ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
27 սեպտեմբերի 2024 թ. |
2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ՝ Էկոնոմիկայի նախարարի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի հունիսի 14-ի N 900-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հուլիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում` ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ ստեղծելով՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով:
2. Համաձայնագրի 11.1 հոդվածի համաձայն՝ համաձայնագրի բոլոր հավելվածները և լրացուցիչ արձանագրությունները Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում: Համաձայնագիրն ունի 6 Հավելված` Հավելված 1. «Սակագնային պարտավորությունների ժամանակացույցները», Հավելված 2. «Առանձին արտադրատեսակներին առնչվող հատուկ կանոնները», Հավելված 3, որում ներկայացվում են Ծագման սերտիֆիկատի օրինակը և դրա լրացման ցուցումները (Ձև CT-3), Հավելված 4. «Ծագման հայտարարագիրը», Հավելված 5. «Մաքսային արժեքի որոշման կանոնները», Հավելված 6. «Օրենքների և կարգավորումների ու պետական գնումների մասին տեղեկությունների հրապարակում»:
Համաձայնագրի 1.2 հոդվածի համաձայն՝ Կողմերը Համաձայնագրով ստեղծում են Ազատ առևտրի գոտի՝ միջազգային կանոններին, չափանիշներին և գործելակերպերին համապատասխան1։
Համաձայնագրի նպատակներն են Համաձայնագրի դրույթներին համապատասխան՝ Կողմերի միջև ապրանքների առևտրի ազատականացումը և դյուրացումը, մասնավորապես՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները նվազեցնելու կամ վերացնելու միջոցով, Կողմերի միջև տնտեսական և առևտրային համագործակցությանն աջակցելը, Կողմերի միջև առևտրի ընդլայնման և բազմազանեցման խրախուսումը և Համաձայնագրի շրջանակներում համաձայնեցված ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդումը և Կողմերի միջև հաղորդակցության դյուրացումը:
Համաձայնագրի 1.5 հոդվածի համաձայն՝ Կողմերը ստեղծում են յուրաքանչյուր Կողմի ներկայացուցիչներից բաղկացած Համատեղ կոմիտե, որը համանախագահում են երկու ներկայացուցիչներ. մեկը՝ ԵԱՏՄ-ից և դրա անդամ պետություններից, իսկ մյուսը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։
Համաձայն Համաձայնագրի 1.4 հոդվածի 2-րդ կետի՝ չհակասելով Համաձայնագրի 6.7 հոդվածին՝ Համաձայնագրի դրույթները չեն կիրառվում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կամ ԵԱՏՄ անդամ պետությունների և ԵԱՏՄ-ի միջև, ինչպես նաև դրանցով Իրանի Իսլամական Հանրապետությանը չեն շնորհվում այնպիսի արտոնություններ, որոնք ԵԱՏՄ անդամ պետությունները բացառապես շնորհում են միմյանց:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
3.1. նշանակել կապի ապահովման կենտրոն կամ կապի ապահովման կենտրոններ՝ Համաձայնագրին առնչվող ցանկացած հարցի շուրջ Կողմերի միջև հաղորդակցությունը դյուրացնելու նպատակով, և Համատեղ կոմիտեին տեղեկացնել ՀՀ կապի ապահովման կենտրոնի կամ կապի ապահովման կենտրոնների մասին (հոդված 1.7, կետ 1),
3.2. ապահովել, որ Կողմի հարցման հիման վրա՝ ՀՀ կապի ապահովման կենտրոնը կամ կապի ապահովման կենտրոնները պարզեն տվյալ հարցի համար պատասխանատու գերատեսչությունը կամ պաշտոնական պատասխանատուին և անհրաժեշտության դեպքում աջակցեն Կողմերի միջև հաղորդակցության ապահովման հարցում (հոդված 1.7, կետ 2),
3.3. ՀՀ համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն՝ պահպանել Համաձայնագրին համապատասխան տեղեկությունները տրամադրող Կողմի՝ որպես գաղտնի նշագրված տեղեկությունների գաղտնիությունը (հոդված 1.8, կետ 1),
3.4. պայմանով, որ նշված միջոցները չեն կիրառվում որպես կամայական կամ չարդարացված խտրականության միջոց այն երկրների միջև, որտեղ միևնույն պայմանները գերակայում են, կամ որպես միջազգային առևտրի քողարկված սահմանափակման միջոց, Համաձայնագրում ոչինչ չմեկնաբանել այնպես, որ որևէ Կողմի խոչընդոտի ընդունել կամ իրականացնել Համաձայնագրի 1.9 հոդվածում սահմանված միջոցները (հոդված 1.9),
3.5. Համաձայնագրում ոչինչ չմեկնաբանել այնպես, որ դրանով որևէ Կողմից պահանջվի տրամադրել այնպիսի տեղեկություններ, որոնց բացահայտումը հակասում է այդ Կողմի անվտանգության էական շահերին, կամ խոչընդոտի որևէ Կողմի ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք այդ Կողմն անհրաժեշտ է համարում իր անվտանգության էական շահերի պաշտպանության համար, և որոնք կապված են տրոհվող նյութերի կամ այն նյութերի հետ, որոնցից դրանք ստացվել են կամ կապված են զենքի, զինամթերքի և ռազմական միջոցների առևտրի և այլ ապրանքների ու նյութերի առևտրի հետ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացվում է զինված ուժերին մատակարարելու համար, իրականացվում են ռազմական ժամանակ կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակում, կամ խոչընդոտի որևէ Կողմի՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման նպատակներով ստանձնած իր պարտավորությունների կատարմանն ուղղված որևէ գործողության ձեռնարկմանը (հոդված 1.10),
3.6. ապահովել, որ ՀՀ կողմից Համաձայնագրի 1.11 հոդվածին համապատասխան սահմանված, պահպանվող կամ ուժեղացված՝ ներմուծմանն առնչվող սահմանափակումները չգերազանցեն այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտ են ՀՀ արժութային պահուստներին սպառնացող վտանգը կանխելու կամ դրանց էական նվազումը դադարեցնելու համար, կամ ՀՀ արժութային պահուստների՝ անբավարար կամ շատ քիչ լինելու վտանգի առկայության դեպքում՝ դրա պահուստների աճի ողջամիտ տեմպն ապահովելու համար (հոդված 1.11, կետ 1),
3.7. հրապարակել Համաձայնագրի 1.12 հոդվածի 1-ին կետում նշված այն օրենքների ու կարգավորումների նախագծերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է ընդունել, և շահագրգիռ անձանց և մյուս Կողմին տրամադրել ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իրենց մեկնաբանությունները Համաձայնագրի 1.12 հոդվածի 1-ին կետում նշված այն օրենքների ու կարգավորումների վերաբերյալ, որոնք Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է ընդունել (հոդված 1.12, կետ 2),
3.8. ապահովել մյուս Կողմի համար ներմուծմանն առնչվող ՀՀ համապատասխան պահանջների հստակությունն ու թափանցիկությունը և հրապարակել և մյուս Կողմին տրամադրել մյուս Կողմի արտահանողների համար ներմուծման կարգավորման վերաբերյալ ՀՀ կողմից կիրառվող մանրամասն ձեռնարկը՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում (հոդված 1.12, կետ 4),
3.9. նախքան Համաձայնագրի ուժի մեջ մտնելը՝ ձեռնարկել ընդհանուր և հատուկ բնույթի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Համաձայնագրին համապատասխան ՀՀ պարտավորությունները կատարելու համար, և անհրաժեշտության դեպքում ՀՀ օրենքներում և կարգավորումներում համապատասխանաբար կատարել ճշգրտումներ՝ դրանք Համաձայնագրի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով (հոդված 1.13),
3.10. մյուս Կողմի տարածքից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքները ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի չենթարկել ներքին հարկման կամ ցանկացած բնույթի այլ ներքին վճարների, որոնք գերազանցում են հայրենական արտադրության համանման ապրանքների նկատմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կիրառվող ներքին հարկերն ու վճարները, բացի այդ, ներմուծվող կամ հայրենական արտադրության ապրանքների նկատմամբ ներքին հարկերը կամ այլ ներքին վճարներ չկիրառել այնպես, որ դա հակասի Համաձայնագրի 2.2 հոդվածի 1-ին կետով սահմանված սկզբունքներին (հոդված 2.2, կետ 2),
3.11. Համաձայնագրի 2.5 հոդվածի դրույթները տարածել այն վճարների, վճարումների, ձևակերպումների ու պահանջների վրա, որոնք սահմանվում են իշխանության մարմինների կողմից ներմուծման և արտահանման, ինչպես նաև Համաձայնագրի 2.5 հոդվածի 4-րդ կետում շարադրված դեպքերի առնչությամբ (հոդված 2.5, կետ 4),
3.12. հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ կիրառելիս ապահովել Համաձայնագրի 3.2 հոդվածի դրույթների կատարումը (հոդված 3.2),
3.13. պաշտպանական միջոցներ կիրառել միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է լուրջ վնասը կանխելու կամ հատուցելու և կարգավորումների գործընթացը դյուրացնելու համար, և ապահովել, որ պաշտպանական միջոցի կիրառման ժամկետը չգերազանցի 4 տարին, եթե միայն այն չի երկարաձգվում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանել պաշտպանական միջոցի կիրառման ընդհանուր ժամկետը, ներառյալ՝ ցանկացած ժամանակավոր միջոցի կիրառման ժամկետը, նախնական կիրառման ժամկետը և դրա երկարաձգումը, որոնք չպետք է գերազանցեն 10 տարին (հոդված 3.3, կետ 5),
3.14. երկկողմ պաշտպանական միջոցը կիրառել միայն այն դեպքում, երբ հստակ ապացույց է ներկայացվում այն մասին, որ ավելացած ծավալներով ներմուծումը կարող է լինել լուրջ վնասի կամ դրա առաջացման վտանգի էական պատճառ (հոդված 3.4, կետ 2),
3.15. ապահովել, որ տեխնիկական կանոնակարգերի առնչությամբ մյուս Կողմի տարածքից ներմուծվող ապրանքների համար տրամադրվի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ ազգային ծագում ունեցող համանման ապրանքների և որևէ այլ երկրի ծագում ունեցող համանման ապրանքների համար տրամադրվող ռեժիմից (հոդված 4.4, կետ 1),
3.16. չհակասելով Համաձայնագրի 4.5 հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին՝ ապահովել, որ հնարավորության դեպքում մյուս Կողմի համապատասխանության գնահատման ընթացակարգերի արդյունքներն ընդունվեն, նույնիսկ եթե այդ ընթացակարգերը տարբերվում են ՀՀ ընթացակարգերից՝ պայմանով, որ բավարարվի այն պահանջը, որ այդ ընթացակարգերով ապահովվում է համապատասխանությունը կիրառելի տեխնիկական կանոնակարգերի կամ ստանդարտների հետ, որոնք համարժեք են ՀՀ սեփական ընթացակարգերին (հոդված 4.5, կետ 1),
3.17. բացառությամբ Համաձայնագրի 4.6 հոդվածի 6-րդ կետում շարադրված հրատապ հանգամանքների՝ տրամադրել տեխնիկական կանոնակարգերի հրապարակման և դրանց ուժի մեջ մտնելու միջև առնվազն 180 օր, որպեսզի արտահանող Կողմի արտադրողներին տրվի ժամանակ՝ իրենց ապրանքները կամ արտադրության մեթոդները ներմուծող ՀՀ պահանջներին հարմարեցնելու համար (հոդված 4.6, կետ 8),
3.18. Համաձայնագրի 5-րդ գլուխը կիրառել այն սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների նկատմամբ, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կարող են ազդել Կողմերի միջև առևտրի վրա (հոդված 5.3),
3.19. ընդունել տարածաշրջանային պայմաններին հարմարեցման հայեցակարգը, ներառյալ՝ վնասատուներից կամ հիվանդություններից զերծ տարածքները և վնասատուների կամ հիվանդությունների տարածվածության ցածր մակարդակը՝ որպես առևտրի դյուրացման կարևոր պայմաններ (հոդված 5.7, կետ 1),
3.20. մյուս Կողմի տարածքից ծագող ապրանքների համար ՀՀ տարածք ներմուծման դեպքում տրամադրել սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ՝ Համաձայնագրի 6.15 հոդվածի 1-ին կետում շարադրված ծագման ապացույցներից որևէ մեկը ներկայացնելու դեպքում (հոդված 6.15, կետ 1),
3.21. ծագման ապացույց չպահանջել ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ ստանալու նպատակով այն դեպքում, երբ մաքսային արժեքը չի գերազանցում 200 եվրոն կամ ներմուծող Կողմի արժույթով համարժեք գումարը՝ պայմանով, որ տվյալ ներմուծումը չի կազմում մեկ կամ մեկից ավելի խմբաքանակների մաս, որոնք ողջամտորեն կարող են դիտարկվել որպես ծագման ապացույց ներկայացնելուց խուսափելու նպատակով նախաձեռնված կամ իրականացված միջոց (հոդված 6.16),
3.22. ապահովել ՀՀ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային վարչարարության միջոցների կանխատեսելիությունը, հետևողականությունը և թափանցիկությունը (հոդված 7.3, կետ 1),
3.23. Համաձայնագրի 7.5 հոդվածի 1-ին կետի համաձայն և հնարավորության դեպքում նախատեսել ապրանքների բացթողումը մաքսային հայտարարագիրը գրանցվելուց հետո ոչ ավելի, քան 48 ժամվա ընթացքում՝ բացառությամբ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և կարգավորումներով նախատեսված հանգամանքների, և ձգտել ընդունել և կիրառել մինչև ապրանքների ժամանումը մաքսային տեղեկատվության էլեկտրոնային ներկայացման և մշակման ապահովումը՝ ժամանումից հետո ապրանքների բացթողումն արագացնելու նպատակով (հոդված 7.5, կետ 2),
3.24. չպահանջել բեռնառաքման ստուգումների իրականացում՝ կապված սակագնային դասակարգման և մաքսային արժեքի որոշման հետ (հոդված 7.20, կետ 2),
3.25. ապահովել, որ մաքսային օրենսդրության, կարգավորումների կամ ընթացակարգերի պահանջների խախտման համար տույժերը նշանակվեն միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խախտման համար պատասխանատու անձի (անձանց) նկատմամբ (հոդված 7.25, կետ 2),
3.26. եթե վեճի Կողմերն այլ բան չեն պայմանավորվում, ապա կրել ՀՀ կողմից նշանակված արբիտրի հետ կապված՝ ՀՀ սեփական ծախսերն ու դատական ծախսերը, իսկ արբիտրաժային խորհրդի նախագահի և խորհրդի վարույթի հետ կապված մյուս ծախսերը կրել մյուս Կողմի հետ հավասար չափով (հոդված 8.15, կետ 1),
3.27. համաձայնել խորացնել համագործակցությունը տեղեկությունների փոխանակման և խորհրդակցությունների, ինչպես նաև Կողմերի բիզնես գործունեությանը տեղեկատվական օժանդակման, Կողմերի բիզնես գործունեության միջև երկխոսության ու հաղորդակցության խթանման, համատեղ նախագծերի դյուրացման, ոլորտային համագործակցության հարցերի քննարկման համար համատեղ ֆորումների, համատեղ ցուցահանդես-վաճառքների, միջազգային սեմինարների և գիտաժողովների և Համաձայնագրի 10-րդ գլխում ընդգրկված հարցերի առնչությամբ փորձագետների վերապատրաստման փորձի փոխանակման միջոցով (հոդված 10.3),
3.28. ապահովել, որ մաքսատուրքի արտոնյալ դրույքաչափը հաշվարկելիս ադվալորային (արժեքային) տուրքը կլորացվի ներքև՝ մինչև առաջին տասնորդական նիշը, յուրահատուկ (հաստատագրված) տուրքը կլորացվի ներքև՝ մինչև երրորդ տասնորդական նիշը (Հավելված 1, կետ 4),
3.29. Համաձայնագրի Հավելված 5-ի 2-րդ հոդվածը կիրառելիս մաքսային արժեքը որոշելու համար կիրառել վաճառվող նույնական ապրանքների գործարքի գինը նույն կոմերցիոն մակարդակով և հիմնականում նույն քանակությամբ, ինչ գնորոշվող ապրանքների դեպքում, իսկ նման վաճառքի բացակայության դեպքում կիրառել տարբեր կոմերցիոն մակարդակով և (կամ) տարբեր քանակություններով վաճառվող նույնական ապրանքների գործարքի գինը, որը ճշգրտվել է՝ հաշվի առնելով կոմերցիոն մակարդակով և (կամ) քանակությամբ պայմանավորված տարբերությունները՝ պայմանով, որ այդ ճշգրտումները կարող են կատարվել ներկայացված այն փաստերի հիման վրա, որոնցով հստակ սահմանվում են ճշգրտման ողջամտությունը և ճշգրտությունը՝ անկախ նրանից՝ ճշգրտումը բերում է արժեքի ավելացման, թե նվազման (Հավելված 5, հոդված 2, կետ 1, ենթակետ «բ»),
3.30. ապահովել, որ Համաձայնագրի Հավելված 5-ի 8-րդ հոդվածի 1-ին կետի «ե», «զ» և «է» ենթակետերում նշված ծախսերը և վճարումները գործարքի գնի մեջ ներառված լինելու դեպքում, ճշգրտումը կատարվի՝ հաշվի առնելով հեռավորությունների և փոխադրման եղանակների տարբերություններից բխող՝ տվյալ ներմուծվող ապրանքների և նույնական ապրանքների միջև այդ ծախսերի և վճարումների զգալի տարբերությունները (Հավելված 5, հոդված 2, կետ 2),
3.31. Համաձայնագրի Հավելված 5-ի 1-ից ներառյալ 6-րդ հոդվածի դրույթների համաձայն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշել Համաձայնագրի Հավելված 5-ի սկզբունքներին և ընդհանուր դրույթներին համահունչ ողջամիտ միջոցների կիրառմամբ և Հայաստանի Հանրապետությունում առկա տվյալների հիման վրա (Հավելված 5, հոդված 7, կետ 1):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
__________________________
1 Համաձայնագրի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ հանդիսացող Կողմերի համար «միջազգային կանոններ, չափանիշներ և գործելակերպեր» նշանակում է ԱՀԿ համաձայնագրի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ «Սակագների և առևտրի մասին» 1994 թվականի գլխավոր համաձայնագրի XXIV հոդվածը։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
27 սեպտեմբերի 2024 թվականի ՍԴՈ-1750 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: