ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
26 նոյեմբերի 2024 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Ֆինանսների նախարարի տեղակալ Է. Հակոբյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1778-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին և նոյեմբերի 12-ին՝ Համաձայնագրի 1-ին hավելվածում սահմանված ծրագրին (այսուհետ` Ծրագիր) աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:
2. Համաձայնագրին կից ներկայացված՝ Արտաքին գործերի նախարարության՝ Համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացության համաձայն՝ Համաձայնագրով հատկացվելիք դրամական միջոցները հանդիսանում են բյուջետային աջակցության վարկ:
3. Համաձայնագրին կից ներկայացված Ֆինանսների նախարարության գրության համաձայն՝ Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում ՀՀ վարչապետի աշխատակազմը, Առողջապահության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
4. Համաձայնագրով ՕՊԵԿ հիմնադրամը համաձայնում է, Համաձայնագրով սահմանված պայմաններով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրել, իսկ Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է ՕՊԵԿ հիմնադրամից փոխառել հիսուն միլիոն եվրոյի (€50.000.000) չափով գումար (այսուհետ՝ Վարկ)։ Վարկի ավարտի ամսաթիվն է 2025 թվականի հունիսի 30-ը, իսկ արտոնյալ ժամկետը մեկնարկում է Համաձայնագրի կնքման ամսաթվից և ավարտվում է այդ ամսաթվից հինգ (5) տարի անց:
Եթե Հայաստանի Հանրապետությունը և ՕՊԵԿ հիմնադրամն այլ համաձայնություն ձեռք չեն բերել, ապա ամբողջ Վարկային միջոցները հատկացվում են որպես մեկ տրանշ՝ ի աջակցություն Համաձայնագրի 1-ին հավելվածում նշված Ծրագրի:
5. Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև ամրապնդելով կառավարումը:
6. Համաձայնագրի 5-րդ հոդվածի 5.03 կետի համաձայն՝ Վարկը հատկացվում է մեկ տրանշով՝ Վարկը ուժի մեջ մտնելու մասին հայտարարելուց, Համաձայնագրի 5-րդ հոդվածի 5.02 կետում ամրագրված պայմանները գոհացուցիչ ձևով իրականացնելուց և Հայաստանի Հանրապետության կողմից առհանման հայտ ներկայացվելուց հետո։ Հատկացումը կատարվում է Համաձայնագրի համապատասխան կետերի համաձայն, ներառյալ՝ 2-րդ հավելվածը՝ Վարկի տրամադրումը, Ընդհանուր պայմանները և ՕՊԵԿ հիմնադրամի՝ հատկացման ընթացակարգերը։
7. Համաձայնագիրն ունի երեք հավելված, որոնք դրա անբաժան մասն են կազմում՝ Հավելված 1. «Ծրագրի նկարագրություն», Հավելված 2. «Վարկի տրամադրումը», Հավելված 3. «Աստիճանական մարումը»:
Համաձայնագրի 1-ին հավելվածի 2.01 կետով սահմանված է, որ Վարկը տրամադրվում է ի աջակցություն Ծրագրի, մասնավորապես՝ այն նախնական միջոցառումների, որոնք Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է բարեփոխումների օրակարգի երեք (3) ուղղություններով. Ուղղություն 1. «Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում», Ուղղություն 2. «Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում» և Ուղղություն 3. «Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում», որոնք, իրենց հերթին, բաղկացած են ավելի մանրամասն նկարագրված նախնական միջոցառումներից:
8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
ա. յուրաքանչյուր կիսամյակ՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին, ՕՊԵԿ հիմնադրամի հաշվին վճարել Տոկոս, որը հաշվարկման ցանկացած ժամանակահատվածի համար համարվում է այն դրույքաչափը, որը կազմում է ԵՎՐԻԲՈՐ-ի վեց (6) ամսվա գումարը՝ գումարած առհանված և չվճարված գումարների նկատմամբ տարեկան հաշվեգրված մեկ ամբողջ հիսունվեց հարյուրերորդական տոկոսը (1.56%) (Հոդված 2, կետ 2.02, պարբերություն «ա» և կետ 2.05).
բ. յուրաքանչյուր կիսամյակ՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին, վճարել կոմիսիոն վճար՝ Վարկի չառհանված գումարի նկատմամբ տարեկան հաշվեգրվող մեկ քառորդ (0.25%) տոկոսի չափով, որի հաշվեգրումը կսկսվի Համաձայնագրի կնքման ամսաթվից վաթսուն (60) օր հետո, և որը ենթակա է վճարման սկզբնապես՝ Ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո իննսուն (90) օրվա ընթացքում (առաջին վճարում) (Հոդված 2, կետեր 2.03 և 2.05).
գ. Ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ իննսուն (90) օրվա ընթացքում, վճարել միանվագ կոմիսիոն վճար՝ Վարկի մեկ քառորդ (0.25%) տոկոսի չափով (Հոդված 2, կետ 2.04).
դ. Արտոնյալ ժամկետի ավարտից հետո՝ քսանվեց (26) կիսամյակային վճարումներով, մարման պահին և վայրում գործող շուկայական փոխարժեքով, սկսած 2029 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2041 թվականի դեկտեմբերի 15-ը՝ 3.84%, իսկ 2042 թվականի հունիսի 15-ին՝ 4.00% մասնաբաժնով, մարել Վարկի մայր գումարը եվրոյով կամ ՕՊԵԿ հիմնադրամի համար ընդունելի ազատ փոխարկելի ցանկացած այլ արժույթով՝ եվրոյով արտահայտված գումարին համարժեք գումարի չափով (Հոդված 2, կետ 2.06, հավելված 3, կետ 1.01).
ե. հայտարարել Ծրագրի և դրա իրականացման մասով Հայաստանի Հանրապետության հանձնառությունը (Հոդված 4, կետ 4.01).
զ. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.01 կետի և Ընդհանուր պայմանների 7.06 կետի նպատակներով՝ մինչև կարծիքների յուրաքանչյուր փոխանակում, ՕՊԵԿ հիմնադրամի դիտարկմանը և մեկնաբանությանը ներկայացնել Ծրագրի իրականացման գործընթացում արձանագրված առաջընթացի վերաբերյալ հաշվետվությունն այնքան մանրամասն, որքան ողջամտորեն պահանջում է ՕՊԵԿ հիմնադրամը (Հոդված 4, կետ 4.01, պարբերություն «բ»).
է. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.01 կետի և Ընդհանուր պայմանների 7.06 կետի նպատակներով՝ չսահմանափակելով Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.01 կետի «ա» պարբերությունը՝ անհապաղ տեղեկացնել ՕՊԵԿ հիմնադրամին ցանկացած իրավիճակի մասին, որի հետևանքով էապես փոփոխվում են Ծրագրի կամ Ծրագրի շրջանակներում ձեռնարկված ցանկացած գործողության, այդ թվում՝ Համաձայնագրի 1-ին հավելվածում ամրագրված գործողությունների նպատակները (Հոդված 4, կետ 4.01, պարբերություն «գ»).
ը. վարկային միջոցներն օգտագործել Համաձայնագրի 1-ին հավելվածում ամրագրված և ՕՊԵԿ հիմնադրամի համար ընդունելի նպատակներով (Հոդված 5, կետ 5.01).
թ. Վարկային հաշվից վարկի առհանումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում ՕՊԵԿ հիմնադրամին ներկայացնել տեղեկություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի կառավարման համակարգերում համարժեք գումար է հաշվարկվել, և ներկայացնել Վարկից ստացված եկամուտների մասով Վարկային հաշվի մուտքերի և ծախսերի մասին քաղվածքը, այնուհետև՝ ՕՊԵԿ հիմնադրամի պահանջով տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված պետական բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունները (Հոդված 5, կետ 5.06).
ժ. Վարկի մայր գումարի առաջին Մարման ամսաթվի դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու պարագայում՝ Վարկի առաջին Մարման ամսաթվի դրությամբ վարկային միջոցների առհանման չափով վերադարձնել առաջին Մարման ամսաթվի դրությամբ առհանված և չվճարված Վարկի գումարը՝ Համաձայնագրի 3-րդ հավելվածի 1.01 կետին համապատասխան (Հավելված 3, կետ 2.01, պարբերություն «ա»).
ժա. Վարկի մայր գումարի առաջին Մարման ամսաթվի դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չլինելու պարագայում՝ վերադարձնել առաջին Մարման ամսաթվից հետո կատարված ցանկացած առհանում, այդ առհանման օրվան հաջորդող յուրաքանչյուր Մարման ամսաթվին՝ այն գումարի չափով, որը սահմանվում է ՕՊԵԿ հիմնադրամի կողմից հետևյալ ձևով՝ առհանման գումարը բազմապատկած կոտորակով, որի համարիչը Մարման այդ ամսաթվի համար Համաձայնագրի 3-րդ հավելվածի 1.01 կետում ներկայացված աղյուսակում նշված տոկոսն է, իսկ հայտարարը այդ ամսաթվի հետ համընկնող կամ դրան հաջորդող Մարման ամսաթվերի համար սահմանված մնացած բոլոր տոկոսների ընդհանուր գումարն է (Հավելված 3, կետ 2.01, պարբերություն «բ»):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
26 նոյեմբերի 2024 թվականի ՍԴՈ-1762 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ «ԿԱՆԱՉ, ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1762 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴՈ-1762 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴՈ-1762 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի նոյեմբերի 26-ի ՍԴՈ-1762 որոշմամբ Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր՝ |
Ե. Խունդկարյան |
«26» նոյեմբերի 2024թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2024 թվական: