ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1716-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին և «Հայաստանի տարածքային զարգացման» հիմնադրամին Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման հիման վրա կնքված պայմանագրերում նախատեսել, որ՝
1) եթե մինչև շինարարության թույլտվության ստացումը կապալառուները ձեռք են բերում և շինարարական հրապարակներում պահեստավորում են պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող ծավալաթերթ-նախահաշվով շինարարական աշխատանքների մեկնարկի փուլի համար նախատեսված շինանյութերը պայմանով, որ ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված են միայն այդ շինանյութերի արժեքները, ապա դրանց դիմաց պատվիրատուները հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) հիման վրա կատարում են վճարումներ՝ համապատասխան տողի ծավալով և միավորի գներով բանաձևի արդյունքում ստացված գործակցով։ Արձանագրությունը պատվիրատուի կողմից ստորագրվում է այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վճարումները կատարվում են պայմանագրով (համաձայնագրով) սահմանված վճարման ժամանակացույցին համապատասխան.
2) արձանագրությունը ստորագրվում է, եթե դրան կից ներկայացվում են՝
ա. շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների տնօրենների կամ լիազորված անձի էլեկտրոնային ստորագրություններով հաստատված գրավոր հավաստումները՝ շինարարական հրապարակում արձանագրության մեջ նշված շինանյութերի առկայության և այդ շինանյութերը ծավալաթերթ-նախահաշվով սահմանված քանակներին ու նկարագրերին համապատասխանելու վերաբերյալ: Եթե գրավոր հավաստումները ստորագրում է լիազորված անձը, ապա ներկայացվում է նաև լիազորագիր,
բ. կապալառու կազմակերպության տնօրենի կամ լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված գրավոր հավաստումը՝ արձանագրության մեջ նշված շինանյութերի պահպանությունն իրականացնելու, ինչպես նաև դրանք շինարարության թույլտվությունը ստանալուց հետո կատարվելիք աշխատանքներում օգտագործելու պարտավորության մասին: Եթե գրավոր հավաստումը ստորագրում է լիազորված անձը, ապա ներկայացվում է նաև լիազորագիր: Ընդ որում, եթե աշխատանքների կատարման ընթացքում երկկողմ ստորագրված արձանագրության մեջ նշված շինանյութերը չեն օգտագործվել կամ օգտագործվել են մասնակի, ապա դրանց արժեքները նվազեցվում են շինարարական աշխատանքների մեկնարկի փուլից հետո կատարվող աշխատանքների համար ներկայացվող կատարողական ակտերի դիմաց վճարվող գումարներից.
3) սույն կետի կիրառման դեպքում աշխատանքների կատարման արդյունքում պատվիրատուին ներկայացվող կատարողական ակտերում նշված շինանյութերի արժեքների դիմաց կապալառուին վճարումներ չեն կատարվում։
2. Սահմանել, որ սույն որոշման դրույթները՝
1) տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա, որոնցում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունները.
2) չեն տարածվում այն պայմանագրերի վրա, որոնց մասով որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շինարարական թույլտվությունները ստացված են:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2024, N 1980-Ա | 14.12.2024, N 1716-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|