Գլխավոր տեղեկություն
Համար
N 4391-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4391-Ա

«12» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Կարեն Ալեյանի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Դ-132272-24 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Կարեն Ալեյանի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Դ-132272-24 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Դ-132272-24 դիմումին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18 հասցեի տարածքում կայանված՝ Կարեն Ալեյանի սեփականությունը հանդիսացող «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:

Կարեն Ալեյանը, 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Դ-132272-24 դիմումին կից ներկայացնելով «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՎՊ-24-159-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և 2024 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՎՊ-24-160-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ստացված թիվ 12090 հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը՝ խնդրել է փոխհատուցել «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով առաջացած վնասը:

2023 թվականի հունվարի 9-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YH030002 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Կարեն Ալեյանի սեփականությունը:

Կարեն Ալեյանի 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ Դ-119579-24 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 26-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18 հասցեում կենսունակ հացենատերև թխկին կոտրվել և ընկել է քաղաքացի Կարեն Ալեյանին պատկանող «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 14-ին տրված թիվ ՎՊ-24-159-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին պարբերության համաձայն՝ «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված լուսանկարչական հավելվածում, պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում և պատահարից հետո պատահարի վայրում կատարված տեսաձայնագրությունում առկա՝ «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով, այն է՝ տեղի ունեցած պատահարի ու նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ճյուղի կոտրվել-ընկնելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը, հիմք ընդունելով նույն ընկերության հետքաբան-փորձագետի կողմից տրված թիվ ՎՊ-24-159-ՀՓ եզրակացությունը, 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կազմել է թիվ ՎՊ-24-160-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունը, որի «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ, կազմել է շուրջ 638,000 (վեց հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամ:

«Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության «Դավթաշեն» մասնաճյուղից 2024 թվականի հոկտեմբերի 2-ին տրված թիվ 7945 և թիվ 7985 վճարման անդորրագրերի համաձայն՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ փորձաքննության կատարման ծառայությունների մատուցման մասին թիվ ՓԾՊ/159 և թիվ ՓԾՊ/160 պայմանագրերի հիման վրա՝ Կարեն Ալեյանի կողմից վճարվել է ընդհանուրը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Դ-132272-24 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Կարեն Ալեյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 26-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ստացված թիվ 12090 հաղորդման կապակցությամբ կազմված նյութերը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից տրված՝ 2024 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՎՊ-24-159-ՀՓ հետքաբանական և 2024 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՎՊ-24-160-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Կարեն Ալեյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ Դ-132272-24 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՎՊ-24-160-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Mercedes-Benz ML 350» մակնիշի «01 EO 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 638,000 (վեց հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 ՀՀ դրամը, որպես թիվ ՎՊ-24-159-ՀՓ հետքաբանական և թիվ ՎՊ-24-160-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Կարեն Ալեյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան