Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Տ. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԵԴ/1351/01/21

նախագահող դատավոր՝

դատավորներ՝

 Կ. Մարդաանյան

 Ա. Մաթևոսյան

 Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

13 սեպտեմբերի 2024 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ դատապարտյալ Գրիգոր Վարազդատի Պետրոսյանի բացառիկ վերանայման բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով Գրիգոր Վարազդատի Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել ազատության սահմանափակման՝ 3 (երեք) տարի ժամկետով. նշված ժամանակահատվածում Գ.Պետրոսյանին արգելվել է կազմակերպել մշակութային որևէ տեսակի մրցույթ, առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը և յուրաքանչյուր օր՝ ժամը 22:00-ից մինչև ժամը 06:00-ը, բացակայել տնից: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով որոշվել է նաև տուժող և քաղաքացիական հայցվոր Ինեսսա Բարոյանի քաղաքացիական հայցը բավարարել մասնակիորեն. ամբաստանյալ Գ.Պետրոսյանից հօգուտ տուժող, քաղաքացիական հայցվոր Ինեսսա Վալերիի Բարոյանի բռնագանձել 2.509.037 (երկու միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը մերժել:

3. Մեղադրյալ Գ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշման դեմ մեղադրյալ Գ.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Գ.Պետրոսյանը բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել, որի հիման վրա Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոսոտոսի 23-ի որոշմամբ բացառիկ վերանայման վարույթ է հարուցվել և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերը փաստարկել է, որ հանցանքը, որի կատարման մեջ ինքը մեղադրվում է, ավարտվել է 2019 թվականի ապրիլ ամսին, ուստի իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է 2024 թվականի ապրիլ ամսին, իսկ գործի նյութերում առկա չեն փաստական տվյալներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ վաղեմության ժամկետի ընթացքը կասեցնելու կամ ընդհատելու համար, ինքը չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի և քրեական գործով վարույթը կարճվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եկել է հետևության, որ առկա է քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանք, որի պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ինեսսա Բարոյանի վերաբերյալ դրվագով) քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի որոշմամբ Գրիգոր Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ հետևյալ արարքների համար. «(…) [Ն]ա, խոշոր չափերով ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի փետրվարի 28-ից մինչև 2019 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում, Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում տեղի ունեցող «Լեսամիս դե լա դանս» միջազգային պարի մրցույթի մասնակցության համար ինքնաթիռի տոմսեր գնելու, Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում ապրուստն ապահովելու, ապահովագրության վճարում կատարելու, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը նախատեսված վճարումները կատարելու պատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Ինեսսա Վալերի Բարոյանից հափշտակել է խոշոր չափերի` 2.118.102 ՀՀ դրամ գումար, իսկ 2019 թվականի մարտի 22-ից 2019 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում նույն պատրվակով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, Լուիզա Մնացականի Գալստյանից հափշտակել է խոշոր չափերի` 1.069 218 ՀՀ դրամ գումար:

Այսպես. 2019 թվականի փետրվար ամսին Գրիգոր Վարազդատի Պետրոսյանը, խոշոր չափերով ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրել է Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում 2019 թվականի ապրիլի 28-ին կայանալիք «Լեսամիս դե լա դանս» միջազգային պարի մրցույթի մասնակցության կազմակերպման վերաբերյալ հայտարարություն: 2019 թվականի փետրվարի 22-ին Ինեսսա Վալերի Բարոյանը, տեսնելով հայտարարությունը, Գրիգոր Պետրոսյանին հայտնել է դստեր` Նատալի Բարոյանի կողմից «Լեսամիս դե լա դանս» միջազգային պարի մրցույթին մասնակցություն ունենալու իր ցանկությունը, որից հետո Գրիգոր Պետրոսյանը, հանցավոր մտադրությունն իրականացնելու դիտավորությամբ, Նատալի Բարոյանի կողմից մրցույթի ապահովագրության վճարում կատարելու, ավիատոմսեր գնելու, Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում հյուրանոցային համար ամրագրելու, Ֆրանսիայի Հանրապետության ՀՀ-ի դեսպանատանը անհրաժեշտ վճարումներ կատարելու, բանկային քարտին անհրաժեշտ չափի գումարի առկայության վերաբերյալ դեսպանատուն տեղեկանք ներկայացնելու և հետագայում այդ գումարը վերադարձնելու պատրվակներով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, Ինեսսա Բարոյանից պահանջել է խոշոր չափերի` ընդհանուր 1.046.037 ՀՀ դրամ և 2660 եվրոյին համարժեք 1.463.000 ՀՀ դրամ գումարը, որը ստացել է 2019 թվականի փետրվարի 28-ին, մարտի 20-ին, մարտի 22-ին, ապրիլի 15-ին և ապրիլի 19-ին Ինեսսա Բարոյանի կողմից կատարած բանկային փոխանցումների միջոցով և հափշտակել այն:

Բացի այդ, Գրիգոր Պետրոսյանը, խոշոր չափերով ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2019 թվականի ապրիլի 28-ին Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում տեղի ունեցող «Լեսամիս դե լա դանս» միջազգային պարի մրցույթին Րաֆֆի Տիգրանի Գալստյանի մասնակցությունը կազմակերպելու համար` ավիատոմսեր ձեռք բերելու, մրցույթին մասնակցելու և ապահովագրության վճարում կատարելու պատրվակով, վերջինիս ծնողից` Լուիզա Մնացականի Գալստյանից, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, պահանջել է ընդհանուր` 1.069.218 ՀՀ դրամ, որից 713.540 ՀՀ դրամը 2019 թվականի մարտի 22-ին ստացել է Լուիզա Գալստյանի կողմից կատարած բանկային փոխանցումների արդյունքում, իսկ 321.738 ՀՀ դրամին համարժեք 600 եվրոն 2019 թվականի ապրիլի 25-ին վերջինիցս առձեռն ստացել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում, և հափշտակել այն (...)»1:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Պետրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (տուժող Լուիզա Գալստյանի վերաբերյալ դրվագով) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու պատճառաբանությամբ2:

9. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով արձանագրել է. «(…) Դատաքննությամբ, գործի տվյալներով, դատարանը հիմնավորված է համարում հետևյալը.

Ամբաստանյալ Գրիգոր Վարազդատի Պետրոսյանը, խոշոր չափերով ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրել է Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում 2019 թվականի ապրիլի 28-ին կայանալիք «Լեսամիս դե լա դանս» միջազգային պարի մրցույթի մասնակցության կազմակերպման վերաբերյալ հայտարարություն: 2019 թվականի փետրվարի 22-ին Ինեսսա Վալերի Բարոյանը, տեսնելով հայտարարությունը, Գրիգոր Պետրոսյանին հայտնել է դստեր` Նատալի Բարոյանի կողմից «Լեսամիս դե լա դանս» միջազգային պարի մրցույթին մասնակցություն ունենալու իր ցանկության մասին, որից հետո Գրիգոր Պետրոսյանը, հանցավոր մտադրությունն իրականացնելու դիտավորությամբ, Նատալի Բարոյանի կողմից մրցույթի ապահովագրության վճարում կատարելու, ավիատոմսեր գնելու, Ֆրանսիայի Հանրապետության Տուլոն քաղաքում հյուրանոցային համար ամրագրելու, Ֆրանսիայի Հանրապետության ՀՀ-ի դեսպանատանը անհրաժեշտ վճարումներ կատարելու, բանկային քարտին անհրաժեշտ չափի գումարի առկայության վերաբերյալ դեսպանատուն տեղեկանք ներկայացնելու և հետագայում այդ գումարը վերադարձնելու պատրվակներով, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, Ինեսսա Բարոյանից պահանջել է խոշոր չափերի` ընդհանուր 1.046.037 ՀՀ դրամ և 2660 եվրոյին համարժեք 1.463.000 ՀՀ դրամ գումար, որը Գրիգոր Պետրոսյանը ստացել է 2019 թվականի փետրվարի 28-ին, մարտի 20-ին, մարտի 22-ին, ապրիլի 15-ին և ապրիլի 19-ին Ինեսսա Բարոյանի կողմից կատարած բանկային փոխանցումների միջոցով և հափշտակել է այն:

(…)

Նախկին և նոր քրեական օրենսգրքերով խոշոր չափերով խարդախության համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա դատարանն արձանագրում է, որ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակներ՝ հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը, որոնք նախատեսված չէին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով:

Հետևաբար, դատարանը, ղեկավարվելով 2021թ. մայիսի 5-ին ընդունված և 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ կերպ` հետադարձ ուժ տալով պատիժը մեղմացնող օրենսդրությանը, փաստում է, որ Գ.Պետրոսյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

(...)

Սույն քրեական գործի դատական քննությամբ հաստատվել է, որ ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի կատարած` 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հետևանքով տուժող Ինեսսա Բարոյանին անմիջականորեն պատճառվել է 2.509.037 (երկու միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս:

Տուժող Ինեսսա Բարոյանը քրեական գործի նախաքննության ժամանակ ամբաստանյալ Գ.Պետրոսյանի դեմ ներկայացրել է 2.509.037 (երկու միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական հայց` միաժամանակ խնդրելով մինչև պարտավորության մարման օրը Գրիգոր Պետրոսյանից բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Քննարկելով քաղաքացիական հայցը և հաշվի առնելով, որ դատարանն ապացուցված է համարել 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի մեղքը, այդ հանցավոր արարքի հետևանքով ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանի կողմից Ինեսսա Բարոյանին 2.509.037 (երկու միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս պատճառված լինելը, դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցը պետք է բավարարել մասնակի, ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանից հօգուտ տուժող Ինեսսա Բարոյանի բռնագանձման է ենթակա 2.509.037 (երկու միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում:

Ինչ վերաբերում է մինչև պարտավորության մարման օրը Գրիգոր Պետրոսյանից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու մասին տուժողի պահանջին, դատարանն արձանագրում է, որ հիշյալ պահանջը քրեական դատավարությունում քննվող քաղաքացիական հայցի առարկայի սահմաններից դուրս է, ուստի այդ մասով քաղաքացիական հայցը ենթակա է մերժման (...)»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Գ.Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

13. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 401-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝

(…)

2) հիմնարար խախտման հիմքով վարույթը.

(…)

2. Բացառիկ վերանայման ենթակա են՝

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռը (…)

(…)

3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «2. Հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ տվյալ մեղադրյալի՝ հետևյալ հիմքերով

1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ»:

13.1. Վճռաբեկ դատարանը հիմնարար խախտման էությունը մեկնաբանել է իր նախադեպային իրավունքի շրջանակներում4:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից. (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից մինչև անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը: (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝

(...)

2. Խարդախությունը, որը կատարվել է՝

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝

(...)

2. Խարդախությունը, որը կատարվել է՝

(...)

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

14.1. Մեջբերված նորմերի վերլուծությունից երևում է, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Պետրոսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերագրված արարքն ավարտվել է 2019 թվականի ապրիլի 19-ին5։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 18-ին6, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի մարտի 4-ին7: Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժվել է8:

16. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1.-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ Գ.Պետրոսյանին վերագրված արարքը որակվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ավելի մեղմ պատիժ նախատեսված լինելու հիմքով, սակայն վաղեմության ժամկետի հաշվարկի առումով կիրառման են ենթակա տվյալ արարքի համար արարքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումները. այսինքն Գ.Պետրոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը9:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Պետրոսյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի ապրիլի 19-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում, Գրիգոր Վարազդատի Պետրոսյանի վերաբերյալ կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ։

17. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարած ԳՊետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է եղել դադարեցման՝ համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի։ Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշումը վերանայել, ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակի բեկանել՝ ԳՊետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով, իսկ տուժող և քաղաքացիական հայցվոր ԻԲարոյանի քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու մասով՝ թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 162-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 407-408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշումը հիմնարար խախտման հիմքով վերանայել։

2. Բացառիկ վերանայման արդյունքում դատապարտյալ Գրիգոր Վարազդատի Պետրոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 4-ի որոշումը մասնակի բեկանել՝ Գրիգոր Վարազդատի Պետրոսյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել՝ ՀՀ քրեական oրենuգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով քրեական պատաuխանատվությունից ազատման ենթակա լինելու հիմքով, իսկ տուժող և քաղաքացիական հայցվոր Ինեսսա Վալերիի Բարոյանի քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու՝ ամբաստանյալ Գրիգոր Վարազդատի Պետրոսյանից հօգուտ տուժող, քաղաքացիական հայցվոր Ինեսսա Վալերիի Բարոյանի 2.509.037 (երկու միլիոն հինգ հարյուր ինը հազար երեսունյոթ) ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում բռնագանձելու մասով՝ թողնել անփոփոխ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

_________________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 154-160։

2 Տես վարույթի նյութեր, հատոր 6, թերթեր 96-102:

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 77-94։

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը, Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը

7 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 13-րդ կետը։

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. Ասատրյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական: