Գլխավոր տեղեկություն
Համար
N 1515-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 2024 թվականի N 1515-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-906-02.09.2024-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

26.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-906-02.09.2024-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության, Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ ծառայողների, Հայաստանի Հանրապետության քննչական և հակակոռուպցիոն կոմիտեներում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև դատախազների համար սահմանել թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով տարեկան 2 անգամ ստուգման պահանջ, իսկ նշված պարտադիր ստուգման պահանջից հրաժարվելու դեպքում առաջարկվում է սահմանել, որ այն հանդիսանում է վերջիններիս ծառայությունից ազատելու հիմք:

Որպես նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորում՝ նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին աճել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալները, որպիսի պայմաններում առավել քան անհրաժեշտ է դարձել վերահաստատել և ի ցույց դնել դրա դեմ պետական պայքարի քաղաքականությունը, որի լավագույն դրսևորումը հենց իրավապահ և նախաքննական մարմիններում այդպիսի արգելված միջոցների օգտագործման բացառումն է, իսկ նման արարքների ի հայտ գալու դեպքում` համակարգից հեռացումը:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացակարգն առավել քան կանոնակարգված է, և անկախ հիմնավորմամբ նշված հանգամանքներից` նախատեսված են քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ, որոնցից ազատված չեն նաև ներկայացված նախագծերում նշված կառույցների աշխատակիցները:

Ինչ վերաբերում է միջազգային փորձի շրջանակներում բերված հիմնավորումներին՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով պարտադիր թեստավորման օրենսդրական պահանջը որոշ պետություններում սահմանված լինելու վերաբերյալ օրինակին՝ հարկ է նշել, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, մի շարք պետություններում թմրանյութերի որոշ տեսակների կամ դրանց անալոգների (համարժեքների) օգտագործումն օրենքով արգելված չէ: Ակնհայտ է, որ նման օրենսդրական միջամտության անհրաժեշտությունը բխել է տվյալ երկրներում ձևավորված հասարակական հարաբերություններից և թմրամիջոցների համատարած կիրառման թույլատրելիությունից: Կարող ենք արձանագրել, որ հարաբերությունների կարգավորման պահանջը համադրելի չէ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակի հետ:

Ուսումնասիրելով նշված օրենսդրական փոփոխությունները՝ հարկ ենք համարում նաև արձանագրել, որ ներպետական իրավական համակարգում առկա են համապատասխան գործիքակազմեր նմանատիպ երևույթների դեմ արդյունավետ պայքարելու համար, ինչպիսին է, օրինակ, այդ դեպքերի կապակցությամբ կարգապահական վարույթի հարուցումը համապատասխան մարմիններում:

Բացի դրանից, ներկայումս գործող օրենսդրությամբ ծառայության անցնելու ընթացակարգերում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով թեստավորում անցնելու պահանջն այժմ էլ առկա է, օրինակ, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող վարչությունում և այլն: Բացի դրանից, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն և N 892-Ն որոշումների՝ համապատասխանաբար փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների և ոստիկանության ծառայողների համար ամրագրվել է ատեստավորման գործընթացին մասնակցելու համար թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման պահանջ։

Գտնում ենք, որ հիշատակված գործիքակազմն արդեն իսկ զսպող դեր ունի նմանատիպ երևույթները կանխարգելելու հարցում:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ թմրամիջոց օգտագործելու կամ չօգտագործելու փաստը յուրաքանչյուր դեպքում պարզելը պետք է լինի կարգապահական վարույթի քննության առարկան: Բացի դրանից, հենց կարգապահական վարույթում անձն ինքը կարող է համապատասխան ստուգում անցնել թմրամիջոց օգտագործելու փաստական հանգամանքի վերաբերյալ համապատասխան մարմնի պաշտոնատար անձի կողմից բերված փաստարկները հերքելու նպատակով:

Կարևոր է նաև արձանագրել, որ Կառավարությունը վարում է ինչպես Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության դատախազությունում, Քննչական կոմիտեում, Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության հավակնող անձանց գիտելիքների և բարեվարքության ստուգման գործիքակազմ կիրառելու միջոցով կադրային համալրման քաղաքականություն, ինչի կիրառման արդյունքում և քրեական ու վարչական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումների համադրությամբ, չեն կարող համակարգային բնույթ կրել ծառայողների մոտ թմրանյութերի օգտագործման արատավոր երևույթները, որի պարագայում անհրաժեշտություն առաջանար նման կարգավորումներ նախատեսելու:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացակարգն առավել կանոնակարգված լինելու նպատակով Կառավարությունը կդիտարկի բացի ծառայության անցնելու պահին անձի գիտելիքների և թմրամիջոցի և հոգեմետ նյութի օգտագործման ստուգումը նաև հետագայում ծառայության ընթացքում ատեստավորման գործընթացներում թեստավորման հնարավոր պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը, բայց միանշանակ է, որ դա չի կարող իրականացվել սույն նախագծերի փաթեթում նշված մեխանիզմով՝ տարեկան 2-անգամյա սկզբունքով, առանց հիմնավոր պատճառների, աշխատանքից ազատելու սպառնալիքով և առանց դրա համար հիմնավորումների, հակառակ պարագայում կունենանք ոչ համաչափ ներգործության իրավական կարգավորումներ: