».
9) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«թ. գնորդի կողմից անշարժ գույքի նկատմամբ գործարքներ իրականացնելիս` մինչև բաժնետոմսերի վաճառքի գումարի ամբողջական մարումը և սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված պարտավորությունների ամբողջական կատարումը, անհրաժեշտ է կոմիտեի գրավոր համաձայնությունը,».
10) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «ժ» պարբերությունում «ստանձնած» բառը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված» բառերով, իսկ «համարվում են» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օգտին» բառերով.
11) որոշման 11-րդ կետի 2-րդ ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ժա. ընկերություն 1–ի բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցումից հետո 25 տարի ժամկետով պահպանել ընկերություն 1-ի գործունեության հիմնական ուղղվածությունը (հանրային նշանակությունը), ընդ որում, ընկերություն 1–ի գործունեության հիմնական ուղղվածություն է համարվում ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը և դրա գործունեության կազմակերպումը, իսկ ընկերություն 1–ի գործունեության հիմնական ուղղվածությունը համարվելու է պահպանված՝ ֆուտբոլային ակադեմիայի հիմնման և դրա գործունեության կազմակերպման, ինչպես նաև դրանից բխող կրթական, սպորտային, մշակութային գործունեության իրականացման, հյուրանոց–կացարանների և սպորտային կլինիկայի կառուցման դեպքում և այլն։»։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
13.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |