ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2024թ.
N 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ ( 18 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ _________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ___________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ______________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ___________
ԱԼԵՆ ԱՐՄԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ______
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ____________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ _________
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ___________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ___________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ _____________
ԱԼԵՆ ԱՐԱՄԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ _____
ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ _____________
ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ _____________
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ____________
ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ______________
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
2024թ. սեպտեմբերի 10 |
Հավելված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 10 սեպտեմբերի 2024 թ. N 98-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1․ Նախաբան
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Ըստ գործունեության մասշտաբայնության և ժամկետայնության, տարբերվում են պլանավորման հետևյալ մակարդակները՝
1․ ռազմավարական (երկարաժամկետ),
2․ մարտավարական (միջնաժամկետ),
3․ գործառական (կարճաժամկետ)։
Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարաժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Երկարաժամկետ ծրագրերում ծրագրային տարրերը ներկայացվում են ագրեգացման առավել բարձր մակարդակով՝ համաձայն համայնքի տեսլականի, առաքելության և ռազմավարական նպատակների, քան միջնաժամկետ ծրագրերում, իսկ միջնաժամկետ ծրագրերում դրանց մակարդակն ավելի բարձր է, քան կարճաժամկետ ծրագրերում։ Միջնաժամկետ ծրագրում ներառվում են ռազմավարական նպատակներին հասնելու համար որոշակի խնդիրների լուծման համար անհրաժեշտ գործողությունները, մարդկային, նյութատեխնիկական ու ֆինանսական միջոցները, իրականացման ժամկետներն ու պատասխանատուները:
Ծրագրավորման երեք փուլերը փոխկապակցված են, և յուրաքանչյուր փուլում կազմված և սահմանված կարգով հաստատված ծրագիրը հիմք է հանդիսանում հաջորդ փուլում կազմվելիք ծրագրի համար։ Մասնավորապես, երկարաժամկետ ծրագիրը հիմք է հանդիսանում միջնաժամկետ ծրագրի մշակման համար, իսկ միջնաժամկետ ծրագիրը իր հերթին հիմք է հանդիսանում կարճաժամկետ ծրագրի մշակման համար։
Առաջիկա երեք տարվա` տեղական ինքնակառավարման մարմինների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ՝ ՄԺԾԾ) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքների համար կառավարելու ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միաժամանակ, ՄԺԾԾ-ն հիմք է հանդիսանում համայնքի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար:
Հաշվի առնելով Կապան համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված գերակայությունները և առկա ռեսուրսները, ընթացիկ տարում իրականացված ծրագրերի արդյունավետությունը ու դրանց զարգացման միտումները, 2025-2027 թվականների ՄԺԾԾ-ով համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու բնակչության կենսապայմանների բարելավմանը և բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը:
Առաջիկա երեք տարվա Կապան համայնքի զարգացումը խարսխվելու է սոցիալական, մշակութային, բարեկարգման, կանաչապատման և համայնքի կայուն ու նպատակային առաջընթացն ապահովող այլ կարևոր ուղղությունների արդյունավետ լուծմանն ուղղված քայլերի հետևողական իրագործման հիմքի վրա:
2․ Համայնքի եկամուտները շարադրող մաս
2025-2027 թվականների Կապան համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտները պլանավորելիս հիմք է հանդիսացել օրենքով սահմանված և նախորդ երեք տարիներին հավաքագրված միջին ցուցանիշները։
Կապան համայնքի եկամուտների կանխատեսումը կատարվում է եկամուտների և ծախսերի հաշվեկշռվածության, խնայողության, արդյունավետության սկզբունքների հիման վրա:
Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ գործող գներից, գնաճից և սղաճից, որի համաձայն 2025-2027 թվականների բյուջեի եկամուտները կանխատեսվել են աճի բարձր տեմպի միտումով:
Համայնքի բյուջեի ցուցանիշների բարելավումը շարունակվում է, ինչը վկայում են աղյուսակում ներկայացված տվյալները:
Կապան համայնքի փաստացի ցուցանիշները 2021-2023 թվականներին
հազար դրամ |
Ցուցանիշ |
2021թ |
2022թ |
2023թ |
2022թ. 2021թ նկատմամբ% |
2023թ. 2021թ. Նկատմամբ% |
2023թ. 2022թ. Նկատմամբ% |
Եկամուտներ |
4 182 402,9 |
4 968 081,2 |
6 184 688,8 |
118.8 |
147.9 |
124.5 |
Ծախսեր |
3 671 376,0 |
4 495 952,9 |
6 391 779,1 |
122.5 |
174.1 |
142.2 |
Սեփական եկամուտներ |
989 043,1 |
1 268 319,1 |
1 371 985,5 |
128.2 |
138.7 |
108.2 |
Ցուցանիշների նման աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացման կայուն միտումով, և դրա շնորհիվ ծախսերի ծավալների ավելացմամբ: Համայնքի բյուջեի սեփական եկամուտների /առանց պետբյուջեից ստացված պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման համար ստացվելիք հատկացումների/ փաստացի հավաքագրված ծավալների տատանվող դինամիկան վկայում է սեփական եկամուտների աճի և կայունացման վերաբերյալ:
Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։ Բյուջեի մուտքերի կանխատեսումները կատարելիս հաշվի են առնվել մուտքերի առումով բյուջեի եկամտային մասի ապառքները, առկա ապրանքների բռնագանձման հայցապահանջները։ Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2025 թվականի եկամուտների ընդհանուր գումարը կանխատեսվել է 7 569 452,1 հազ. ՀՀ դրամ, որը 177,9 %-ով գերազանցում է 2024 թվականի հաստատված բյուջեի ցուցանիշը և շուրջ 22,4%-ով կամ 1 384 763,2 հազ. ՀՀ դրամով ավել է 2023 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից: Կանխատեսված նախագծի եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 473 829,6 հազ. ՀՀ դրամ, որը 6,8%-ով գերազանցում է 2024 թվականի ճշտված 1 379 493, 1 հազար դրամը, իսկ 2023 թվականի փաստացի հավաքագրված եկամուտներից ավել է 7.4 %-ով կամ 101 844,1 հազ. ՀՀ դրամով:
Նախագծով կանխատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում.
Հարկեր և տուրքեր՝ 2025-2027 թվականի հարկային եկամուտները և տուրքերը ծրագրելիս օգտագործվել են մակրոտնտեսական այն ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին հարկատեսակների հարկման բազայի ձևավորման վրա: Իրատեսական կանխատեսումների համար հաշվի է առնվել նաև նախորդ տարիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը, ինչպես նաև այս բնագավառում առկա խնդիրների առաջացման պատճառներն ու դրանք հաղթահարելու հնարավորությունները։ Ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
Հարկեր և տուրքերը 2025 թվականի համար նախագծով կանխատեսվել են 434 455.5 հազ. ՀՀ դրամ՝ ընթացիկ տարվա ի սկզբանե հաստատված 383 895.5 հազ. ՀՀ դրամի դիմաց, ինչը ավել է 2024 թվականի փաստացի հավաքագրված ցուցանիշից 32 249,5 հազ. ՀՀ դրամով և շուրջ 8.0 %-ով:
Անշարժ գույքի հարկի կանխատեսումներում հաշվի է առնվել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Բացի այդ, նույն հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2021 թվականի, հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով: Փոխադրամիջոցների գույքահարկի կանխատեսումներում հաշվի ենք առել փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտները՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, մոտոցիկլետը, ձյունագնացը, մոտոամենագնացը:
Տեղական տուրքերի և վճարների գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվարկման համար կարևոր է բազայի գնահատումը, քանի որ տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են համայնքի տարեկան բյուջեի հաստատումից առաջ: Դրույքաչափերի հաստատումից հետո տեղական տուրքերի կանխատեսումը կհանգի միայն տարվա ընթացքում տվյալ տեղական տուրքի քանակի (բազայի) կանխատեսմանը: Նույն մոտեցմամբ իրականացվում է նաև տեղական վճարներից համայնքի բյուջեի մուտքերի կանխատեսումը։ Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին առաջնորդվել է գոտիավորման սկզբունքով, գոտի համարելով համայնքի կազմում առկա յուրաքանչյուր բնակավայրը։
Պետական տուրքեր - Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են՝ ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:
Կապան համայնքի բյուջե են մուտքագրվում օրենքով ամրագրված հետևյալ պետական տուրքերից մուտքերը.
1․ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար պետական տուրքերը,
2․ նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրքերը։
Պաշտոնական դրամաշնորհներ - դոտացիա, սուբվենցիա, համայնքային մասհանումներ՝ ռոյալթի։
Ֆինանսական համահարթեցում՝ Համայնքի ներդաշնակ զարգացմանը նպաստելու, նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու և օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունները նվազեցումն է:
Դոտացիան՝ որպես ոչ նպատակային, պետության կողմից անհատույց տրվող դրամական միջոց, համայնքը կուղղի է համայնքի բյուջեի վարչական մասի ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այն օգտագործելով ազատ և ինքնուրույն՝ համահարթեցնելով (մեղմելով) համայնքում ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափությունները:
Համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի 2025 թվականի համար պետության կողմից հատկացվող դոտացիա է կանխատեսվել 2 703 502,4 հազ. ՀՀ դրամ։
Սուբվենցիա՝ համայնքի կողմից իրականացվող առանձին նպատակային ծախսատեսակի (ծրագրի) կատարման համար պետական բյուջեից անհատույց և անվերադարձ կարգով տրվող դրամական միջոց է, որն ուղղվում՝ է համայնքում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում (ազգային նվագարաններ) սովորող երեխաների ծախսերի փոխհատուցմանը՝ ընթացիկ ծախսերին, և համայնքի կապիտալ բնույթի խնդիրների լուծմանը:
Ընթացիկ ծախսերի հատկացումը կատարվում է երաժշտական և արվեստի դպրոցների կողմից ներկայացված երեխաների հաճախումների հիմնավոր հաշվարկների, համայնքապետարանի և լիազոր մարմնի միջև կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով սովորում են 175 երեխա, սակայն «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխհատուցում է հատկացվում ընդամենը 41 սովորողի համար (պայմանագիր ՍՄՍՀ-01 10․01․2024 թ․)։ Համայնքի 2025 թվականի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով կանխատեսվել է 2024 թվականի մակարդակը։
Համայնքի 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով հիմք ընդունելով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին տրամադրվող սուբվենցիա է կանխատեսվել ընդամենը 3 347 189,9 հազ. ՀՀ դրամ, որից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղվող սուբվենցիա 2 909 409,2 հազ. ՀՀ դրամ, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն համայնքի բնապահպանական ծրագրերի իրականացման համար տրամադրվող սուբվենցիա 233 298, 5 հազ. ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված ռոյալթիներից մասհանում ազդակիր բնակավայրերի ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքների բյուջեներին՝ գումարները հստակեցված չեն:
Պետության պատվիրակած լիազորությունների իրականացման համար հատկացումներ 2025 թվականին պետության պատվիրակված լիազորությունների իրականացման համար Համայնքն կստանա պետական բյուջեից ֆինանսավորում՝ համապատասխան առանձնացված ստորաբաժանման (քաղաքացիական կացության ակտերի գրանցում) միջոցով իրականացնելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեություն: 2025 թվականի համար պատվիրակված լիազորությունների իրականացման համար կանխատեսվում է պետական բյուջեից հատկացում 5 997,0 հազ. ՀՀ դրամ:
Այլ եկամուտների գծով բյուջետային մուտքերը 2025 թվականի համար կանխատեսվել է 1 005 333,6 հազ. ՀՀ դրամ:
Այլ եկամուտների կազմում հաշվառվող առանձին եկամտատեսակների գծով 2025 թվականի մուտքերը կանխատեսվել են՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները, ինչպես նաև ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածի փաստացի մուտքերը, կնքված պայմանագրերը և ապառքները:
Վարձակալական վճարները /հողի և անշարժ գույքի/ հաշվեգրվել են ըստ վարձակալական պայմանագրերի, հողերի դեպքում՝ ըստ կատեգորիաների և ըստ նպատակային նշանակության, անշարժ գույքի դեպքում՝ ըստ կադաստրային արժեքների։
Ծնողական վճարները /նախադպրոցական կրթություն, արտադպրոցական դաստիարակություն/ պլանավորվել են՝ հիմք ընդունելով մեկ երեխայի օրական կամ ամսական ծախսային նորման, նախադպրոցական կրթական հաստատություններում՝ նաև սննդի նորման:
Աղբահանության, վճարները սահմանվել են համապատասխան գործող օրենքների և ծառայությունների մատուցման կարգի՝ ըստ շնչերի, սպասարկման տարածքների մակերեսների:
3․ Համայնքի ծախսային քաղաքականությունը շարադրող մաս
1․ Արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել համայնքի կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով՝ ներկայացված հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր խնդիրները, հետևյալն են՝
1) Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը․
Նախադպրոցական տարիքի բոլոր երեխաների ընդգրկվածության ապահովում նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ ավելացնելով խմբասենյակների թիվը, նորոգելով մանկապարտեզները և կառուցելով նոր մանկապարտեզներ, գյուղերում ներդնելով այլընտրանքային նախադպրոցական կրթության անվճար ծառայություններ և ստեղծելով հնարավորություններ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
Նախադպրոցական կրթության որակի բարելավում՝ վերապատրաստումներ, մասնագիտական փորձի փոխանակումներ կազմակերպելու միջոցով, սահմանելով դաստիարակի որակավորման տարակարգերի չափորոշիչներ, հնարավորություն ընձեռնելով երկարամյա փորձ ունեցող դաստիարակի օգնականներին մասնագիտական կրթություն ստանալու և աշխատանքային առաջընթացի համար։
Արտադպրոցական կրթության որակի բարելավում հաստատություններում՝ պարապմունքների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառման, վերապատրաստումների, փորձի փոխանակման ծրագրերի, որակավորման տարակարգերի չափորոշիչներ սահմանելու և բարձր առաջադիմություն ունեցող լավագույն սաներին՝ բարձրագույն մասնագիտական նպատակային կրթություն ստանալու և աշխատանք ապահովելու միջոցով։
Ակումբ-գրադարանների տեխնիկական վերազինման և կենսաթոշակի անցած մասնագետների միջոցով արտադպրոցական կրթության հասանելիության ապահովում այն թաղամասերի ու գյուղերի երեխաների համար, որտեղ չկան արտադպրոցական հաստատություններ։
2) Համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը․
Սպորտի և առողջ ապրելակերպի խթանում՝ աթլետիկական փակ մարզասրահի կառուցմանն ուղղված աշխատանքներ, արդիականացված և վերազինված մարմնամարզության մարզադպրոց, մարզադպրոցի մանկավարժական անձնակազմի համար սահմանված որակավորման տարակարգերի չափորոշիչներ, ձեռքբերված ժամանակակից վազքուղի, բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբի առկայություն, տարբեր մարզաձևերից կազմակերպված մրցաշարեր, քաղաքի բոլոր թաղամասերում և մի շարք գյուղերում կառուցված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակներ, խաղադաշտեր, տեղադրված մարզասարքեր և այլն։
3) Համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը․
Մշակութային ավանդույթների ընդգրկվածության պահպանում, զարգացում և ապահովում՝ մշակույթի կենտրոնի նյութատեխնիկական բազայի արդիականացման, վերազինման և կահավորման, նոր երաժշտական խմբերի ստեղծման, նոր փառատոների և միջոցառումների կազմակերպման, գյուղերում մշակութային օջախների բարեկարգման և վերազինման, կապանյան մշակույթը ներկայանալի դարձնելու միջոցով։
Թանգարանների և գրադարանների հետ կապի աշխուժացում և ավելի ամրապնդում՝ համալրելով գործող թանգարանների թանգարանային ֆոնդը, հիմնելով նոր թանգարան, ստեղծելով գրադարանային գրավիչ միջավայր և համալրելով գրադարանների գրքային ֆոնդը, ստեղծելով գրադարանների աշխատակիցների խրախուսման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածության և որակավորման հիման վրա։
4) Համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը․
Համայնքում երիտասարդության ակտիվության բարձրացում և պահպանում՝ ապահովելով երիտասարդության ռազմավարական ծրագրերի հետևողական իրականացումը, համայնքի կառավարման և որոշումների կայացման հարցում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանումը, երիտասարդական փառատոների կազմակերպումը և հավաքների կազմակերպման աջակցությունը՝ հանրապետության տարբեր մարզերի երիտասարդների մասնակցությամբ, երիտասարդական ակումբների /հայրենասիրական, մարզական, ինտելեկտուալ/ հիմնումը /հիմնման աջակցությունը/, մարզական և մշակութային միջոցառումներին երիտասարդ ընտանիքների մասնակցության խթանումը։
5) Համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը (տեղական սոցիալական ծրագիր).
Բնակիչների ավելի բարեկեցիկ կյանքի ապահովում՝ խոցելի ընտանիքների հասցեական և թիրախավորված աջակցության, համայնքային սոցիալական աշխատանքի խթանման միջոցով առավել խոցելի ընտանիքների կարիքներին արձագանքման, խոցելի ընտանիքների տնտեսական դիմակայունության բարձրացման հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների ընդլայնման, սոցիալական ոլորտի գործընկերների հետ համատեղ սոցիալական ծրագրերի մշակման և իրականացման, համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության ցանցի հիմնման և կանոնավոր գործունեության ապահովման, Կապանի Մանկական Կենտրոնի ծառայությունների ընդլայնման և մասնագետների կարողությունների զարգացման, Արցախից տեղահանված ընտանիքների լիարժեք ինտեգրման, տնտեսական կայունության և սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։
6) Համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը․
Գյուղատնտեսության զարգացման ապահովում՝ ոռոգման և խմելու ջրերի հին համակարգերի հիմնանորոգման, նոր համակարգերի ստեղծման, ավանդական գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման աջակցության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գյուղատնտեսության զարգացման աջակցությամբ՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման, տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների ստեղծման և փոքր, միջին ու մեծ ջերմոցների ստեղծման միջոցով։
7) Համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը․
Զբոսաշրջության զարգացման՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման աջակցության, գյուղերը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու, պատմամշակութային հուշարձանների պահպանության աջակցության նպատակով շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատների հետ համագործակցության միջոցով։
8) Համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը, համայնքային գույքի կառավարումը․
Համայնքի բարեկարգ տեսքի ապահովում՝ հիմնանորոգելով Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգին և տեղադրելով նոր կարուսելներ, Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարևանությամբ կազմակերպելով հանգստի գոտի, բարեկարգելով հարակից տարածքը, հիմնանորոգելով նախադպրոցական ուսումնական հաստատությունները և հիմնելով նոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ, մեկնարկելով աթլետիկական փակ մարզասրահի կառուցման աշխատանքները, ապահովելով մշակույթի կենտրոնի ամբողջական նորոգումը, կառուցելով տեխնոպարկ կոմունալ ծառայության համար, հիմնանորոգելով ակումբներն ու գրադարանները, բարեկարգելով բակերն ու ճանապարհները, նորոգելով և հիմնելով խաղադաշտեր, խաղահրապարակներ, մարզահրապարակներ և հանգստի գոտիներ, նորոգելով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներն ու վերելակները, մաքրելով Վաչագան գետի հունը, վերականգնելով հայելային պատկերներն ու հենապատերը, տեղադրելով նոր ճաղավանդակներ, նորոգելով թունելից մինչև Բաղաբերդ թաղամաս՝ Մ2 միջպետական ճանապարհի լուսավորության համակարգը, Կապան քաղաքում կառուցելով ապաստարաններ, ապահովելով մի շարք գյուղական բնակավայրերի խմելու ջրի մատակարարումն ու բարձրացնելով ջրամատակարարման որակը, վերանորոգելով խմելու ջրագծերը, հիմնելով և նորոգելով մի շարք գյուղերի ոռոգման ցանցը, բարեկարգելով մի շարք գյուղերի գյուղամիջյան ճանապարհները և ասֆալտապատելով դրանց մի մասը, նորոգելով գյուղերի հասարակական և վարչական շենքերը, ցանկապատելով համայնքային գերեզմանատները և այլն։
Հասարակական տրանսպորտի հասանելիության ապահովում բոլոր ուղղություններով։
Քաղաքային միջավայրի էկոլոգիական պայմանների և քաղաքի արտաքին տեսքի բարելավում՝ ծաղկապատ տարածքների, կանաչ գոտիների ընդլայնմանն ուղղված աշխատանքներ իրականացնելու, Ողջի և Վաչագան գետերի հուների սանիտարական մաքրման միջոցով։
Բնակիչների անվտանգ տեղաշարժը ապահովելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով թափառող կենդանիների վնասազերծում։
Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցումը համայնքի բոլոր գյուղերում ապահովում, կոմունալ ծառայության ավտոպարկը բազմաֆունկցիոնալ մեքենաներով համալրում, աղբահանության վարձավճարների էլեկտրոնային գանձման համակարգի ներդնում։
9) Պետության պաշտպանության իրականացման աջակցումը, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․
Քաղաքացիական պաշտպանության արդյունավետության բարձրացում և բնակչության լիարժեք պատսպարման ապահովում՝ հնարավորինս անվտանգ դարձնելով Կապան համայնքի գյուղերն իրար կապող ճանապարհները, արդիականացնելով քաղաքացիական պաշտպանության ինժեներական, վթարավերականգնողական ծառայությունները և վերազինելով անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, կառուցելով նոր ապաստարաններ, նորոգելով բազմաբնակարան շենքերի նկուղները, արդիականացնելով և վերազինելով քաղաքացիական պաշտպանության ծառայությունները։
Համայնքի բնակչության անվտանգության ապահովում և անհրաժեշտության դեպքում սահմանային միջադեպերին արձագանքում՝ արագ արձագանքման խմբեր ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին՝ համայնքի սահմանամերձ բնակավայրերում պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներում աջակցելու, սահմանների կահավորման ու ճանապարհների կառուցման գործում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հետ համագործակցելու միջոցով։
Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման ապահովում՝ հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ ուսումնասիրելով կոնսերվացված և գործող պոչամբարների ու ապարային թափոնակույտերի և Գեղիի ջրամբարի տեխնիկական վիճակը, շարունակելով գետերի և սելավատարների մաքրման աշխատանքները, ամրացնելով և վերականգնելով Վաչագան ու Ողջի գետերի վնասված հենապատերը, ուսումնասիրելով Կապան համայնքի սողանքային գոտիները, ստեղծելով տեղեկատվական բազա և իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ, բնական աղետների դեպքում աջակցելով Սյունիքի մարզի փրկարարական վարչությանը որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու գործում։
10) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը․
Գործարար միջավայրի բարելավում և ձեռնարկատիրության խթանում՝ գործարարների համար վստահելի ներդրումային միջավայր ստեղծելու միջոցով։
11) Համայնքում բնակարանային շինարարության խթանումը․
Բնակարանային շինարարության խթանում՝ համայնքում համագործակցելով կառուցապատողների հետ։
12) Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը․
Շրջակա միջավայրի պահպանության ապահովում՝ անտառների և կանաչապատ տարածքների պահպանության, նոր կանաչապատ տարածքների ստեղծման միջոցով։
13) Բարեգործության խթանումը համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․
Բարեգործության խթանում՝ համագործակցելով բարերարների հետ, ստեղծելով գործընկերային հարաբերություններ, ինչպես նաև կապ հաստատելով և ներգրավելով արտերկրում բնակվող կապանցիներին։
2․ Ծախսային գործոնները, որոնք կանխատեսվող ժամանակահատվածում կազդեն համայնքում իրականացվելիք ծախսերի վրա հետևյալն են՝
1) Աշխատավարձի բարձրացում, ինչպես նվազագույն աշխատավարձի, այնպես էլ սահմանված կարգով տարբեր ոլորտների մասնագետների, օրինակ նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի և այլն,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 24-րդ կետով սահմանված՝ պետական բյուջեից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքի չափաբաժնի փոփոխությունները, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությունների սահմանումը,
3) Պատերազմի վտանգը և դրա հետևանքները, հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Կապան խոշորացված համայնքի 39 բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, իսկ 19 բնակավայրերը՝ խիստ սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը,
4) Covid-19 համավարակի /և այլ հնարավոր համավարակի/ սրացումը /նոր ի հայտ գալը/ և դրանով պայմանավորված սահմանափակումների, այդ թվում՝ տնտեսական, կիրառումը և խստացումը, համավարակով ու սահմանափակումների կիրառման/խստացումներով պայմանավորված սոցիալական վիճակի վատթարացում և այն մեղմելու նպատակով նոր ծախսերի առաջացում,
5) Արտակարգ իրավիճակով կամ որևէ բնական երևույթով պայմանավորված նոր՝ չնախատեսված ծախսերի անհրաժեշտություն կամ պլանավորված եկամտի նվազում,
6) Տարբեր գործընթացներով պայմանավորված արդեն իսկ նախատեսված ծրագրերի շահառուների թվի կտրուկ ավելացում,
7) Բոլոր այն ներքին և արտաքին ծախսային գործոնները, որոնք կարող են ազդել պետական բյուջեից ստացվող դոտացիաների, սուբվենցիաների և հատկացումների վրա,
8) ՀՀ դրամի արժևորումը կամ արժեզրկումը, տարածաշրջանում արտահանվող օգտակար հանածոների գների հնարավոր անկումը կամ նավթի և շինանյութերի գների կտրուկ աճը, գնաճը, աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների արտահանման կամ ներկրման սահմանափակումները, որոնք կարող են որևէ ազդեցություն ունենալ համայնքի սոցիալական և տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով պայմանավորված նաև կանխատեսվող ծախսերի վրա։
Հնարավոր է լինեն նաև այլ ներքին և արտաքին գործոններ, որոնք ներկա պահին հնարավոր չէ կանխատեսել կամ որպես ռիսկ դիտարկել, որոնք, սակայն, կարող են էական բացասական ազդեցություն թողնել համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա՝ դրանով իսկ խոչընդոտելով կանխատեսվող ծախսերի կատարումը կամ նախատեսված ծրագրերի իրականացումը։
3․ Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, հետևաբար նաև միջնաժամկետ ծախսային ծրագրի համար, որպես առաջնահերթություն և գերակայություն է սահմանվում ավելի անվտանգ, բարեկարգ, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, նորոգված ենթակառուցվածքներով, տնտեսապես զարգացած, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող և ավելի բարեկեցիկ բնակիչներով համայնք ունենալը: Առաջնահերթությունների թվում են՝ ավելի համակարգված աղբահանություն, նախադպրոցական և արտադպրոցական կրթության ոլորտում ընդգրկված առավել շատ երեխաներ, համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ մասնակցությունն և այլն:
Համայնքի զարգացման հիմնական գրավականը պետք է լինի տնտեսության դիվերսիֆիկացիան /բազմատեսակացում/, այսինքն՝ հանքարդյունաբերությունից զատ և նրանով չպայմանավորված ոլորտների զարգացումը, որոնցից առաջնահերթը մեր համայնքում կլինեն բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ և ինտելեկտուալ ներուժի օգտագործմամբ նոր աշխատատեղերի հիմնումը, գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացումը և այլն:
4․ Համայնքում արտաքին ֆինանսական աջակցության չափերը և աղբյուրները կանխատեսելն այնքան էլ իրատեսական չէ։
Սուբվենցիոն ծրագրերի և համայնքում այլ բարեկարգման աշխատանքների իրականացման համար համայնքին աջակցություն են ցուցաբերել տարածաշրջանում գործող հանքաարդյունաբերական ընկերությունները։
Համայնքն ակտիվ համագործակցում է նաև տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների հետ, դիմելով նաև այդ կազմակերպությունների կողմից հայտարարված դրամաշնորհներին։ Միջազգային դրամաշնորհների և այլ ֆինանսական աջակցությունների միջոցով համայնքը միտված է զարգացնել հատկապես զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունը, իրականացնել սոցիալական բնույթի և արևային էներգիայի կիրառմանն ուղղված ծրագրեր։
2021 թվականից մեկնարկել է Կապանում ԹՈՒՄՈ կենտրոնի ստեղծման ծրագիրը, որն իրականացվում է Եվրախորհրդի և ԹՈՒՄՈ կենտրոնի համաֆինանսավորմամբ, ընդհանուր բյուջեն 2 միլիոն եվրո է։
Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում համայնքը հաղթող է ճանաչվել «Համայնքային վերափոխումների պորտֆելի» մրցույթում։ Բուն ծրագրային գործողությունները սկսվել են 2023 թվականի հունվարից և ներկա պահին ընթացքի մեջ են։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի հասնել տնտեսության դիվերսիֆիկացիայի և հաղթահարել ներկայիս անկայուն և անորոշ իրավիճակի հետևանքները։
Աշխատակազմի քարտուղար՝ |
Նելլի Շահնազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2024 թվական: