ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1600-Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
10.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1600-Ն որոշման |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԲԱՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1. Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (այսուհետ՝ ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների գործարար համբավի պահանջները համարվում են բավարարված, եթե՝
1) կազմակերպությունը և նրա փոխադրումների մենեջերը չեն ենթարկվել քրեական պատասխանատվության հետևյալ ոլորտներում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար՝
ա. տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ,
բ. երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ,
գ. մարդու թրաֆիքինգ,
դ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ.
2) կազմակերպությունը և նրա փոխադրումների մենեջերը չեն ենթարկվել վարչական պատասխանատվության խախտումներ կատարելու համար կամ խախտումների համար վարչական տույժերը սահմանված կարգով կատարված են հետևյալ ոլորտներում՝
ա. ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի վարելու և հանգստի ժամանակահատվածների պահանջների և թվային տախոգրաֆի սարքերի կիրառման «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումներ,
բ. միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի պահանջների մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ խախտումներ,
գ. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ այդ իրավունքից զրկված անձանց, ինչպես նաև ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարել թույլ տալը,
դ. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության պահանջների խախտումներ,
ե. ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների և կենդանիների միջպետական փոխադրումների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ,
զ. փոխադրումների գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ,
է. թույլատրելի առավելագույն 3,5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով դեպի ՏՆԵԿ անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ (բացառությամբ ոչ առևտրային փոխադրումներ) իրականացնող կազմակերպությունների կողմից Որակի Խարտիայով նախատեսված փոխադրումների մենեջերի համար սահմանված պահանջների խախտումներ.
3) կազմակերպությունը սնանկության գործընթացում չէ։
2. Եթե կազմակերպությունը կորցնում է գործարար համբավը, փոխադրումների մենեջերի կողմից սույն պահանջներով նախատեսված իրավախախտումների համար քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվելու հետևանքով, կազմակերպության գործարար համբավը կարող է վերականգնվել մասնագիտական որակավորում ունեցող փոխադրումների այլ մենեջերի աշխատանքի ընդունելու դեպքում, որի վերաբերյալ տեղեկությունը նրա հետ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին)։
3. Կազմակերպությունը գործարար համբավի պահանջները բավարարում է, եթե սույն պահանջների 1-ին կետով նախատեսված կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից կատարված խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտվել է, կամ դատական կարգով դատվածությունը մարվել է, կամ կազմակերպության կողմից ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու արդյունքում դատարանը վճիռ է կայացրել սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին։
4. Լիազոր մարմինը կազմակերպությունների գործարար համբավի պահանջներին բավարարելու գրանցամատյանում կատարում է նշումներ կազմակերպության կամ նրա փոխադրումների մենեջերի կողմից կատարված խախտումների համար սահմանված վարչական տույժերի կատարումն ավարտվելու, կամ դատական կարգով դատվածությունը հանվելու, կամ կազմակերպությունը ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու արդյունքում դատարանի կողմից սնանկության վտանգի վարույթն ավարտելու մասին վճիռ կայացնելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
10.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|