ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36723/02/21 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36723/02/21 2024 թ. | ||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան |
2024 թվականի սեպտեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) հայցի ընդդեմ Մաքսիմ Հովհաննիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2023 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Մաքսիմ Հովհաննիսյանից բռնագանձել 2.500.244 ՀՀ դրամ, որից 2.330.506 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 146.580 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար և 23.158 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տուժանքի գումար, ինչպես նաև 2.477.086 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել օրական 0,13 տոկոսի չափով տուժանք՝ սկսած 24.07.2021 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.10.2022 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.08.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.10.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 887‑րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-8-րդ հոդվածները, 66‑րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը և 297-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գրավոր ապացույցների հետազոտում և գործում առկա այլ ապացույցների հետ համադրում, գրավոր ապացույցները չի գնահատել վերաբերելիության, թույլատրելիության ու արժանահավատության տեսանկյունից, այսինքն՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չի իրականացրել։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցադիմումին կից ներկայացվել է վարկային հաշվից քաղվածք, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են վարկի գումարի տրամադրման և օգտագործման բոլոր գործառնությունները։ Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդհանուր տեղեկատվություն է պարունակում վարկային գումարի շարժի վերաբերյալ և հանդիսանում է այն հիմնական ապացույցը, որով հաստատվում է վարկի տրամադրումը։ Այն փաստը, որ վարկային հաշվի քաղվածքում նշված չէ բանկային հաշվեհամար, դեռևս հիմք չէ եզրակացնելու, որ վարկառուն գումարը չի ստացել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողը տևական ժամանակ վարկային հաշվին գումարներ է մուտքագրել, որոնք ուղղվել են ժամկետանց վարկի, տոկոսների և տույժերի մարմանը, ինչը վկայում է այն մասին, որ վարկառուն ընդունել է վարկի գումարն ստացած լինելու փաստը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը պետք է կայացներ գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշում, քանի որ անհրաժեշտություն է առաջացել պարզելու գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր, դրանք են՝ գումարը կոնկրետ հաշվեհամարին փոխանցված լինելը և պատասխանողի կողմից այն ստանալը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.08.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի՝ որպես վարկատուի և Մաքսիմ Հովհաննիսյանի՝ որպես վարկառուի միջև 14.08.2019 թվականին կնքվել է սպառողական վարկի թիվ 195704390 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն՝ վարկատուն պարտավորվել է պայմանագրով նախատեսված չափերով ու պայմաններով վարկ տրամադրել վարկառուին, իսկ վարկառուն պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը և վճարել տոկոսներ:
Նույն պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ վարկի գումարի չափը 2․800.000 ՀՀ դրամ է, տարեկան տոկոսադրույքը՝ 17,43 տոկոս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20,56 տոկոս, ժամկետը՝ 15.08.2019 թվականից մինչև 20.08.2024 թվականը:
Նույն պայմանագրի 4.4.1 կետի համաձայն՝ վարկատուն պարտավորվել է վարկի գումարը տրամադրել միանվագ, պայմանագրի 7-րդ բաժնում նշված՝ վարկառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով (գ.թ. 11, 12).
2) դիմելով Դատարան՝ Բանկը պահանջել է Մաքսիմ Հովհաննիսյանից բռնագանձել 2.500.244 ՀՀ դրամ, որից 2.330.506 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 146.580 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար և 23.158 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տուժանքի գումար, ինչպես նաև 2.477.086 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել օրական 0,13 տոկոսի չափով տուժանք՝ սկսած 24.07.2021 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը:
Բանկը հայցապահանջի հիմքում դրել է այն փաստը, որ Մաքսիմ Հովհաննիսյանին տրամադրվել է 2․800․000 ՀՀ դրամի չափով վարկ, մինչդեռ Մաքսիմ Հովհաննիսյանը պատշաճ չի կատարել իր պարտավորությունները (գ.թ. 3, 4):
3) հայցադիմումին կից Դատարան է ներկայացվել վարկի թիվ 14568234 քաղվածքը, որը բովանդակում է պատասխանող Մաքսիմ Հովհաննիսյանի և Բանկի միջև 15.08.2019 թվականից մինչև 08.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, այդ թվում՝ վարկի գումարի ու տոկոսների մարումների, ինչպես նաև 08.07.2021 թվականի դրությամբ վարկի մնացորդի վերաբերյալ (գ.թ. 8-10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ՝
1) փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին.
2) պարզեցված վարույթը դադարեցնելու և գործի քննությունն ընդհանուր հայցային վարույթի կարգով իրականացնելու անհրաժեշտությանն այն դեպքերում, երբ վարկային պայմանագրից բխող գումարի բռնագանձման վերաբերյալ գործով պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո ի հայտ է գալիս կողմերի միջև վարկային իրավահարաբերության առկայությունը կամ վարկի տրամադրման փաստը պարզելու անհրաժեշտություն։
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում` ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումները և հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։
Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում ներկայացված քաղվածքի՝ գումարը փոխանցելու փաստը հաստատելու համար բավարարության հարցին, արձանագրել է, որ բանկի կողմից տրված միակողմանի քաղվածքը նույնպես կարող է բավարար տեղեկություններ բովանդակել վարկառուի կողմից գումարն ստացված լինելու վերաբերյալ (տե՛ս «Ակբա Բանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Վարդան Պետրոսյանի թիվ ԵԴ/36467/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21․12․2023 թվականի որոշումը):
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլուխ] դրույթներով:
Մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: (…)։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:
Մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝
1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.
2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.
3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝
1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն.
2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց.
3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը.
4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն.
5) ներկայացվել է խմբային հայց.
6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և նույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածով, ըստ էության, սահմանվել է այն գործերի շրջանակը, որոնք պետք է կամ կարող են քննվել պարզեցված վարույթի կարգով։ Պարզեցված վարույթ կիրառելու իմպերատիվ պահանջ է սահմանված եղել, մասնավորապես, բոլոր այն գործերով, որոնցով քննության առարկա են հանդիսացել հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջները։ Ընդ որում, պարզեցված վարույթ կիրառելու իմպերատիվ պահանջը կիրառելի է եղել նաև այն դեպքերում, երբ մեկ հայցադիմումում միացված են մի քանի փոխկապակցված պահանջներ և այդ պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը չի բացառել նաև օրենքի ուղղակի ցուցումով տարաբնույթ կատեգորիայի գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացնելու հնարավորությունը: Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ օրենքով նախատեսված դեպքերում ևս պարզեցված վարույթի կիրառելիությունը սահմանող նորմերն ունեն իմպերատիվ բնույթ՝ չեն ենթադրում կողմերի համաձայնություն կամ դատարանի հայեցողություն: Դիցուք, որպես այդպիսի օրինակ կարող են ծառայել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իրավաբանական անձի մասնակիցների (անդամների) ընդհանուր ժողով գումարելու հետ կապված վեճերը, ինչպես նաև նույն օրենսգրքի 221‑րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ իրավաբանական անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին իրավաբանական անձի մասնակցի (անդամի) պահանջը, որոնք ենթակա են քննության պարզեցված վարույթի կարգով՝ անկախ կողմերի կամքից և դատարանի հայեցողությունից:
Միաժամանակ մինչև 07․01․2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2‑րդ և 3-րդ մասերից բխում է, որ օրենքով նախանշված որոշակի պայմանների առկայության դեպքում պարզեցված վարույթի կարգով դատարանները կարող են քննել նաև այլ գործեր: Մասնավորապես, դատարանը, դրսևորելով դատական հայեցողություն, կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝
1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ.
2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց.
3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, ըստ էության, նախ սահմանել է պարզեցված վարույթի թույլատրելիության մի քանի պայմաններ, որոնց առկայությունը պետք է ակնհայտ լինի գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը կայացնելու համար, միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսել է մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հնարավորությունը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297‑րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում գործը կարող է քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե բացակայում են վարույթի տվյալ տեսակի կիրառումը բացառող հանգամանքները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297‑րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումը դիտարկելով նույն օրենսգրքի 296‑րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական նորմի հետ համակարգային կապի մեջ, գտել է, որ պարզեցված վարույթի կիրառումը բացառող հիշատակված հանգամանքներն օրենսդիրը դիտարկել է նաև որպես պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի կարգով գործի քննությանն անցնելու հիմքեր:
Ի թիվս այլի, պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի կարգով գործի քննությանն անցնելու հիմքերի կազմում են դիտարկվել այն իրավիճակները, երբ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում ծագել է գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր պարզելու անհրաժեշտություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարզեցված վարույթը բացառող տվյալ հանգամանքը նախատեսելիս հաշվի են առնվել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելու հետ կապված դատավարական կանոնները: Թեև «հաստատման ծանրությունը» (պահանջների և առարկությունների հիմքում փաստեր դնելու (վկայակոչելու) բեռը) օրենսդիրը դրել է գործին մասնակցող անձանց վրա, այնուամենայնիվ, չի հրաժարվել այն մոտեցումից, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող, այդ թվում՝ ապացուցման ենթակա հանգամանքների շրջանակը որոշելու, դրանց նկատմամբ նյութական իրավունքի նորմերը ճիշտ կիրառելու բեռը կրում է դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով: Պարզեցված վարույթի կառուցակարգը ենթադրում է, որ դրա կիրառումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ հայցվորը, ներկայացնելով որոշակի նյութաիրավական պահանջ, դրա հիմքում դրել (վկայակոչել) է կիրառման ենթակա իրավական նորմերով արժևորվող բոլոր փաստերը, իսկ պատասխանողը սահմանված ժամկետում պատասխան չի ներկայացրել կամ ներկայացրել է այնպիսի պատասխան, որը չի կարող ազդել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակի վրա: Այլ կերպ ասած՝ գործի քննությունը չի կարող իրականացվել պարզեցված վարույթի կարգով, եթե դատարանի համոզմամբ հայցի և (կամ) դրա դեմ ներկայացված առարկության հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակը լիարժեք չէ, ապացուցման առարկան հարկ է լրացնել նյութական օրենսդրությամբ կարևորվող այլ հանգամանքներով, որի պարագայում գործը պետք է նախապատրաստվի դատաքննության ընդհանուր կանոններով, ներառյալ՝ կողմերի հետ քննարկվեն կիրառելի իրավական նորմերը և գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը, այդ հանգամանքների ապացուցման պարտականությունը բաշխելու ու ապացույցներ ներկայացնելու համար անհրաժեշտ ժամկետները, ինչպես նաև կայացվի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման կարգավորումը նպատակ է հետապնդում նաև ապահովելու գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցում ուղղակիորեն շահագրգռված հայցվորների կողմից «որակյալ» հայցադիմումների ներկայացումը: Հայցի՝ պարզեցված վարույթի կարգով արագ քննության և բավարարման ձգտող հայցվորն ի սկզբանե պետք է հոգ տանի վիճելի իրավահարաբերությունը ճիշտ որակելու, կիրառման ենթակա նորմերի շրջանակը որոշելու, այդ նորմերով արժևորվող փաստերը վկայակոչելու մասին:
Համապատասխանաբար, եթե ներկայացված հայցադիմումի շրջանակներում հայցվորն ստույգ որակել է վիճելի իրավահարաբերությունը, ճշգրիտ և սպառիչ վկայակոչել է տվյալ պահանջի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող բոլոր վերաբերելի փաստերը՝ ելնելով կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից, բացակայում է դատարանի նախաձեռնությամբ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը լրացնելու և դրանց ապացուցման պարտականությունը բաշխելու անհրաժեշտությունը, ուստի, բացակայում է նաև պարզեցված վարույթը դադարեցնելու ու ընդհանուր հայցային վարույթի կարգով գործի քննությանն անցնելու համապատասխան հիմքը (տե՛ս «Ակբա Բանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Թամարա Դիլբոյանի թիվ ԵԴ/36726/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12․06․2024 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան՝ Բանկը պահանջել է Մաքսիմ Հովհաննիսյանից բռնագանձել 2.500.244 ՀՀ դրամ, որից 2.330.506 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումար, 146.580 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տոկոսագումար և 23.158 ՀՀ դրամը՝ որպես կուտակված տուժանքի գումար, ինչպես նաև 2.477.086 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել օրական 0,13 տոկոսի չափով տուժանք՝ սկսած 24.07.2021 թվականից մինչև պարտավորության ամբողջական կատարման օրը:
Բանկը հայցապահանջի հիմքում դրել է այն փաստը, որ Մաքսիմ Հովհաննիսյանին տրամադրվել է 2․800․000 ՀՀ դրամի չափով վարկ, մինչդեռ Մաքսիմ Հովհաննիսյանը պատշաճ չի կատարել իր պարտավորությունները:
Գործում առկա՝ վարկի թիվ 14568234 քաղվածքը բովանդակում է պատասխանող Մաքսիմ Հովհաննիսյանի և Բանկի միջև 15.08.2019 թվականից մինչև 08.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, այդ թվում՝ վարկի գումարի ու տոկոսների մարումների, ինչպես նաև 08.07.2021 թվականի դրությամբ վարկի մնացորդի վերաբերյալ։
Դատարանը, արձանագրելով, որ «Հայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ առ այն, որ Բանկի կողմից վարկի գումարը տրամադրվել է Պատասխանողին։ Մասնավորապես, Դատարանն արձանագրել է այն փաստը, որ վարկային հաշվի քաղվածքը չի պարունակում այն հաշվեհամարը, որին՝ համաձայն վարկային պայմանագրի 4.4.1 կետի և 7-րդ բաժնի պետք է փոխանցված լիներ վարկի գումարը: Ընդ որում, Դատարանն արձանագրում է, որ Բանկի կողմից ներկայացված միակողմանի փաստաթղթերն ինքնին այդպիսի ապացույց չեն կարող գնահատվել, քանի որ դրանք արդեն իսկ ածանցվում են հիմնական փաստի առկայությունից, այն է՝ վարկառուի կողմից գումարը ստացված լինելուց։ Նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից, որը սահմանում է պարտավորության դադարումը պատշաճ կատարմամբ և կատարումը հավաստված լինելու եղանակը, օրինակ՝ պարտատիրոջ կողմից ստացական տալը: Սույն դեպքում Դատարանն արձանագրում է, որ Բանկի՝ որպես վարկի գումարը փոխանցելու պարտավոր սուբյեկտի կողմից չի ներկայացվել պարտատիրոջ՝ վարկառուի կողմից պարտավորության կատարումը ստացած լինելու վերաբերյալ օրենքով սահմանված բավարար ապացույց, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերությամբ տարբերակված մոտեցում՝ կապված բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ հարաբերությունների հետ, օրենքով սահմանված չէ», վճռել է հայցը մերժել:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Բանկի կողմից հայցադիմումին կից ներկայացված քաղվածքին, արձանագրել է, որ «գործում այլ տվյալներ պարունակող ապացույցների բացակայության դեպքում Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, որ սույն գործով չի ապացուցվել հայցի հիմքում դրված՝ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված 2,800,000.00 ՀՀ դրամի չափով գումարը վարկառուին տրամադրված լինելու վերաբերյալ: Վերոնշյալի հիման վրա անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին այն մասին, որ վարկային հաշվի քաղվածքը տեղեկություններ է պարունակում բացառապես վարկային հաշվի, այլ ոչ թե բանկային հաշվի մասին, որոնք երկու տարբեր կատեգորիաներ են, անձն ինքն է որոշում՝ վարկի գումարը վարկային հաշվից իր բանկային հաշվին մուտք անել, թե կանխիկ գումարի ձևով իր անձնական վարկային հաշվից ստանալ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ եթե անգամ նշված դատողություններն ինքնին կարող է ողջամիտ լինել, քաղաքացիական դատավարության շրջանակներում գործի քննության ժամանակ դրանք ենթարկվում են ապացուցման կանոններին և դրանք պետք է ապացուցվեն օրենքով սահմանված կարգով: Անդրադառնալով վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը չի անդրադարձել վարկային հաշվի քաղվածքի գործառնություններին, փաստացի պատասխանողը տևական ժամանակ վարկային հաշվին գումարներ է մուտք արել, որոնք ուղղվել են, օրինակ, ժամկետանց վարկի, տոկոսագումարի կամ տուժանքի մարմանը, նշված փաստն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ վարկառուն ընդունում է վարկի գումարն իրեն տրամադրված լինելու փաստը, հակառակ պարագայում անտրամաբանական է պատասխանողների կողմից գումարների մուտքագրումը վարկային հաշվին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործի լուծման համար առաջին հերթին էական է ոչ թե պատասխանողի կողմից ընդհանրապես վարկ ստանալու, դրա շրջանակներում որոշակի վճարումներ կատարելու հարցը, այլ մինչ այդ հարցի պարզումը Դատարանն էական է համարել հայցի հիմքում դրված պայմանագրի շրջանակներում պատասխանողի վարկ ստանալու հանգամանքը: Հետևաբար նշված փաստը սույն գործով ապացուցված չլինելու պայմաններում հայցադիմումին կից ներկայացված վարկային հաշվի քաղվածքի, որին Դատարանն արդեն անդրադարձել է նշված տեսանկյունից, գործառնությունները, այդ թվում՝ կատարված վճարումները չգնահատելու խախտումներ վերագրվել չեն կարող»:
Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս դատարանները հայցադիմումին կից ներկայացված քաղվածքը գնահատել են որպես վարկի գումարը Մաքսիմ Հովհաննիսյանի կողմից ստացված լինելու, վերջինիս կողմից վճարումներ կատարված լինելու փաստերը և այդ վճարումների չափը հաստատող ոչ բավարար ապացույց, քանի որ այն ածանցվում է հիմնական փաստի առկայությունից, այն է՝ վարկառուի կողմից գումարն ստացված լինելուց, իսկ վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցը բացակայում է: Այսինքն՝ վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայությամբ պայմանավորված՝ ստորադաս դատարանները բացառել են վարկի գումարը Մաքսիմ Հովհաննիսյանին տրամադրված լինելու փաստի՝ ներկայացված քաղվածքով հաստատման հնարավորությունը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով թիվ ԵԴ/36467/02/21 և թիվ ԵԴ/36726/02/21 քաղաքացիական գործերով նույնանման փաստական հանգամանքներով կայացրած որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ ստորադաս դատարանները, վարկի գումարը վարկառուի բանկային հաշվին փոխանցված լինելու վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում բավարարվելով ներկայացված քաղվածքի՝ գումարը փոխանցելու փաստը հաստատելու համար բավարար չլինելու վերաբերյալ դատողությամբ, անտեսել են, որ Բանկի կողմից տրված միակողմանի քաղվածքը նույնպես կարող է բավարար տեղեկություններ բովանդակել քննարկվող փաստի, այն է՝ վարկառուի կողմից գումարն ստացված լինելու վերաբերյալ:
Մասնավորապես, Մաքսիմ Հովհաննիսյանի անունով առկա վարկի քաղվածքը բովանդակում է վարկային իրավահարաբերությունը նույնականացնող համապատասխան բավարար տեղեկություններ (այն է՝ վարկառուի և վարկատուի տվյալները, տրամադրվող վարկի չափը, տոկոսադրույքը, ժամկետանց պարտավորությունների չափը, կատարված գործառնությունների, այդ թվում՝ վարկի մարմանն ուղղված գործողությունների կատարման ժամանակի, վայրի ու չափի վերաբերյալ տվյալները), և քաղվածքի բովանդակությունից պարզ է դառնում, որ դրանում արտացոլված հաշվեհամարով իրականացվել են վարկի մարմանն ուղղված գործողություններ, ինչը վկայում է այն մասին, որ Մաքսիմ Հովհաննիսյանն ստացել է համապատասխան վարկն ու մասնակիորեն կատարել է պարտավորությունը՝ մարելով պայմանագրում նշված գումարի մի մասը։
Ըստ այդմ, ներկայացված քաղվածքը թույլատրելի, վերաբերելի, բավարար ապացույց է և ենթակա էր գնահատման գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ տեղեկություն բովանդակելու տեսանկյունից:
Մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ներկայացված քաղվածքում արտացոլված տեղեկատվությունը բավարար է վարկի գումարը Մաքսիմ Հովհաննիսյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատված համարելու համար այնքանով, որքանով ներկայացված քաղվածքը, ի թիվս այլնի, պարունակում է Բանկի և Մաքսիմ Հովհաննիսյանի միջև հաշվետու ժամանակաշրջանում կատարված գործարքների վերաբերյալ ինչպես ամփոփ, այնպես էլ մանրամասն տեղեկատվություն: Հետևաբար, ապացուցման միջոցների՝ ստորադաս դատարանների կողմից վկայակոչված սահմանափակումները տվյալ դեպքում կիրառելի չեն:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի իրականացվել ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտություն ու գնահատում:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքին՝ գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին բողոքաբերի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես նշվել է վերևում, պարզեցված վարույթը դադարեցնելու և ընդհանուր հայցային վարույթի կարգով գործի քննությանն անցնելու հիմք են նաև այն իրավիճակները, երբ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում ծագել է գործին մասնակցող անձանց կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստեր պարզելու անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ բոլոր այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձը ճշգրիտ և սպառիչ վկայակոչել է իր պահանջի քննության ու լուծման համար նշանակություն ունեցող բոլոր վերաբերելի փաստերը, ապա չկա անհրաժեշտություն, որ դատարանը սեփական նախաձեռնությամբ լրացնի այդ փաստերի շրջանակը և դրանք պարզելու նպատակով գործի քննությունն իրականացնի ընդհանուր հայցային վարույթի կարգով՝ ելնելով նաև դատարանի մատչելիության, արագ ու արդյունավետ դատական պաշտպանության պահանջներից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումին կից ներկայացված քաղվածքում արտացոլված տեղեկատվությունը բավարար է վարկի գումարը Մաքսիմ Հովհաննիսյանի կողմից ստացված լինելու փաստը հաստատված համարելու համար, և հայցի հիմքում դրված փաստական հանգամանքների շրջանակը լիարժեք է՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում բացակայում է պարզեցված վարույթը դադարեցնելու ու գործի քննությունն ընդհանուր հայցային վարույթի կարգով իրականացնելու անհրաժեշտությունը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 365-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 25.08.2023 թվականի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու, հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը հետազոտելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի
[ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.08.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: