ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 հոկտեմբերի 2024 թ. |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Մ. Սաֆարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1304-Ա որոշմամբ հավանություն է տվել «2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների այցելությունների ու գտնվելու կարգի իրավական կանոնակարգման նպատակով:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է 2006 թվականի նոյեմբերի 6-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագրի գործողությունը:
2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 11 հոդվածից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո:
Ուժի մեջ մտնելուց հետո Համաձայնագրի դրույթները երկու պետությունների քաղաքացիներին, վավերական ճամփորդական փաստաթղթի առկայության պարագայում, կտան մյուս պետություն մուտք գործելու, դուրս գալու, տարանցմամբ անցնելու, տեղաշարժվելու և պետական սահմանը հատելու օրվանից մինչև 90 օրվա ընթացքում վերջինի տարածքում գտնվելու հնարավորություն:
Համաձայնագիրը նաև կազատի մի կողմի տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս կողմի քաղաքացիներին մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում ըստ գտնվելու վայրի հաշվառվելու պարտավորությունից:
Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժել մյուս Կողմի այն քաղաքացիների մուտքը, որոնց ներկայությունն իր տարածքում ցանկալի չէ:
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջովին կամ մասամբ կասեցնելու Համաձայնագրի գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության ապահովման, հասարակական կարգի կամ իր պետության բնակչության առողջության պաշտպանության համար:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը՝ փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիներին ազատել ՀՀ իրավասու մարմիններում 30 (երեսուն) օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից (հոդված 2, կետ 1),
3.2. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցագրի փոխանակման օրվանից 30 (երեսուն) օրվա ընթացքում Ղազախստանի Հանրապետության հետ փոխանակել Համաձայնագրում նշված՝ վավերական ճամփորդական փաստաթղթերի նմուշները (հոդված 3, կետ 2),
3.3. դիվանագիտական ուղիներով հայտագրերի փոխանակմամբ ժամանակին Ղազախստանի Հանրապետությանը ծանուցել վավերական նոր ճամփորդական փաստաթղթեր գործածության մեջ դնելու, ինչպես նաև գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին և այդ փաստաթղթերի նմուշները փոխանակել ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը գործողության մեջ դնելուց 30 (երեսուն) օր առաջ (հոդված 3, կետ 3),
3.4. Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքում Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու և այդ մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին տեղեկացնելու դեպքում ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները տրամադրեն փաստաթղթերը կորցնելու մասին հայտը հաստատող տեղեկանք (հոդված 6, կետ 1),
3.5. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը ՀՀ քաղաքացիներին տրամադրի Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված՝ ՀՀ վերադառնալու համար ճամփորդական փաստաթուղթ՝ ՀՀ օրենսդրության համապատասխան (հոդված 6, կետ 2),
3.6. Ղազախստանի Հանրապետությանը դիվանագիտական ուղիներով ծանուցել ՀՀ տարածք մուտք գործելու, ՀՀ տարածքից դուրս գալու, ՀՀ տարածքում գտնվելու պայմանների փոփոխության մասին ոչ ուշ, քան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ (հոդված 7),
3.7. Ղազախստանի Հանրապետությանն անհապաղ տեղեկացնել Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումների ձեռնարկման և դրանց վերացման մասին ոչ ուշ, քան նման որոշում ընդունելուց 15 (տասնհինգ) օր առաջ (հոդված 10, կետ 2):
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին, ինչպես նաև նպաստում են Սահմանադրության 40-րդ հոդվածով ամրագրված՝ յուրաքանչյուրի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2024 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
8 հոկտեմբերի 2024 թվականի ՍԴՈ-1755 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հոկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|