Գլխավոր տեղեկություն
Համար
N 1821-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2024 թվականի N 1821-Ն

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ անմաքս առևտրի խանութի կազմակերպման նպատակով պետական կամ համայնքային անշարժ գույքի վարձակալության մրցույթին կարող են մասնակցել միայն սույն որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորում ունեցող իրավաբանական անձինք:

3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 10-րդ կետում նշված մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի կազմը ձևավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել հանձնաժողովի անդամների տվյալները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 21-ի N 1821-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված իմաստներով:

3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված են համարվում սույն կարգի 4-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող այն անձինք, որոնց կողմից սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը բավարարվել է սույն կարգի 7-րդ կետում նշված հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ հանձնաժողով)։

 

2. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

4. Նախաորակավորման նպատակով հանձնաժողովին կարող են գրավոր դիմել հետևյալ չափանիշներին համապատասխանող անձինք՝

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ է.

2) գործում է հարկման ընդհանուր համակարգում:

 

3. ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորում ստանալու համար անձը հանձնաժողովին ներկայացնում է համապատասխան դիմում՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։

6. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքի (հանդիսանո՞ւմ է արդյոք միջազգային ցանց, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ երկրում է ներկայացված) վերաբերյալ փաստաթղթեր․

2) անմաքս առևտրի խանութի գործունեությամբ զբաղվելու գործարար ծրագիրը.

3) էլեկտրոնային փոստի հասցեն, որին պետք է ուղարկվեն հանձնաժողովի ծանուցումները:

7. Նախաորակավորումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։

8. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից, այդ թվում` նախագահը և քարտուղարը:

9. Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահը կամ կոմիտեի նախագահի որոշմամբ՝ նրա տեղակալներից մեկը, իսկ քարտուղար` կոմիտեի նախագահի որոշմամբ՝ կոմիտեի ստորաբաժանումներից մեկի աշխատողը:

10. Հանձնաժողովը ձևավորվում է հետևյալ կազմով՝ կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից երկուական անձ:

11. Հանձնաժողովի կազմը վերը նշված մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա հաստատում է կոմիտեի նախագահը:

12. Հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է նախաորակավորմանը մասնակցելու համար ներկայացված դիմումը և դրան կցված փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունը:

13. Ներկայացված դիմումի կամ փաստաթղթերի փաթեթի թերի կամ ոչ լիարժեք լինելու դեպքում սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովին և էլեկտրոնային փոստի միջոցով հանձնաժողովի անունից ծանուցում է դիմումատուին՝ առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում դիմումը և փաստաթղթերի փաթեթը վերադարձվում են դիմումատուին։

14. Հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորմանը մասնակցելու համար ներկայացված դիմումը և դրան կցված փաստաթղթերի փաթեթը դիմումի ստացման կամ սույն կարգի 13-րդ կետում նշված թերությունների վերացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանձնաժողովի անդամներին:

15. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջիններիս մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած և նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովն իր նիստերի անցկացման օրվա և ժամի մասին ոչ ուշ, քան նիստն անցկացնելուց 3 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է բոլոր այն անձանց, որոնց ներկայացրած դիմումները պետք է քննարկվեն տվյալ նիստի ընթացքում:

16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ։

17. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին դիմումների ներկայացման օրվան հաջորդող օրվանից հաշվարկված 5 աշխատանքային օրվանից ոչ շուտ և 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ հրավիրում է հանձնաժողովի նիստ։

18. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:

 

4. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

19. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ներկայացված գործարար ծրագիրը պետք է պարունակի տեղեկությունները՝

1) անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքի կտրոնների տպագրումն ապահովելու մասին, որոնց վրա առնվազն պետք է արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը՝

ա․ վաճառքն իրականացրած անմաքս առևտրի խանութի գործունեության իրականացման վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հարկ վճարողի անվանումը,

բ․ յուրաքանչյուր վաճառքի ամսաթիվը, ժամը, րոպեն,

գ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ-ի՝ 10 նիշի մակարդակով,

դ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի նկարագրությունը (այդ թվում` բրենդի անվանումը),

ե․ վաճառվող յուրաքանչյուր ապրանքի քանակը, չափի միավորը,

զ․ վաճառվող յուրաքանչյուր ապրանքի արժեքը և հանրագումարը դրամով,

է. գնորդի անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը,

ը. օդային տրանսպորտով մեկնող կամ ժամանող անձանց ապրանքի վաճառքի դեպքում` չվերթի համարը և նստեցման կտրոնի վրա նշված նստեցման տեղը՝ բացառությամբ ինքնաթիռի անձնակազմի անդամների,

թ. գնորդի կատեգորիան` «ԵԱՏՄ անդամ պետություններ մեկնող ուղևոր», «ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևոր», «Երրորդ պետություններ մեկնող ուղևոր», «Երրորդ պետություններից ժամանող ուղևոր», «Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից», իսկ օդային տրանսպորտով մեկնող կամ ժամանող անձանց դեպքում` նաև «Ինքնաթիռի անձնակազմի անդամ»,

ժ. ապրանքի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ «Միության ապրանք» կամ «Օտարերկրյա ապրանք».

2) անմաքս առևտրի խանութում ապրանքների վաճառքների էլեկտրոնային հաշվառումը և դրա առցանց հասանելիությունը կոմիտեին ապահովելու մասին: Առցանց եղանակով կոմիտեին պետք է հասանելի դարձվի սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը.

3) ապրանքների շարժի հաշվառումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան հաշվետվությունների և տեղեկատվության ներկայացումը կոմիտե ապահովելու մասին.

4) անմաքս առևտրի խանութում կատարվող գործողությունները՝ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմաններով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությունը, ինչպես նաև այդ սարքերին ու տեսաձայնագրություններին ամբողջական հասանելիությունը կոմիտեի համար ապահովելու մասին.

5) հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրված և ձայնագրված նյութերը յուրաքանչյուր օրվա համար առանձին համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա պահպանվելու մասին, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի։ Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը։ Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն անմաքս առևտրի խանութի տիրապետողի մոտ առնվազն 30 օր.

6) անմաքս առևտրի խանութում իրացման համար ցուցադրվող ապրանքների շարքում առնվազն 10% տեղական արտադրության ապրանքների առկայությունն ապահովելու մասին.

7) Հայաստանի Հանրապետությունում գործունեության առնվազն 5 տարվա փորձ ունեցող աուդիտորական որևէ ընկերության կողմից անմաքս առևտրի խանութի տիրապետողի տարեկան արտաքին աուդիտի իրականացումը և աուդիտի եզրակացության ներկայացումը կոմիտե ապահովելու մասին՝ կոմիտեի կողմից աուդիտի եզրակացությունը հրապարակելու համար․

8) գործարար ծրագրի իրականացման ժամկետի, նախատեսվող ներդրումների չափի և ուղղությունների (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ և այլն), ինչպես նաև ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ:

 

5. ԴԻՄՈՒՄԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

20. Դիմումը գնահատվում է հանձնաժողովի կողմից սույն կարգի 21-րդ կետում նշված չափանիշներով N 2 ձևով նախատեսված՝ մինչև առավելագույն միավորներ տրամադրելու միջոցով` հիմք ընդունելով սույն կարգի N 4 ձևի մեթոդաբանությունը։

21. Դիմումի գնահատման չափանիշներն են`

1) տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանո՞ւմ է արդյոք միջազգային ցանց, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ երկրում է ներկայացված)․

2) գործարար ծրագրի համապատասխանությունը սույն հավելվածի 4-րդ բաժնի պահանջներին։

22. Դիմումի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի՝ հանձնաժողովի անդամների կողմից գնահատականների միջին թվաբանական արդյունքը:

23. Ամփոփման արդյունքում 49 և ավելի միավոր ստացած դիմումների վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:

24. Դրական եզրակացություն ստացած անձը համարվում է նախաորակավորում ստացած՝ հանձնաժողովի կողմից կայացվող՝ սույն կարգի N 3 ձևի որոշմամբ։ Բացասական եզրակացություն ստացած անձին մերժվում է նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակի տրամադրումը՝ սույն կարգի N 5 ձևի որոշմամբ:

25. Դիմումի գնահատման արդյունքներն ամփոփվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումատուները նախաորակավորում ստանալու կամ նախաորակավորումը մերժելու մասին գործընթացի արդյունքների ամփոփումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով: Նշված տեղեկատվությունը հրապարակվում է նաև կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում։

26. Նախաորակավորումը տրվում է 5 տարի ժամկետով, որից հետո անձը համարվում է նախաորակավորում չունեցող: Գործող նախաորակավորում ունեցող անձը կարող է կրկին անգամ նախաորակավորվելու համար դիմել գործող նախաորակավորման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ տարի առաջ։

27. Հետագա գործունեության ընթացքում անձը պարտավոր է ապահովել նախաորակավորման նպատակով հանձնաժողովին ներկայացված գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները և այլ դրույթները։

28. Կոմիտեն կարող է իրականացնել ընթացիկ հսկողություն անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկված անձանց կողմից նախաորակավորման չափանիշների և պահանջների պահպանման նկատմամբ։ Այդպիսի չափանիշների և պահանջների չպահպանման կամ խախտման հայտնաբերված դեպքերի մասին կոմիտեն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին՝ ուղեկցական գրությամբ, որին կցվում են համապատասխան հիմնավորող փաստաթղթերը։

29․ Սույն կարգի 28-րդ կետում նշված տեղեկացումն ստանալուց հետո հանձնաժողովի նախագահը նշանակում է հանձնաժողովի նիստ՝ առաջնորդվելով սույն կարգի 12-18-րդ կետերով, որի ընթացքում քննարկվում է կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը։ Քննարկման արդյունքում հանձնաժողովը բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է կայացնում կոմիտեի ներկայացրած տեղեկատվության կապակցությամբ խախտման կամ անհամապատասխանության առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է։

30․ Անձը զրկվում է նախաորակավորումից և հանվում է անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրից, եթե հանձնաժողովը կայացնում է խախտման կամ անհամապատասխանության առկայության վերաբերյալ որոշում:

 

Ձև N 1

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ

ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 ՊԱՐՈՆ/ՏԻԿԻՆ ----------------------------ԻՆ

------------------------------------------------------

 

ԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ

 

-----------------------------------------------------

ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի՛ պարոն / տիկին --------------------------------

Խնդրում եմ անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման հանձնաժողովի կողմից քննության առնել կից ներկայացված դիմումն ու փաստաթղթերը և __________-ին հատկացնել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակ:

Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

1)

2)

3)

4)

5)

Դիմող` /  /

պաշտոն, անուն, ազգանուն

   

 

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 

Ձև N 2

 

 

Նախաորակավորման մասնակցի դիմումի գնահատման թերթիկ

NN

ը/կ

Գնահատման չափանիշը

Կշիռը %

Գնահատված

միավորը

Վերջնական

գնահա-տականը

1.

Տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանո՞ւմ է արդյոք միջազգային ցանց, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ երկրում է ներկայացված)

20

 

 

2.

Գործարար ծրագրի

համապատասխանությունը առաջադրված պահանջներին

80

 

 

 

Ընդամենը՝

100 %

 

 

Ձև N 3

 

ՈՐՈՇՈՒՄ N ----

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման հանձնաժողովը՝ մասնակցությամբ

 

նախագահ՝ ------------------------------------------------ի

անդամներ՝ 1. ----------------------------------------------ի

2. ----------------------------------------------ի

3. ----------------------------------------------ի

4. ----------------------------------------------ի

5. --------------------------------------------ի

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

----------------------------- ին հատկացնել անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակ:

Հիմք՝ հանձնաժողովի 202 — թ. -------------------ի դրական եզրակացությունը:

 

ՆԱԽԱԳԱՀ /

/

պաշտոն, անուն, ազգանուն

ԱՆԴԱՄՆԵՐ /

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

 

 

քաղ. Երևան

/

պաշտոն, անուն, ազգանուն

 

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

Ձև N 4

 

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Նախաորակավորման մասնակցի դիմումի գնահատման թերթիկ

NN

ը/կ

Գնահատման չափանիշ՝ ըստ որոշման

Չափորոշիչ

1․

Տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում՝ այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանո՞ւմ է արդյոք միջազգային ցանց, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ երկրում է

ներկայացված)

Չունի ներկայացվածություն -0 միավոր Ներկայացվածություն մինչև 3 երկրում -50 միավոր

3 և ավելի երկրներում՝ 100 միավոր

2․

Գործարար ծրագրի

համապատասխանությունը առաջադրված պահանջներին

Գերազանց՝ 100 միավոր

Բավարար՝ 50 միավոր

Անբավարար՝ 0 միավոր

Ձև N 5

 

ՈՐՈՇՈՒՄ N ----

 

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման հանձնաժողովը՝ մասնակցությամբ

 

Նախագահ՝ ------------------------------------------------ի,

Անդամներ՝ 1. ----------------------------------------------ի,

2. ----------------------------------------------ի,

3. ----------------------------------------------ի,

4. ----------------------------------------------ի,

5. --------------------------------------------ի

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Մերժել ----------------------------- ին անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակի տրամադրումը:

Հիմք՝ hանձնաժողովի 202— թ. -------------------ի բացասական եզրակացությունը:

 

ՆԱԽԱԳԱՀ /

/

պաշտոն, անուն, ազգանուն

ԱՆԴԱՄՆԵՐ /

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն,

/

/

պաշտոն, անուն, ազգանուն

   

 

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

քաղ. Երևան

   

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

21.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: