ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-93-Ո-Կ-16 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱՊՈԼԵՈՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
Բարձրագույն դատական խորհրդի |
Կ. Անդրեասյանի | ||
մասնակցությամբ՝ անդամներ
|
Ա. Աթաբեկյանի Ա. Դանիելյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Էդ. Հովհաննիսյանի Ք. ՄԿՈՅԱՆԻ
| ||
Արդարադատության նախարարի տեղակալ |
Լ. ԲալՅԱՆԻ | ||
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Մ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ | ||
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուրիրավասության դատարանի դատավոր |
Ն. ՕՀԱՆՅԱՆԻ | ||
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուրիրավասության դատարանի դատավորի ներկայացուցիչ |
Ա. ՍԱՐԴԱՐՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ՝ |
Մ. Թելոյանի Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
2024 թվականի նոյեմբերի 5-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 94-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արփինե Դավոյանի կողմից 13.06.2024 թվականին ներկայացված հաղորդումը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ:
Արդարադատության նախարարի 17.07.2024 թվականի թիվ 69-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 17.09.2024 թվականի թիվ 94-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 07.10.2024 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
29.10.2024 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 05.11.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Քրեական դատավարության օրենսգրքի1 (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 17-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 153-րդ հոդվածի 1-ին մասը, 301-րդ հոդվածի 3-րդ մասը, 303-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) մի շարք որոշումներով (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994) արտահայտած դիրքորոշումները, նշել է, որ վերոնշյալ սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական դրույթներից, ինչպես նաև համապատասխան իրավական դիրքորոշումներից հետևում է, որ դատարանը բոլոր դեպքերում գործը պետք է քննի և լուծի հնարավորինս սեղմ ժամկետներում՝ խուսափելով գործի անհարկի ձգձգումներից և դրա արդյունքում հնարավոր բացասական հետևանքների առաջացումից:
Վարույթ հարուցած մարմինը հայտնել է, որ հաղորդման և համակարգում առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Նարեկ Վալերիկի Գրիգորյանին, Արման Զավենի Մկրտչյանին, Արման Հենրիկի Գաբրիելյանին և Նվեր Կարենի Բարխուդարյանին 2003 թվականի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրվել է մեղադրանք, իսկ Գևորգ Ղարիբի Խաչատրյանին, Մհեր Սեյրանի Զաքարյանին, Սեյրան Մհերի Զաքարյանին, Սոսիկ Ֆիրդուսի Սարգսյանին, Խաչատուր Դավիթի Գևորգյանին, Ռոլանդ Սամվելի Գևորգյանին, Նարեկ Ստյոպայի Արզումանյանին, Գագիկ Լյովայի Մինասյանին, Լևոն Խաչիկի Հակոբյանին, Արայիկ Վազգենի Թումանյանին, Տիգրան Ռոմիկի Գալստյանին, Մելս Հայկի Հայրապետյանին, Մհեր Հայկի Հայրապետյանին, Ժորա Հովհաննեսի Պապյանին, Հենրիկ Սուրիկի Հովհաննիսյանին, Սամվել Ժորայի Բոլյանին, Գրիշա Անաստասի Համբարձումյանին, Մհեր Երվանդի Անդրեասյանին, Վահե Սերժիկի Թևանյանին, Հրանտ Ստյոպայի Մարությանին, Էդուարդ Սամվելի Վարդանյանին, Սուրեն Հովհաննեսի Ղազարյանին և Արման Մանվելի Սամվելյանին՝ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք:
Ըստ վարույթ հարուցած մարմնի՝ 2003 թվականի Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցակազմի հատկանիշները համապատասխանում են 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցակազմի հատկանիշներին:
Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի, 297-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև 2003 թվականի խմբագրությամբ Քրեական օրենսգրքի2 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 258-րդ հոդվածի 1-ին մասի համակարգային վերլուծությունից հետևում է, որ սույն գործի շրջանակներում մեղադրյալներին վերագրված հանցակազմերը եղել են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, որոնց վաղեմության ժամկետը 2 տարի է՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից:
Վկայակոչելով Բարձրագույն դատական խորհրդի 04.04.2024 թվականի թիվ ԲԴԽ-23-Ո-Կ-3 և 16.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշումներով արտահայտած դիրքորոշումները՝ վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն արդարադատության իրականացման տեսանկյունից առաջացնում է խոր բացասական հետևանքներ, հատկապես այն դեպքում, երբ չեն քննարկվում քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ մեղավոր անձի մեղքի հարցը հաստատելու կամ հերքելու, քրեական օրենքի ուժով վերջինիս նկատմամբ օրենքով նախատեսված համաչափ պատիժ նշանակելու և դրանից բխող պատժի նպատակները՝ պատժի ենթարկված անձին ուղղելու, նրան վերասոցիալականացնելու, ինչպես նաև նոր հանցագործությունները կանխելու կարևորագույն հարցերը: Միաժամանակ առանցքային նշանակություն ունի Դատավորի դրսևորած վարքագիծը՝ գործի ողջամիտ ժամկետում քննությունն ապահովելու համատեքստում: Լիազոր մարմնի գնահատմամբ՝ Դատարանը կոնկրետ գործի քննության ընթացքում, ելնելով այդ գործով առաջադրված մեղադրանքի համատեքստում օրենդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներից, պետք է ոչ միայն ձեռնարկի հնարավոր բոլոր միջոցները գործը ողջամիտ ժամկետում քննելու ուղղությամբ, այլև հնարավորության դեպքում պետք է իր գործողություններով կանխի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելը: Քրեական գործերով արդարադատություն իրականացնելիս գործը ողջամիտ ժամկետում քննելու դատարանի պարտականությունը ոչ միայն ուղղված է դատավարության մասնակիցների արդար դատաքննության հիմնարար իրավունքի ապահովմանը, այլև՝ մեղավորին (մեղավորներին) քրեական պատասխանատվության ենթարկելուն, այդպիսով նաև՝ քրեական պատասխանատվության ինստիտուտի և պատժի նպատակների իրագործմանը: Այսինքն՝ քրեական գործի քննության ընթացքում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները վրա հասնելու կանխումը դատարանի աներկբա պարտականությունն է, որի չպահպանումը կարող է խաթարել ոչ միայն տուժողի օրինական ակնկալիքները քրեական արդարադատությունից, այլև արդարադատության բուն էությունը:
Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Դատարանի կողմից թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործի (այսուհետ նաև՝ Գործ) ընդհանուր քննությունը տևել է շուրջ 2 տարի 6 ամիս: Վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերի և դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել և՛ ամբաստանյալների, և՛ նրանց պաշտպանների՝ նիստին չներկայանալը չէր կարող դիտարկվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ: Մասնավորապես.
1) 03.12.2021 թվականի դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Խաչատուր Գևորգյանի դիմումի հիման վրա՝ պայմանավորված վերջինիս առողջական վիճակով: Այնինչ դիմումին կից ներկայացվել է «Մեղրու տարածաշրջանային ԲԿ» կողմից տրված տեղեկանքը վերջինիս՝ 30.11.2021 թվականին հիվանդանոց այցելության մասին, սակայն առկա չէ որևէ նշում նրա՝ հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտության և դատական նիստին մասնակցությունն անհնարին դարձնող այլ հանգամանքների առկայության մասին:
2) Պաշտպան Կարեն Ալավերդյանի կողմից դատական նիստերի հետաձգման թվով 5 միջնորդություններ են ներկայացվել՝ 07.07.2022 թվականին, 11.11.2022 թվականին, 16.03.2023 թվականին, 05.06.2023 թվականին, 17.08.2023 թվականին: Հատկանշական է, որ 17.08.2023 թվականին, 16.03.2023 թվականին նշվել է, որ համապատասխան բժշկական փաստաթղթերը կներկայացվեն լրացուցիչ՝ բժշկական օգնության դիմելուց հետո, սակայն Դատավորի կողմից ներկայացված՝ դատական նիստերի հետաձգման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի համաձայն՝ 17.08.2023 թվականի նիստի հետաձգման համար այդպես էլ չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ 16.03.2023 թվականի նիստի վերաբերյալ ներկայացվել է միայն 8 օր անց: Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է պաշտպանի կողմից ներկայացված՝ որպես դատական նիստի հետաձգման հիմք վկայակոչվող փաստերի ապացուցման նպատակով որևէ ապացույցի բացակայության պայմաններում դատական նիստին պաշտպանի բացակայությունը Դատարանի կողմից որակվել որպես հարգելի:
3) 07.07.2022 թվականի դիմումով պաշտպան Կարեն Ալավերդյանի կողմից դատական նիստի հետաձգման հիմք է վկայակոչվել թիվ ՍԴ/0094/01/10 դատական գործով Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստին մասնակցելու անհրաժեշտությունը, սակայն չի ներկայացվել որևէ ապացույց դատական նիստը տվյալ օրը՝ ժամը 12:00-ին նշանակված լինելու վերաբերյալ (օրինակ՝ դատական նիստի վերաբերյալ ծանուցագիր)՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործով Datalex.am հարթակում հրապարակված չէ տվյալ օրը Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստ նշանակված լինելու մասին տեղեկատվություն:
4) 16.01.2023 թվականի դատական նիստի հետաձգման հիմք է վկայակոչվել պաշտպան Լիանա Գրիգորյանի կողմից թիվ ԵԴ/1248/01/22 դատական գործով նշանակված դատական նիստին մասնակցության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ չի ներկայացվել որևէ ապացույց տվյալ օրը՝ ժամը 15:30-ին դատական նիստ նշանակված լինելու վերաբերյալ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ գործով Datalex.am հարթակում հրապարակված չէ տվյալ օրը դատարանում դատական նիստ նշանակված լինելու մասին տեղեկատվություն:
5) Որպես 22.02.2022 թվականի դատական նիստի հետաձգման պատճառ է վկայակոչվել ամբաստանյալ Հրանտ Մարությանի դիմումը՝ այդ օրն իր հարսանեկան միջոցառումը նշանակված լինելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, Լիազոր մարմնի գնահատմամբ, սեփական հարսանեկան միջոցառման անցկացման վերաբերյալ հանգամանքի միայն վկայակոչումը՝ առանց այդ փաստի վերաբերյալ առնվազն անուղղակի ապացույցներ ներկայացնելու չէր կարող հիմք հանդիսանալ դատական նիստի հետաձգման համար:
Վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել ընդգծել, որ Գործով առանցքային նշանակություն ունի նաև նշանակված հաջորդական դատական նիստերի միջև ընկած միջակայքը, այսինքն՝ որքանով է Դատավորի կողմից հաջորդական նիստերի նշանակումը իրականացվել հնարավորինս կարճ խզմամբ:
Գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դատական նիստերը նշանակվել են 1-2 ամիս միջակայքով, այնինչ Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորը պետք է հետևողական լիներ վաղեմության ժամկետների հնարավոր սպառման հանգամանքին և հերթական դատական նիստերը նշանակեր առավել սեղմ ժամկետներում՝ այդպիսով առաջնահերթություն տալով այն գործերի քննությանը, որոնցով առկա է վաղեմության ժամկետի հիմքով քրեական հետապնդման դադարեցման ողջամիտ հավանականություն:
Ամփոփելով վերը նշված փաստական հանգամանքները՝ վարույթ հարուցած մարմինը եզրակացրել է, որ Դատավորի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն մի շարք դատական նիստերի կայացումն ապահովելու համար և մի շարք դեպքերում Դատարանի կողմից դատական նիստերի հետաձգումը հիմնավորված չի եղել: Ընդ որում՝ ամբաստանյալի կողմից դատական նիստին չներկայանալը հարգելի չհամարելու պայմաններում Դատարանը պարտավոր էր կիրառել ՔԴՕ 303-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավական ներգործության միջոցները: Ավելին՝ Դատավորը հետևողական չի եղել Գործով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հնարավոր սպառման հանգամանքին և պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել հերթական դատական նիստերն առավել սեղմ ժամկետներում նշանակելու ուղղությամբ: Արդյունքում, Դատավորի կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար բոլոր գործողությունները և միջոցները գործը ողջամիտ ժամկետում քննելու, ինչպես նաև մեղադրյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելը կանխելու նպատակով:
Նշվածի հետևանքով, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Այսպիսով՝ Դատարանը թույլ է տվել ՔԴՕ 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ:
Վարույթ հարուցած մարմինը, անդրադառնալով Դատավորի կողմից ներկայացված բացատրությամբ վկայակոչված՝ Գործի բարդության մասին վկայող հանգամանքների, ամբաստանյալների քանակի, տուժողների և վկաների հակասական ցուցմունքների, նշանակված դատական նիստերի քանակի, դրանց հետաձգման պատճառների, Դատավորի ծանրաբեռնվածության և այդ բոլոր հանգամանքների՝ Դատավորի կողմից դրսևորած վարքագծի վրա որոշիչ ազդեցության բացակայության փաստը հաստատվում է միջնորդության շրջանակներում Լիազոր մարմնի կողմից արդեն իսկ վկայակոչված փաստերի միջոցով, որոնց համաձայն՝ Դատավորի կողմից չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար բոլոր գործողությունները և միջոցները գործը ողջամիտ ժամկետում քննելու, ինչպես նաև Գործի քննության ընթացքում մեղադրյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելը կանխելու նպատակով:
Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ իր կողմից ձեռնարկել են հնարավոր և թույլատրելի բոլոր միջոցներն արդարադատության շահը պահելու և գործը ողջամիտ ժամկետում քննելու առնչությամբ, ապա այդ փաստարկը նույնպես հիմնավոր չէ միջնորդության շրջանակներում վկայակոչված մի շարք դատական նիստերի անհիմն հետաձգման, հերթական դատական նիստերի միջև ընկած ժամանակային միջակայքի վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից ներկայացված փաստարկների ուժով:
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասը՝ վարույթ հարուցած մարմինը Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ: Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Դատավորի բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը: Այսպիսով՝ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավարական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր կատարել անհրաժեշտ և բավարար գործողություններ մեղադրյալներին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների վրա հասնելը կանխելու նպատակով:
Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ նշելով հետևյալ հիմնավորումները.
Թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործով ամբաստանյալ են հանդիսացել 27 անձ, որոնցից մեկը՝ Սեյրան Մհերի Զաքարյանը գործի քննության ընթացքում մահացել է: Գործի սկզբնական փուլում ներգրավված են եղել 18 պաշտպան, իսկ բուն դատաքննությանը մասնակցել է 3 պաշտպան, ովքեր ներգրավվել են գործին՝ դատաքննության ընթացքում: Գործով նշանակվել է 30 դատական նիստ, որոնցից փաստացի կայացել է 14-ը, իսկ 16 դատական նիստ հետաձգվել է դատավարության մասնակիցների հիմնավորված և պատճառաբանված միջնորդությունների հիման վրա, այն է՝ 5 դատական նիստ հետաձգվել է ամբաստանյալների վատառողջ լինելու և ստացիոնար բուժման մեջ գտնվելու պատճառով, 1 դատական նիստ՝ ամբաստանյալ Հրանտ Մարությանի հարսանեկան միջոցառման պատճառով, 2 դատական նիստ՝ պաշտպանների կողմից քրեական գործի նյութերին ծանոթանալու հանգամանքով պայմանավորված, 1 դատական նիստ՝ պաշտպան Լիանա Գրիգորյանի ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով, 1 դատական նիստ՝ պաշտպան Լիանա Գրիգորյանի այլ գործով դատական նիստի մասնակցելու պատճառով, 1 դատական նիստ՝ ամբաստանյալ Սեյրան Զաքարյանի մահվան պատճառով, 4 դատական նիստ՝ պաշտպան Կարեն Ալավերդյանի (վերջինս հանդիսացել է ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնող հիմնական պաշտպանը և փաստաբանական գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքում) հիվանդ լինելու պատճառով և 1 դատական նիստ՝ մեղադրողներ Արթուր Սարգսյանի և Ֆրունզե Հովհաննիսյանի կողմից Գլխավոր դատախազությունում քննարկման մասնակցելու հանգամանքով պայմանավորված:
Դատավորը, անդրադառնալով Գործի բարդության աստիճանին, նշել է, որ այն իր բնույթով հանդիսանում է առանձնակի բարդություն ունեցող, և թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշմամբ սահմանված ժամկետների տրամաբանությամբ այն ենթակա է եղել քննության առավելագույնը 24 ամսվա ընթացքում: Սույն դեպքում 22 ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործի քննության 1 տարի 8 ամսվա ընթացքում, որպիսի պայմաններում Դատարանը փաստացի պատշաճ կերպով հետևել է վերոհիշյալ որոշման դրույթներին: Անդրադառնալով մյուս 4 ամբաստանյալի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը՝ Դատավորը նշել է, որ նրանց մեղսագրված է եղել միջին ծանրության հանցանք, սակայն մեղադրողի կողմից փաստացի մեղադրանքի վերաորակումից հետո՝ 26.02.2024 թվականին, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը վերոհիշյալ հիմքով դադարեցվել է:
Դատավորն անդրադարձել է նաև նախաքննության և դատաքննության ժամկետների տևողության էական տարբերությանը՝ փաստելով, որ նախաքննությունը կատարվել է քննչական խմբի կողմից և նախաքննության ընթացքում չի կատարվել գեթ մեկ առերեսում: Ընդգծել է նաև, որ դատական նիստերը նշանակվել են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով նաև դատավարության մասնակիցների՝ մեղադրողների ու պաշտպանների ծանրաբեռնվածությունը և որևէ դատական նիստ չի հետաձգվել իր հետ առնչվող պատճառով: Դատավորը նաև նշել է, որ Գործից մասեր անջատելու իրավական հնարավորություն չի ունեցել, քանի որ թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործը վերաբերելի է մեկ դեպքի և ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները չեն կարող քննվել տարբեր վարույթների շրջանակներում: Բացի այդ, Գործով դատաքննության ընթացքում Դատավորը պնդել է, որ բացառել է իրավունքի չարաշահման ցանկացած դեպք, այն է՝ թույլ չի տվել, որպեսզի պաշտպանները նույնաբովանդակ միջնորդություններով ծանրաբեռնեն դատաքննությունը, ցանկացած վկայի կամ տուժողի անհարգելի բացակայության դեպքում կայացրել է բերման ենթարկելու մասին որոշում: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այն դատական նիստերը, որոնք հետաձգվել են կողմերի վատառողջ լինելու պատճառով, ունեցել են փաստաթղթային հիմնավորում և դրանք գտնվում են քրեական գործի նյութերում: Ըստ Դատավորի՝ առանձնակի բարդություն է առաջացրել 27 ամբաստանյալների ներկայության ապահովումն այն պայմաններում, երբ նրանք բոլորը բնակվել են Կապան քաղաքից դուրս՝ Մեղրիում և Երևանում: Ավելին, քրեական գործով տուժող է հանդիսացել 10 անձ, իսկ վկա՝ 34 անձ, և նշված անձանցից 7-ն են բնակվել Կապանում:
Անդրադառնալով գործի քննության բարդության մյուս հանգամանքներին՝ Դատավորը հայտնել է, որ տուժողները և վկաները գործով տվել են հակասական ցուցմունքներ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել հրապարակել նրանց նախաքննական լայնածավալ ցուցմունքները, ինչը նույնպես ազդել է դատական նիստերի ծանրաբեռնվածության վրա: Բացի այդ, իր կողմից Գործում առկա փաստաթղթային ապացույցները հրապարակվել են մեկ դատական նիստի ընթացքում այն պայմաններում, երբ քրեական գործը բաղկացած է եղել 11 հատորից՝ 3422 թերթից, ինչն ըստ Դատավորի հիմնավորում է այն հանգամանքը, որ նա ձեռնարկել է հնարավոր և թույլատրելի բոլոր միջոցներն արդարադատության շահը պահելու և գործը ողջամիտ ժամկետում քննելու առնչությամբ: Դատավորը նաև նշել է, որ Գործով դատաքննությունը կավարտվեր ավելի սեղմ ժամկետում, եթե տուժողներ Խաչիկ Միքայելյանի և Ալբերտ Ամիրխանյանի (հանդիսացել են ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցներ) ներկայությունը հնարավոր լիներ ապահովել ավելի վաղ: Նրանց կողմից դատական նիստերին չներկայանալու պատճառով հետաձգվել է երեք դատական նիստ, մինչդեռ վերջիններիս մասնակցությունը դատավարության համար պարտադիր էր: Դատավորը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել կապված Գործի քննության ընթացքում իր ծանրաբեռնվածության մասին, ինչպես նաև հայտնել, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մյուս դատավորների ահռելի ծանրաբեռնվածությունը թոթափելու համար երկու անգամ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր՝ որպես դատարանի նախագահի համար նախատեսված հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանված նվազեցման տոկոսաչափը չեղարկելու խնդրանքով:
Այսպիսով, հաշվի առնելով ամբողջ վերը նշվածները՝ Դատավորը գտել է, որ իր կողմից չեն խախտվել իրեն վերագրված նորմերը, իսկ Գործի դատաքննության տևողությունը պայմանավորված է եղել գործի բարդության աստիճանով, հետևաբար 17.07.2024 թվականի թիվ 69-Ա որոշմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման:
Դատավորը Խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն Արդարադատության նախարարի որոշման՝ «(…) թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործի քննությունը տևել է շուրջ 2 տարի 6 ամիս: Վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերի և դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստել է, որ Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորի կողմից մի շարք դատական նիստերի հետաձգումը հիմնավոր չի եղել և ամբաստանյալների և նրանց պաշտպանների՝ նիստին չներկայանալը չէր կարող դիտարկվել որպես հարգելի, քանի որ չէին ներկայացվել նրանց բացակայությունը հարգելի համարելու համար անհրաժեշտ և բավարար ապացույցներ (…)»:
Ի հիմնավորումն նշված դիրքորոշման՝ Դատավորը նշել է, որ որոշման մեջ նշված են մի շարք դատական նիստերի հետաձգման վերաբերյալ դիտարկումներ, որոնց կանդրադառնա առանձին-առանձին: Այսպես՝
1. Անդրադառնալով Խաչատուր Գևորգյանի կողմից բուժհաստատություն դիմելու և այդ պատճառով դատական նիստին չներկայանալու հանգամանքին՝ փաստել է, որ Դատարան ներկայացված փաստաթղթի մեջ թեպետ առկա չէ նշում հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու անհրաժեշտության և դատական նիստին մասնակցությունն անհնարին դարձնող այլ հանգամանքների մասին, սակայն նրա մոտ արձանագրված ախտորոշման՝ «հիպերտոնիկ կրիզ, քթային արյունահոսություն, զարկերակային ճնշման իջեցում» պայմաններում, անձին անհրաժեշտ է հանգիստ: Վերոհիշյալի կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել բժիշկ-սրտաբանի հետ, ով հայտնել է, որ նշված ախտորոշման պարագայում երկար ճանապարհ գնալը՝ հատկապես վերելքների առկայության դեպքում, կարող է ունենալ անդառնալի հետևանքներ (Խաչատուր Գևորգյանը բնակվում է Մեղրի համայնքում, որը գտնվում է Սյունիքի մարզի հարավարևելյան մասում, հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 72 կմ է։ Նշված ճանապարհահատվածում է գտնվում Հայաստանի ամենաբարձր լեռնանցքը, որի բարձրությունը 2500մ է):
2. Անդրադառնալով պաշտպան Կարեն Ալավերդյանի կողմից 16.03.2023 թվականին նշանակված դատական նիստին չներկայանալու հանգամանքին՝ Դատավորը նշել է, որ պաշտպանը թեպետ դատական նիստից 8 օր հետո է ներկայացրել բժշկական փաստաթուղթը, այնուամենայնիվ նշվածը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դնել վերջինիս մոտ, 16.03.2023 թվականի դրությամբ, հիվանդության առկայության փաստը։ Որպես կանոն անձինք բժշկական փաստաթղթերը ներկայացնում են հետագա դատական նիստերին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բուժհաստատություններն ախտորոշումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում են ավելի ուշ՝ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ թերթիկը փակելու ժամանակ:
Ինչ վերաբերում է պաշտպան Կարեն Ալավերդյանի կողմից 17.08.2023 թվականին դատական նիստին չներկայանալուն և բժշկական փաստաթուղթ չներկայացնելուն, ապա վերջինիս կողմից նախկինում առողջական խնդիրներ ունենալու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը (միջողային սկավառակի ճողվածք), Դատարանին հիմք են տվել հավատալու, որ տվյալ օրվա դրությամբ առողջական վիճակի վերաբերյալ ստացված տեղեկությունը, որ ցավերի «պրիստուպով» պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին, համապատասխանում է իրականությանը: Կարեն Ալավերդյանը բնակվում է Երևան քաղաքում, հեռավորությունը մարզկենտրոն Կապանից 300 կմ է։ Այս առումով Դատարանը նպատակահարմար չի գտել պաշտպանից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, հաշվի առնելով հիվանդության բնույթը և նախկինում դրա վերաբերյալ ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթերի առկայությունը քրեական գործում:
3. Անդրադառնալով պաշտպան Կարեն Ալավերդյանի կողմից 07.07.2022 թվականին նշանակված դատական նիստին չներկայանալու հանգամանքին՝ Դատավորը նշել է, որ նրա կողմից ներկայացված դիմումում քրեական գործի համարը մեկ թվի տարբերությամբ սխալ է նշված եղել (ՍԴ/0094/01/20-ի փոխարեն նշվել է ՍԴ/0094/01/10) և դա իր կողմից ընդունվել է որպես վրիպակ: Փաստացի պաշտպանը չի մոլորեցրել Դատարանին և եղել է ծանրաբեռնված այլ դատական նիստով, ինչի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև Datalex տեղեկատվական համակարգում (կից ներկայացվել է Datalex-ից արված պատճենը):
4. Անդրադառնալով պաշտպան Լիանա Գրիգորյանի կողմից 16.01.2023 թվականին նշանակված դատական նիստին չներկայանալու հանգամանքին՝ Դատավորը նշել է, որ նրա կողմից ներկայացված դիմումում քրեական գործի համարը մեկ թվի տարբերությամբ սխալ է նշված եղել (ԵԴ/1248/01/21-ի փոխարեն նշվել է ԵԴ/1248/01/22) և դա իր կողմից ընդունվել է որպես վրիպակ: Փաստացի պաշտպանը չի մոլորեցրել Դատարանին և եղել է ծանրաբեռնված այլ դատական նիստով, ինչի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է նաև Datalex տեղեկատվական համակարգում (կից ներկայացվել է Datalex-ից արված պատճենը):
5. Անդրադառնալով Հրանտ Մարությանի կողմից 22.02.2022 թվականին նշանակված դատական նիստին չներկայանալու հանգամանքին՝ Դատավորը հայտնել է, որ նիստին նախորդող օրը ստուգվել է նրա ամուսնանալու հանգամանքը և պարզվել է, որ նշված օրը նախապես նշանակված է եղել վերջինիս ամուսնության արարողությունը: Այդ հանգամանքն այն աստիճանի հրապարակային բնույթ է կրել, որ այն կեղծելը ողջամիտ չի դիտարկվել Դատարանի կողմից: Բացի այդ մի շարք աղբյուրներ վկայել են այդ հանգամանքի իրական լինելու մասին, որպիսի պայմաններում լրացուցիչ փաստաթուղթ պահանջելը նպատակահարմար չի դիտվել Դատարանի կողմից:
Վերոշարադրյալից զատ Դատավորը նշել է, որ նշանակված հաջորդական դատական նիստերի միջև ընկած միջակայքը պայմանավորված է եղել կողմերի ծանրաբեռնվածությամբ, այլ կերպ ասած՝ ինչպես մեղադրողների, այնպես էլ պաշտպանների կողմից դատական նիստերի ժամանակ ներկայացվել է պատշաճ տեղեկատվություն ավելի կարճ միջակայքում նիստ գումարելու անհնարինության մասին: Արձանագրել է, որ դատական նիստերը նշանակվել են միջինը ամսական մեկ անգամ (մեկ դեպքում նույն ամսվա ընթացքում գումարվել է 3 դատական նիստ): Ինչ վերաբերում է մեկ ամսից ավելի ժամանակահատվածով դատաքննությունը հետաձգելուն (ընդամենը 3 դեպքում դատաքննությունը հետաձգվել է 1 ամիս 10-15 օր ժամկետով), ապա բոլոր դեպքերում կողմերը ներկայացրել են պատշաճ և բավարար փաստարկներ կարճ ժամանակահատվածում նիստ գումարելու անհնարինության վերաբերյալ։ Բացի այդ, նշված երկար միջակայքը պայմանավորված է եղել նաև այն հանգամանքով, որ գործի քննության երկու տարվա ընթացքում ինքը, 2 մեղադրողը և 2 պաշտպանը տարեկան առնվազն 1 անգամ տարբեր ժամանակահատվածներում գտնվել են հերթական ամենամյա արձակուրդի մեջ։
Դատավորը նշել է, որ 18.08.2021 թվականից (թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործը վարույթ ընդունելու օրվանից) մինչև 26.02.2024 թվականը (թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու օրը) իր կողմից քննվել է 375 քրեական գործ, որոնցից 297-ով կայացվել է դատավճիռ, իսկ 39-ը գործով կայացվել է ըստ էության լուծող դատական ակտ: Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում իր կողմից կայացվել է դատավճիռ ընդհանուր կարգով քննվող 86 քրեական գործով, որոնցից 45-ը եղել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ: Ավելին, վերոհիշյալ ժամանակահատվածում իր կողմից քննվել է ավելի քան 800 միջնորդություն։ Բացի այդ, 2023 թվականի ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների ընթացքում Դատարանում որպես քրեական մասնագիտացում ունեցող դատավոր գործունեություն է ծավալել միայնակ, սակայն նշվածն էլ չի ազդել թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործով կարճ ժամանակահատվածում դատական նիստեր գումարելու հանգամանքի վրա: Ավելին, երբևէ չի դիմել գործերի բաշխման ցանկից իր անուն-ազգանունը հանելու խնդրանքով, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացում ունեցող մյուս դատավորների ահռելի ծանրաբեռնվածությունը թոթափելու համար երկու անգամ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ իր՝ որպես դատարանի նախագահի համար նախատեսված՝ հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանված նվազեցման տոկոսաչափը չեղարկելու խնդրանքով։
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Դատավորը հայտնել է, որ իր կողմից վերոհիշյալ քրեական գործով ձեռնարկվել է բացառիկ ջանասիրություն՝ դատական նիստերին կողմերի ներկայությունն ապահովելու համար կատարվել են բազմաթիվ զանգեր Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների (ճանապարհների անանցանելիության վերաբերյալ տեղեկություն ստանալու և ամբաստանյալների, պաշտպանների ու վկաների ներկայությունն ապահովելու համար), ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների (ամբաստանյալների, վկաների և տուժողների գտնվելու վայրերը պարզելու համար), ՀՀ ՊՆ համապատասխան զորամասերի (ամբաստանյալների (պայմանագրային զինծառայողների) մասնակցությունն ապահովելու համար) ղեկավարներին ու միայն դրանց արդյունքում են կայացել բազմաթիվ դատական նիստեր: Ավելին՝ թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործով նշանակված դատական նիստերից մի քանի օր առաջ իր անձնակազմը սկսել է դրանց նախապատրաստական աշխատանքները և ցանկացած կայացած դատական նիստ տեղի չէր ունենա առանց իր և իր անձնակազմի կողմից ցուցաբերած ջանքերի:
Վերոշարադրյալով պայմանավորված Դատավորը գտել է, որ թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործը քննվել է ողջամիտ ժամկետում, 1998 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն իր կողմից չեն խախտվել, ուստի խնդրել է միջնորդությունը մերժել:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1 Գևորգ Խաչատրյանին, Մհեր Զաքարյանին, Սեյրան Զաքարյանին, Սոսիկ Սարգսյանին, Խաչատուր Գևորգյանին, Ռոլանդ Գևորգյանին, Նարեկ Արզումանյանին, Գագիկ Մինասյանին, Լևոն Հակոբյանին, Արայիկ Թումանյանին, Տիգրան Գալստյանին, Մելս Հայրապետյանին, Մհեր Հայրապետյանին, Ժորա Պապյանին, Հենրիկ Հովհաննիսյանին, Սամվել Բոլյանին, Գրիշա Համբարձումյանին, Մհեր Անդրեասյանին, Վահե Թևանյանին, Հրանտ Մարությանին, Էդուարդ Վարդանյանին, Սուրեն Ղազարյանին և Արման Սամվելյանին (ընդհանուր 23 անձ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 21.04.2021 թվականին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի ընթացքում կատարել են խուլիգանություն՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:
4.2 Նարեկ Գրիգորյանին, Արման Մկրտչյանին, Արման Գաբրիելյանին, Նվեր Բարխուդարյանին (ընդհանուր 4 անձ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 21.04.2021 թվականին՝ ՀՀ վարչապետի կողմից Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ կատարած այցի ընթացքում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խմբի կազմում բռնության գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով:
4.3 17.08.2021 թվականին թիվ 69108521 քրեական գործը, որին շնորհվել է թիվ ՍԴ/0062/01/21 համարը, ստացվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և Գործը մակագրվել է Դատավորին:
4.4 Դատարանի 18.08.2021 թվականի որոշմամբ Գործն ընդունվել է վարույթ: Գործով հրավիրվել են 30 դատական նիստեր, որոնցից փաստացի կայացել է 14-ը, իսկ 16 դատական նիստ հետաձգվել է տարբեր հիմքերով:
4.5 Դատարանի 07.02.2023 թվականի և 27.04.2023 թվականի որոշումներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համապատասխանաբար՝ անձի մահվան, ինչպես նաև թվով 22 ամբաստանյալների նկատմամբ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքերով:
4.6 Դատարանի 26.02.2024 թվականի որոշումներով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցվել է թվով 4 ամբաստանյալների նկատմամբ և քրեական գործի վարույթը կարճվել է:
4.7 Գործը բաղկացած է 41 հատորից, գործով ամբաստանյալների քանակը եղել է 27 (գործի քննության ընթացքում 1 անձ մահացել է), պաշտպանների քանակը՝ 15, տուժողների քանակը՝ 10, վկաների քանակը՝ 34։
4.8 Դատավորը գործի քննությունն իրականացրել է 2 տարի 6 ամիս՝ 18.08.2021 թվականից մինչև 26.02.2024 թվականը (ամբաստանյալներից 22-ի մասով՝ 1 տարի 8 ամիս), ընդհանուր առմամբ նշանակվել է 30 դատական նիստ, որից 16-ը տեղի չի ունեցել դատավարության մասնակիցների չներկայանալու (վարքագծի) հետևանքով, որոնց պատճառները Դատավորի կողմից արձանագրվել են որպես հարգելի։
4.9 Ամբաստանյալները Գործի քննության ընթացքում վիճարկել են իրենց վերագրվող մեղադրանքները և դրանց հիմքում ներառված ապացույցների օրինականությունը և վերաբերելիությունը։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. Հաշվի առնելով գործի բարդությունը, ծավալը, դատավարության մասնակիցների քանակը և նրանց դատավարական վարքագիծը արդյո՞ք թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործը Դատավորի կողմից կարող էր քննության առնվել և համապատասխան դատական ակտ (այդ թվում՝ դատավճիռ) կայացվել ավելի վաղ, քան իրականացվել և կայացվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշումներ։
5.2. Արդյո՞ք թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործով Դատավորն իրականացրել է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու, ավարտելու և համապատասխան դատական ակտ (այդ թվում՝ դատավճիռ) կայացնելու համար։
5.3. Արդյո՞ք թիվ ՍԴ/0062/01/21 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում, որն էլ հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման։
5.4. Արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները կատարվել են դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների, Դատավորի և վերջինիս ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության՝ օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
ՔԴՕ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով ողջամիտ ժամկետում անձի դատաքննության իրավունքին, արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ որոշելիս, թե արդյոք քրեական վարույթի տևողությունը ողջամիտ է եղել, թե ոչ, պետք է հաշվի առնվեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
- գործի բարդությունը,
- դիմումատուի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,
- իրավասու մարմինների վարքագիծը,
- դիմումատուի վարքագիծը:
Անդրադառնալով նշված գործոններից յուրաքանչյուրին առանձին-առանձին, Խորհուրդը հարկ է համարել փաստել հետևյալը.
Գործի բարդության տեսանկյունից անհրաժեշտ է գնահատման ենթարկել մի կողմից՝ գործով անցնող մեղադրյալների (ամբաստանյալների), վկաների, տուժողների, դատավարությանը մասնակցող այլ անձանց, մյուս կողմից՝ մեղադրյալներին (ամբաստանյալներին) մեղսագրվող արարքների քանակը, դրանց փաստական և իրավական բովանդակությունը, ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը և հետազոտվող ապացույցների ծավալը: Միաժամանակ, գործի բարդությունը որոշելիս պետք է նաև հաշվի առնել վկաների գտնվելու վայրը և նրանց հարցաքննելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակը (օրինակ՝ միջազգային իրավական օգնությամբ այլ երկրում կամ պաշտպանության ներքո գտնվող վկաներին հարցաքննելու նպատակով կատարվող գործողությունները): Բացի այդ, պետք է գնահատման ենթարկել նաև դատաքննության ընթացքում լուծվող իրավական խնդիրների բնույթը (ինչպիսիք կարող են լինել օրինակ՝ գործի ընդդատությունը (տե՛ս Lorenzi, Bernardini and Gritti v. Italy գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1992 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 13301/87, կետ 16), կիրառման ենթակա իրավական ակտի սահմանադրականությունը (տե՛ս Ruiz-Mateos v. Spain գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1993 թվականի հունիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 12952/87, կետ 41), միջազգային պայմանագրի մեկնաբանությունը տե՛ս Beaumartin v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 1994 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը, գանգատ թիվ 15287/89, կետ 33):
Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա: Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:
Եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետում»՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը3:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է՝ ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից: Չնայած դրան, դատարանը ողջամիտ ժամկետի վիճարկմանը վերաբերող մի շարք գործերի քննության արդյունքում ձևավորել է որոշակի չափանիշներ, որոնք դատաքննության ողջամտությունը գնահատելիս կիրառվում են բոլոր գործերի նկատմամբ: Մասնավորապես, դատարանը հաշվի է առնում տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:
Գործի քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը չի կարող արդարացվել անգամ, եթե համապատասխան դատավարական որոշումներն ընդունվել են անձի օգտին (քրեական գործի վարույթի կարճում, պատժի մեղմացում, հայցադիմումի (դիմումի) բավարարում և այլն):
Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում հիշատակել Եվրոպական դատարանի մոտեցումն առ այն, որ անգամ եթե դատավարական նախաձեռնությունը դրված է կողմերի վրա, դա չի ազատում դատարաններին 6-րդ հոդվածին համապատասխան արագ դատաքննություն ապահովելու պարտականությունից4, որից հետևում է, որ դատարանները դատական նիստերի նշանակման պարբերականությունը որոշելիս իրենց թիրախում պետք է ունենան ոչ միայն զուտ ժամանակագրական առումով կարճ խզմամբ հաջորդական նիստերի նշանակումը, այլ նաև ողջամիտ սեղմ ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի իրականացմամբ դատական նիստի նպատակների գործնականում կենսագործումը:
Խորհուրդը կարևոր է համարում նշել նաև, որ արդար դատաքննության իրավունքի ինքնուրույն բաղադրիչներից է դատական պաշտպանության դիմած անձի գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Այդ իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու համար պետությունը կրում է անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պարտականություն, որի ապահովմանն են նպատակաուղղված առանձին դատավարական գործողություններ կատարելու և կոնկրետ գործերի ըստ էության քննության համար օրենսդրի կողմից հատուկ, ինչպես նաև՝ ողջամիտ ժամկետների սահմանումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանել դատավարության բոլոր մասնակիցներին ընթացակարգային ավելորդ ձգձգումներից (տե՛ս Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը): Նշված իրավական սկզբունքի միջոցով ընդգծվում է արդարադատությունն առանց հետաձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ այդպիսի հետաձգումները կարող են նվազեցնել արդարադատության արդյունավետությունն ու վնաս հասցնել դրա նկատմամբ հանրային վստահությանը (տե՛ս H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը):
Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումներն առանց ոչ խելամիտ հետաձգումների:
Խորհուրդը, ինչպես նախկինում իր կայացրած որոշումներում, սույն կարգապահական վարույթի շրջանակներում կրկին վերահաստատելով գործի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը և կարևորությունը, փաստում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն և կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը: Վերոգրյալի համատեքստում Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել, որ դատարանները դատական նիստերի նշանակման պարբերականությունը և քանակը որոշելիս իրենց թիրախում ողջամտորեն պետք է ունենան ոչ միայն զուտ ժամանակագրական առումով կարճ խզմամբ հաջորդական նիստերի նշանակումը, այլ նաև ողջամիտ սեղմ ժամանակահատվածում նշանակված և տեղի ունեցած դատական նիստերի անցկացման միջոցով քրեական արդարադատության դատավարական վերջնարդյունք հանդիսացող համապատասխան դատական ակտի (այդ թվում՝ դատավճռի) ողջամիտ ժամկետում կայացումը:
Օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:
Տվյալ դեպքում Խորհուրդը փաստում է, որ Գործը բաղկացած է եղել 41 հատորից, ամբաստանյալների քանակը՝ 27 (գործի քննության ընթացքում 1 ամբաստանյալը մահացել է), պաշտպանների քանակը՝ 15, տուժողների քանակը՝ 10, վկաների քանակը՝ 34։ Ընդ որում, ամբաստանյալներին վերագրվել են ոչ մեծ ծանրության հանցանքներ (նրանցից 4-ի մասով մեղադրողի կողմից 26.02.2024 թվականին փաստացի մեղադրանքի վերաորակման արդյունքում), որոնց վաղեմության ժամկետը հանցանքն ավարտված համարելու օրվանից 2 տարի է:
Գործով հրավիրվել են 30 դատական նիստեր, որոնցից փաստացի կայացել են 14-ը, իսկ 16-ը հետաձգվել են տարբեր հիմքերով: Ընդ որում, Դատարանի 07.02.2023 թվականի և 27.04.2023 թվականի, 26.02.2024 թվականի որոշումներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ համապատասխանաբար՝ անձի մահվան, ինչպես նաև վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով սկզբում թվով 22, ապա թվով 4 ամբաստանյալների նկատմամբ և Գործի վարույթը կարճվել է:
Ըստ վարույթ հարուցած մարմնի՝ Դատավորը օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում պարտավորություն է ունեցել ողջամիտ ժամկետում գործը քննել և ավարտին հասցնել, մինչդեռ անհարկի ձգձգումների և նիստերի հետաձգումների բավարար չափով հիմնավորված չլինելու պայմաններում չի կատարել այն և գործը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճվել է. մասնավորապես Գործի քննությունը տևել է 2 տարի 6 ամիս և Դատավորը 6 դատական նիստ (հրավիրված՝ 03.12.2021 թվականին, 22.02.2022 թվականին, 08.07.2022 թվականին, 16.01.2023 թվականին, 16.03.2023 թվականին, 17.08.2023 թվականին) հետաձգել է առանց հիմնավոր պատճառների:
Գործով 03.12.2021 թվականին, 16.03.2023 թվականին, 17.08.2023 թվականին հրավիրված դատական նիստերի հետաձգման հիմքում դրվել են ամբաստանյալներից մեկի և պաշտպանի վատառողջ լինելու, 22.02.2022 թվականին՝ ամբաստանյալի ամուսնության, իսկ 08.07.2022 թվականին, 16.01.2023 թվականին՝ պաշտպանների՝ այլ դատական գործերով նիստերին մասնակցելու հանգամանքները՝ հիմք ընդունելով նաև Գործում պաշտպանի կողմից նախկինում ներկայացրած բժշկական փաստաթղթերը: Խորհրդի գնահատմամբ հիշյալ նիստերի հետաձգումները եղել են հիմնավորված՝ հաշվի առնելով նաև Գործի առանձնակի բարդությունը, դատավարության մասնակիցների բազմաթիվությունը, դատավարության մասնակիցների՝ նիստին ներկայանալու անհնարինության մասին Դատարանին նախապես տեղեկացնելու հանգամանքը: Ավելին, Գործի քննության ընթացքում հաջորդող դատական նիստերը նշանակվել են միջինում ամիսը մեկ անգամ։
Խորհուրդը գործի անհատականացման սկզբունքի պահպանման նպատակով և գնահատելով սույն կարգապահական վարույթով ներկայացված փաստական տեղեկությունները՝ հարկ է համարում արձանագրել հետևյալ հանգամանքները.
Նախ, Խորհուրդը արձանագրում է, որ վկայակոչված քրեական գործով ամբաստանյալները վիճարկել են իրենց մեղսագրվող մեղադրանքներն ու դրանց հիմքում ներառված ապացույցների օրինականությունը և վերաբերելիությունը։ Տվյալ հանգամանքով պայմանավորված՝ Դատավորը, պարտավորություն է ունեցել ապահովել յուրաքանչյուրի լսված լինելու իրավունքը և իրենց վերագրվող մեղադրանքի հիմքում ներառված ապացույցները վիճարկելու հնարավորությունը, որը Դատավորի կողմից ապահովվել է։ Տվյալ դատավարական գործողությունները Դատավորի կողմից պատշաճ կարգով իրականացնելու համար նրանից պահանջվել է լրացուցիչ ժամանակ տրամադրել առանձին դատական նիստերով, ինչն իր հերթին երկարաձգել է գործի քննությունը։
Բացի այդ, մեղադրյալների, նրանց պաշտպանների, տուժողների և վկաների բնակության վայրերը դատարանի գտնվելու վայրից եղել են էական տարբեր հեռավորությամբ, ինչը Դատարանի համար լրացուցիչ ջանք է պահանջել դատական նիստերը կազմակերպելու և դատավարության մասնակիցների մասնակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար։
Գործի նյութերով հիմնավորվում է նաև, որ Դատարանը գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու նպատակով դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառել է բերման ենթարկելու դատավարական գործիքակազմ։ Այս գործողությամբ պայմանավորված, Դատավորը Գործի քննությունը նշանակել է ավելի ուշ, որպեսզի բերման ենթարկելու վերաբերյալ դատարանի կայացված որոշումը կատարվի։ Ընդ որում, հարկ է արձանագրել, որ եղել են դեպքեր, որ Դատարանի կողմից կայացված բերման ենթարկելու վերաբերյալ որոշումը ոստիկանության կողմից չի կատարվել, ինչով պայմանավորված հետաձգվել է հաջորդիվ նշանակված դատական նիստը։
Միաժամանակ Գործի նյութերը ցույց են տալիս, որ Դատարանը, բացի նրանից, որ պատշաճ կարգով փոստային ծանուցագրեր է ուղարկել դատավարության մասնակիցներին, հեռախոսազանգերի միջոցով լրացուցիչ տեղեկացրել է դատական նիստերի մասին և հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել է ապահովելու դատավարության մասնակիցների դատական նիստերի պատշաճ մասնակցությունը, այնուամենայնիվ եղել են դատական նիստեր, որոնք տեղի չեն ունեցել դատավարության մասնակիցների չներկայանալու հետևանքով։ Այսինքն՝ նշված դատական նիստերի հետաձգումը պայմանավորված է եղել դատավարության մասնակիցների վարքագծով և ամեն դեպքում վերջիններիս դատական նիստերի փաստացի չներկայանալու պայմաններում Դատարանը չէր կարող տվյալ պահին այլ դատավարական գործողություն կատարել, քան դատական նիստի հետաձգումը։
Ընդ որում, Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Գործով ամբաստանյալների մեծամասնության, այն է՝ թվով 22 ամբաստանյալի, նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով դադարեցվել է Գործի քննության 1 տարի 8 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև Խորհուրդի 30.08.2021 թվականի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշմամբ սահմանված 24 ամսյա ժամկետի լրանալը, իսկ մյուս 4 ամբաստանյալի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը ոչ թե 27.04.2023 թվականին, այլ՝ 26.02.2024 թվականին պայմանավորված է եղել մեղադրողի կողմից փաստացի մեղադրանքի վերաորակմամբ։
Այսպիսով, Խորհուրդը, Գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման առաջնայնության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկման առարկա դարձնելով սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքները, դիտարկելով և համադրելով վերաբերելի իրավակարգավորումները և դատավորի գործողություններն ու բացատրությունը, գտնում է, որ Դատավորի կողմից թույլ չի տրվել ողջամիտ ժամկետում գործի քննությունն իրականացնելու խախտում, քանի որ վերջինս իրականացրել է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ դատավարական գործողությունները Գործը ողջամիտ ժամկետում քննելու, ավարտելու և համապատասխան դատական ակտ (այդ թվում՝ դատավճիռ) կայացնելու համար: Այդուհանդերձ հաշվի առնելով գործի բարդությունը, մասնակիցների քանակը, նրանց դատավարական վարքագիծը, Դատավորը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել գործի քննությունն իրականացնել այնպիսի ժամկետներում, որ հնարավոր լիներ կայացնել գործի ելքը ըստ էության լուծող համապատասխան դատական ակտ: Արդյունքում, օրենքով սահմանված իրավակարգավորման շրջանակում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է և գործի վարույթը կարճվել։
Վերոնշյալ հիմնավորումներից ելնելով՝ Խորհուրդն արձանագրում է, որ Լիազոր մարմնի կողմից ինչպես ներկայացված միջնորդությամբ, այնպես էլ սույն վարույթի քննության շրջանակներում չի հիմնավորել այն, որ Դատավորն արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի խախտման հատկանիշներ պարունակող արարք, հետևաբար նաև Օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնի խախտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
______________________
1 Ընդունվել է 01.07.1998 թվականին, ուժի մեջ է մտել 12.01.1999 թվականին, ուժը կորցրել է 01.07.2022 թվականին, բացառությամբ 30.06.21 ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2 Ընդունվել է 18.04.2003 թվականին, ուժի մեջ է մտել 01.08.2003 թվականին, ուժը կորցրել է 01.07.2022 թվականին:
3 Տե՛ս, Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994:
4 Տե'ս, SՖrmeli-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], 2006, « 129։ Pafitis -ը և այլք ընդդեմ Հունաստանի, 1998, « 93։ Tierce-ն ընդդեմ Սան Մարինոյի, 2003, « 31:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կ. Անդրեասյան Ա. Աթաբեկյան Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Էդ. Հովհաննիսյան Ք. ՄԿՈՅԱՆ
Անդամներ`
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2024 թվական: