Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 67783/13
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Incorporation (11.10.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 08.08.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.07.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2023

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԳԱՍՊԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ (ԹԻՎ 2)

 

(գանգատ թիվ 67783/13)

 

Վ Ճ Ի Ռ

 

Հոդված 10 $ Արտահայտվելու ազատությունը Ցույցի ժամանակ պետական պաշտոնատար անձի հասցեին դիտողություններ հնչեցնելու համար քաղաքացիական ակտիվիստին խուլիգանության համար քրեորեն դատապարտելը, որը «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում» Վիճելի դիտողություններ, անմիջական հուզական արձագանք, որը հնչեցվել է որպես բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ պաշտոնատար անձի վերաբերմունքի կտրուկ քննադատություն և համարժեք չէ անիմաստ զրպարտության Ներպետական դատարանների կողմից հիմքում ընկած փաստերը պատշաճ կերպով չգնահատելը կամ որոշման համար հատուկ պատճառաբանություններ չներկայացնելը Ներպետական իշխանությունների կողմից հավասարակշռվածությունը չպահպանելը՝ ցույց տալու, որ դատապարտումը համապատասխանում է «ծայրահեղ սոցիալական կարիքին»

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

11 հուլիսի 2023 թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 2),

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins],

Աննա Լուիս Բորման [Anne Louise Bormann]` դատավորներ,

և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդգես Գասպարիի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 67783/13),

դիմումատուի՝ արտահայտվելու ազատության իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

2023 թվականի հունիսի 20-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է փոքրածավալ ցույցի ժամանակ պետական պաշտոնատար անձի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար դիմումատուին դատապարտելուն, և դրանով բարձրացվում են հարցեր Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում։

 

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուն ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում: Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Մ. Շուշանյանը և պրն Ռ. Ռևազյանը։

3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփ շարադրել հետևյալ կերպ:

5. 2011 թվականի հոկտեմբերի 20-ին դիմումատուն, որը հայտնի քաղաքացիական ակտիվիստ է, մասնակցել է Կառավարության շենքի դիմաց մի քանի տասնյակ մարդկանց կողմից կազմակերպված փոքրածավալ ցույցի՝ ի նշան հայկական բանակում ոչ մարտական մահերի և նման դեպքերի առնչությամբ ենթադրաբար պատշաճ քննություն չիրականացնելու դեմ բողոքի ակցիայի:

6. Ներպետական դատարանների եզրահանգումների համաձայն՝ ցույցի ժամանակ ինչ-որ պահի Հայաստանի ոստիկանապետ Ա.Ս.-ն (Ոստիկանապետ) դուրս է եկել շենքից և մոտեցել հավաքված բազմությանը, որպեսզի անցնի այդ բազմության միջով և մոտենա իր մեքենային: Նա խնդրել է բողոքի ակցիայի մասնակից կանանցից մեկին թույլ տալ իրեն անցնել և անցել է՝ անցնելիս դիպչելով այդ կնոջ ձեռքին: Այդ պահին դիմումատուն սկսել է բղավել Ոստիկանապետի վրա՝ նրան անվանելով «խուլիգան», «հիմար», «անտաշ» և «սրիկա»։ Ներկաներից ոմանք, այդ թվում՝ քաղաքացիները և ոստիկանության ծառայողները, քննադատաբար են արձագանքել դիմումատուի վարքին։

7. Դիմումատուն վիճարկել է վերոնշյալ որոշ եզրահանգումներ՝ պնդելով, որ Կառավարության շենքից Ոստիկանապետից առաջ հեռացած մյուս պաշտոնատար անձինք շրջանցել են հավաքված բազմությունը, որպեսզի չառաջացնեն անկարգություններ, մինչդեռ Ոստիկանապետը միտումնավոր մտել է բազմության մեջ և այդպիսով հրել ցուցարար կանանցից մեկին՝ դրանով իսկ հրահրելով բազմության զայրացած արձագանքը: Ցուցարարները Ոստիկանապետի հետևից բղավել են «խուլիգան» և «հանցագործ», իսկ դիմումատուն նաև բղավել է. «Մի՛ հրիր, անտա՛շ։ Սրիկա՛»։

8. Ցույցի վայրում դիմումատուն ձերբակալվել է, այնուհետև վերոնշյալ իրադարձությունների կապակցությամբ նախկին Քրեական օրենսգրքի (ՔՕ) 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նրան առաջադրվել է մեղադրանք խուլիգանության առնչությամբ (տե՛ս ստորև՝ 16-րդ պարբերությունը)։

9. Դատավարության ընթացքում ուսումնասիրված մի քանի տեսահոլովակների վերծանումները, որքանով դրանք վերաբերելի են, կարելի է ամփոփել հետևյալ կերպ։ Այն բանից հետո, երբ Ոստիկանապետը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին և անցել է նրանց միջով (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը), դիմումատուն սկսել է բղավել. «Խուլիգաններ», «Անտաշներ», «Մի՛ հրեք», «Ձեռքերդ քաշի՛ր, անտաշ», «Հիմար», «Խուլիգան», «Սրիկա»։ Մյուս երկու կանայք բղավել են՝ «Մարդասպան» և «Ազգի դավաճաններ»։ Այնուհետև Ոստիկանապետը կանգ է առել ոստիկանության մի քանի հերթապահ ծառայողների հետ խոսելու և նրանցից մեկին դիմելով ասել է. «Ամեն արժան-անարժան մարդ այստեղ է,[ո՞րն է] իմաստը։ Իմա՞ստը», և դիմումատուն բղավել է՝ «[Ա.Ս.-ն] խուլիգան է»։ Այնուհետև Ոստիկանապետը մոտեցել է իր մեքենային, իսկ այդ ժամանակ բազմությունը բղավել է՝ «Ամոթ.։ Ինչ-որ պահի նաև լսվել է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները բղավել «Խուլիգաննե՛ր» և «Մարդասպաննե՛ր»։

10. Այնտեղ ներկա գտնվող ոստիկանության ծառայողների, այդ թվում՝ ձերբակալությունը կատարող ծառայողների և դեպքի երկու ականատեսների ցուցմունքների համաձայն՝ դիմումատուն, inter alia (ի թիվս այլնի), դրսևորել է ագրեսիվ և անհարգալից վարքագիծ՝ վիրավորանքներ հնչեցնելով, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, Ոստիկանապետի հասցեին: Նա շարունակել է իրեն այդպես պահել՝ չնայած ոստիկանության ծառայողների և այլ անձանց կողմից արված դիտողություններին։

11. Բողոքի ակցիայի երկու մասնակիցներ, այդ թվում՝ վերևում 6-րդ պարբերությունում նշված մասնակից կինը, նշել են, որ Ոստիկանապետն ու նրա օգնականներն ակցիայի մասնակիցների բազմության միջով ճեղքելով անցնելիս հրել են իրենց՝ չնայած խումբը շրջանցելու մասին վերջիններիս պահանջներին:

12. 2012 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքում՝ գտնելով, որ նրա գործողությունները խուլիգանություն էին ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, և նրան դատապարտել է տուգանքի՝ 30.000 ՀՀ դրամի չափով1: Գործը քննող դատարանը վճռել է, որ դիմումատուն կոպտորեն խախտել է հասարակական կարգը՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ Ոստիկանապետի հասցեին բղավելով վերոնշյալ արտահայտությունները (տես վերևում՝ 6-րդ պարբերությունը): Ավելին, նրա վարքագիծը վրդովմունք է առաջացրել ներկաների շրջանում, ինչի մասին վկայում է այն փաստը, որ նրանք քննադատություններ են հնչեցրել նրա գործողությունների վերաբերյալ։ Բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանապետն անբարոյական կամ հակաօրինական որևէ բան չէր արել: Հետևաբար դիմումատուն ցանկացել է առանձնանալ ամբոխից և չարդարացված կերպով ընդգծել իր գերակայությունը պետական պաշտոնատար անձանց, տվյալ դեպքում՝ Ոստիկանապետի նկատմամբ, որին նա առանձնացրել է պատահականության սկզբունքով։

13. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել իր մեղադրական դատավճռի դեմ, inter alia, պնդելով, որ դրանով խախտվել է արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքը: Նա և մյուսները խաղաղ բողոքի ակցիա էին իրականացրել մինչև այն պահը, երբ Ոստիկանապետը, ցուցարարներին հրելով, անցել էր բազմության միջով՝ այդպիսով խանգարելով խաղաղ բողոքի ակցիայի իրականացմանը: Ցույցի նպատակն էր պետական պաշտոնատար անձանց հրապարակայնորեն ներկայացնելու իրենց մտահոգությունները, և այդ համատեքստում հնչեցված արտահայտությունները հաճախ կարող էին պարունակել պետական պաշտոնատար անձանց գործողություններին վերաբերող հնարավոր վիրավորական տարրեր։ Ոստիկանապետը ոչ միայն չի ցուցաբերել պետական պաշտոնատար անձից նման իրավիճակներում պահանջվող հանդուրժողականություն, այլև ինքն է հրահրել միջադեպը: Եվ վերջապես, եթե Ոստիկանապետը դիմումատուի արտահայտությունները համարել էր վիրավորական, նա կարող էր քաղաքացիական հայց ներկայացնել:

14. 2013 թվականի հունվարի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և գործը քննող դատարանի պատճառաբանությունները թողել է անփոփոխ:

15. Դիմումատուն շարունակել է բողոքարկումը, և 2013 թվականի մարտի 27-ին Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նրա վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով, որի մասին նրան ծանուցվել է 2013 թվականի ապրիլի 9-ին։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

16. Նախկին Քրեական օրենսգրքի (որն ուժի մեջ է եղել 2003 թվականի օգոստոսի 1-ից 2022 թվականի հուլիսի 1-ը) 258-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան դրույթով նախատեսվում է հետևյալը.

 

«1. Խուլիգանությունը՝ [մասնավորապես] դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

17. Դիմումատուն բողոք է ներկայացրել այն առնչությամբ, որ ցույցի ժամանակ նրա արած արտահայտությունների համար քրեորեն դատապարտելը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված՝ արտահայտվելու ազատության իրավունքի խախտում է, որն ունի հետևյալ բովանդակությունը.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից:

 

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

 

18. Կառավարությունը չի ներկայացրել որևէ դիտարկում սույն բողոքի ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ։

 

Ա. Ընդունելիությունը

19. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածով սահմանված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

 

Բ. Ըստ էության քննությունը

 

Դատարանի գնահատականը

 

ա) Արդյո՞ք տեղի է ունեցել միջամտություն, թե՝ ոչ

20. Դատարանը համարում է, որ դիմումատուի քրեորեն դատապարտումը միջամտություն էր արտահայտվելու ազատության նրա իրավունքի իրացմանը (համեմատի՛ր Յանովսկին ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Janowski v. Poland [GC]], թիվ 25716/94, § 22, ՄԻԵԴ 1999 I)։

21. Միջամտությունը չի հիմնավորվի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթների համաձայն, եթե այն «սահմանված չէ օրենքովե, չի հետապնդում հոդվածի 2-րդ կետում նշված իրավաչափ նպատակներից մեկը կամ մի քանիսը և այդ նպատակին կամ այդ նպատակներին հասնելու համար «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունումե։

 

բ) Արդյո՞ք միջամտությունն օրինական էր և հետապնդում էր իրավաչափ նպատակ

22. Դատարանը նշում է, որ դիմումատուի դատապարտումը հիմնվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ի մասի վրա։ Դիմումատուի կողմից այն միջամտության օրինականության վերաբերյալ, որի դեմ նա ներկայացրել է բողոք, որևէ հատուկ փաստարկի բացակայության պարագայում Դատարանը համարում է, որ նրա դատապարտումը ներպետական իրավունքում ունեցել է բավարար իրավական հիմք և այդպիսով համապատասխանել է օրինականության պահանջին:

23. Ավելին, Դատարանը պատրաստ է ընդունել, որ վերոնշյալ միջամտությունը հետապնդել է անկարգությունները կանխելու իրավաչափ նպատակ (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը)։

 

գ) Արդյո՞ք միջամտությունը «անհրաժեշտ» էր ժողովրդավարական հասարակությունում

 

i) Կիրառելի ընդհանուր սկզբունքները

 

24. Գնահատելու ընդհանուր սկզբունքները, թե արդյոք արտահայտվելու ազատության իրավունքի իրացմանը միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունումե, հստակ սահմանված են Դատարանի նախադեպային իրավունքում և վերահաստատվել են մի շարք գործերում: Դատարանը մասնավորապես նշել է, որ արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկն է և դրա առաջընթացի ու յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դա տարածվում է ոչ միայն այն «տեղեկությունների» կամ «գաղափարների» վրա, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վիրավորական կամ պարզապես անտարբերությամբ հնչեցրած, այլև վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտությունների վրա։ Այդպիսիք են բազմակարծություն, հանդուրժողականություն և լայն մտածելակերպ պահանջող արտահայտությունները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» լինել չի կարող (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Morice v. France [GC]], թիվ 29369/10, § 124, ՄԻԵԴ 2015 և Սանչեսն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Sanchez v. France [GC]], թիվ 45581/15, § 145, 2023 թվականի մայիսի 15):

25. «Անհրաժեշտ» ածականը ենթադրում է «ծայրահեղ սոցիալական կարիքի» առկայություն, ինչը պետք է համոզիչ կերպով հիմնավորվի (տե՛ս, օրինակ, Էրդողդուն ընդդեմ Թուրքիայի [Erdoğdu v.Turkey], թիվ 25723/94, § 53, ՄԻԵԴ 2000 VI): Պետք է ընդունել այն փաստը, որ առաջին հերթին ներպետական իշխանությունների խնդիրն է գնահատել, թե արդյոք կա այնպիսի կարիք, որը կարող է արդարացնել միջամտությունը, և այդ նպատակով նրանց վերապահվում է հայեցողության որոշակի շրջանակ: Այնուամենայնիվ, հայեցողության շրջանակին զուգահեռ Դատարանը վերահսկողություն է իրականացնում ինչպես օրենքի պահանջների կատարման, այնպես էլ օրենքի կիրառման վերաբերյալ որոշումների նկատմամբ, նույնիսկ եթե դրանք կայացվել են անկախ դատարանների կողմից։ Հետևաբար Դատարանը լիազորված է վերջնական որոշումներ կայացնելու այն հարցի վերաբերյալ, թե արդյոք «սահմանափակումը» համատեղելի է 10-րդ հոդվածով պաշտպանվող՝ արտահայտվելու ազատության հետ (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Կարատասն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Karataş v. Turkey [GC]], թիվ 23168/94, § 48, ՄԻԵԴ 1999 IV):

26. Դատարանի վերահսկողության գործառույթը չի սահմանափակվում ներպետական իշխանությունների կողմից իրենց հայեցողության խելամիտ, ճշգրիտ և բարեխիղճ կիրառումը հաստատելով։ Փոխարենն այն պետք է բողոքի առարկա միջամտությունն ուսումնասիրի տվյալ գործի շրջանակներում՝ այն դիտարկելով որպես մեկ ամբողջություն, և որոշի, թե արդյոք այն արդարացնելու համար ներպետական իշխանությունների կողմից ներկայացված հիմնավորումները եղել են «վերաբերելի և բավարար», և արդյոք դրանք եղել են «համաչափ» հետապնդվող իրավաչափ նպատակներին։ Դրանք ուսումնասիրելիս Դատարանը պետք է հավաստիանա, որ ներպետական իշխանությունները, հիմնվելով համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա, կիրառել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, վերևում հիշատակված՝ Մորիսի գործը, § 124):

 

ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ

 

27. Սույն գործում, քրեական գործով վարույթի շրջանակում դիմումատուի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում այն արտահայտությունների համար, որոնք, ինչպես հետագայում գտել են ներպետական դատարանները, կոպտորեն խախտել են հասարակական կարգը և վրդովմունք են առաջացրել ներկաների շրջանում (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը)։ Դատարանը նշում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձին ուղղված իր արտահայտություններում դիմումատուն հիմնականում օգտագործել է նվաստացուցիչ խոսքեր։ Այն վերահաստատում է, որ պետք է հստակ տարբերակել քննադատությունը վիրավորանքից։ Եթե ցանկացած արտահայտություն արվում է միայն վիրավորելու մտադրությամբ, ապա համապատասխան պատիժն ըստ էության Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում չէ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Շկալկան ընդդեմ Լեհաստանի [Skalka v. Poland], թիվ 43425/98, §§ 34 և 41, 2003 թվականի մայիսի 27, և Պալոմո Սանչեսը և այլք ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] [Palomo Sոnchez and Others v. Spain [GC]], թիվ 28955/06 և ևս 3-ը, § 67, ՄԻԵԴ 2011)։ Այդուհանդերձ, անհատների կամ դրանց խմբերի կողմից արված որպես անհարգալից կամ վիրավորական հնչող ոչ բոլոր արտահայտությունները կարող են հիմնավորել քրեորեն դատապարտումը։ Թեև նման զգացմունքները հասկանալի են, դրանք ինքնին չեն կարող սահմանափակել արտահայտվելու ազատությունը։ Միայն մանրամասն ուսումնասիրելով այն համատեքստը, որում հնչեցվել են անհարգալից, վիրավորական կամ ագրեսիվ խոսքերը, կարելի է ողջամտորեն տարբերակել Կոնվենցիայի 10–րդ հոդվածով պաշտպանվող ցնցող և անհարգալից խոսքերը և անիմաստ զրպարտությանը համարժեք արտահայտությունները, օրինակ, այն դեպքում, երբ անհարգալից արտահայտության միակ միտումը վիրավորելն է, որի արդյունքում այն դուրս է արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության շրջանակից (համեմատի՛ր Ռուժակն ընդդեմ Խորվաթիայի (որոշում) [Rujak v. Croatia (dec.)], թիվ 57942/10, §§ 4-6 և 27-32, 2012 թվականի հոկտեմբերի 2)։

28. Հարկ է նշել, որ դիմումատուն նվաստացնող արտահայտությունները հնչեցրել է Հայաստանի հասարակության համար խիստ զգայուն հարցերին վերաբերող բողոքի ակցիայի ժամանակ (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը)։ Գործը քննող դատարանի կողմից տեսանյութի ուսումնասիրության վերծանումներից (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը) հետևում է, որ Ոստիկանապետի վերաբերմունքը վրդովմունք է առաջացրել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների մոտ, որոնք քննադատաբար են արձագանքել նրա վարքագծին: Դիմումատուն իր հերթին ներպետական դատարաններում պնդել է, որ նա այդ արտահայտություններն արել է ի պատասխան նշված պաշտոնատար անձի սադրիչ վերաբերմունքի, որը կարող էր պարզապես շրջանցել ամբոխը՝ առանց խանգարելու:

29. Դիտարկելով այս տեսանկյունից՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի դիտողությունները կարող են ընկալվել որպես նրա հուզական ուղիղ արձագանք մի երևույթի, ինչը նա համարել է կարևոր պետական պաշտոնատար անձի կողմից դրսևորած վիրավորական վարքի դրսևորում, որը գիտակցաբար առճակատման է գնացել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ և իրեն ենթարկել քննադատության։ Հետևաբար հաշվի առնելով համատեքստը և ավելի լայն հանգամանքները՝ Դատարանը կարծում է, որ վիճարկվող արտահայտությունները, թեև ունեցել են սադրիչ, վիրավորական բնույթ և սադրելու նպատակ, արվել են բողոքի ակցիայի և դրա մասնակիցների նկատմամբ բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի, մասնավորապես՝ Ոստիկանապետի վերաբերմունքի կտրուկ քննադատության նպատակով, և հետևաբար դրանք հավասարազոր չեն անիմաստ զրպարտության (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Էոնն ընդդեմ Ֆրանսիայի [Eon v. France,], թիվ 26118/10, §§ 6-7 և 57, 2013 թվականի մարտի 14 («Կորի՛ր ձանձրալի ապուշ» արտահայտության վերաբերյալ, որն այս դիմումատուն պատկերել է պաստառի վրա և նախագահական երթի ժամանակ ծածանել Ֆրանսիայի նախագահի առջև), Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի (թիվ 2) գործը, 1997 թվականի հուլիսի 1, « 33,Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997 IV (քաղաքական գործչի նկատմամբ լրագրողի կողմից «ապուշ» բառն օգտագործելու վերաբերյալ), և Օմյուր Չայդաշ Էրսոյն ընդդեմ Թուրքիայի [Ömür Çağdaş Ersoy v. Turkey,] թիվ 19165/19, §§ 56-57, 2021 թվականի հունիսի 15 (բողոքի ակցիայի վայրում ելույթ ունենալիս այդ դիմումատուի կողմից Թուրքիայի վարչապետի հասցեին հնչեցված «կատաղած շուն» արտահայտության վերաբերյալ))։

30. Դատարանը նաև նշում է, որ սույն գործը որպես այդպիսին չի վերաբերում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն Ոստիկանապետի հեղինակության իրավունքը պաշտպանելու պետության դրական պարտականությունները կատարելուն, և հետևաբար չի առաջացնում Կոնվենցիայով նախատեսված հավասար պաշտպանություն պահանջող երկու իրավունքների միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտություն։ Ներպետական դատարանների խնդիրն ավելի շատ պետք է լիներ սույն գործի հանգամանքների լույսի ներքո որոշելը, թե արդյոք դիմումատուի դիտողությունները կարող էին համարվել հասարակական կարգի խախտում և հետևաբար արդարացնել քրեական պատիժը։ Այդուհանդերձ, Դատարանը նկատում է, որ ներպետական դատարանների դատավճիռները չեն պարունակում հատուկ պատճառաբանություններ, որոնք հանգեցնում են այն եզրակացության, որ դիմումատուի հայտարարություններն արվել են հասարակական կարգը կոպտորեն և դիտավորությամբ խախտելու նպատակով։ Ներպետական դատարանները բացատրություն չեն տվել, թե գործի հատուկ հանգամանքներում ինչպես են հասարակական կարգը պահպանելու հասարակության շահերը «գերակայում» գիտակցված ուշադրության կենտրոնում հայտնված պետական ծառայողի վարքագծի վերաբերյալ իր քննադատությունն արտահայտելու դիմումատուի շահերի նկատմամբ (տես վերևում՝ 9-րդ պարբերությունը): Փաստացի ներպետական դատարաններն ըստ երևույթին ամբողջությամբ բացառել են այն հնարավորությունը, որ վիճարկվող դիտողությունները կարող էին դիտվել որպես դիմումատուի կարծիքի արտահայտում, նույնիսկ առանց հաշվի առնելու այդ կապակցությամբ նրա փաստարկները: Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է արտահայտվելու ազատության իրավունքը սահմանափակելու մասին որոշման համար պատճառաբանություններ ներկայացնելու պարտավորության կարևորությունը. պարտավորություն, որն ապահովում է կարևոր ընթացակարգային երաշխիքներ՝ այս իրավունքի իրացմանը կամայական միջամտությունները բացառելու համար (տե՛ս, mutatis mutandis, Նուռ Ռադիո վե Թելեվիզիոն Եյինջըքը Ա.Շ.-ն ընդդեմ Թուրքիայի (թիվ 2) [Nur Radyo ve Televizyon Yayıncılığı A.Ş. v. Turkey (no. 2)], թիվ 42284/05, §§ 49-50, 2010 թվականի հոկտեմբերի 12, և Ջումհորիեթ Վակֆըն և այլք ընդդեմ Թուրքիայի [Cumhuriyet Vakfı and Others v. Turkey], թիվ 28255/07, §§ 67-68, 2013 թվականի հոկտեմբերի 8)։ Դատարանի կարծիքով գործի հիմքում ընկած փաստերի սահմանափակ գնահատումն ազգային իշխանություններին զրկել է հնարավորությունից՝ պարզելու, թե արդյոք եղել է դիմումատուին քրեական հետապնդման ենթարկելու ծայրահեղ սոցիալական կարիք (որպես հակադրություն՝ վերևում հիշատակված՝ Յանովսկու գործը, §§ 14 և 31-34, և Գոնտն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Gaunt v. the United Kingdom (dec.)], թիվ 26448/12, §§ 58 և 61-62, 2016 թվականի սեպտեմբերի 6)։

31. Դա է՛լ ավելի կարևոր է, քանի որ քննվող վարույթն ունեցել է քրեական բնույթ և հանգեցրել է դիմումատուի դատապարտմանը։ Այս առնչությամբ Դատարանը վերահաստատում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոյություն ունեն միջամտության և հերքման այլ միջոցներ, քրեորեն դատապարտումը լուրջ պատիժ է։ Նույնիսկ այն դեպքում, երբ պատիժն ամենաթեթևն է, օրինակ՝ մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում՝ վերացնելով քրեական պատիժը և շնորհելով միայն «խորհրդանշական եվրո» վնասի փոխհատուցում, այն, այնուամենայնիվ, քրեական պատիժ է, և բոլոր դեպքերում մեղմ պատիժն ինքնին չի կարող բավարար լինել դիմումատուի՝ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունն արդարացնելու համար: Դատարանը բազմիցս շեշտել է, որ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը կարող է «զսպող ազդեցություն» ունենալ այդ ազատության իրավունքի իրացման վրա՝ ռիսկ, որ տուգանքի համեմատաբար չափավոր բնույթը բավարար չի լինի այն զրոյացնելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Օմյուր Չայդաշ Էրսոյի գործը, §§ 59-60, Աթանասիոս Մակրիսն ընդդեմ Հունաստանի [Athanasios Makris v. Greece], թիվ 55135/10, § 38, 2017 թվականի մարտի 9, Դիկինսոնն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25200/11, § 57, 2021 թվականի փետրվարի 2)։

32. Վերը նշված նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ ներպետական մարմինները չեն պահպանել հավասարակշռություն՝ ցույց տալու, որ դիմումատուին քրեորեն դատապարտելը համապատասխանել է «ծայրահեղ սոցիալական կարիքին» և եղել է հետապնդվող իրավաչափ նպատակին համաչափ։ Այսպիսով, միջամտությունը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:

33. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

34. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝

 

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։

 

35. Դիմումատուն 41-րդ հոդվածի համաձայն վնասի կամ իրավաբանական ծախսերի փոխհատուցման առնչությամբ որևէ պահանջ չի ներկայացրել։ Նա նշել է, որ 10-րդ հոդվածի խախտումն արձանագրելն ինքնին բավարար փոխհատուցում է։

36. Դատարանը համաձայն է դիմումատուի հետ և համարում է, որ նրան այդ մասով որպես արդարացի փոխհատուցում որևէ գումար շնորհելու անհրաժեշտություն չկա։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ խախտումն արձանագրելն ինքնին դիմումատուի կրած ոչ նյութական վնասի բավարար արդարացի փոխհատուցում է:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հուլիսի 11-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

_____________________________

1 Սա մոտավորապես համապատասխանել է սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին, որն այդ ժամանակ կազմել է 35 000 ՀՀ դրամ (այդ ժամանակահատվածում՝ մոտ 67 եվրո):

 

Անդրեա Տամիետտի՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝

Քարտուղար

Նախագահ