Գլխավոր տեղեկություն
Համար
N 1692-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1692-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու և մուտքի վիզայի ժամկետը երկարաձգելու դիմումների հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումների քննարկման, մուտքի վիզաների տրամադրման, մուտքի վիզայի ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման, վիզայի ժամկետի երկարաձգման, մերժման, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելու կամ մուտքի մերժման մասին օտարերկրյա քաղաքացու անձնագրում կատարվող նշման ձևը, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներն ըստ այցելության տեսակի կոդավորելու, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստացած, մուտքի վիզայի ժամկետը երկարաձգած անձանց տվյալների բանկի վարման, տվյալների մուտքագրման և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1268-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի (այսուհետ՝ ցանկ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ի լրումն 1-ին կետում նշված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են ներկայացվել նաև հետևյալ փաստաթղթերը՝

1) Ինքնաթիռի տոմս (վերադարձով).

2) Հյուրանոցի ամրագրում.

3) Տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձանց, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հրավեր (հայտագիր, նամակ, միջնորդություն).

4) Ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ ապացույցներ).

5) Առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն, որի ծածկույթը սահմանում է առողջապահության նախարարը.

6) Անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված և սպառված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր.

7) Այլ փաստաթղթեր։».

2) ցանկի N 1 ձևի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

17.

Այցելության նպատակ

Purpose of visit

Պաշտոնական

Գործնական

Անձնական

Զբոսաշրջություն

Official   Business Private Tourism

Կրթական

 

Աշխատանք

 

     
Education

Employment

     

 

Ձեռնարկատիրական գործունեություն

 

Business

 

Այլ (նշել)

 

Other (specify)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

».

 

3) որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.2. Այն օտարերկրացիները և ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք (բացառությամբ միայն հրավերի հիման վրա մուտքի վիզա ստանալու հնարավորությամբ պետությունների), ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:».

4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4-րդ կետով՝

«1.4. Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային մուտքի վիզա կարող են ստանալ, եթե ունեն առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն և բավարարում են սույն կարգի 1.2-րդ կետում նշված պայմաններից որևէ մեկը կամ ներկայացնում են սույն որոշման հավելված 1-ի 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը։».

5) կարգի 11.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.7. Դիմումը հաստատվելու դեպքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է E-VISA էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով գեներացված PDF ձևաչափով փաստաթուղթ, որը պարունակում է տրված էլեկտրոնային վիզայի համարը, դիմումի համարը, օտարերկրացու անունը, ազգանունը, ճամփորդական փաստաթղթի համարը, տրամադրած պետության անվանումը, այցերի քանակը, վիզայի տեսակը, հարցման օրը, վիզայի վավերականության ժամկետը, վիզան տալու ամսաթիվը, վիզայի վավերականությունը, գտնվելու ժամկետը, ստուգելու համար նախատեսված հսկիչ համարը, QR կոդը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2024 թվական: