Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1744
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2024 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,

 համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հունիսի 27-ի N 982-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հուլիսի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը (ստորև՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասը կազմող՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման հարցում Հայաստանին օժանդակելու նպատակով:

 

2. Համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի մասին Կառավարության որոշման նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ «ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

1. 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,

2. 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,

3. 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է Ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո:

(...)

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

 ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,

 5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,

 անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

(...)

Վարկային համաձայնագրով Ծրագրի իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, իսկ Ծրագիրն իրականացնող գործակալությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը»:

 

3. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի VI հոդվածով սահմանված կարգով: Ստանդարտ սահմանումների և պայմանների 9․02 բաժնի «գ» ենթակետի նպատակների համար Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար որպես լրացուցիչ նախապայման սահմանված է Համաձայնագրին համապատասխան և Բանկի կողմից ընդունելի համարվող Ծրագրի իրականացման գրասենյակի ստեղծումը:

 

4. Համաձայն Համաձայնագրի՝ Բանկի՝ 2021 թվականի նոյեմբերի 5-ի Ստանդարտ սահմանումների և պայմանների բոլոր դրույթները ներառվում ու կիրառելի են դառնում Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին Համաձայնագրում:

 

5. Համաձայնագիրն ունի 3 հավելվածներ՝ Հավելված 1. «Ծրագրի նկարագիրը», Հավելված 2. «Կատեգորիաներ և մասհանումներ», Հավելված 3. «Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագիր»:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից, որոնք ենթակա են փոփոխման ժամանակ առ ժամանակ՝ համաձայնեցված լինելով Բանկի և Հայաստանի Հանրապետության կողմից․

Մաս Ա. Սիսիան-Քաջարան Ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Նախագծման փուլ),

Մաս Բ. Սիսիան-Քաջարան Ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Շինարարության փուլ),

Մաս Գ. Ինժեներական վերահսկողություն,

Մաս Դ. Ծրագրի կառավարման խորհրդատու:

 

6. Համաձայնագրի II հոդվածի 2.01 բաժնի համաձայն՝ Բանկը համաձայնվում է Համաձայնագրում սահմանված պայմաններով և կարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել մինչև 236.000.000 եվրո գումար (Վարկ):

Համաձայնագրի II հոդվածի 2.02 բաժնի համաձայն՝ որպես Մասհանման նվազագույն գումարի չափ սահմանվել է 1.000.000 եվրոն՝ նախագծման փուլում շինարարության պայմանագրով վճարումներ կատարելու նպատակով, 5.000.000 եվրոն՝ շինարարական պայմանագրով նախատեսված վճարումների իրականացման նպատակով շինարարական և թերությունների հայտնաբերման փուլերի ընթացքում, և 200.000 եվրոն՝ վերահսկող ինժեներին և ծրագրի ղեկավարման խորհրդատուին վճարումներ իրականացնելու նպատակով՝ համաձայն վերահսկող ինժեների և ծրագրի ղեկավարման խորհրդատուի պայմանագրի։

Որպես կանխավճարի նվազագույն գումարի չափ և չեղարկման նվազագույն գումարի չափ սահմանվել է 1.000.000 եվրոն։

Վարկի վերջին հասանելիության ժամկետը Համաձայնագրի ստորագրման 8-րդ տարելիցն է կամ այլ ավելի ուշ ժամկետ, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է սահմանել և ծանուցել Հայաստանի Հանրապետությանը:

 

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

ա) սկսած 2029 թվականի հուլիսի 15-ից մինչև 2044 թվականի հունվարի 15-ը՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, 30 (երեսուն) հավասարաչափ (կամ որքան հնարավոր է հավասարաչափ) կիսամյակային վճարումներով՝ լողացող տոկոսադրույքով վճարել Վարկը (հոդված II, բաժին 2.02, կետեր «ե(1)» և «ը»),

բ) վճարել Պարտավճար՝ տարեկան 0.5% չափով (հոդված II, բաժին 2.02, կետ «է»),

գ) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել, որ Իրականացնող մարմինը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ապահովելու ողջամիտ միջոցներ և այլ ռեսուրսներ, այդ թվում նաև մարդկային ռեսուրսներ, Ծրագիրը ավարտին հասնելու համար, ինչպես նաև իրականացնի Փոխկապակցված միջոցառումները (հոդված III, բաժին 3.01, կետ «ա»),

դ) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, պատասխանատվություն կրել բոլոր անուղղակի և պահվող հարկերի և տուրքերի համար (ներառյալ, առանց սահմանափակման, ցանկացած մաքսատուրք, եթե կիրառելի է) բոլոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների առնչությամբ (ներառյալ՝ խորհրդատվական ծառայությունները), որոնք ձեռք են բերվել Ծրագրի համար կամ նախատեսում են դրանց փոխհատուցումը և հետագա պայմանով, որ ոչ մի դեպքում Վարկի միջոցները և տեխնիկական համագործակցության միջոցները չեն օգտագործվի Ծրագրի համար գնվելիք բոլոր ապրանքների, աշխատանքների և ծառայությունների (ներառյալ՝ խորհրդատվական ծառայությունները) այլ հարկերի ֆինանսավորման կամ վճարման համար (հոդված III, բաժին 3.01, կետ «բ»),

ե) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, իրականացնել Ծրագիրը, ինչպես նաև Փոխկապակցված միջոցառումները, պատշաճ կերպով և արդյունավետորեն, համաձայն հաջողված ինժեներային, ֆինանսական և բիզնես փորձի, բոլոր կիրառելի օրենքներին համահունչ և ընդունելի միջազգային ստանդարտներին և փորձին համապատասխան, բնապահպանական, աշխատանքային, առողջապահական և անվտանգային նորմերին համապատասխան (հոդված III, բաժին 3.01, կետ «գ»),

զ) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել, որ Փոխկապակցված միջոցառումների համար բոլոր պայմանագրերը ներառեն համապատասխանության պահանջ Շրջանակային բնապահպանական և սոցիալական կառավարման պլանին, ինչպես նաև համապատասխանություն Պատվիրակված կատարողականի նկատմամբ պահանջներին և GIP-ին, ինչպես նաև երաշխավորել, որ այս հանձնառությունը կներառի պարտավորություն՝ մշակելու Փոխկապակցված միջոցառումների համար Բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններ, որոնք հատուկ կլինեն տվյալ տեղանքներին. ընդ որում, դրանք համապատասխանաբար հաստատված կլինեն Սիսիան-Քաջարան ճանապարհի յուրաքանչյուր հատվածի համապատասխան Վերահսկող ինժեների կողմից և հավասարապես նաև Ծրագրի կառավարման խորհրդատուի աջակցությամբ Ծրագրի իրականացնողի կողմից՝ ապահովելու Պատվիրակված կատարողական նկատմամբ պահանջները և GIP-ի պահանջները (հոդված III, բաժին 3.01, կետ «դ»),

է) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել Հողի ձեռքբերման և վերաբնակեցման պլանի հաստատումը և Հողի ձեռքբերման և վերաբնակեցման պլանի իրականացման ավարտը՝ հավաստված ESP PR5 չափանիշներով Հողի ձեռքբերման և վերաբնակեցման պլանի ավարտական աուդիտի միջոցով՝ պատրաստված Արտաքին վերաբնակեցման մշտադիտարկողի կողմից և Բանկի համար ընդունելի ձևով, որը կնախորդի ծրագրի համապատասխան հատվածների աշխատանքների մեկնարկին (հոդված III, բաժին 3.01, կետ «ե»),

ը) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել, որ Ծրագրի հաշիվները աուդիտի ենթարկվեն Բանկի կողմից ընդունելի անկախ աուդիտորի կողմից (հոդված III, բաժին 3.01, կետ «զ»),

թ) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել, որ Բարգուշատի թունելի կապալառուի կողմից աշխատանքների մեկնարկի պահից սկսած, մշտապես այդ կապալառուն ապահովի այլընտրանքային հասանելի ճանապարհ և ուղիներ՝ անկախ Ծրագրի աշխատանքների և շինարարության տեղանքներից՝ Երթևեկության կառավարման պլանին համահունչ՝ չխաթարելով Ծրագրի ընթացքը (հոդված III, բաժին 3.01, կետ «է»),

ժ) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել Ոլորտային քաղաքականության փաստաթղթի նախապատրաստումն ու հաստատումը, Ծառայությունների մակարդակի պայմանագրի նախապատրաստումը և Խելացի տրանսպորտային համակարգի ռազմավարության պատրաստումն ու հաստատումը ոչ ուշ, քան 2027 թ․ հունիսի 30-ը՝ Բանկի կողմից նշանակված ճանապարհային ոլորտի աջակցության խորհրդատուի օգնությամբ և ներգրավմամբ (հոդված III, բաժին 3.01, կետեր «ը», «թ» և «ժ»),

ժա) բացի Ստանդարտ սահմանումների և պայմանների Հոդված IV-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` եթե Բանկն այլ բան չի նախատեսում, ապահովել Ոլորտային քաղաքականության փաստաթղթում ներկայացված 3 (երեք) առանցքային առաջարկությունների իրականացումը (որոնք ներկայումս կներառեն առաջարկություններ ճանապարհների պահպանման, ճանապարհների անվտանգության և ակտիվների կառավարման ոլորտներում) ոչ ուշ, քան 2029 թ․ հունիսի 30-ը (հոդված III, բաժին 3.01, կետ «ի»),

ժբ) եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, ստեղծել և Ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում գործողության մեջ պահել ծրագրի իրականացման գրասենյակը համապատասխան ռեսուրսներով և Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքի շրջանակներին համապատասխան որակավորված անձնակազմով, որի նպատակը Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտների համակարգումը, կառավարումը, մշտադիտարկումն ու գնահատումն է, ներառյալ Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների գնումների իրականացումը (հոդված III, բաժին 3.02),

ժգ) Վարկից ֆինանսավորվող և Ծրագրի իրականացման համար պահանջվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներն իրականացնել Համաձայնագրի III հոդվածի 3.03 բաժնի դրույթներով սահմանված կարգով (հոդված III, բաժին 3.03),

ժդ) ապահովել Համաձայնագրի III հոդվածի 3.04 բաժնում սահմանված բնապահպանական և սոցիալական համապատասխանության վավերապայմանների կատարումը (հոդված III, բաժին 3.04),

ժե) եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, Ծրագրի իրականացմանն աջակցելու նպատակով պահանջվող ձևով վարձել և աշխատել խորհրդատուների հետ, որոնց որակավորումները, աշխատանքային փորձը և տեխնիկական առաջադրանքները ընդունելի են Բանկի կողմից, ներառյալ՝ Ծրագրի կառավարման խորհրդատու՝ ներգրավված 3.03(բ) բաժնի համաձայն, Վերահսկող ինժեներ և ԾԻԳ-ին աջակցելու և աջակցություն ցուցաբերելու ցանկացած այլ խորհրդատու (հոդված III, բաժին 3.05, կետ «ա»),

ժզ) խորհրդատուներին (ներառյալ՝ Բանկի կողմից ուղղակիորեն նշանակված ՏՀ ֆինանսավորման խորհրդատուները), որոնք ներգրավված են Ծրագրին առնչվող հարցերում և Հայաստանի Հանրապետության գործողություններում, անվճար ապահովել սարքավորումներով և աջակցել իրենց գործառույթների իրականացման գործում (ներառյալ՝ գրասենյակային տարածքի և ֆոտոպատճենահանող սարքավորումների տրամադրումը, քարտուղարական ծառայություններ և տրանսպորտ, այնքանով, որքանով նման գործողությունների հետ կապված ծախսերը դեռևս չեն պահանջվում ծածկել և իրականում ծածկված են խորհրդատուների համապատասխան ֆինանսական առաջարկներով), ինչպես նաև անվճար ապահովել բոլոր փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկատվության տրամադրումը, որը կարող է առնչվել իրենց աշխատանքին (հոդված III, բաժին 3.05, կետ «բ»),

ժէ) ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մինչև վարկի ամբողջական մարումը կամ չեղարկումը, ապահովել, որ Իրականացնող մարմինը և (կամ) Կատարող գործակալությունը Բանկին ներկայացնի Նախագծման փուլում կիսամյակային հաշվետվություններ, Շինարարության ընթացքում եռամսյակային հաշվետվություններ և Շահագործման փուլում Բնապահպանական և սոցիալական հարցերին առնչվող տարեկան հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության և Ծրագրի հարաբերությունների մասով, ներառելով նաև Փոխկապակցված միջոցառումները, ինչպես նշված է Ստանդարտ պայմանների և Սահմանումների 5․02 կետի գ) ենթակետի գ) մասում, երբ յուրաքանչյուր դեպքում հաշվետվությունները պետք է ներկայացվեն եռամսյակի ավարտից հետո 30 օրվա ընթացքում, կիսամյակ-տարեկան ժամանակահատվածից հետո 45 օրվա ընթացքում և հաշվետու տարվանից հետո 60 օրվա ընթացքում, ինչպես նաև ապահովել, որ նշված հաշվետվությունները պարունակեն Համաձայնագրի III հոդվածի 3.06 բաժնի «ա» կետում շարադրված առանձնահատուկ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն (հոդված III, բաժին 3.06, կետ «ա»),

ժը) ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, ապահովել, որ Ստանդարտ սահմանումների և պայմանների 4․04 կետի ա) ենթակետի ն) մասի համաձայն Ծրագրի պարբերական հաշվետվությունները ներկայացվեն Համաձայնագրի III հոդվածի 3.06 բաժնի «բ» կետում նշված ձևով (հոդված III, բաժին 3.06, կետ «բ»),

ժթ) Ծրագրի իրականացման (կամ Ծրագրի ցանկացած մասի) պատասխանատու հանդիսացող Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների կամ ստորաբաժանումների միջոցով շարունակաբար իրականացնել գործընթացներ, վարել հաշվառումներ և հաշիվներ, որոնք, միջազգայնորեն ընդունված հաշվապահական ստանդարտներին համապատասխան, ստույգ կարտացոլեն Ծրագրին առնչվող գործողությունները, ռեսուրսները և ծախսերը և հնարավորություն կունենան մշտադիտարկելու և արձանագրելու Ծրագրի առաջընթացը (ներառյալ՝ ծախսերն ու ստացվելիք օգուտները) (հոդված IV, բաժին 4.01, կետ «ա»),

ի) ապահովել, որ Համաձայնագրի IV հոդվածի Բաժին 4.01-ում (Ծրագրի հաշիվներին վերաբերող) նշված գրառումները և հաշիվները յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար և մինչև Ծրագրի ավարտը (ինչպես Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը ծանուցվել է) աուդիտի ենթարկվեն անկախ աուդիտորների կողմից, որոնք ընդունելի են Բանկի համար՝ միջազգային ընդունված աուդիտի սկզբունքներին և ստանդարտներին համապատասխան (հոդված IV, բաժին 4.01, կետ «բ», ենթակետ «1»),

իա) հնարավորինս շուտ, բայց ամեն դեպքում, ոչ ուշ, քան յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից վեց ամիս հետո, Բանկին տրամադրել աուդիտորների կողմից նման ծավալի և մանրամասն հաշվետվություն, որը Բանկը կարող է ողջամտորեն պահանջել և Բանկին տրամադրել այնպիսի այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են նման գրառումներին և հաշիվներին, ինչպես նաև դրանց աուդիտին, որոնք Բանկը ժամանակ առ ժամանակ կարող է ողջամտորեն պահանջել (հոդված IV, բաժին 4.01, կետ «բ», ենթակետեր «2» և «3»),

իբ) չնայած Հավելված 2-ին կցված աղյուսակը սահմանում է կատեգորիաները, յուրաքանչյուր կատեգորիային հատկացվող վարկի գումարը և յուրաքանչյուր կատեգորիայից ֆինանսավորվող ծախսերի տոկոսային բաժինը, այնուամենայնիվ, մասհանում չկատարել Համաձայնագրի Հավելված 2-ի 2-րդ կետով նախատեսված դեպքերում (Հավելված 2, կետեր 1 և 2),

իգ) իրականացնել Ծրագիրը Համաձայնագրի Հավելված 3-ով սահմանված՝ Բնապահպանական և սոցիալական գործողությունների ծրագրին համապատասխան (Հավելված 3):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

10 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1744

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ (ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1744 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1744 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1744 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1744 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«10» սեպտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան