Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3346/05/19

2024 թ. 

Վարչական գործ թիվ ՎԴ/3346/05/19

Նախագահող դատավոր`

 Ա Թովմասյան

Դատավորներ`

 Ս Հովակիմյան

 Ա Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2024 թվականի հոկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գագիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12102022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի՝ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու, և որպես հետևանք` որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Հայրապետյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու, և որպես հետևանք` որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետի անգործությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 17.02.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12102022 թվականի որոշմամբ Գագիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Հայրապետյանը (ներկայացուցիչ՝ Վարդան Ջիլավյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Գայանե Կարապետյան):

 

2.1 Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի 1-ին մասը,  146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Գագիկ Հայրապետյանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով տուժող ճանաչվելու և իր կրած վնասի չափի հաստատված լինելու պայմաններում ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն և 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշումների ուժով ունեցել է «օրինական սպասելիք» իր գույքային իրավունքները վերականգնելու համար:

Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքի հիմքերն առ այն, որ Դատարանի եզրահանգումները՝ ՀՀ կառավարության՝ սույն գործով ոչ պատշաճ պատասխանող հանդիսանալու վերաբերյալ,  անհիմն են: Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ ամրագրված գործողությունների կատարման հարցում անգործություն դրսևորելու իրավաչափության գնահատումը սույն հայցի առարկայի և գործի քննության շրջանակից դուրս է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12102022 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝  նոր քննության:

 

22. ՀՀ կառավարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքի հիմքը, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը կատարելու ուղղությամբ ՀՀ կառավարությունը դրսևորել է անգործություն, անհիմն է, քանի որ Երևանի քաղաքապետը նշված որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունների իրականացումը կազմակերպում և ղեկավարում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մերժելով հայցվորի վերաքննիչ բողոքը, հիմնավոր կերպով եզրահանգել է, որ հայցի առարկայի և գործի քննության ծավալի շրջանակներում չի կարող ներառվել որևէ այլ իրավական ակտով, այդ թվում' ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ ամրագրված գործողությունների կատարման հարցում անգործություն դրսևորելու իրավաչափության գնահատումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)  ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1405-Ն որոշման 1-ին կետով այդ որոշման հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ (...): Իսկ նույն որոշման հավելվածի 8-րդ կետում որպես գերակա հանրային շահ ճանաչվող տարածք նշվել է՝ «Կարապետ Ուլնեցու 1, 1-ին Եկմալյան 6, 1-ին Եկմալյան 8, 1-ին Եկմալյան 14» տարածքը:

2)   Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 11.12.2013 թվականին կայացրած դատավճռի համաձայն՝ «...Գագիկ Պապոյանը 1-ին Եկմալյան 6-14 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Հայրապետյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին և օգոստոսի 13-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա նրանից մինչև 2008 թվականի հունվարի 7-ն ստացել է 44.185.250 ՀՀ դրամ։ Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրականացնելը, 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքած պայմանագրով բնակարանները փոխարինել է Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9 և 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով, իսկ բնակմակերեսի ավելացման պատրվակով նույն օրը նրանից ստացել է ևս 13.055.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ Գագիկ Հայրապետյանից հափշտակելով 57.240.250 ՀՀ դրամ»:

3)  ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշման 1-ին կետով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը։

Նույն որոշման 2-րդ կետով այդ որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ (...): Իսկ նույն որոշման հավելվածում որպես գերակա հանրային շահ ճանաչվող տարածք նշվել է՝ «1-ին Եկմալյան 6, 1-ին Եկմալյան 8, 1-ին Եկմալյան 10, 1-ին Եկմալյան 12, 1-ին Եկմալյան 14, Ջափարիձեի 1» տարածքը:

4)  26.07.2013 թվականին Գագիկ Հայրապետյանի և «Դի ընդ էյջ Գրուպ» ՍՊԸ-ի միջև կնքվել է անշարժ գույքի մասնակի հատուցմամբ օտարման նախնական թիվ 225/Գ-342 պայմանագիրը, համաձայն որի՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04042013 թվականի «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից (այսուհետ՝ Ծրագիր) տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը» , Երևանի ավագանու 17042013 թվականի «Գույք օտարելու մասին» թիվ 650-Ա որոշումը և հաշվի առնելով, որ Գագիկ Հայրապետյանը հանդիսանում է Ծրագրի շահառու 39311 ԱՄՆ դոլարին համարժեք պահանջատիրության չափի մնացորդով՝ կողմերը պարտավորվել են միմյանց հետ կնքել ք. Երևան, Ծիծեռնակաբերդի խճ. 1/2 հասցեում գտնվող, «Դի ընդ էյջ Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող կառուցվող շենքից Երևանի քաղաքապետարանի հետ առ 14052013 թվականը համաձայնեցված թիվ 01/18-05/2-26073-362 կառուցման նախագիծ) տարածքի առուվաճառքի հիմնական պայմանագիր (հատոր 1, գթ 61-63):

5)  26.11.2018 թվականի թիվ 07/8378 գրությամբ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը Գագիկ Հայրապետյանին հայտնել է, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից 11.10.2012 թվականին հայտարարվել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով: Նույն գրությամբ հայտնվել է նաև, որ ՀՀ կառավարության վերը նշված որոշումը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով համարվում է անվավեր (հատոր 1, գթ 73):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետության` մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականությանը, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության երաշխիքներին:

 

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նշված սահմանադրական նորմը սահմանում է պետության պարտականությունները հիմնական իրավունքների ու ազատություննեի առնչությամբ` նախատեսելով այդ պարտականությունների երկու դրսևորում: Ըստ այդ նորմի` հանրային իշխանությունը պարտավոր է մի կողմից՝ «հարգել», իսկ մյուս կողմից՝ «պաշտպանել» հիմնական իրավունքներն ու ազատությունները: «Հարգելը» պետության պասիվ վարքագիծն է՝ հիմնական իրավունքով պաշտպանված բարիքին միջամտելուց ձեռնպահ մնալու եղանակով։ Ի տարբերություն դրա՝ հիմնական իրավունքները «պաշտպանելը» պետության վրա դնում է պոզիտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն՝ ի շահ հիմնական իրավունքի կրողների (ֆիզիկական և իրավաբանական անձանց)։ Դրանով ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է հիմնական իրավունքներից բխող` պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունները:

Վճռաբեկ դատարանի բնորոշմամբ՝ պետության պոզիտիվ պարտականությունների հիմնական հատկանիշն այն է, որ դրանք գործնականում պահանջում են հանրային իշխանություններից ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, մինչդեռ նեգատիվ պարտականությունները պահանջում են ձեռնպահ մնալ անհարկի միջամտությունից։ Ըստ այդմ՝ պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունների նպատակը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորումն է պետության՝ մի դեպքում՝ ակտիվ, մյուս դեպքում՝ պասիվ դերակատարության միջոցով:

Իր հերթին, պոզիտիվ պարտականության պատշաճ կատարումը ներառում է նյութական և ընթացակարգային բաղադրիչների առկայություն, որպիսի տարբերակման հիմքում ընկած չափանիշը պետության կողմից ակնկալվող գործողության էությունն է: Նյութական բաղադրիչը ենթադրում է հիմնական իրավունքների և ազատությունների լիարժեք ու արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրում, իսկ ընթացակարգային բաղադրիչը պահանջում է հանրային իշխանության մարմինների կողմից այդ կառուցակարգերի և ընթացակարգերի պատշաճ կենսագործում: Օրենքով հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր երաշխավորելը սահմանադրաիրավական պահանջ է (ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդված): Նշված սահմանադրական նորմից բխում է, որ պետությունը, ի դեմս օրենսդիր ու գործադիր մարմինների, պետք է նախատեսի համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր, ձեռնարկի այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց օգնությամբ հիմնական իրավունքների կրողները կկարողանան իրականացնել իրենց իրավունքները։ Այն, թե ինչ տեսակի միջոցառումներ պետք է ձեռնարկեն հանրային իշխանության մարմինները՝ այս կամ այն իրավունքի պաշտպանության պարտականությունը կատարելու համար, կախված է կոնկրետ հիմնական իրավունքի բովանդակությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), հստակեցնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության (այսուհետ՝ Թիվ 1 արձանագրություն) 1-ին հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պարտականությունների շրջանակը, զարգացրել է պետության պոզիտիվ պարտականությունների գաղափարը: Վերջինս, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ սեփականության իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ լոկ պետության` չմիջամտելու պարտականությունից, այլ պահանջում է նաև պաշտպանության որոշակի պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, երբ առկա է անմիջական կապ անձի գույքային իրավունքներն արդյունավետորեն իրացնելու և այն միջոցառումների միջև, որոնք անձը կարող է իրավաչափորեն ակնկալել իշխանություններից (տե՛ս, Եվրոպական դատարանի ÖNERYILDIZ v. TURKEY գործով 30.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ 134):

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածից բխող պետության պոզիտիվ պարտականություններին վերաբերող մի շարք գործերով Եվրոպական դատարանը, մասնավորապես, կարևորել է լավ կառավարման սկզբունքը: Այս սկզբունքը պահանջում է, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր շահերի առնչվող խնդրի, հատկապես, երբ այն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին, ներառյալ սեփականության իրավունքին, պետական մարմինները պետք է գործեն օպերատիվ, պատշաճ և, առաջին հերթին, հետևողականորեն (տե՛ս, Եվրոպական դատարանի Beyeler v. Italy գործով 30.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ 134, Megadat.com SRL v. Moldova գործով 08072008 թվականի վճիռը, գանգատ թիվ 21151/04, կետ 72, Maria Mihalache v. Romania գործով 30092020 թվականի վճիռը, գանգատ 68851/16, կետ 70 ):

Ըստ Եվրոպական դատարանի՝ եթե միջամտությունը սեփականության իրավունքին տեղի է ունենում մասնավոր անձի կողմից, ապա պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն ներպետական իրավական համակարգում երաշխավորելու, որ սեփականության իրավունքն արդյունավետորեն պաշտպանված է օրենքով և նախատեսված են արդյունավետ պաշտպանության միջոցներ, որոնցով միջամտության զոհը կարող է վերականգնել իր իրավունքները, ներառյալ՝ համապատասխան դեպքերում,  պահանջել ցանկացած վնասի վերականգնում (տե՛ս, Եվրոպական դատարանի Blumberga v. Latvia գործով 14.10.2009 թվականի վճիռը, գանգատ թիվ 70930/01, կետ 67

ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.07.2011 թվականի թիվ ՍԴՈ-983 որոշմամբ գտել է, որ սեփականության անձեռնմխելիության սկզբունքը ոչ միայն նշանակում է, որ սեփականատերը` որպես սուբյեկտիվ իրավունքների կրող, իրավասու է պահանջելու, որպեսզի այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև ենթադրում է պետության պարտականությունը` անձի սեփականությունը պաշտպանելու անօրինական ոտնձգություններից: Պետության այս պարտականությունը խնդրո առարկա իրավիճակում պահանջում է ապահովել արդյունավետ կառուցակարգ հանցագործությունից տուժած անձանց գույքային իրավունքների պաշտպանության և կրած վնասի վերականգնման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության՝ սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականությունը, ի թիվս այլնի, ներառում է հանցագործությունից տուժած անձանց սեփականության իրավունքի վերականգնումը երաշխավորող կառուցակարգեր սահմանելու և արդյունավետորեն կիրառելու պարտականություն։ Այս պարտականությունը կատարելիս հանրային իշխանությունը պետք է դրսևորի պատշաճ հետևողականություն՝ դրանով հետապնդվող իրավական նպատակին հասնելու համար։

ՀՀ կառավարությունը, ի կատարումն պետության՝ մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականության և  հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի  պաշտպանության նպատակի, 04.04.2013 թվականին ընդունել է «Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումները և ծրագիրը հաստատելու մասին» թիվ 342-Ա որոշումը (այսուհետ՝ Թիվ 342-Ա որոշում), որով հաստատվել է Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիրը:

Նշված պոզիտիվ պարտականության կատարմանն են ուղղված նաև ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն (այսուհետ՝ Թիվ 1141-Ն որոշում) որոշման առանձին դրույթներ։

Այսպես, Թիվ 1141-Ն 2-րդ կետով այդ որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ (...):

Նույն որոշման 3-րդ կետով սահմանվել է.

«3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.

4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է որպես լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը. (...)»:

Նույն որոշման 4-րդ կետով սահմանվել է.

«Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ` հետևյալ նվազագույն պայմաններով՝

(...)

գ. տարածքը ձեռք բերողն ստանձնում է նաև տարածքի նախկին ձեռք բերողներ Գագիկ Պապոյանի և «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կադաստրային գրանցում ստացած՝ օտարման գործընթացի հետևանքով առաջացած և չկատարված հատուցման պարտավորությունները,  ինչպես նաև նախնական առուվաճառքի պայմանագրերով գնորդների վճարած գումարները վերադարձելու պարտավորությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից որոշված իրավատերերի կազմով և չափերով,

դ. տարածքը ձեռք բերողը պարտավոր է շենքի կառուցման ավարտից հետո Երևանի համայնքին սեփականության իրավունքով տրամադրել բնակելի տարածքներ` «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կրկնակի վաճառքներից տուժած անձանց որպես օգնություն տրամադրելու համար` ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից առաջարկված իրավատերերի կազմի և չափերի:  (...)»:

ՀՀ կառավարության Թիվ 342-Ա որոշման և Թիվ 1141-Ն որոշումների համադրված  վերլուծությունից բխում է, որ դրանց շրջանակներում նախատեսվել են որոշակի կոնկրետ միջոցառումներ, որոնց միջոցով ՀՀ կառավարությունը, անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության շրջանակներում, նպատակ է ունեցել հնարավորինս վերականգնել ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները։

Թիվ 1141-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ` այդ տարածքի ձեռք բերող սահմանելով Հայաստանի Հանրապետությանը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը: ՀՀ կառավարությունը Թիվ 1141-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակել է Երևանի քաղաքապետին։ Նշված լիազորության պատվիրակման համար իրավական հիմք է հանդիսանում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունն իրավունք ունի տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթներն իրականացնող պատասխանատու պետական մարմնի՝ լիազոր մարմնի գործառույթը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակելու Երևանի քաղաքապետին:

ՀՀ կառավարությունը, Թիվ 1141-Ն որոշմամբ սեփականության օտարման լիազորությունը պատվիրակելով Երևանի քաղաքապետին, միևնույն ժամանակ սահմանել է այդ լիազորության իրականացման կարգն ու պայմանները: Մասնավորապես, Թիվ 1141-Ն որոշման 4-րդ մասով ՀՀ կառավարությունը լիազորել է Երևանի քաղաքապետին անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ՝ առաջադրելով որոշակի նվազագույն պայմաններ, որոնք իրենց բովանդակությամբ միտված են կոնկրետ շահառուների սեփականության իրավունքի վերականգնմանը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը, Երևանի քաղաքապետին լիազորելով անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ, չի սահմանել մրցույթ անցկացնելու որոշակի պարբերականություն, մրցույթների որոշակի թվաքանակ։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը Թիվ 1141-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի կարգավորումը («լիազորել Երևանի քաղաքապետին՝ անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ») հարկ է համարում գնահատման առարկա դարձնել վարչական մարմինների հայեցողական լիազորության պատշաճ իրացման համատեքստում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հայեցողական լիազորությունը սահմանում է որպես մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու վարչական մարմնին օրենքով վերապահված իրավունք, ինչից բխում է, որ հայեցողական լիազորությունների էական և տարբերակիչ հատկանիշը մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը (մի քանիսը) ընտրելու հնարավորությունն է։ Այսինքն՝ ի տարբերություն պարտադիր լիազորությունների, հայեցողական լիազորությունների դեպքում օրենքը որևէ իրավական հետևանքի առաջացումն իմպերատիվ կերպով չի կապում որոշակի փաստական հանգամանքների հետ, այլ վարչական մարմնին հնարավորություն է տալիս ընտրելու հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը (մի քանիսը)։

Հայեցողական լիազորությունների նշված հատկանիշը չի կարող մեկնաբանվել, սակայն, այնպես, որ այս կամ այն լիազորության իրականացումը ենթադրի բացառապես վարչական մարմնի իրավունք. վարչական մարմինը չի կարող ընտրել այնպիսի լուծում, որը դուրս է այդ հայեցողության շրջանակներից և ուղղված չէ օրենքով և այլ իրավական ակտերով նախանշված նպատակներին հասնելուն:

Իրավունքի գերակայությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի  2-րդ մասով, որպես վարչարարության հիմնարար սկզբունք, ամրագրել է հայեցողական լիազորությունները սահմանափակելու սկզբունքը, ըստ որի՝ «հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ»:

Վերը նշված բնորոշմամբ՝ «հայեցողություն» եզրույթի ներքո հասկացվում է նպատակահարմարության և օրինականության հարաբերակցության կամային կողմը: Հայեցողության նման բնորոշում է տվել ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նախկինում կայացրած որոշումներում՝ արձանագրելով, որ «հայեցողությունը» թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսևորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության գաղափարը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության և օրինականության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի և այլոց թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը:):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներից մեկում անդրադառնալով հայեցողական լիազորությունների սահմանափակման անհրաժեշտությանը, արձանագրել է, որ իրավական պետությունում պետաիշխանական լիազորություններով օժտված բոլոր սուբյեկտներին վերապահված հայեցողական լիազորությունները կարող են գործադրվել միայն իրավունքի սահմաններում: Հետևաբար, հայեցողական վարչարարությունը ևս կաշկանդված, սահմանափակված է իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական մարմիններին վերապահված հայեցողական լիազորությունների կիրառման իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը պետք է ստուգի հայեցողության կիրառման ժամանակ այնպիսի սխալների առաջացման հարցը, որոնք պայմանավորված են հայեցողության` օրենքով ուրվագծված սահմանների կամ օրենքով նախանշված նպատակի անտեսմամբ: Այլ կերպ ասած` հայեցողական լիազորությունների իրավաչափության գնահատման համար դատարանը, մասնավորապես, պետք է պարզի արդյոք վարչական հայեցողությունը հետևողականորեն է կիրառվել, թե` ոչ, և արդյոք վարչական մարմինը թույլ է տվել հայեցողական սխալներից որևէ մեկը, թե` ոչ (տե՛ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 22.04.2015 թվականի որոշումը):

Վարչական մարմինների հայեցողական լիազորությունների սահմանափակման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև Եվրոպական դատարանը։ Մասնավորապես՝ մի շարք որոշումներում Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ազգային օրենսդրությունը պետք է տրամադրի իրավական պաշտպանության միջոց հանրային իշխանությունների կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին կողմնակալ միջամտության դեպքում: Հիմնարար իրավունքներին վերաբերող հարցերում գործադիր իշխանությանն օրենսդրությամբ տրամադրվող գործողությունների անսահմանափակ ազատությունը կհակասի Կոնվենցիայով արձանագրված ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկին` իրավունքի գերակայությանը: Հետևաբար օրենքը ցանկացած դեպքում պետք է պատշաճ հստակությամբ ամրագրի իշխանություններին տրամադրվող նման ազատության սահմանները և դրա իրականացման ձևը` անդրադառնալով քննարկվող միջոցի իրավաչափ նպատակին, որպեսզի անհատին տրամադրի պատշաճ պաշտպանություն կողմնակալ միջամտությունից (Տե՛ս, ECHR, Hasan and Chaush v. Bulgaria [GC], no. 30985/96, § 84)։

Այսպիսով, որպես վարչական մարմինների հայեցողական լիազորությունների իրականացման ուղենիշ, ի թիվս այլնի, վարչական մարմինը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավոր է պարզել իրեն հայեցողություն վերապահող նորմատիվ իրավական ակտի նպատակը և իր հայեցողությունն իրականացնել օրենքի սահմաններում՝ այդ նպատակին հասնելուն ուղղված միջոցների օգտագործմամբ։

Վերոհիշյալի հիման վրա Թիվ 1141-Ն որոշմամբ Երևանի քաղաքապետին վերապահված՝ հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ անցկացնելու լիազորությունը դիտարկելով պետության՝ սեփականության պաշտպանության պոզիտիվ պարտականության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետից պահանջվում էր այդ լիազորությունն իրացնել ժամանակին, պատշաճ և հետևողական կերպով: Այլ կերպ՝ մրցույթների պարբերականությունն ու թվաքանակը պետք է պայմանավորել այն իրավաչափ նպատակին հասնելու անհրաժեշտությամբ, որը հետապնդում է Թիվ 1141-Ն որոշումը, այն է՝ ձախողված կառուցապատումից տուժած անձանց սեփականության իրավունքը վերականգնելու նպատակը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Գագիկ Հայրապետյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու և որպես հետևանք` որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետի անգործությունը։

Դատարանը 17.02.2021 թվականի վճռով հայցը մերժել է։ Դատարանը հիմնավոր չի համարել հայցվոր կողմի պնդումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը դրսևորել է անգործություն՝ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը կատարելու ուղղությամբ՝ պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետը ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունների իրականացումը կազմակերպում և ղեկավարում է ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ, ինչից հետևում է, որ ՀՀ կառավարությունը տվյալ դեպքում չի հանդիսանում պատշաճ պատասխանող։

Միևնույն ժամանակ, Դատարանի գնահատմամբ՝ Երևանի քաղաքապետը իրականացրել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունը, այն է՝ հայտարարել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով։ Մասնավորապես, Դատարանը նշել է «(․․․) Տվյալ դեպքում ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից 11.10.2012 թվականին հայտարարված մրցույթը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով, հետևաբար նույն որոշմամբ սահմանված՝ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից՝ 01012015 թվականից, այդ որոշումը համարվել է անվավեր:

Ինչ վերաբերում է հայցվոր կողմի պնդմանն այն մասին, որ Երևանի քաղաքապետը 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ սահմանված ժամանակահատվածում անցկացրել է միայն մեկ մրցույթ, որը չի կայացել և այլևս որևէ գործողություն չի իրականացրել կառավարության որոշումը կատարելու ուղղությամբ, ապա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ, ինչպես նաև բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և դրանով պայմանավորված օտարման գործառույթների իրականացման ոլորտը կարգավորող վերոնշյալ իրավական ակտերով սահմանված չէ որևէ դրույթ՝ հրապարակային սակարկության` մրցույթի քանակի կամ այն չանցկացվելու դեպքում նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու մասին։

Հետևաբար, Դատարանի գնահատմամբ, Երևանի քաղաքապետն իրականացրել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ իրեն պատվիրակված լիազորությունը, այն է՝ հայտարարել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով:

․․․ Ինչ վերաբերում է հայցվորի կողմից որպես հետևանք ներկայացված պահանջին, այն է՝ «Ոչ իրավաչափ ճանաչել ... Երևանի քաղաքապետի անգործությունը, որը դրսևորվել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց` մասնավորապես, Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու մեջ», ապա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չի բովանդակում որևէ նշում՝ հիշյալ վնասը Երևանի քաղաքապետի կողմից հատուցման ենթակա լինելու մասին»։

Վերաքննիչ դատարանի 12102022 թվականի որոշմամբ Գագիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ Կրկնելով Երևանի քաղաքապետարանի մասով հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները՝ Վերաքննիչ դատարանը հավելել է «(․․․) Սույն գործով Հայցվորը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետի անգործությունը, որը դրսևորվել է ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու և որպես հետևանք` որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց` մասնավորապես, Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու մեջ, այսինքն տվյալ դեպքում հայցի առարկան ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելն է, որպիսի պարագայում Դատարանի կողմից գնահատման է ենթակա բացառապես ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշմամբ ուղղակիորեն նախատեսված գործողությունների կամ դրանցից բխող օրենքով նախատեսված լիազորությունների կատարման հարցում անգործություն դրսևորելը: Հետևաբար, հայցի առարկայի և գործի քննության ծավալի շրջանակներում չի կարող ներառվել որևէ այլ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ կառավարության 04.04.2013 թվականի թիվ 342-Ա որոշմամբ ամրագրված գործողությունների կատարման հարցում անգործություն դրսևորելու իրավաչափության գնահատումը»:

Վճռաբեկ դատարանը, գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը, գտնում է, որ դրանք մասամբ հիմնավոր չեն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 11.12.2013 թվականին կայացրած դատավճռով դատարանը հաստատված է համարել, որ «Գագիկ Պապոյանը, հանդիսանալով անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ՍՊ ընկերությունների տնօրեն, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, բնակարաններ վաճառելու պատրվակով, միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` (․․․) գույքը (․․․)։ Դատավճռով  հաստատվել է, ի թիվս այլնի, Գագիկ Պապոյանի կողմից Գագիկ Հայրապետյանից 57.240.250 ՀՀ դրամ հափշտակելու հանգամանքը: Դատավճռով, մասնավորապես, արձանագրված է «Գագիկ Պապոյանը  1-ին Եկմալյան  6-14 հասցեում կառուցվելիք շենքից բնակարաններ տրամադրելու պատրվակով Գագիկ Հայրապետյանի հետ 2007 թվականի փետրվարի 14-ին և օգոստոսի 13-ին կնքել է առուվաճառքի նախնական պայմանագրեր, որոնց հիման վրա նրանից մինչև 2008 թվականի հունվարի 7-ն ստացել է 44.185.250 ՀՀ դրամ։ Այնուհետև, շարունակելով իր հանցավոր մտադրությունն իրականացնելը, 2009 թվականի օգոստոսի 26-ին կնքած պայմանագրով բնակարանները փոխարինել է Արամի փողոցի 72-80 հասցեում կառուցվող շենքի «Գ» մասնաշենքի 7-րդ հարկի աջ հատվածի 131.9 և 92.65 քմ մակերեսով բնակարաններով, որոնցից վերջինը 2010 թվականի հունիսի 18-ին կնքած համաձայնագրով փոխարինել է նույն մասնաշենքի 8-րդ հարկի աջ հատվածի 131.9 քմ մակերեսով բնակարանով, իսկ բնակմակերեսի ավելացման պատրվակով նույն օրը նրանից ստացել է ևս 13.055.000 ՀՀ դրամ՝ ընդհանուր առմամբ Գագիկ Հայրապետյանից հափշտակելով 57.240.250 ՀՀ դրամ»։

ՀՀ կառավարությունը 04.04.2013 թվականին ընդունել է թիվ 342-Ա որոշումը, որի նպատակն է պետության՝ մասնավոր անձանց սեփականությունն այլոց ապօրինի գործողություններից պաշտպանելու պոզիտիվ պարտականության և  հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։ ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշման առանձին դրույթներ (4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը) ևս ուղղված են նշված նպատակի իրագործմանը։

ՀՀ կառավարության Թիվ 1141-Ն և Թիվ 342-Ա որոշումների բովանդակությունից բխում է, որ սույն գործով հայցվոր Գագիկ Հայրապետյանը հանդիսանում է այդ որոշումների շահառու։  

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԿԴ/0230/01/12 քրեական գործով 11.12.2013 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի ուժով հայցվոր Գագիկ Հայրապետյանն ունի իր սեփականության կորստի դիմաց արդյունավետ փոխհատուցում ստանալու իրավունք, որպիսի իրավունքի իրացման նպատակին են ուղղված ՀՀ կառավարության Թիվ 1141-Ն և Թիվ 342-Ա որոշումները, որոնցով պետությունը փորձել է կատարել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում հայցվոր Գագիկ Հայրապետյանին և մյուս տուժողներին հանցագործության արդյունքում պատճառված վնասի հատուցման պոզիտիվ պարտականությունը:

Թիվ 1141-Ն որոշմամբ նախատեսված՝ հանցագործության արդյունքում տուժած անձանց, այդ թվում՝ հայցվոր Գագիկ Հայրապետյանի վնասների վերականգնման կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ միջոց էր Երևանի քաղաքապետի կողմից՝ որոշմամբ սահմանված նվազագույն պայմաններով հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկության` մրցույթի անցկացումը առանց նման մրցույթի անցկացման և դրա արդյունքում Թիվ 1141-Ն որոշմամբ սահմանված նվազագույն պայմաններով օտարվող սեփականությունը ձեռք բերողի ընտրության՝ անհնարին էր դառնալու անձանց սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պոզիտիվ պարտականության կատարումն այդ որոշման շրջանակներում։

 Սույն գործի փաստերի համաձայն՝ Թիվ 1141-Ն որոշման գործողության ընթացքում Երևանի քաղաքապետի կողմից անցկացվել է միայն մեկ մրցույթԵրևանի քաղաքապետի կողմից 11.10.2012 թվականին հայտարարվել է մրցույթ, որը չի կայացել՝ մասնակցության հայտ չներկայացվելու պատճառով (նշված փաստը կողմերի ներկայացուցիչները չեն վիճարկել):

Ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերի հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ուժով գերակա հանրային շահ ճանաչելու մասին իրավական փաստաթուղթը՝ ՀՀ կառավարության Թիվ 1141-Ն որոշումը, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետից՝ 01012015 թվականից, համարվել է անվավեր, իսկ հրապարակային սակարկության` մրցույթի քանակի կամ այն չանցկացվելու դեպքում նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու՝ Երևանի քաղաքապետի պարտականության վերաբերյալ որևէ նորմ ՀՀ կառավարության Թիվ 1141-Ն որոշմամբ կամ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և դրանով պայմանավորված օտարման գործառույթների իրականացման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված չէ։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելու իրավական հնարավորությունը, ինչպես նաև մրցույթների քանակը հարկ է դիտարկել սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության և հայեցողական լիազորության իրացման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պայմանների համատեքստում։ Նշած պարտականության հետևողական և պատշաճ կատարումը Երևանի քաղաքապետից պահանջում էր անցկացնել այնպիսի ողջամիտ թվով մրցույթներ, որ գործնականում հնարավոր դառնար իրացնել Թիվ 1141-Ն որոշմամբ նախատեսված՝ հանցագործությունից տուժած անձանց վնասների հատուցմանն ուղղված կառուցակարգի գործողությունը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետը, սահմանափակվելով միայն մեկ մրցույթ անցկացնելով (11102012 թվականին) տևական ժամանակ (առնվազն մինչև սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը՝ 01012015 թվականը) դրսևորել է անգործություն, ինչի արդյունքում Թիվ 1141-Ն որոշմամբ նախատեսված՝ հանցագործությունից տուժած անձանց վնասների հատուցմանն ուղղված կառուցակարգը չի ծառայել իր նպատակին, դարձել է ձևական և ինքնանպատակ՝ խախտելով հայցվոր Գագիկ Հայրապետյանի սեփականության իրավունքը։ Մինչդեռ, ի կատարումն նշված որոշման շահառուների սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության՝ Երևանի քաղաքապետն իրավասու էր և պետք է անցկացներ նոր կամ կրկնակի մրցույթ (մրցույթներ)՝ իրեն պատվիրակված լիազորության նպատակի իրագործմանը հասնելու համար։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Երևանի քաղաքապետի դրսևորած անգործության իրավաչափության վերաբերյալ Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են:

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության վիճարկվող անգործությանը, ապա նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունը Թիվ 1141-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվել է Երևանի քաղաքապետին՝  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս առնչությամբ հիմնավոր են Վերաքննիչ  դատարանի եզրահանգումները ՀՀ կառավարության կողմից անգործություն դրսևորած չլինելու վերաբերյալ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Երևանի քաղաքապետի անգործությանն առնչվող մասով բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ  դատարանի  պատճառաբանությունները  և  եզրահանգումները  դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համար Գագիկ Հայրապետյանը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար համապատասխանաբար՝ 10.000 և 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Հայրապետյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, որի արդյունքում Գագիկ Հայրապետյանի հայցը ևս ենթակա է բավարարման մասնակիորեն, գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ՝ Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գագիկ Հայրապետյանի պետք է գանձվի ընդհանուր 34.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12102022 թվականի որոշումը և փոփոխել այն. Գագիկ Հայրապետյանի հայցը բավարարել մասնակիորեն` ՀՀ կառավարության 06.09.2012 թվականի թիվ 1141-Ն որոշումը չկատարելու և որպես հետևանք` որոշմամբ սահմանված կարգով շահագրգիռ անձանց, մասնավորապես՝ Գագիկ Հայրապետյանի կրած վնասը չհատուցելու՝ Երևանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչել։ Մնացած մասով հայցը մերժել։

2.  Երևանի քաղաքապետարանից հօգուտ Գագիկ Հայրապետյանի բռնագանձել 34.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: