Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1748
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2024

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 սեպտեմբերի 2024 թ.

 

2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ Ֆինանսների նախարարի տեղակալ Է. Հակոբյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հուլիսի 25-ի N 1138-Ա որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հուլիսի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը ՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր կամ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի մայիսի 20-ին՝ տնտեսական աճի ներուժի ավելացմանը, աշխատանքի շուկայի արդյունավետության բարձրացմանը և կայուն զարգացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրին աջակցելու նպատակով:

 

 2. Ֆինանսների նախարարության` Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք-հիմնավորման համաձայն՝ Համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Միջնաժամկետ հեռանկարում բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից, գնահատվում է տարեկան մոտ 400-450 մլն ԱՄՆ դոլար։

 

 3. «Եվրասիական զարգացման բանկ» միջազգային կազմակերպությունը, որն ստեղծվել և գործում է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության միջև «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին» 2006 թվականի հունվարի 12-ին կնքված համաձայնագրի հիման վրա, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչն է և հանդես է գալիս դրա մասնակիցների անունից և հանձնարարությամբ:

 

 4. Համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով՝ Կառավարիչը հիմնադրամի մասնակիցների անունից և նրանց հանձնարարությամբ՝ հիմնադրամի միջոցներից համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100.000.000,00 (հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ:

Ֆինանսական վարկի ցանկացած գումարի հատկացումն իրականացվում է ԱՄՆ դոլարով և (կամ) եվրոյով։

Ֆինանսական վարկը տրամադրվում է միջոցների տրամադրման մասին Հայտի հիման վրա՝ մեկ տրանշով՝ 2023 կամ 2024 թվականին՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուն ուղղված ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից փաստացիորեն ավարտելուց կախված՝ Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված պայմաններով և կարգով:

 

5. Ստանդարտ պայմանների 10.02 բաժնին համապատասխան՝ Համաձայնագրի նպատակներով ՀՀ լիազորված ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն է և նրա կողմից Ստանդարտ պայմանների 10.02 բաժնին համապատասխան լիազորված անձը (անձինք)։

 

6. Համաձայնագիրը բաղկացած է դրա անբաժանելի մասը կազմող հավելվածներից՝ Թիվ 1 հավելված. «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին համաձայնագրերի ստանդարտ պայմաններ», Թիվ 2 հավելված. «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրանշի տրամադրման Հայտի օրինակելի ձև», Թիվ 3 հավելված. «Ֆինանսական վարկի պայմաններ»:

 

7. Համաձայնագրի Թիվ 1 հավելվածի 6-րդ հոդվածի 6․01 բաժնի «բ» կետի համաձայն՝ եթե Հայաստանի Հանրապետության Արտաքին պարտքի մասով որևէ պարտատիրոջ մոտ ծագում է Հայաստանի Հանրապետության Պետական ակտիվների առնչությամբ Պահման իրավունք, որով նախատեսվում է Պետական ակտիվների հաշվին այդ պարտատիրոջ պահանջները Կառավարչի պահանջների համեմատ առաջնահերթ կարգով բավարարելը, ապա Կառավարչի կողմից Ստանդարտ պայմանների 10.01 բաժնով նախատեսված կարգով այլ բանի չհամաձայնվելու դեպքում այդ Պահման իրավունքը, հենց դրա առաջացման փաստով պայմանավորված և առանց Կառավարչի ու Հիմնադրամի կողմից լրացուցիչ ծախքերի, հավասարապես և համաչափորեն ճանաչվում է Վարկի գծով բոլոր վճարումների ապահովում։

 

8. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում փոփոխությունները և լրացումները, որոնց կատարումը թույլատրվում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» Համաձայնագրին և Ստանդարտ պայմաններին համապատասխան՝ ծանուցում ուղարկելու միջոցով, իրականացվում են միակողմանիորեն և չեն պահանջում մյուս կողմի լիազորված ներկայացուցչի ստորագրությունը և ձևակերպումը՝ Համաձայնագրի Թիվ 1 հավելվածի 10-րդ հոդվածի 10․04 բաժնի «բ» կետի պահանջներին համապատասխան։ Այդ փոփոխությունները և լրացումները Համաձայնագրի անբաժանելի մասն են։

 

9. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

9.1. Ֆինանսական վարկի միջոցներն օգտագործել Ընդունելի ծախսերի ֆինանսավորման համար (հոդված 2, կետ 2.5),

9.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Կառավարչի համար ընդունելի պայմաններով բացել և վարել վարկի արժույթով առանձին հաշիվ (այսուհետ՝ «Հաշիվ»)՝ ապահովելով որևէ հայցից, բռնագրավումից, մորատորիումից և ոչ նպատակային օգտագործումից Հաշվի վրա առկա միջոցների պատշաճ պաշտպանությունը (հոդված 2, կետ 2.2),

9.3. Կառավարչին գումարները վճարել Ֆինանսական վարկի սպասարկման և մարման հաշվին («Վարկի գծով վճարումներ»)՝ Ֆինանսական վարկի Պայմաններին համապատասխան (Համաձայնագրի թիվ 3 հավելված)՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 3.01 բաժնի «ա», «գ» և «դ» կետերի, ինչպես նաև 3.04-3.06 բաժինների պահանջները՝ չկիրառելով Ստանդարտ պայմանների 3.01 բաժնի «բ» կետը (հոդված 3, կետ 3.1),

9.4. կատարել Ծրագիրը՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 4.01 բաժնի պահանջները (հոդված 4, կետ 4.1, պարբերություն 1),

9.5. ապահովել Ծրագրի մոնիթորինգը և գնահատումը՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 4.02 բաժնի «ա» - «գ» կետերը՝ կիրառելով Ծրագրում նշված ցուցանիշները (հոդված 4, կետ 4.2),

9.6. Ստանդարտ պայմանների 4.02 բաժնի «գ» կետով նախատեսված հաշվետվությունները Կառավարչին ներկայացնել Ծրագրի իրագործման ամբողջ ժամանակահատվածում, այդ թվում Կառավարչին ներկայացնել Համաձայնագրի 4-րդ հոդվածի 4.3 կետով նախատեսված հաշվետվությունները (հոդված 4, կետ 4.3),

9.7. ապահովել, որ Հաշվի վրա դրամական միջոցների շարժի մասին վերջնական հաշվետվությունը ենթարկվի աուդիտորական ստուգման՝ Կառավարչի կողմից հավանության արժանացած անկախ աուդիտորի կողմից և Հայաստանի Հանրապետության հաշվին՝ միանվագ, Ֆինանսական վարկի առաջին միջոցները Հաշվին մուտքագրելու ամսաթվից մինչև այն ամսաթիվն ընկած ժամանակահատվածի համար, որի ընթացքում ավարտվել է Հայաստանի Հանրապետության կողմից Հաշվից միջոցների օգտագործումը (հոդված 4, կետ 4.4),

9.8. Ծրագրի իրագործման մասին վերջնական հաշվետվությունը ներկայացնել Ստանդարտ պայմանների 4.02 բաժնի «դ» կետի դրույթներին համապատասխան (հոդված 4, կետ 4.5),

9.9. Կառավարչի հետ փոխգործակցությունն իրականացնել Ստանդարտ պայմանների 4.03 և 4.04 բաժինների համաձայն (հոդված 4, կետ 4.6),

9.10. գրավոր հարցման հիման վրա՝ Կառավարչին տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (հոդված 4, կետ 4.7),

9.11. կատարել Ստանդարտ պայմանների 6.01 բաժնի դրույթները՝ Ֆինանսական վարկի ապահովման մասով (հոդված 4, կետ 4.9),

9.12. հիմնական պարտքի վերադարձման, Տոկոսների վճարման և (կամ) Համաձայնագրով այլ վճարումների գծով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում Կառավարչին վճարել մարումն ուշացնելու համար տուժանք՝ յուրաքանչյուր օրվա համար ժամկետանց պարտավորության ամբողջ գումարի 0,01%-ի (զրո ամբողջ մեկ հարյուրերորդական տոկոս) չափով, որը հաշվեգրվում է Ստանդարտ պայմանների 7.06 բաժնին համապատասխան (հոդված 5, կետ 5.2),

9.13. Կառավարչի կողմից ֆինանսական վարկի միջոցները հատկացնելու համար Կառավարչին ներկայացնել հարցում, որը պարունակում է Համաձայնագրի Թիվ 1 հավելվածի II հոդվածի 2.01 բաժնում նախատեսված փաստաթղթերը (այսուհետ՝ Միջոցների հատկացման հայտ), որոնց ձևը և բովանդակությունը ներկայացնել այնպես, որ բավարար լինեն, որպեսզի Կառավարիչը կարողանա համոզվել, որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի ստանալու այն գումարը, որը նա նշել է Միջոցների հատկացման հայտում, և Միջոցների հատկացման հայտում նշված գումարը Հայաստանի Հանրապետության կողմից օգտագործվելու է բացառապես «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով նախատեսված նպատակներով, ինչպես նաև Միջոցների հատկացման հայտը կազմել և ստորագրել Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության լիազորված անձի կողմից (Հավելված 1, հոդված II, բաժին 2.01),

9.14. Ֆինանսական վարկի սպասարկման և մարման հաշվին վճարել գումարներ (այսուհետ՝ Վարկի գծով վճարումներ) Կառավարչին՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ Համաձայնագրի Թիվ 1 հավելվածի III հոդվածի 3.01 բաժնում նշված Տոկոսները, Պահուստավորման համար միջնորդավճարը, Հիմնական պարտքը, «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով և Ստանդարտ պայմաններով նախատեսված այլ վճարումներ՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համապատասխան համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով (Հավելված 1, հոդված III, բաժին 3.01),

9.15. Համաձայնագրի Թիվ 1 հավելվածի III հոդվածի 3.02 բաժնի «ա» կետում թվարկված գումարները վաղաժամկետ վերադարձնելու համար՝ վաղաժամկետ մարում իրականացնելու Հայաստանի Հանրապետության մտադրության մասին Կառավարչին գրավոր ծանուցում ուղարկել վաղաժամկետ մարման ենթադրվող ամսաթվից առնվազն քառասունհինգ օր առաջ և վաղաժամկետ մարման ամսաթվի դրությամբ վճարած լինել Վարկի գծով՝ այդ ամսաթվի դրությամբ վճարման ենթակա բոլոր վճարումները (Հավելված 1, հոդված III, բաժին 3.02, կետ «բ»),

9.16. Վարկի գծով վճարումները կատարել «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով սահմանված ժամկետներում (Հավելված 1, հոդված III, բաժին 3.04, պարբերություն 1),

9.17. Վարկի գծով բոլոր վճարումները կատարել առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված որևէ սահմանափակման և առանց Հայաստանի Հանրապետության կողմից կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գանձվող որևէ հարկի պակասեցման և հաշվեգրման (Հավելված 1, հոդված III, բաժին 3.06, կետ «բ»),

9.18. Վարկի գծով բոլոր վճարումները կատարել առանց Հայաստանի Հանրապետության կողմից հակընդդեմ պահանջների հաշվանցման, ցանկացած տեսակի պակասեցումների կամ պահումների իրավունքի, իսկ այդ վճարումը հարկերի, թղթակցային բանկերի միջնորդավճարների դիմաց պակասեցումներով կամ պահումներով, կամ այլ հիմունքներով կատարելու դեպքում՝ վճարվող գումարն ավելացնել այնքան, որ անհրաժեշտ պակասեցումից կամ պահումից հետո Կառավարիչն ստանա այն գումարին հավասար գումար, որը նա կստանար, եթե այդ պակասեցումները կամ պահումները չարվեին կամ չպահանջվեին (Հավելված 1, հոդված III, բաժին 3.06, կետեր «դ» և «ե»),

9.19. ապահովել, որ Ծրագիրն իրագործվի անհրաժեշտ բարեխղճությամբ և արդյունավետությամբ, պատշաճ վարչական, տեխնիկական, ֆինանսական, բնապահպանական և սոցիալական նորմերին ու գործելակերպին համապատասխան, «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի և Ստանդարտ պայմանների դրույթներին համապատասխան (Հավելված 1, հոդված IV, բաժին 4.01, կետ «ա»),

9.20. ապահովել Ծրագրի ֆինանսավորման համար դրամական միջոցների, ինչպես նաև Ծրագրի արդյունավետ իրագործման համար պահանջվող տեխնիկական միջոցների, սարքավորումների, ծառայությունների և այլ ռեսուրսների ժամանակին տրամադրումը՝ Ծրագրի արդյունավետ իրագործումն ապահովող ժամկետներում (Հավելված 1, հոդված IV, բաժին 4.01, կետ «բ»),

9.21. ապահովել Ծրագրի իրագործման ընթացքի և դրա նպատակների ապահովման մշտական մոնիթորինգ և գնահատում՝ Կառավարչի համար ընդունելի ցուցիչների կիրառմամբ (Հավելված 1, հոդված IV, բաժին 4.02, կետ «ա»),

9.22. Կառավարչի ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել այցելելու Հայաստանի Հանրապետության տարածքի ցանկացած մաս՝ Ծրագրի իրագործման հետ կապված կամ Ֆինանսական վարկին առնչվող նպատակներով և ստանալու ու ստուգելու Հայաստանի Հանրապետության կողմից «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման հետ կապված հաշվառման փաստաթղթերը (Հավելված 1, հոդված IV, բաժին 4.04),

9.23. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Կառավարչի հարցմամբ վերջինիս ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆինանսական և տնտեսական պայմանների մասին Կառավարչի կողմից հիմնավորված կերպով պահանջվող ամբողջ տեղեկատվությունը՝ ներառելով Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի և պետական պարտքի մասին տեղեկատվությունը, սակայն չսահմանափակվելով դրանով, ինչպես նաև նմանատիպ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտների, քաղաքական և վարչական մարմինների, հաստատությունների և ցանկացած կազմակերպության մասին, որոնք համապատասխանում են Համաձայնագրի Թիվ 1 հավելվածի V հոդվածի 5.01 բաժնի «բ» կետի պահանջներին (Հավելված 1, հոդված V, բաժին 5.01),

9.24. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը Հայաստանի Հանրապետության ակտիվների հատկացման, իրացման կամ բաշխման մասով առաջնահերթություն չունենա Հիմնադրամի միջոցների հաշվին ստացած Ֆինանսական վարկերի գծով առկա պարտքի նկատմամբ (Հավելված 1, հոդված VI, բաժին 6.01, կետ «ա»),

9.25. ամբողջությամբ՝ ինքնուրույն փոխհատուցել ցանկացած չնախատեսված ծախս և միջնորդավճար, որոնք կարող են առաջանալ Ֆինանսական վարկի միջոցները Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու, Հիմնական պարտքը վերադարձնելու և Կառավարչին վարձատրություն տրամադրելու հետ կապված (Հավելված 1, հոդված VI, բաժին 6.01, կետ «գ»),

9.26. Կառավարչի միջոցները և գույքը, այդ թվում և Ֆինանսական վարկի գումարը, ազատել Հայաստանի Հանրապետության տարածքում ամեն տեսակի սահմանափակումներից, կարգադրագրերից և մորատորիումներից (Հավելված 1, հոդված VI, բաժին 6.01, կետ «դ»),

9.27. «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան՝ Բանկին հասանելիք՝ Վարկի գծով վճարումների մարման պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում Կառավարչին վճարել մարման ուշացման համար տուժանք՝ «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում նշված չափով, որը հաշվարկվում է ուշացման յուրաքանչյուր օրվա համար ժամկետանց պարտավորության ամբողջ գումարի չափով՝ այն ամսաթվին հաջորդող օրվանից, երբ այդ վճարումը պետք է կատարվի, մինչև Հայաստանի Հանրապետության ժամկետանց պարտավորության գումարը Կառավարչի հաշվին մուտքագրելու ամսաթիվը (Հավելված 1, հոդված VII, բաժին 7.06),

9.28. Կառավարչին տրամադրել այն անձի կամ անձանց լիազորությունների բավարար ապացույցները, որոնք Հայաստանի Հանրապետության անունից կատարելու են ցանկացած այնպիսի գործողություն կամ ձևակերպելու են ցանկացած այնպիսի փաստաթուղթ, որոնց կատարումը կամ ձևակերպումը Կառավարիչը պահանջում կամ թույլատրում է «Ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին համապատասխան, որի կողմ է նա, ինչպես նաև տրամադրել Ստանդարտ պայմանների 10.02 բաժնին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի կողմից լիազորված անձանց այն ստորագրությունների նմուշները, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ (Հավելված 1, հոդված X, բաժին 10.03):

 

10. Ծրագիրը գործում է մինչև դրանում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունները կատարելու պահը կամ Հիմնադրամի խորհրդի կողմից նոր Ծրագրին հավանություն տալու պահը։

 

11. Համաձայնագրով վեճերը կարգավորվում են Ստանդարտ պայմանների 8.03 բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով Ստանդարտ պայմանների 8.01 և 8.02 բաժիններով նախատեսված պարտավորությունների կատարմանը Հայաստանի Հանրապետությանը հարկադրելու մասով Կառավարչի հնարավորությունների և իրավունքների մասին դրույթները՝ բացառությամբ Ստանդարտ պայմանների 8.01 կետի «գ» ենթակետի։

Ֆինանսական վարկի միջոցներն օգտագործելու Ստացողի իրավունքը կասեցնելը, չեղարկելը, Ֆինանսական վարկի գծով Հիմնական պարտքը վաղաժամկետ մարելու մասին պահանջ ներկայացնելը Կառավարչի կողմից իրականացվում են Ստանդարտ պայմանների VII հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով՝ դրանում նշված հետևանքներով։

Համաձայնագրի և Կողմերի՝ Համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունների գործողությունը դադարում է Ստանդարտ պայմանների 9.04 բաժնի դրույթներին համապատասխան։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

10 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1748

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2024 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1748 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1748 որոշմամբ որոշել է, որ 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1748 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։

Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։

 

Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1748 որոշմամբ 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

 

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։

 

Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։

Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«10» սեպտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2024 թվական: