Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.09.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0505/11/18

Գործ թիվ ԵԴ/0505/11/18

 

Նախագահող դատավոր՝  Ն. Հովակիմյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

 

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

2021 թվականի սեպտեմբերի 3-ին

ք. Երևանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Լ.Պողոսյանի՝ 2018 թվականի հունիսի 8-ի որոշմամբ հարուցվել է թիվ 58211418 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի, 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:

2. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Հովհաննիսյանի (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)՝ 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Կարեն Համլետի Թորոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Լյուդմիլա Մկրտչի Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 4 դրվագով, և 214-րդ հոդվածի 2-րդ մասով:

2.1. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ մեղադրյալներ Կ.Թորոսյանի և Լ.Մկրտչյանի պաշտպան Կ.Բատիկյանի՝ մեղադրանք առաջադրելու որոշումների բովանդակությունը հստակեցնելու և կոնկրետացնելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվել է:

2.2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի նշված որոշման դեմ պաշտպան Կ.Բատիկյանի բողոքը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի՝ 2018 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2019 թվականի մարտի 19-ի որոշմամբ դիմողներ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքը բավարարել է, սահմանել է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ վերացնելու դիմողներ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը, այն է՝ թիվ 58211418 քրեական գործով մեղադրյալներ Լ.Մկրտչյանին և Կ.Թորոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2018 թվականի օգոստոսի 31-ի որոշումների բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

4. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Արամյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշմամբ արձանագրվել է, որ. «(…) [Վ]արույթն իրականացնող մարմինն իր 31.08.2018 թվականի որոշումներով մեղադրյալներ Լյուդմիլա Մկրտչյանի և Կարեն Թորոսյանի մեղադրանքների ձևակերպման մեջ մանրամասնորեն պետք է նշեր հանցագործության տեղը, ժամանակը և եղանակը, քանի որ նշված պահանջների պահպանմամբ մեղադրանքը ձևակերպելու պարագայում միայն առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտար մեղադրյալներ Լ.Մկրտչյանին և Կ.Թորոսյանին պատշաճ կերպով իրականացնել իրենց պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովեր կողմերի դատավարական իրավահավասարությունը՝ սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Կոնկրետ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից չի վիճարկվել պաշտպան Կ.Բատիկյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այլ դրա քննարկումն ուղղակիորեն հետաձգվել է: Այսինքն, վարույթն իրականացնող մարմինը կասկածի տակ չի դրել պաշտպան Կ.Բատիկյանի միջնորդությունն առ այն, որ առաջադրված մեղադրանքները կոնկրետացման կարիք ունեն: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշել մեղադրանքի ձևակերպումը` նշելով հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները, դատարանը հանգում է հետևության, որ ներկայացված բողոքը հիմնավոր է:

Դատարանն անընդունելի է համարում վարույթն իրականացնող մարմնի այն դիրքորոշումը, թե մեղադրանքի որոշումների չկոնկրետացնելը դիտվել է իբրև նախաքննության գաղտնիքի բացահայտում: Սա աբսուրդային մտածելակերպ է և քրեադատավարան նորմերի պահանջների թյուր ըմբռնում:

Բացի այդ, դատարանն արձանագրում է, որ դատախազության մարմնի կողմից վկայակոչված սկզբունքը, այն է՝ ընթանում է նախաքննություն և գործի ավարտական փուլում մեղադրանքը կլրացվի, չի կարող կիրառելի լինել, քանի որ չհստակեցված մեղադրանքի առկայության պայմաններում առկա է մեղադրյալների պաշտպանության իրավունքի խախտում, իսկ դատախազության մարմնի նման դիրքորոշումը խոչընդոտում է մեղադրյալների պաշտպանության իրավունքի իրականացմանը և խախտում մեղադրյալներ Լ.Մկրտչյանի, Կ.Թորոսյանի իրավունքներն ու ազատությունները:

Նման պայմաններում, դատարանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը պաշտպան Կ.Բատիկյանի միջնորդության քննարկումը հետաձգելով, խախտել է վերջինիս պաշտպանյալների, գործով մեղադրյալներ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի պաշտպանության իրավունքը (…)»1:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի որոշման համաձայն. «(…) [Վ]երաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության՝ իր լիազորությունների սահմաններում, առանց նախաքննության մարմնի ապացուցողական գործունեությանը (ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելը) միջամտելու, ուսումնասիրելով և վերլուծելով գործի փաստական տվյալները, հանգել է իրավաչափ և գործի փաստական տվյալներից բխող հիմնավոր հետևության այն մասին, որ թիվ 58211418 քրեական գործով մեղադրյալներ Լյուդմիլա Մկրտչի Մկրտչյանին և Կարեն Համլետի Թորոսյանին մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը հստակեցված չէ, մասնավորապես՝ նկարագրական-պատճառաբանական մասում հստակ չի նշվել հանցագործության տեղը, ժամանակը և եղանակը, որպիսի պայմաններում խախտվել է մեղադրյալների պաշտպանության իրավունքը:

Ինչ վերաբերում է դատախազի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը դուրս է եկել իր լիազորությունների տիրույթից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դատական կարգով բողոքարման ենթակա չէ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վճռաբեկ դատարանը 05.11.2010թ. թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշմամբ հայտնել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը (…)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոքի հեղինակի կարծիքով, ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս դուրս են եկել իրենց լիազորությունների սահմանից՝ թույլ տալով դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

8.1. Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, որով ղեկավարվել է դատարանը դատական ակտ կայացնելիս, հստակ նախատեսում է այն որոշումների շրջանակը, որոնց օրինականությունը կարող է ստուգել դատարանը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, և դրանց մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ներառված չէ: Բողոքաբերի պնդմամբ՝ Առաջին ատյանի դատարանը քննարկել է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով մեղադրանքի բովանդակային ձևակերպումը և դրա վերաբերյալ եզրահանգում է կատարել, անգամ դատողություններ է արել քրեական գործով ձեռքբերված ապացույցների վերաբերյալ, գնահատել և վերլուծել դրանք՝ փաստելով, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է մեղադրանքի ձևակերպումը համապատասխանեցնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին։

8.2. Բողոք բերած անձի պնդմամբ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Բողոքաբերը փաստել է, որ այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր են: Բողոքաբերի կարծիքով, եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք դիմողներ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական () մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ oրենքներով ()»:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ()»:

12. Մեջբերված իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների (պաշտոնատար անձանց) որոշումների և գործողությունների դատական բողոքարկման ինստիտուտը կոչված է երաշխավորելու սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների կենսագործումը և ապահովելու անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը պետական մարմինների անօրինական (անիրավաչափ) որոշումներից և գործողություններից: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն ունի իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակները, այն է՝ բողոքարկվող որոշումների և գործողությունների օրինականությունը ստուգելու արդյունքում պարզել անձի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և կայացնել համապատասխան որոշում նշված խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության վերաբերյալ3:

12.1. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վալերի Գրիգորյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ. «(…) [Ե]թե քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա (…) Սահմանադրությամբ ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման»4:

12.2. Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը Վարուժան Մանուկյանի գործով արձանագրել է. «(…) [Մ]ինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման»5:

12.3. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը Հովհաննես Գինոսյանի գործով փաստել է, որ «(…) [Ա]նձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ, ինչն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանության համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Հետևաբար, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա (…)»6:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը դիմողներ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված բողոքի քննության արդյունքում ըստ էության քննարկել և գնահատական է տվել նախաքննության մարմնի՝ որպես մեղադրյալ նեգրավելու մասին որոշումներին, արդյունքում ճանաչելով դիմողներ Լ.Մկրտչյանի ու Կ.Թորոսյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը։ Առաջին ատյանի դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել թույլ տրված խախտումը, այն է՝ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասում մեղադրանքի ձևակերպման մեջ նշել հանցագործության տեղը, ժամանակը, եղանակը և մյուս հանգամանքները7: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ8:

14. Նախորդ կետում վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.3-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով Լ.Մկրտչյանին և Կ.Թորոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումների դեմ բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի սահմաններից: Ստորադաս դատարանները, անդրադառնալով առաջադրված մեղադրանքների բովանդակային ձևակերպումներին, անտեսել են քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների՝ այդ թվում դատախազական հսկողության և դատական վերահսկողության տարանջատման պահանջները՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը վերածելով բուն արդարադատության իրականացման գործընթացի։

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չի հանդիսանում, քանի որ այն բովանդակային առումով կարող է վիճարկվել գործն ըստ էության քննելիս, ինչը չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ենթարկելու պարագայում կվտանգվի մրցակցային սկզբունքի պահպանմամբ քրեական գործով օբյեկտիվ և անաչառ արդարադատության իրականացումն երաշխավորող՝ դատարանի անկախության սահմանադրական սկզբունքը: Հետևաբար, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարաններն իրավասու չեն ստուգել որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ արդարադատության իրականացման ընթացքում։

15. Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմողներ՝ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողներ Լ.Մկրտչյանի և Կ.Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքը պետք է մերժել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմողներ Լյուդմիլա Մկրտչյանի և Կարեն Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մարտի 19-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի որոշումները բեկանել և փոփոխել: Դիմողներ Լյուդմիլա Մկրտչյանի և Կարեն Թորոսյանի ներկայացուցիչ Կ.Բատիկյանի բողոքը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 70:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթ 75:

3 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վալերի Գրիգորյանի գործով 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը:

6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշման 17-րդ կետը:

7 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը:

8 Տե՛ս, սույն որոշման 4-րդ կետը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան