Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-36-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.448
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«տրանսպորտային միջոցի պետական գրանցում` տրանսպորտային միջոցի սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցում:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) սահմանում է տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի և պետական հաշվառման փաստաթղթերի (ազգային ու միջազգային վկայագրերի, ժամանակավոր հաշվառման վկայագրի) ձևերը.»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ.1» կետով.

«ժէ.1) սահմանված կարգով իրականացնում է տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում, տրամադրում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր.»:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13. 

Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը, պետական հաշվառումը և սահմանափակումները

 

1. Տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման: Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման կողմերի` գործարքն ստորագրելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, իսկ տրանսպորտային միջոցը «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված լինելու դեպքում` հայտարարագրելու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի: Տրանսպորտային միջոցների պետական գրանցումն ու պետական հաշվառումն իրականացվում են տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) և օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանություն ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ծագում է (պետությունը ճանաչում է) պետական գրանցման պահից:

4. Տրանսպորտային միջոցի հետ կապված գործարքները չեն կարող իրականացվել առանց տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի, իսկ գործարքի կողմերից որևէ մեկի պահանջով՝ նաև ճանապարհային ոստիկանության՝ այդ տրանսպորտային միջոցի պետական գրանցումն իրականացրած ստորաբաժանման կողմից տրված՝ տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի: Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքը տրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 5 օր ժամկետով, ընդ որում` նույն տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ յուրաքանչյուր հաջորդ տեղեկանքը տրվում է միայն նախորդ տեղեկանքի գործողության ժամկետի ավարտից հետո: Առանց տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի իրականացված գործարքներից ծագող իրավունքների՝ արգելադրման առկայության հիմքով չգրանցման ռիսկերը կրում են գործարքի կողմերը:

5. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առ ոչինչ է), բացառությամբ այլ երկրներում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ծագած սեփականության իրավունքի, որի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

6. Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից (տրանսպորտային միջոցը ձեռք բերելուց) հետո մինչև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը այդ տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների դեպքում օրենսդրությամբ սեփականատիրոջ համար նախատեսված պատասխանատվությունը կրում է գնորդը, եթե վաճառողն ապացուցում է, որ իրենց միջև կայացել է պատշաճ գործարք:

7. «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին, որոնց սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման ճանապարհային ոստիկանությունում, և որոնք չունեն հաշվառման համարանիշեր, կամ դրանց հաշվառման համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, մաքսային ձևակերպումներից հետո ճանապարհային ոստիկանությունը տրամադրում է տարանցիկ համարանիշեր:

8. Տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման համար ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում պետք է ներկայանա (ներկայանան)`

1) օտարողը (կամ նրա ներկայացուցիչը) և ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով.

2) միայն ձեռք բերողը (կամ նրա ներկայացուցիչը), եթե նա ներկայացնում է՝

ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ

բ. նոտարի վավերացրած օտարման պայմանագիր, իսկ եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այլ երկրում, ապա տվյալ երկրի օրենսդրության իմաստով տրանսպորտային միջոցի նկատմամբ ձեռք բերողի իրավունքը հավաստող պատշաճ փաստաթուղթ կամ մաքսային հայտարարագիր կամ

գ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրություն կամ պայմանագիր կամ

դ. տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ կնքված՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տրանսպորտային միջոցների օտարման պայմանագիր (հաշիվ-ապրանքագիր) կամ

ե. նոտարի կողմից տրված` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության վկայագիր կամ

զ. իրավաբանական անձանց վերակազմակերպման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ կամ

է. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր.

3) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգը (կամ նրա ներկայացուցիչը), եթե գրանցվում է նրա անունով:

9. Իրավասու մարմնի թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցի` սույն օրենքով նախատեսված իրավունքների պետական գրանցումը և հաշվառումը, բացառությամբ տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված հաշվառումից հանելու դեպքերի, կատարվում են վերասարքավորված վիճակում տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանսպորտային միջոցի վերասարքավորման դեպքում, անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելն արգելվում է:

10. Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացված են դրանց չհաստատված պատճենները.

2) ներկայացված չեն օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.

3) առկա է տրանսպորտային միջոցի իրական և փաստաթղթային տվյալների անհամապատասխանություն.

4) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը հետախուզման մեջ է.

5) օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրառված է արգելադրում.

6) տրանսպորտային միջոցը (կամ ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող իրավասու ստորաբաժանման տրամադրած տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ տեղեկանքը) չի ներկայացվել ճանապարհային ոստիկանություն:

11. Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումն իրականացվում է գործարքի կատարման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պատշաճ կազմված տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագիրը և տրանսպորտային միջոցի սեփականության վկայականի պատճենը, իսկ տրանսպորտային միջոցի սեփականության վկայականը պահվում է գրավառուի մոտ: Տրանսպորտային միջոցի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքը գրանցվում է սույն մասում նշված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում ներկայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումը գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումն իրականացնում է մատյանում և տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Մատյանի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

12. Տրանսպորտային միջոցի գրավի իրավունքի գրանցումը չի կարող մերժվել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

1) ներկայացված չեն սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումը և դրան կցվող փաստաթղթերը.

2) գրավի իրավունքի գրանցումը կխախտի այլոց՝ օրենքով երաշխավորված իրավունքները.

3) տրանսպորտային միջոցի նկատմամբ սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կիրառվել է արգելադրում:

13. Տրանսպորտային միջոցի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրավասու մարմինների, ներառյալ` դատարանի որոշմամբ արգելանք կամ կալանք դնելու դեպքերում տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվում է սահմանափակում (արգելադրում)՝ գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պայմանագրերով կամ արգելանք կամ կալանք դնելու վերաբերյալ փաստաթղթերով նախատեսված սահմաններում:

14. Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումն արգելադրումն իրականացնում է արգելադրման մատյանում և տրանսպորտային միջոցի հաշվառման քարտում համապատասխան գրառումներ կատարելով: Արգելադրման մատյանի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

15. Մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը պետական լիազոր մարմնի տրամադրած տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է: Տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավունք ունի դիմելու և այդ հաշվառման վկայագրի հիման վրա անվճար ստանալու տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

16. Այն անձը, որ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունք է ձեռք բերել մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը և չունի այդ տրանսպորտային միջոցի համար հաշվառման վկայագիր, կարող է 2010 թվականի հուլիսի 1-ից հետո տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման փաստաթղթեր ստանալու համար սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին:

17. Մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կատարված գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցումը սույն օրենքի իմաստով համարվում է տրանսպորտային միջոցի արգելադրում:

18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշեր չեն տրվում:

19. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պետական հաշվառման, եթե այն առևտրային նպատակներով ձեռք է բերվել (ներմուծվել է) տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործելու, կամ եթե Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու:

20. Տրանսպորտային միջոցը հաշվառվում է սեփականատիրոջ անվամբ (մեկից ավելի սեփականատերերի դեպքում տրանսպորտային միջոցը բոլոր սեփականատերերի համաձայնությամբ հաշվառվում է նրանցից մեկի անվամբ):

21. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում՝ մաքսային ձևակերպումների հետ միաժամանակ:

22. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ճանապարհային ոստիկանության կողմից, իսկ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից:

23. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին տրվում են ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր (իսկ եթե տրանսպորտային միջոցի համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր, ապա անկախ ներմուծման ժամկետից տրվում են հաշվառման համարանիշեր), բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

24. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 5.

Անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. ապրիլի 26

Երևան

ՀՕ-36-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան