Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ա. Մաթևոսյան

ԵԴ/1776/01/21

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝  Գ. Հովհաննիսյան

դատավորներ`

 Լ. Աբգարյան
   Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆի

16 հոկտեմբերի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշման դեմ Արշակ Ատոմի Մանասյանի պաշտպան Ս.Կարապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի մարտի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներով հարուցվել է թիվ 49103821 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Արշակ Ատոմի Մանասյանը թիվ 49103821 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով:

2021 թվականի դեկտեմբերի 7-ին թիվ 49103821 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 3-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Արշակ Մանասյանի անմեղությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նա արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը բեկանվել է, Արշակ Մանասյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 1 (մեկ) տարի ժամկետով։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Մանասյանի պաշտպան Ս.Կարապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությանը։

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը տվյալ իրավիճակում իրավասու չէր կայացնել նոր դատական ակտ, այլ պարտավոր էր դատական ակտի բեկանման դեպքում վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

5.1. Բողոքաբերը նշել է, որ մեղադրյալի դատապարտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի իրավական գնահատականը ճիշտ չէ, քանի որ նրա արարքը հակաիրավական չէ և չի պարունակում 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը:

Ըստ բողոքի հեղինակի՝ իր պաշտպանյալի մեղավորությունը չի հիմնավորվում գործում առկա որևէ ապացույցով, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռը բխում է գործի փաստական հանգամանքներից, օրենսդրության պահանջներից և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը կայացրել է անօրինական, չհիմնավորված, չպատճառաբանված և ենթադրությունների հիման վրա կառուցված մեղադրական դատական ակտ, որը ենթակա է բեկանման:

5.2. Բողոքաբերը նշել է նաև, որ Ա.Մանասյանի նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում ենթադրաբար կատարված հանցագործության ծանրությանը և այն ենթադրաբար կատարած անձին, պատիժ նշանակելիս հաշվի չի առնվել պատիժը մեղմացնող, հանցագործության վտանգավորությունը կամ մեղադրյալի անձը բնութագրող որևէ հանգամանք, ուստի նշանակվել է անարդարացի` ակնհայտ խիստ պատիժ, ինչը Վերաքննիչ դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման հիմք է:

5.3. Բողոք բերած անձը նշել է նաև, որ վերաքննիչ բողոքում դատախազը լրացուցիչ պատիժ նշանակելու հարց չէր բարձրացրել, ըստ այդմ էլ Վերաքննիչ դատարանը դատախազի բողոքի հիմքերի, հիմնավորումների և պահանջի սահմաններից դուրս գալով է Ա.Մանասյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ պատիժ:

5.4. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ 2023 թվականի մայիսի 12-ին լրացել է Ա.Մանասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը և վերջինս ենթակա չէ քրեական պատասխանատվության:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արշակ Մանասյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ «(...) [Ն]ա 2020 թվականի դեկտեմբերի 30-ից տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված վիճակում 2021 թվականի փետրվարի 20-ին վարել է «Նիսսան» մակնիշի 11 TT 015 հաշվառման համարանիշի ավտոմեքենան:

Այսպես`

Երևան քաղաքի բնակիչ Արշակ Ատոմի Մանասյանը 2021 թվականի փետրվարի 20-ին` ժամը 13:55-ին, «Նիսսան» մակնիշի 11 TT 015 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Ծաղկաձոր քաղաքում կատարել է ՃԵԿ-ի խախտում, որի համար տվյալ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ սպայական վաշտի Ծաղկաձորի ջոկի տեսուչ Արթուր Գառնիկի Աբաղյանի կողմից կազմվել է ԱՖ 583488 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը ՀՀ ոստիկանության ՃՈ ընդհանուր էլեկտրոնային համակարգ մուտքագրելիս պարզվել է, որ Արշակ Մանասյանի տրասպորտային միջոց վարելու իրավունքը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կայացված թիվ 2012086970 որոշումով կասեցվել է:

Արշակ Ատոմի Մանասյանը վարույթն իրականացնող մարմնից 2021 թվականի մայիսի 4-ին տեղեկանալով իր վարորդական իրավունքի վկայականի կասեցված լինելու հանգամանքի վերաբերյալ` շարունակել է վարել իր անվամբ գրանցված «Մազդա» մակնիշի 11 ZZ 015 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և 2021 թվականի մայիսի 12-ին` ժամը 14:30-ին, տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում տեղակայելու համար տեսանկարահանվել է Երևան քաղաքի Հ.Քոչարի և Վաղարշյան խաչմերուկի հատվածում տեղադրված տեսանկարահանող սարքի կողմից, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 2021 թվականի մայիսի 27-ին կայացվել է թիվ 2112790538 վարչական տույժ նշանակելու որոշումը»1։

8. Առաջին ատյանի դատարանը, Արշակ Մանասյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելիս, արձանագրել է, որ. «(...) Արշակ Ատոմի Մանասյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը դատական քննությամբ չի ապացուցվել (...):

(...) [Դ]ատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք չի բերվել Արշակ Մանասյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու համար: Ամբաստանյալ Արշակ Մանասյանի մեղավորության վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունը կառուցված է ենթադրությունների, այլ ոչ թե օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա, ինչը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ, ինչն էլ իր հերթին վկայում է այն մասին, որ նման պայմաններում պետք է փաստել Արշակ Մանասյանի անմեղության ապացուցված լինելը (...)»2:

9. Վերաքննիչ դատարանը, Արշակ Մանասյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը բեկանելիս և մեղադրական դատական ակտ կայացնելիս, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ապացուցված է Արշակ Մանասյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, իսկ վերը նշված ապացույցների համակցությունը բացառում է ամբաստանյալ Արշակ Մանասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք չկատարելու ողջամիտ հավանականությունը:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի լուծման տեսանկյունից ճիշտ չի գնահատել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները՝ խախտելով ապացույցները գնահատելու վերաբերյալ Նախկին քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում ամբաստանյալ Արշակ Մանասյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով անհիմն արդարացվել է` նրա մեղավորության մասին գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության պայմաններում: Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալ Արշակ Մանասյանին անհիմն արդարացնելով, Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ ամբաստանյալի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ այն պայմաններում, երբ առկա է վերջինի արարքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու հանցակազմը։

Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա ամբողջությամբ պետք է բեկանել Արշակ Մանասյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը և նրան մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ: (...)»3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյո՞ք կայացնել մեղադրական դատական ակտ:

11. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

12. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած Առաջին ատյանի դատարանն Արշակ Մանասյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը վերաքննության կարգով բերված բողոքը քննելիս ղեկավարվել է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով:

13. ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Պարզելով, որ մեղադրյալի արդարացման կամ նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ այդ արարքը որևէ հանցակազմ է պարունակում, կամ առկա չէ այդ արարքի հանցավորությունը բացառող որևէ հանգամանք (դատապարտվելու փոխարեն մեղադրյալն արդարացվել է, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է), վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը` վարույթը փոխանցելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: (...)»:

Նույն օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն` «1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝

1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, կամ

2) առերևույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետևանքով կամ առերևույթ որևէ լուրջ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:

(...)

4. Սույն հոդվածի իմաստով՝ լուրջ են համարվում հետևյալ փաստական կամ իրավական հանգամանքները

(...)

4) սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացրել է նոր դատական ակտ. (...):

Վերոշարադրյալ նորմերի բավանդակությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով այն համոզման, որ Արշակ Մանասյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռն իրավաչափ չէ, պետք է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն բեկաներ դատական ակտը և վարույթը փոխանցեր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, այլ ոչ թե կայացներ նոր դատական ակտ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գործը լուծելիս չի պահպանել քրեադատավարական օրենքի պահանջը:

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճռի բեկանման դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնել մեղադրական դատական ակտ:

15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, ինչը համաձայն նույն օրենսգրքի 387-րդ հոդվածի, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք է։

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 5.1-5.4-րդ կետերում նշված փաստարկներին, ապա հիշյալ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Արշակ Մանասյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արշակ Ատոմի Մանասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 143-144:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 86-96:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 138-168:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան