Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0071/02/21

2024 թ. 

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0071/02/21

Նախագահող դատավոր`

 Դ Սերոբյան

Դատավորներ`

 Մ Հարթենյան

 Տ Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի սեպտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Մանուչարյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Մանուչարյանի հայցի ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի (այսուհետ նաև՝ Կոոպերատիվ), երրորդ անձ Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի (այսուհետ՝ Կառավարիչ)՝ պայմանագիրը վավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Մանուչարյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Կոոպերատիվի միջև 28.07.2007 թվականին կնքված նախնական պայմանագիրն ու ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Գ. Չաուշի թիվ 14/3 շենքի 31-րդ բնակարանի նկատմամբ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2023 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 18.07.2022 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մանուչարյանը (ներկայացուցիչ Դավիթ Ազիզյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ, 300-րդ, 303-րդ, 445-րդ, 447-րդ, 470-րդ, 471-րդ, 561-րդ ու 562-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ և 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Կառավարիչը, ծանուցված լինելով քաղաքացիական գործի քննության ժամանակի և վայրի մասին, երբևէ Դատարանում չի մասնակցել գործի քննությանն ու ներկայացված պահանջի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, հիմք է ընդունել Կառավարչի հիմնավորումները և եզրահանգել է, որ Դատարանի կողմից թույլ են տրվել նյութական ու դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։

Վերաքննիչ դատարանը չի պարզել այն հանգամանքը, թե արդյո՞ք բողոքարկվող դատական ակտը խախտում է իր իրավունքները և օրինական շահերը: Եթե Կառավարչի կողմից վճռի բողոքարկումը նպատակ է ունեցել ապահովելու այլ պարտապանների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ապա վերջինիս կողմից չի ներկայացվել որևէ ապացույց կամ հիմնավորում, որով հնարավոր կլիներ հաստատել վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման դեպքում այլ պարտատերերի իրավունքների խախտման փաստը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը, ըստ էության, ամբողջությամբ կատարել է գործարքը, որի հիմքով կարող էր ունենալ իրավաչափ և օրինական սպասելիք` վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար։ Մասնավորապես՝ Կոոպերատիվի հետ կնքել է վիճելի անշարժ գույքի վերաբերյալ նախնական պայմանագիր և ի կատարումն նշված պայմանագրի՝ որպես Կոոպերատիվի անդամ ներդրումներ է կատարել, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիմքով դարձել է վիճելի գույքի սեփականության իրավունքը կրող սուբյեկտ, գույքը ձեռք բերելու պահից լիարժեք տիրապետել, օգտագործել ու տնօրինել է այն` ունենալով դրա համար բոլոր իրավաչափ հիմքերը, կատարել է գույքի բարեկարգման և ընթացիկ պահպանմանն ուղղված գործողություններ` երրորդ անձանց հետ հարաբերություններում հանդես գալով որպես դրա տիտղոսային տիրապետող, որպիսի հանգամանքները հավաստում են վերջինիս մոտ գույքի տիրապետման փաստով դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ ու բավարար հիմքերի առկայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը և Կոոպերատիվը փաստացի կատարել են կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ու յուրաքանչյուրը փաստացի ձեռք է բերել գործարքով ակնկալվող տնտեսական շահը: Ուստի իր՝ որպես գնորդի մոտ ծագել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 563-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջի իրավունքը, այն է` պետական գրանցման ենթարկելու իր սեփականության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18072022 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը՝ ի դեմս նախագահ Արմեն Թադևոսյանի (Կողմ 1) և Արմեն Մանուչարյանը (Կողմ 2) 28.07.2007 թվականին կնքել են նախնական պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ Կողմ 1-ը պարտավորվել է Կողմ 2-ին տրամադրել Երևանի Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի թիվ 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում գտնվող 50,1քմ ընդհանուր տարածքը, իսկ Կողմ 2-ը պարտավորվել է տարածքի արժեքի դիմաց ներդնել 8,577.000 ՀՀ դրամ:

Նույն պայմանագրի 4.2-րդ կետի համաձայն՝ տարածքի արժեքի դիմաց Կողմ 2-ը պարտավորվել է ներդնել նախնական 5.110.560 ՀՀ դրամ, ոչ ուշ, քան նոտարական կարգով բնակարանի հանձնման պահը:

Նույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ Կողմ 1-ը պարտավորվել է շենքը կառուցել և հանձնել 20 ամսվա ընթացքում, ուշացման դեպքում Կողմ 1-ը Կողմ 2-ին վճարում է տույժ՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար ընդհանուր պայմանագրային արժեքի 0,05%:

Նույն պայմանագրի 7-րդ կետի համաձայն՝ տարածքի սեփականության իրավունքը Կողմ 2-ին պետք է փոխանցվի կառուցման աշխատանքների ավարտից հետո՝ առավելագույնը 100-օրյա ժամկետում, իսկ պայմանագրի նախապատրաստման և կնքման հետ կապված գործողությունները պետք է կատարվեն Կողմ 1-ի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 101-104).

2) «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի՝ որպես գրավատուի և Սուսաննա Պետրոսյանի՝ որպես գրավառուի միջև 11.02.2010 թվականին կնքվել է հիփոթեքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն պարտավորվել է գրավատուին տալ 2.660.000 ՀՀ դրամ մինչև 11.05.2010 թվականը վերադարձնելու պայմանով, իսկ նույն պայմանագրի 2-րդ կետի համաձայն՝ գրավատուն պարտավորվել է գրավառուի մոտ գրավ դնել իրեն պատկանող Երևանի Գ. Չաուշի փողոցի 14/3 շենքի թիվ 31 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 16).

3) Սուսաննա Պետրոսյանի՝ որպես ցեդենտի և Արմեն Մանուչարյանի՝ որպես ցեսիոների միջև 26.06.2020 թվականին կնքվել է պահանջի իրավունքի փոխանցման մասին պայմանագիր, որով, հիմք ընդունելով Կոոպերատիվի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, որի համաձայն՝ Սուսաննա Պետրոսյանը գրանցվել է որպես պարտատեր՝ 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի նկատմամբ, ցեդենտը զիջել է 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի իրավունքը, իսկ ցեսիոները ձեռք է բերել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի պահանջի իրավունքը: Իրավունքի վաճառքի գինը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, որը պայմանագրի ստորագրման պահին ամբողջությամբ վճարված է (հատոր 1-ին, գ.թ. 105).

4) Դատարանը 28.03.2022 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով ապացուցման ենթակա հետևյալ փաստերը, այն է՝ Արմեն Մանուչարյանը պետք է ապացուցի իր և Կոոպերատիվի միջև կնքված առուվաճառքի նախնական պայմանագրի առկայության փաստը, իր կողմից գործարքի պայմանները կատարած համարելու փաստը, Կոոպերատիվի կողմից գործարքի պայմանների կատարումից խուսափելու փաստը, Կոոպերատիվի ու Սուսաննա Պետրոսյանի միջև կնքված գրավի պայմանագրի առկայության փաստը, իր և գրավառու Սուսաննա Պետրոսյանի միջև կնքված պահանջի իրավունքի փոխանցման պայմանագրի առկայության փաստը (հատոր 1-ին, գ.թ. 89-91).

5) Արմեն Մանուչարյանը 05.05.2022 թվականին Դատարան է ներկայացրել վճարման անդորրագրեր, որոնց համաձայն՝ իր կողմից 28.07.2007 թվականին վճարվել է 5.110.560 ՀՀ դրամ, 10.02.2009 թվականին՝ 212.000 ՀՀ դրամ, 04.04.2009 թվականին՝ 259.000 ՀՀ դրամ, 06.06.2009 թվականին՝ 111.000 ՀՀ դրամ, 10.07.2009 թվականին՝ 108.000 ՀՀ դրամ, 07.08.2009 թվականին՝ 150.000 ՀՀ դրամ, 05.09.2009 թվականին՝ 252.000 ՀՀ դրամ, 12.12.2009 թվականին՝ 100.000 ՀՀ դրամ, 10.02.2010 թվականին՝ 100.000 ՀՀ դրամ, 29.03.2010 թվականին՝ 100.000 ՀՀ դրամ, 15.05.2010 թվականին՝ 100.000 ՀՀ դրամ և 12.06.2010 թվականին՝ 150.000 ՀՀ դրամ: 28.07.2007 թվականի դրամարկղային մուտքի օրդերի «ստացման հիմքը և նպատակը» բաժնում նշված է՝ «Գ.Չաուշի 14/3 հասցեից բնակարան ձեռք բերել», մնացած՝ թվով 11 դրամարկղային մուտքի օրդերներում «ստացման հիմքը և նպատակը» բաժնում նշված է՝ «որպես կոոպերատիվի անդամության վճար» (հատոր 1-ին, գ.թ. 100, 106-118).

6) Վերաքննիչ դատարանը 17032023 թվականի որոշմամբ հաստատված է համարել, և վերաքննիչ բողոքում չի վիճարկվում փաստն այն մասին, որ գործում առկա վճարման անդորրագրերում նշված գումարներն Արմեն Մանուչարյանի կողմից վճարվել են Կոոպերատիվին (հատոր 2-րդ, գ.թ. 33-38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 10-րդ ու 60-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ գործարքը վավեր ճանաչելու առանձնահատկություններին` գործարքը վավեր ճանաչելու հնարավորությունը հարաբերակցելով սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքի հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությանը:

 

Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով Սահմանադրության 3-րդ հոդվածին, նշել է, որ դրանով ամրագրված պահանջը հանրային իշխանությունների վրա դնում է երկու հստակ պարտականություն` հարգել, մասնավորապես, ձեռնպահ մնալ որևէ անհարկի միջամտությունից, և պաշտպանել, այսինքն` որոշակի գործողությունների ամբողջության միջոցով երաշխավորել, որ մարդու ու քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները չխախտվեն կամ խախտվելու դեպքում՝ վերականգնվեն (տե՛ս Սահմանադրական դատարանի 10.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1271 որոշումը):

Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը (…): Միևնույն ժամանակ, սահմանադիրը նշված իրավունքների իրականացումը երաշխավորելու` պետության պոզիտիվ պարտականության կատարումը պայմանավորում է բացառապես օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությամբ: Հետևաբար` միայն օրինական հիմքով ձեռք բերված սեփականության դեպքում անձը հանրային իշխանություններից կարող է պահանջել սեփականության հիմնական իրավունքի մաս կազմող` վերը նշված իրավունքների իրականացման երաշխավորում (տե՛ս Սահմանադրական դատարանի 31.01.2017 թվականի թիվ ՍԴՈ-1340 որոշումը):

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «օրինական ակնկալիքի» իրավական պաշտպանության հիմնախնդրին և շեշտադրելով սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությանը, ընդգծել է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք (տե՛ս Սահմանադրական դատարանի 18.03.2008 թվականի թիվ ՍԴՈ-741 որոշումը):

Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրը, արձանագրել է, որ սեփականության իրավունքի պաշտպանության իրավունքն անձի մոտ ծագում է երկու պարագայում, երբ անձի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, և երբ անձինք օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք (տե՛ս Սահմանադրական դատարանի 06.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1326 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սեփականության իրավունքի վերաբերյալ տրված մեկնաբանություններին, արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրությամբ սահմանված «գույք» հասկացությունն ավելի լայն է մեկնաբանվում, քան ներպետական օրենքներում։ Մի շարք վճիռներում Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայով նախատեսված «գույք» հասկացությունը ինքնավար մեկնաբանություն ունի, և ներառում է ոչ միայն նյութական աշխարհում գոյություն ունեցող որևէ առարկա, որը սեփականության իրավունքով պատկանում է անձին, այլ նաև՝ գույքային իրավունքը։ Եվրոպական դատարանն իր վճիռներով փաստել է նաև, որ կան որոշակի հանգամանքներ, որոնց պարագայում անձինք կարող են ունենալ «օրինական ակնկալիք», հետևաբար նաև «գույք» Կոնվենցիայի տեսանկյունից (տե՛ս «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն ընդդեմ Վարդան Պետրոսյանի թիվ ԵԿԴ/0772/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե'ս Տրգոն ընդդեմ Խորվաթիայի թիվ 35298/04 գանգատով Եվրոպական դատարանի 11062009 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «սեփականություն» հասկացությունը բովանդակում է ոչ միայն ֆիզիկական բարիքների սեփականությունը, այլև սեփականություն կարող են համարվել որոշ գույքային այլ իրավունքներ և շահեր, ինչպես նաև անվիճելի ու կատարման ենթակա պահանջի իրավունքը։ Այսինքն՝ ըստ Եվրոպական դատարանի՝ «պահանջի իրավունքը ևս կարող է համարվել «սեփականություն» Կոնվենցիայի նշված դրույթի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման» (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 33509/04 գանգատով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր հերթին, ղեկավարվելով սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական և կոնվենցիոն պահանջներով ու վկայակոչելով Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով 02.05.2002 թվականի վճռով (կետ 40) Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումը թիվ ԵԱՔԴ/1522/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ «պահանջը» Կոնվենցիայի 1-ին արձանագրության առաջին հոդվածի իմաստով կարող է հասկացվել որպես «սեփականություն» այն դեպքում, եթե բավարար չափով հաստատված է, որ այն կարող է իրավաբանորեն իրականացվել: Տվյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը վեճի լուծման համար սեփականության իրավունքի առկայության հիմքում գերակայությունը տվել է ոչ թե ներպետական պոզիտիվ իրավունքով սահմանված իրավունքի պետական գրանցման օրենսդրական պահանջին, այլ վերը նշված կոնվենցիոն նորմի վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.

1. սեփականության իրավունքը, հանդիսանալով հիմնական իրավունք, ենթակա է իրավական, այդ թվում՝ դատական պաշտպանության,

2. սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով (Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մաս),

3. սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակը պետք է չխախտի Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված համաչափության սկզբունքը, որի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ու անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար,

4. միջոցն անհրաժեշտ է, եթե չկա մեկ այլ՝ ավելի մեղմ միջամտող միջոց, որով նույն արդյունավետությամբ կարելի է հասնել նպատակին (տե՛ս Սահմանադրական դատարանի 19.03.2019 թվականի թիվ ՍԴՈ-1448 որոշումը):

5. սեփականության իրավունքի ձեռք բերման օրինական ակնկալիքը ևս ենթակա է որակման որպես սեփականություն և դրա պաշտպանությունը պետք է ունենա պաշտպանության այնպիսի աստիճան, որը հնարավորություն կտա դրա իրավատիրոջն իր իրավաչափ ակնկալիքը կյանքի կոչել (տե՛ս Մհեր Մանուկյանն ընդդեմ «Արարատբանկ» ԲԲԸ-ի և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի թիվ ԵԴ/45724/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2022 թվականի որոշումը):

Միաժամանակ Սահմանադրության 60-րդ և 75-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումների ուժով պետությունը երաշխավորում է անձի՝ սեփականության իրավունքի նկատմամբ օրինական ակնկալիքների իրավունքի իրացումը, ի թիվս այլնի, վերջինիս իրացման համար արդյունավետ ընթացակարգերի ու կառուցակարգերի օրենսդրական ամրագրման միջոցով:

Սահմանադրության վերոնշյալ պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ ու իրական կենսագործմանը, քանի որ իրավունքի կամ ազատության միայն ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար, ուստի համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու հարցում (տե՛ս Սահմանադրական դատարանի 30.11.2021 թվականի թիվ ՍԴՈ-1618 որոշումը):

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական պետությունում իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները։ Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը (տե՛ս Սահմանադրական դատարանի 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշումը):

Միաժամանակ Եվրոպական դատարանը և Սահմանադրական դատարանն իրենց նախադեպային իրավունքում զարգացրել ու բազմիցս կիրառել են իրավունքին միջամտության իրավաչափության ստուգման եռատարր թեստը, որը պահանջում է ցանկացած միջամտություն գնահատել հետևյալ չափանիշների համատեքստում.

1. արդյո՞ք միջամտությունը նախատեսված է օրենքով (տե՛ս, օրինակ, Ֆրիզենն ընդդեմ Ռուսաստանի թիվ 58254/00 գանգատով Եվրոպական դատարանի 24032005 թվականի վճիռը),

2. արդյո՞ք այն հետապնդում է իրավաչափ նպատակ (տե՛ս, օրինակ, Velikovi and others v Bulgaria թիվ 43278/98, 45437/99 և այլ գանգատներով Եվրոպական դատարանի 15032007 թվականի վճիռը, կետ 172, Pincova and Pinc v Czech Republic թիվ 36548/97 գանգատով Եվրոպական դատարանի 05112002 թվականի վճիռը),

3. արդյո՞ք ընտրված միջոցը բավարար է և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար (տե՛ս, օրինակ, Chassagnou and others v. France թիվ 25088/94 և այլ գանգատներով Եվրոպական դատարանի 29041999 թվականի վճիռը, կետ 86, Սահմանադրական դատարանի 27092022 թվականի թիվ ՍԴՈ-1661 որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է նույն օրենսգրքում նշված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Օրենսդիրը, հստակորեն սահմանելով անշարժ գույքի պայմանագրի ձևը, նշել է, որ այն պետք է կնքվի գրավոր և ենթարկվի նոտարական վավերացման, ու միայն այս պայմաններն են վերաբերում պայմանագրի ձևին: Հետևաբար` անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը նույնպես պետք է կնքվի գրավոր և ենթարկվի նոտարական վավերացման:

Սահմանադրական դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանադրականության հարցին, ի թիվս այլնի, արձանագրել է, որ գրավոր գործարքի նոտարական վավերացմամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում նախապես անվիճելի են ճանաչվում իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝

ա) գրավոր ձևով գործարքի կնքումը և դրա` օրենքով նախատեսված կարգի պահպանումը,

բ) պայմանագրի կողմերի ինքնության հաստատումը, նրանց իրավազորությունը և ազատ կամաարտահայտությունը,

գ) գործարքի պայմանների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև կողմերի իրական մտադրությանը:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման, դրանց իրականացման, գործարքների (պայմանագրերի) կնքման, կատարման ու խախտված իրավունքների պաշտպանության, դրա հետ կապված վեճերով դատական հայեցողական լիազորության իրավաչափ շրջանակների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի դատական մեկնաբանման, ինչպես նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ լուծելով նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու վերաբերյալ վեճ` յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է պարզել.

- գործարքի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևի պահպանման փաստը,

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և մեղավոր կողմին,

- գործարքի նոտարական վավերացումից կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա օրինականությունը (իրավաչափությունը): Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե պայմանագրային պարտավորության կատարումից կողմի` օրենքով նախատեսված կարգով հրաժարվելու ինստիտուտին, այլ` սահմանված կարգով իրավաչափ գործողություն կատարելուց խուսափելուն (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-702 որոշումը):

Ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի կողմից բացահայտված բովանդակությունից՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված՝ գործարքը վավեր ճանաչելու մասին կարելի է խոսել միայն վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում, որոնք միասին անհրաժեշտ են և բավարար, որպեսզի անգամ օրենսդրական պահանջի խախտման, այսինքն՝ նոտարական վավերացման բացակայության պայմաններում գործարքը դատական կարգով ճանաչվի վավեր (տե՛ս Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանն ընդդեմ «ՍՄԲԱՏԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/2308/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական կարգով կարող է վավեր ճանաչվել գործարքի կողմերի միջև արդեն իսկ կնքված ինչպես նախնական, այնպես էլ հիմնական պայմանագիրը, որի նոտարական վավերացումից կողմը խուսափում է, այսինքն` օրենքը չի բացառում նախնական պայմանագրի վավեր ճանաչելու հնարավորությունը (տե՛ս Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ1/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործարքը վավեր ճանաչելու հնարավորություն նախատեսում է ոչ թե ցանկացած, այլ նոտարական վավերացման չենթարկված գործարքի համար: Իր հերթին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելու համար պարտադիր է, որ գործարքը նախ՝ չհակասի օրենքին, ապա գործարքի պայմանները պետք է համապատասխանեն նոտարական վավերացում պահանջող գործարքի պահանջներին: Արդյունքում նշված իրավանորմով Օրենսդիրը պաշտպանում է այն անձի իրավունքը, որը լրիվ կամ մասնակիորեն կատարել է գործարքով սահմանված պարտավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել ու գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը (տե՛ս «Երևան Ջուր» ՓԲԸ-ն ընդդեմ Իսկուհի Ավագյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0417/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքն ու ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան՝ Արմեն Մանուչարյանը պահանջել է վավեր ճանաչել իր և Կոոպերատիվի միջև 28.07.2007 թվականին կնքված նախնական պայմանագիրն ու ճանաչել իր սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ:

Դատարանը 28.03.2022 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով ապացուցման ենթակա փաստերը:

Դատարանը 18.07.2022 թվականի վճռով արձանագրել է, որ «պայմանագիր կնքելու կողմերի նպատակը եղել է հետևյալը. «Նորաշեն 2007» Ս/Կ-ի պարտավորությունն է եղել Արմեն Մանուչարյանին տրամադրել ք. Երևան, Աջափնյակ համայնքի Գ. Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում գտնվող 50,1քմ ընդհանուր տարածքը, Արմեն Մանուչարյանը պարտավորվել է տարածքի արժեքի դիմաց ներդնել 8.517.000 ՀՀ դրամ», «հայցվորը կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքի իրեն վերապահված պարտականությունը ամբողջությամբ, այն է՝ հայցվորի կողմից լրիվ կատարվել է գործարքով նախատեսված վճարումը, մինչդեռ պատասխանող «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը, ի դեմս նախագահ` Արմեն Թադևոսյանի խուսափել է օրենքով նախատեսված կարգով գործարքի վավերացումից», և եզրահանգել է, որ Արմեն Մանուչարյանի ու Կոոպերատիվի միջև 28.072007 թվականին կնքված անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը ենթակա է վավեր ճանաչման։

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ. «Դատարանը 28.03.2022թ. «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշմամբ, ի թիվս այլնի, Արմեն Մանուչարյանի վրա է դրվել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից 28.07.2007թ. կնքված նախնական պայմանագրի պայմանների կատարումից խուսափելու փաստը ապացուցելու պարտականություն, մինչդեռ 05.05.2022թ. հայցվոր Արմեն Մանուչարյանի կողմից Դատարան մուտքագրված «Գրավոր ապացույցների բնօրինակները ներկայացնելու մասին» միջնորդությանը կից ներկայացված որևէ ապացույցով չի հիմնավորվում, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը խուսափել է 28.07.2007թ. կնքված նախնական պայմանագրի նոտարական վավերացումից, ինչի արդյունքում իր կողմից վկայակոչված՝ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը 28.07.2007թ. կնքված նախնական պայմանագրի նոտարական վավերացումից խուսափելու փաստը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մնում է վիճելի, իսկ Արմեն Մանուչարյանը պետք է կրի այդ փաստի չապացուցման անբարենպաստ իրավական հետևանքները»,

- «ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» վերտառությամբ փաստաթուղթը, (...), չի կարող որակվել որպես նախնական պայմանագիր՝ այն Քաղաքացիական օրենսգրքի վերը նշված պահանջներին չհամապատասխանելու հիմքով, ըստ ավելին, այդ փաստաթուղթը նախնական պայմանագիր որակելու դեպքում և հիմնական պայմանագիր կնքված չլինելու պայմաններում այդ «նախնական պայմանագրով» նախատեսված պարտավորությունները պետք է համարել դադարած»,

- «28.07.2007թ. Արմեն Մանուչարյանի և «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի՝ ի դեմս նախագահ Արմեն Թադևոսյանի միջև «կնքված» «ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» վերտառությամբ փաստաթուղթը, որը չէր պարունակում հիմնական պայմանագրի՝ բնակարանի առուվաճառքի պայմանագրի կնքման համար սահմանված ժամկետ, իսկ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման, (...) հիմնական պայմանագիրը գործնականում կարող էր կնքվել մինչև 29.07.2008թ., այսինքն՝ նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում, (...) Արմեն Մանուչարյանը չի ներկայացրել մինչև 29.07.2008թ. «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից 28.07.2007թ. կնքված նախնական պայմանագրի պայմանների կատարումից խուսափելու փաստը հաստատող որևէ ապացույց», հայցը բավարարելու մասին Դատարանի 18.07.2022 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել է՝ հայցը մերժել է:

Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ արդյունքում հայցը մերժելու հիմքում դրել է այն, որ հայցվոր Արմեն Մանուչարյանը չի ապացուցել նախնական պայմանագրով սահմանված պարտավորությունները դադարած համարելու ու Կոոպերատիվի կողմից նախնական պայմանագրի պայմանների կատարումից խուսափելու փաստերը:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո և սույն գործի փաստերի համադրմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ Արմեն Մանուչարյանի և Կոոպերատիվի միջև ձեռք բերված համաձայնությունը: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել նաև այն, որ կողմերի միջև կնքված նախնական պայմանագրում նշված են պայմանագրի առարկան, կողմերը, գործարքի գինը և վճարման կարգը, ինչպես նաև, թե ինչպիսի իրավահարաբերություններ են առաջացել կողմերի միջև՝ առուվաճառքի, թե որևէ այլ։ Մինչդեռ նման հարցերի կապակցությամբ գնահատականը կարևորվում է այն տեսանկյունից, որ նախնական պայմանագրով, ըստ էության, մի կողմը վաճառել է, իսկ մյուս կողմը դրա դիմաց վճարելու (ներդնելու) հիմքով ձեռք է բերել (գնել է) վեճի առարկա հանդիսացող գույքը` ակնկալելով դրա նկատմամբ իրավունքների ամբողջ ծավալով փոխանցում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, և վերաքննիչ բողոքում չի վիճարկվում փաստն այն մասին, որ գործում առկա վճարման անդորրագրերում նշված գումարներն Արմեն Մանուչարյանի կողմից վճարվել են Կոոպերատիվին։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել սույն գործով ներկայացված նախնական պայմանագիրը և վճարման օրդերները, պայմանագրի կնքմանը հաջորդող գործողություններն ու դրանց ժամանակագրությունը: Վերաքննիչ դատարանն անտեսել է իր կողմից վկայակոչված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված մեկ տարվա ժամկետը լրանալը՝ մինչև 29.07.2008 թվականը, Արմեն Մանուչարյանի կողմից գործարքի կատարմանն ուղղված գործողությունները։ Մինչդեռ Կոոպերատիվը, որը նախնական պայմանագրի հիմքով կրել է նաև պայմանագրի նախապատրաստման և կնքման հետ կապված գործողությունները կատարելու պարտականությունը, խուսափել է գործարքն ավարտին հասցնելուց:

Ինչ վերաբերում է Կոոպերատիվի կողմից գործարքի նոտարական վավերացումից խուսափելու փաստն ապացուցված չլինելու Վերաքննիչ դատարանի հետևությանը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործարքը նոտարական վավերացման ենթարկելը ենթադրում է այն կատարելուն նպատակաուղղված կամային, ակտիվ վարքագծի դրսևորում (գործողություն): Ուստի այն դեպքում, երբ կողմերից մեկը ձեռնպահ է մնում այդպիսի անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց՝ ցուցաբերում է անգործություն, ապա նման վարքագիծը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, բավարար է, ըստ էության, խուսափելու փաստն արձանագրելու համար:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ գործարքի մի կողմի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կատարումը, իսկ մյուս կողմի պայմանագրի նոտարական վավերացումից խուսափելը, գործարքի պայմանները կատարած կողմի, տվյալ դեպքում՝ հայցվոր Արմեն Մանուչարյանի՝ այդ գործարքի (նախնական պայմանագրի) արդյունքի (գույքի) նկատմամբ ակնկալվող իրավունքը ենթակա է դատական պաշտպանության՝ պայմանավորված հանրային շահից բխող իրավաչափ այնպիսի նպատակով, ինչպիսին հետապնդել է Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանելով:

Ինչ վերաբերում է Կառավարչի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցում իրավական շահագրգռվածության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկներին, Վճռաբեկ դատարանը դրանք հիմնավորված չի համարում՝ նկատի ունենալով, որ՝

- Կառավարիչը սույն գործին մասնակցող անձ է (երրորդ անձ), ով ունի սույն գործով կայացված վճիռը բողոքարկելու իրավունք: Բողոքարկման հարցում գործին մասնակցող անձի շահագրգռվածությունը դրսևորվել է Կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ լինելու կարգավիճակի առկայությամբ՝ հաշվի առնելով, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո սնանկության գործով կառավարիչը գործում է պարտապանի անունից և իրականացնում է մի շարք գործողություններ, ներառյալ՝ իրացնում է պարտապանի դատավարական իրավունքներն ու պարտականությունները։ Նման կարգավորում նախատեսելու Օրենսդրի գլխավոր նպատակն այն է, որ իր ֆինանսական պարտավորությունները չկատարած պարտապանի անունից, և ի շահ վերջինիս գործողություններն իրականացվի առավել արհեստավարժ անձի, տվյալ դեպքում՝ սնանկության գործով կառավարիչի կողմից և որ միաժամանակ վերջինիս կողմից պատշաճ հսկողությամբ կանխվի պարտապանի գույքի տնօրինման կամ պարտապանի համար պարտավորություն առաջացնող գործողությունների կատարումը (տե՛ս «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «2ԷԴ» ՓԲԸ-ի թիվ ՍնԴ/0497/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը), իսկ սույն գործով կայացված վճռի արդյունքում, ըստ էության, տեղի է ունենալու պարտապանի գույքի կազմի նվազում,

- կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը պարտադիր պետք է արտահայտված լինի առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ (տե՛ս Արմեն Եղիազարյանն ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24122021 թվականի որոշումը), իսկ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները վերաբերել են Դատարան ներկայացված պահանջի շրջանակներում Դատարանի կողմից քննարկված և վճռից բխող իրավական հարցերի:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, քանի որ Դատարանի կողմից նույնպես համակողմանի գնահատման չեն արժանացել վերը նշված դիրքորոշումներում արտահայտած հարցերը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Վերաքննիչ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով Սնանկության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան