Գլխավոր տեղեկություն
Համար
N 3491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.09.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.09.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
13.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3491-Ա

«13» սեպտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

 Երևանի քաղաքապետարան հասցեագրված Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Մարիամ Կարապետյանի 2024 օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է բողոքի քննության վարույթ:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 26-ի N 3254-Ա որոշմամբ 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքի հիման վրա իրականացվող բողոքի քննության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ:

 2024 օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքի քննության շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ՝ Մարիամ Կարապետյանը:

Ուսումնասիրելով 2024 օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքը, 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով բողոքի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

 2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի 2024 թվականի մայիսի 29-ի թիվ 44/95/5/84651-24 գրության համաձայն՝ 2024 թվականի մայիսի 16-ին Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցում «Nissan X-trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկած սյան վերաբերյալ ահազանգը գրանցվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում, որին տրվել է ընթացք և փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են սյունը, ինչի կապակցությամբ թիվ 18 փրկարարական ջոկատի կողմից կազմվել է արձանագրություն:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՕԿԿ հերթապահի կողմից 2024 թվականի մայիսի 16-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց սյունն ընկել և վնասել է կայանված «Nissan X-trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա: Նշված ահազանգի հիման վրա կատարվել է այց պատահարի վայր, ինչի վերաբերյալ կազմվել է «Հասցե այցելելու մասին» արձանագրություն և զեկուցագիր, որոնց բովանդակության համաձայն՝ վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հայտնվել է, որ պատահարի արդյունքում վնասվել են «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի հետևի և դիմացի ձախակողմյան հատվածները, շարժիչի ծածկոցը, դիմացի լուսարձակը և այլ մասեր, իսկ վնասը կազմում է մոտ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2024 մայիսի 21-ի թիվ Դ-65761-24 դիմումով Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ՝ Մարիամ Կարապետյանը խնդրել է փոխհատուցել 2024 թվականի մայիսի 16-ին, Ավանեսովի փողոցի թիվ 7 հասցեի շենքի բակում կայանված՝ Պետիկ Պետրոսյանին պատկանող «Nissan X-trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ճանապարհային լուսավորության սյուն և մեկ ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշմամբ Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Մարիամ Կարապետյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2024 թվականի մայիսի 21-ի թիվ Դ-65761-24 դիմումը մերժվել է:

Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2024 մայիսի 21-ի թիվ Դ-65761-24 և 2024 թվականի հունիսի 17-ի թիվ Դ-77177-24 դիմումներին կից, ինչպես նաև 2024 թվականի հունիսի 12-ին կայացած լսումների ժամանակ ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջին առնչվող փաստական հանգամանքների ապացուցման նպատակով դիմումատուի կողմից ներկայացված չեն եղել «Nissan X-trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևան-քային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ, որի պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել մոտ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը:

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2024 օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքով, ինչպես նաև 2024 թվականի սեպտեմբերի 11-ին հրավիրված լսումների ժամանակ հստակեցված պահանջով Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ՝ Մարիամ Կարապետյանը խնդրել է անվավեր ճանաչել 2024 թվականի մայիսի 16-ին, Ավանեսովի փողոցի թիվ 7 հասցեի շենքի բակում կայանված՝ Պետիկ Պետրոսյանին պատկանող «Nissan X-trail» մակնիշի 15 PP 150 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ճանապարհային լուսավորության սյուն և մեկ ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասը փոխհատուցելու պահանջը մերժելու մասին Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշումը և 2024 մայիսի 21-ի թիվ Դ-65761-24 դիմումի հիման վրա ընդունել բարենպաստ վարչական ակտ:

 3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը:

 Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին:

 Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե չորրորդ բաժնով այլ բան նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության տեսանկյունից:

 2024 օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքով ներկայացված պահանջի հիմքում բողոքաբերը դրել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշման կայացմանն ուղղված վարչարարության շրջանակներում դիմողի կողմից ներկայացվել են ապացույցներ, որոնցով հիմնավորվում է պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապը, դիմումատուն որևէ կասկած չունի պատճառված վնասի կամ դրա չափի վերաբերյալ, վարչարարություն իրականացնող մարմինն է շահագրգիռ վնասի չափի ապացուցման անհրաժեշտության հարցում՝ որպես փոխհատուցող կողմ, որի նպատակով վարչական մարմինը կարող էր վարույթը կասեցնել և ապահովել փորձաքննության իրականացումը: 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած լսումների ժամանակ Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Մարիամ Կարապետյանը պարզաբանել է նաև, որ դիմումատուի համար փորձաքննության դիմելու անհրաժեշտությունը պարզ չի եղել, քանի որ վարչական մարմնի համար վնասի չափի կամ պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ անհամաձայնություն ունենալու մասին կասկած չի ունեցել, առավել ևս՝ ներկայացված են եղել ապացույցներ:

Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում, որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իրավունք չունի պահանջել ներկայացնելու այնպիսի փաստաթղթեր կամ դրանց նոտարական կամ այլ կարգով վավերացված պատճեններ, որոնց ներկայացնելը կամ համապատասխան վավերացմամբ ներկայացնելը նախատեսված չէ օրենքով:

Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:

Քննարկվող պարագայում՝ պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը և վնասի չափը Պետիկ Պետրոսյանի համար բարենպաստ փաստական հանգամանքներ են, որպիսիք հանդիսանում են մասնագիտական գնահատման առարկա, որի նպատակով իրականացվում են ապրանքագիտական և հետքաբանական փորձաքննություններ, հետևաբար վնասի փոխհատուցման պահանջի մերժման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների ապացուցման շահագրգիռ անձ և դրա պարտականությունը կրող կողմ եղել և շարունակում է հանդիսանալ Պետիկ Պետրոսյանը:

 Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

 Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշմամբ նշված՝ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշվել է ելնելով Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, իսկ դրանք ապացուցված լինել-չլինելու հարցը գնահատվել է վարույթով ձեռք բերված ապացույցներով, ինչպես նաև վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավանորմերով սահմանված դրույթներով:

 Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ եթե փաստական հանգամանքների ուսումնասիրման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին` այդ մասին ծանուցելով վարույթի մասնակիցներին:

 Քննարկվող պարագայում՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշման կայացմանն ուղղված վարչարարության շրջանակներում չեն ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող ապացույցներ, վնասի չափը նշվել է Պետիկ Պետրոսյանի կողմից և հանդիսանում է վերջինիս սուբյեկտիվ դիրքորոշումը, ինչը վարչարարությունն իրականացնող մարմնի համար առաջ չի բերել անհրաժեշտություն փորձագետ նշանակելու համար, քանի որ ներկայացված չեն եղել համապատասխան փորձագիտական եզրակացություններ:

 Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և նույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների համատեղ կիրառման արդյունքում փաստում ենք, որ վնասի փոխհատուցման պահանջով ապացուցման ենթակա և Պետիկ Պետրոսյանի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականություն վարչական մարմինը չի կրում:

 Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

 Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը՝ վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ վարչարարությամբ չի հիմնավորել Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 19-ի N 2270-Ա որոշումը ոչ իրավաչափ լինելու հանգամանքը, բողոքին կից չեն ներկայացվել «Nissan X trail» մակնիշի «15 PP 150» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, վնասված փոխադրամիջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված փորձագիտական եզրակացություններ և 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջը հիմնավորող ապացույցներ, ուստի ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Պետիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Մարիամ Կարապետյանի` 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ Դ-100041-24 բողոքը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ