Գլխավոր տեղեկություն
Համար
N 1614-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.30-2024.10.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2024 թվականի N 1614-Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներից սահմանել բացառություններ և տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (վերջինիս բացակայության դեպքում) ու փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք չպահանջել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված և մասնավոր սեփականություն չհանդիսացող մինչև 2017 թվականի արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար՝ նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը դիմելու դեպքում:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված և նշված տրանսպորտային միջոցները փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց անվամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում տրանսպորտային միջոցի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթղթի փոխարեն սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց կողմից ներկայացվում է տրանսպորտային միջոցի տիրապետման կամ օգտագործման օրինականությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).

3) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր անձի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կարող է կատարվել սույն որոշման 1-ին կետում նշված մեկ տրանսպորտային միջոցի նկատմամբ․

4) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու դեպքում՝

ա․ որպես տրանսպորտային միջոցի գրանցման հասցե՝ նշվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Հայաստանի Հանրապետությունում հասցեն,

բ․ նախկին հաշվառումը դադարեցվում է, իսկ հատկացված հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագիրը փոխանակվում են` հատկացնելով հերթական հաշվառման համարանիշ և հաշվառման վկայագիր։ Սույն պարբերությամբ նախատեսված դեպքում դիմողի ցանկությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով հերթական հաշվառման համարանիշի փոխարեն կարող է հատկացվել ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան