ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 126 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի մայիսի 27-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2022-2023 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրականացման մասին հաշվետվությունը (կցվում է որպես տեղեկատվական նյութ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» որոշման նախագիծը (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
2. Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և ազգային (կենտրոնական) բանկերին՝ մակրոտնտեսական քաղաքականությունն իրականացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կատարել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների վերլուծություն և գնահատել այդ միջոցների համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20__ թվականի __________-ի թիվ ___ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության
Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսությունների համար առավել կարևոր կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները, ինչպես նաև պարունակում է դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ։
Սույն փաստաթուղթն ուղղված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված՝ Միության հիմնական նպատակների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրականացմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործմանը։
I. Համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները
2022-2023 թվականներին անդամ պետությունների տնտեսական զարգացումը տեղի է ունեցել համաշխարհային տնտեսության վիճակի կտրուկ փոփոխությունների պայմաններում։ COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակից հետո վերականգնողական աճը կարճատև եւ անկայուն էր։ Համաշխարհային տնտեսության զարգացման դինամիկայի փոփոխության վրա ազդեցություն ունեցած կարևոր գործոն է դարձել գլոբալ տնտեսական գործընթացների վրա աշխարհաքաղաքական ասպեկտների ազդեցության ուժեղացումը։
Որոշ երկրների առնչությամբ միջազգային առևտրի ամբողջ համակարգին վնաս պատճառող տնտեսական պատժամիջոցների և սահմանափակումների սահմանումն ազդել է համաշխարհային տնտեսության մեջ առևտրային և ֆինանսական կապերի անհավասարակշռության խորացման վրա։ Միջազգային արտադրական-լոգիստիկ շղթաների հավասարակշռախախտումը և ներդրումային ու արտադրական հոսքերի վերաուղղորդումն իրենց հերթին բազմաթիվ երկրների համար նվազեցրել են ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և տեխնոլոգիաների հասանելիության հնարավորությունն ու խորացրել են գլոբալ մասշտաբով տնտեսական զարգացման անհամամասնությունները։
Արդյունքում՝ համաշխարհային ՀՆԱ-ի աճը, 2021 թվականին դրսևորելով վերականգնման լավատեսական դինամիկա, 2022 թվականին նվազել է մինչև 3,4 տոկոս, իսկ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ 2023 թվականին կդանդաղի մինչև 2,8 տոկոս՝ հետագայում այդ ցուցանիշի արժեքի՝ 3 տոկոսի մակարդակով կայունացմամբ։
Աշխարհատնտեսական գործընթացների հավասարակշռախախտումն ուղեկցվել է գների գլոբալ աճով։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում գնաճը հասել է 8,7 տոկոսի, ինչը XXI դարի սկզբից ընկած ժամանակահատվածում ամենաբարձր արժեքն է դարձել։ Մատակարարումների շղթաների խափանումները, համաշխարհային էներգետիկ շուկաների կառուցվածքի գլոբալ փոփոխություններն ու տրանսակցիոն և լոգիստիկ ծախքերի աճը զսպող ազդեցություն են ունեցել արտադրության ծավալների վրա և հանգեցրել են ապրանքների ու ծառայությունների արժեքի բարձրացմանը, մինչդեռ կորոնավիրուսային սահմանափակումների գործողության ժամանակահատվածի ավարտն առաջացրել է պահանջարկի դինամիկ վերականգնում։ Աշխարհի առաջատար ազգային (կենտրոնական) բանկերի դրամավարկային քաղաքականության երկարատև քանակական մեղմացման և խոշորագույն տնտեսությունների մեծ մասում` խթանող բյուջետային միջոցառումների հետևանքով ավելցուկային իրացվելիության ձևավորման հետ միասին, դա պայմաններ է ստեղծել ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական շուկաներում պահանջարկի ու առաջարկի անհավասարակշռության կրիտիկական խորացման և գնաճի ավելացման համար՝ մինչև ռեկորդային բարձր արժեքներ։ Տարվա երկրորդ կեսին խթանման ծավալները նվազեցնելու և հակագնաճային միջոցներ ձեռնարկելու պայմաններում սպառողական գների դինամիկան դանդաղել է։ 2023 թվականի արդյունքներով ակնկալվում է սպառողական գների գլոբալ աճի նվազում` մինչև 7 տոկոս։
Հումքային ռեսուրսների և պարենի շուկաներում նկատվել են բարձր տատանողականություն և ռեկորդային գներ, ինչը հատկապես բնորոշ է եղել էներգետիկ ռեսուրսներին։ Դրանց գների աճի գագաթնակետը բաժին է ընկել 2022 թվականի կեսին և կապված է եղել աշխարհաքաղաքական ցնցումների և պատժամիջոցային սահմանափակումների ներգործությամբ հումքային շուկաների վերաձևաչափման հետ։ Հետագայում նոր առևտրային կապերի ձևավորման և էներգետիկ ռեսուրսների հոսքերի վերակողմնորոշման պայմաններում դրանց գները նվազել և պակաս տատանողական են դարձել։ Էներգետիկ ռեսուրսների գների պահպանմանը նպաստել են համաշխարհային տնտեսության անկման ռիսկերի նվազումը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (Չինաստան) գործարար ակտիվության աճը, ինչպես նաև ՕՊԵԿ+ շրջանակներում նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Վերջին 2 տարվա ընթացքում պարենային գները գտնվում են երկարաժամկետ միտումից բարձր մակարդակում։ Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ պարենի գներն իրենց գագաթնակետին են հասել 2022 թվականի մարտին՝ այնուհետև սկսելով աստիճանաբար նվազել։ Արտադրական և լոգիստիկ ծախքերի աճի հետ մեկտեղ՝ գների վրա զգալի ազդեցություն է ունեցել աշխարհաքաղաքական ցնցումների ներգործության պայմաններում մի շարք պարենային ապրանքների հասանելիության սահմանափակ լինելը։ Պարենի շուկան, ինչպես և մի շարք այլ հումքային շուկաներ, բախվել են որոշ երկրների կողմից միջազգային առևտրում սահմանափակող և հովանավորչական միջոցների կիրառմանը, ինչը լրացուցիչ նվազեցնում է պարենային անվտանգությունն առավել կարիքավոր երկրներում։
Հարավ-արևելյան Ասիայի երկրները նախկինի նման համաշխարհային տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժն են։ 2022 թվականին շարունակվող կորոնավիրուսային սահմանափակումների ազդեցության հետևանքով չինական տնտեսությունը չի հասել աճի պլանավորված տեմպերին՝ սահմանափակվելով 3 տոկոսով, սակայն արդեն իսկ 2023 թվականի սկզբից Չինաստանի ՀՆԱ-ի աճն արագացել է հետաձգված պահանջարկի իրագործման, ծառայությունների ոլորտի դինամիկ արագացման և շինարարության ոլորտի ու բարձր տեխնոլոգիական արտադրական ընկերությունների նպատակային պետական աջակցության ազդեցության ներքո։ Չինաստանի ժողովրդական բանկը 2023 թվականի համար կանխատեսում է 5 տոկոսի մակարդակով ՀՆԱ-ի աճ, ինչը համապատասխանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից առաջադրված նպատակին։ Հնդկաստանի տնտեսությունը, 2021 թվականին դրսևորելով երկնիշ թվին մոտ աճի տեմպ, 2022 թվականին դանդաղել է մինչև 7,2 տոկոս, սակայն այդ երկրի ՀՆԱ-ն նախկինի նման աճում է միջին համաշխարհային արժեքն էապես գերազանցող տեմպերով։ Դրան նպաստում են արտադրության առանցքային ճյուղերի նպատակային խթանումը և լայնամասշտաբ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Հնդկաստանի պահուստային բանկը 2023-2024 ֆինանսական տարվա համար կանխատեսում է 6,5 տոկոսի մակարդակով ՀՆԱ-ի աճ։
Ի տարբերություն ասիական երկրների՝ եվրոպական ու հյուսիսամերիկյան երկրների տնտեսությունների աճի տեմպերը ցածր են եղել միջին համաշխարհային արժեքներից։ 2023 թվականի II եռամսյակում Եվրոպական միության տնտեսությունը դրսևորել է զրոյական աճ, ինչը պայմանավորված է պետական ծախսերի ու տնային տնտեսությունների ծախսերի թույլ դինամիկայի պայմաններում մաքուր արտահանման նվազմամբ։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության տնտեսության մեջ, ինչպես և նախորդ եռամսյակում, դիտվել է զրոյական արժեքին մոտ աճ, որն ապահովվել է տնային տնտեսությունների կողմից սպառման և պետական ծախսերի դրական ներդրմամբ։ Այդ նույն ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության աճի դրական տեմպն ապահովվել է հիմնականում սպառողական ծախսերի հաշվին։ Բյուջետային խթանների կրճատումը և առաջատար ազգային (կենտրոնական) բանկերի կողմից տոկոսադրույքների բարձրացումը զգալիորեն նվազեցրել են գլոբալ պահանջարկը և զսպող ազդեցություն են ունեցել ինչպես խոշորագույն եվրոպական ու հյուսիսամերիկյան երկրներում, այնպես էլ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպերի վրա։
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ զարգացող երկրներում միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճը կայունանում է մոտ 4 տոկոսի մակարդակով։ 2022 թվականին այդ խմբի երկրներում գնաճն ավելացել է մինչև 9,8 տոկոս, ինչը վերջին 2 տասնամյակում դարձել է առավելագույն արժեքը։ Զարգացող երկրների շուկաներում ներմուծվող ապրանքների բարձր մասնաբաժինը, այդ երկրների ազգային արժույթների անկայունության հետ միասին, հանգեցրել են սպառողական գների մակարդակի բարձրացմանը՝ ինչպես վերջնական սպառման ապրանքներ ներմուծելու, այնպես էլ ազգային արտադրության մեջ ներմուծվող բաղադրիչներ օգտագործելու միջոցով գնաճի ներմուծման հետևանքով։ Ընդ որում՝ աշխարհի խոշորագույն տնտեսություններում վարկավորման պայմանների խստացումը հանգեցնում է զարգացող տնտեսությունների համար արտաքին ֆինանսավորման արժեքի ավելացմանը և կապիտալի արտահոսքին՝ առավել խոցելի երկրներում ստեղծելով այնպիսի տնտեսական իրավիճակ, որը բնորոշվում է միաժամանակ բարձր գնաճով, պարտքի կայունության նվազմամբ և ՀՆԱ-ի դանդաղ աճով։
Տեխնոլոգիական նոր կացութաձևի զարգացմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում աճում է բարձր տեխնոլոգիական արտադրությունների դերը, որոնք հիմնված են նանո-, բիոինժեներական, տեղեկատվական, թվային ու աուդիտիվ տեխնոլոգիաների կիրառման վրա։ Եթե համավարակի ժամանակահատվածը բնորոշվել է դեղագործական ու բժշկական արդյունաբերության, հեռահաղորդակցական ծառայությունների, տեսա- և համակարգչային տեխնիկայի, տվյալների բազաների կառավարման համակարգերի, էլեկտրոնային առևտրի և հեռավար զբաղվածության արագացված աճով, ապա 2022-2023 թվականներին սկսել է հատուկ կարևորություն ստանալ արհեստական բանականության, անօդաչու տրանսպորտային միջոցների, ռոբոտատեխնիկական սարքվածքների, աերոտիեզերական համակարգերի լայն ներդրումը, տվյալների փոխանցման միջոցների և եղանակների, ինչպես նաև մեդիատեխնոլոգիաների զարգացումը։ Նոր տեխնոլոգիական կացութաձևին անցում կատարելը և «կանաչ» օրակարգի ակտիվացումը հանգեցնում են էներգասպառման կառուցվածքի փոփոխմանը՝ հօգուտ էներգիայի վերականգնվող աղբյուրների, և բարձրացնում են էներգախնայողության ու էներգաարդյունավետության տեխնոլոգիաների պահանջվածությունը։ Կլիմայական ռիսկերի նվազումն ու տնտեսության էկոլոգիացումը դառնում են աշխարհի երկրների և միջազգային կազմակերպությունների մեծ մասի զարգացման ռազմավարությունների կարևոր բաղկացուցիչ մասը։
Այսպիսով՝ վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունը զարգացել է փոխադարձ խորացվող մի շարք ցնցումների ազդեցության պայմաններում՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակը, աշխարհաքաղաքական լարվածության բարձրացումը, պարենային ու էներգետիկ ճգնաժամերը, գնաճի կտրուկ բարձրացումը։ Այդ պայմաններում գլոբալ աճի տեմպերի դանդաղումը՝ բարձր գնաճի և պարտքի խոցելիության աճի հետ միասին, բազմաթիվ երկրների համար բարդացնում են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացումը՝ նվազեցնելով ռազմավարական կարևորություն ունեցող այն ոլորտներում ներդրման ներուժը, որոնք կարող են հիմք դառնալ համաշխարհային մասշտաբով հետագա կայուն տնտեսական զարգացման համար։ Դա պահանջում է կառավարությունների, ազգային ինստիտուտների և միջազգային կազմակերպությունների միջազգային համագործակցության ու համատեղ ջանքերի ավելացում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում տնտեսական բարեկեցությունն ապահովելու համար։
II. Անդամ պետությունների տնտեսությունների զարգացումը 2022-2023 թվականներին
2022-2023 թվականներին անդամ պետություններում առկա էր տարբեր ուղղվածության տնտեսական դինամիկա։ Աշխարհաքաղաքական լարվածության աճը և առանձին անդամ պետությունների առնչությամբ պատժամիջոցային ճնշման ուժեղացումը հանգեցրել են ընդհանուր առմամբ Միությունում 2022 թվականի արդյունքներով 1,6 տոկոսով ՀՆԱ-ի նվազման։ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականին տնտեսական աճի տեմպերն ավելացել են 5,8-ից մինչև 12,6 տոկոս, Ղրղզստանի Հանրապետությունում՝ 5,5-ից մինչև 6,3 տոկոս, Ղազախստանի Հանրապետությունում աճը դանդաղել է 4,3-ից մինչև 3,2 տոկոս։ Տնտեսական ակտիվության անկում է գրանցվել Բելառուսի Հանրապետությունում՝ 4,7 տոկոսով, և Ռուսաստանի Դաշնությունում՝ 2,1 տոկոսով։ 2023 թվականի I կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսական դինամիկան որոշ չափով դանդաղել է (համապատասխանաբար մինչև 10,5 և 3,9 տոկոս), Ղազախստանի Հանրապետությունում՝ արագացել է մինչև 5 տոկոս։ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսություններն ունեն վերականգնման միտում, 2023 թվականի I կիսամյակում ՀՆԱ-ի դինամիկան այդ անդամ պետություններում հասել է դրական արժեքների տիրույթ և կազմել է համապատասխանաբար 2,0 և 1,6 տոկոս։
Միության շրջանակներում գյուղատնտեսության արտադրանքի արտադրությունը 2022 թվականին ավելացել է 9,4 տոկոսով՝ բոլոր անդամ պետություններում դրական դինամիկայի հաշվին։ Կատարված շինարարական աշխատանքների ծավալն աճել է 5,1 տոկոսով, ուղևորաշրջանառությունը՝ 4,1 տոկոսով։ Միևնույն ժամանակ Միությունում արդյունաբերական արտադրանքի թողարկումը կրճատվել է 0,6 տոկոսով, իսկ բեռնաշրջանառությունը՝ 2,7 տոկոսով՝ մի շարք անդամ պետություններում այդ ցուցանիշների նվազման հաշվին, որը պայմանավորված է արտաքին գործոններով։
2023 թվականի I կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ Միությունում արդյունաբերական արտադրությունն աճել է 2,4 տոկոսով, առաջին հերթին՝ մշակող ոլորտում դրական դինամիկայի հաշվին։ Նոր արտադրական կապերի ձևավորման, մատակարարումների այլընտրանքային ուղիների ընդլայնման և ներմուծումը փոխարինող արտադրությունների զարգացման պայմաններում ակտիվացել է սննդամթերքի, հագուստի ու կոշկեղենի, մեքենաների և սարքավորումների, համակարգիչների, էլեկտրական սարքավորումների, տրանսպորտային միջոցների արտադրությունը։
Անդամ պետություններում գնաճի ֆոնը 2022 թվականին բարձր է մնացել։ Անդամ պետությունների մեծ մասում՝ բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, գների աճի մեջ հիմնական ներդրումը կատարել է պարենային գնաճը։ Բոլոր անդամ պետություններում գագաթնակետերի ժամանակահատվածում գնաճը հասնում էր երկնիշ մակարդակների։ Սպառողական գների աճի դինամիկայի զսպման համար անդամ պետությունները ձեռնարկել են դրա սահմանափակմանը, ինչպես նաև բնակչության բարեկեցության մակարդակի վրա գնաճի ներգործության մեղմացմանն ուղղված միջոցներ։ Ձեռնարկված միջոցները նպաստել են մակրոտնտեսական կայունությանը, արտաքին ցնցումների տարածման հետևանքների զսպմանը և բնակչության խնայողությունների պաշտպանությանը։ Ձեռնարկված միջոցների արդյունքում 2023 թվականի I կիսամյակում բոլոր անդամ պետություններում գնաճի գործընթացներն էապես դանդաղել են։
2022 թվականին Միության շրջանակներում հիմնական կապիտալում կատարված ներդրումները տարվա կտրվածքով աճել են 4,3 տոկոսով, ինչը գրեթե 2 անգամ պակաս է, քան մեկ տարի առաջ։ Դա տեղի է ունեցել ֆինանսական միջոցների ավելացող արտահոսքի պայմաններում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ՝ 2022 թվականի արդյունքներով մասնավոր հատվածի կողմից Միությունից կապիտալի դուրսբերումը 2021 թվականի համեմատ աճել է 2,5 անգամից ավելի և գերազանցել է 200 մլրդ ԱՄՆ դոլարը։
Հիմնական կապիտալում կատարվող ներդրումների դինամիկան անդամ պետություններում ունեցել է տարբեր ուղղվածություններ։ 2022 թվականին ներդրումային ակտիվության աճ է դիտվել Հայաստանի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում, ինչն առավելապես ապահովվել է ֆինանսավորման ներքին աղբյուրների հաշվին։ Այդ անդամ պետություններում դրական դինամիկան պահպանվում է նաև 2023 թվականին։ Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականին գրանցվել է ներդրումների տարեկան աճի դանդաղում՝ 8,6-ից մինչև 4,6 տոկոս, իսկ Բելառուսի Հանրապետությունում հիմնական կապիտալում կատարվող ներդրումների կրճատումը հասել է նախորդ տարվա ծավալի 19,1 տոկոսի։ Միևնույն ժամանակ՝ օտարերկրյա աղբյուրներից դուրս մնացած ֆինանսական միջոցները նշված անդամ պետություններում հիմնականում փոխարինվել են ներքին ռեսուրսների և մյուս անդամ պետություններից փոխադարձ ներդրումների հաշվին։ 2023 թվականի I կիսամյակում Բելառուսի Հանրապետությունում ներդրումային ակտիվությունն անցում է կատարել դրական արժեքների տիրույթ՝ կազմելով 7,1 տոկոս, իսկ Ռուսաստանի Դաշնությունում արագացել է մինչև 7,6 տոկոս։
Ֆինանսական և տնտեսական սահմանափակումների ծավալուն ազդեցությունը դրանց ներգործության ներքո գտնվող անդամ պետություններից պահանջել է բյուջետային ազդակի չափի ավելացում՝ տնտեսական ակտիվության պահպանման համար, ինչպես նաև տնտեսությունների կառուցվածքային վերակառուցման հարցում աջակցությանն ուղղված ֆինանսավորման ծավալների ավելացում։ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից կապիտալի և աշխատուժի միգրացիան ներդրում է ունեցել մյուս անդամ պետություններում մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման հարցում, քանի որ դա դրական է ազդել գործարար ակտիվության բարձրացման և հարկային մուտքերի դինամիկայի վրա։ Չնայած բյուջետային հատվածում իրավիճակի բացասական զարգացումից խուսափելուն՝ 2023 թվականին առանձին անդամ պետությունների բյուջետային ոլորտի ռիսկերը պահպանվում են։ Բոլոր անդամ պետություններում 2023 թվականի բյուջեն պլանավորվել է որպես պակասուրդային։ Անդամ պետությունների բյուջետային քաղաքականության առաջնահերթություններն են մնում սոցիալական ոլորտը, ենթակառուցվածքային նախագծերը, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը, նորարարական ու տեխնոլոգիական զարգացումը։
2022 թվականի արդյունքներով անդամ պետությունների մեծ մասում՝ բացառությամբ Ղրղզստանի Հանրապետության, բարելավվել է ընթացիկ գործառնությունների հաշվի վիճակը՝ արտահանվող ապրանքների բարձր գների պայմաններում։ Բարենպաստ գնային կոնյունկտուրան փոխհատուցել է համաշխարհային տնտեսության աճի դանդաղման, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նկատմամբ առևտրային ու սահմանափակող միջոցների սահմանման բացասական ներգործությունն անդամ պետությունների արտաքին առևտրի ցուցանիշների վրա։ 2023 թվականի I կիսամյակում Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում առևտրային հաշվեկշռի հավելուրդը նվազել է 2022 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։ Բելառուսի Հանրապետությունում առևտրային հաշվեկշռի սալդոն անցում է կատարել պակասուրդի, իսկ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում դրա պակասուրդն ընդլայնվել է։ Դինամիկայի հարցում որոշիչ ներդրում է ունեցել բոլոր անդամ պետություններում ապրանքների ներմուծման ավելացումը, որն ապահովվել է Միությունում տնտեսական ակտիվության աճով։ Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ գործոն է հանդիսացել այդ անդամ պետությունների կողմից արտահանվող բորսայական ապրանքների համաշխարհային գների նվազումը։ Արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքի մասով դիտվում է անդամ պետություններից առանձին առևտրային հոսքերի վերակողմնորոշումը դեպի Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրների արագ աճող հեռանկարային շուկաներ։ Չինաստանի և Հնդկաստանի Հանրապետության շուկաներ անդամ պետությունների ապրանքների մատակարարման աճը գործնականում փոխհատուցել է արևմտյան երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատումը։
Փոխադարձ առևտրի դրական դինամիկան ապահովվել է դեպի Միության ներքին շուկա առևտրային հոսքերի վերաուղղորդմամբ։ 2023 թվականի հունվար- հունիս ամիսներին անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը մեծացել է 13 տոկոսից ավելի։ Միության արտաքին առևտրային շրջանառության մեջ փոխադարձ առևտրի շրջանառության մասնաբաժինն ավելացել է 13-ից մինչև 18 տոկոս, որով արտացոլվում է Միության ներքին շուկայի կարևորության աճը։
2022-2023 թվականներին անդամ պետությունները բախվել են մի շարք աննախադեպ արտաքին ցնցումների հետ, որոնք ազդել են դրանց տնտեսական զարգացման վրա։ Այդ ժամանակահատվածում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել գնային, բյուջետային և ֆինանսական կայունության ապահովմանն ու փոփոխված պայմաններին տնտեսությունների հարմարեցմանը։ Միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների տնտեսական զարգացման համար հիմնական ռիսկերը կապված են աշխարհի առաջատար երկրներից անդամ պետությունների՝ տեխնոլոգիապես հետ մնալու խորացման հետ՝ հիմնական կապիտալում կատարվող ներդրումների աճի ոչ բավարար տեմպերի, տեխնոլոգիաների ներմուծման բարձր մասնաբաժնի և հետազոտությունների, մշակումների ու նորարարությունների ոլորտում կապիտալ ներդրումների ոչ բավարար ծավալների պայմաններում։
III. Անդամ պետությունների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներն ու դրանց հասնելու համար առաջարկվող միջոցները
Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ միջնաժամկետ հեռանկարում գլոբալ տնտեսական դինամիկան զսպված է լինելու։ Միջազգային կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2024-2025 թվականներին համաշխարհային տնտեսական աճը կկազմի տարեկան մոտ 3 տոկոս։
Հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսությունների վրա արտաքին ցնցումների ազդեցության աստիճանական նվազումը, բնակչության և բիզնեսի հարմարեցումը տնտեսավարման նոր պայմաններին, գնաճի գործընթացների նորմալացումն ու ներքին պահանջարկի վերականգնումը, ինչպես նաև ելնելով անդամ պետությունների կանխատեսվող տվյալներից՝ Միությունում ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի աստիճանական բարձրացում՝ 2024 թվականին մինչև 2,4 տոկոս և 2025 թվականին՝ մինչև 3,0 տոկոս։ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում տնտեսական աճը որոշ չափով կդանդաղի՝ հաշվի առնելով միգրացիոն ներհոսքի ու դրամական փոխանցումների ծավալի ավելացման հետ կապված դրական անդրսահմանային էֆեկտների ազդեցության աստիճանական նվազումը։ Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ ժամանակահատվածում տնտեսության աճը կանխատեսվում է 7 տոկոսի մակարդակով, Ղրղզստանի Հանրապետությունում՝ 4,7-5,0 տոկոսի մակարդակով։ Ղազախստանի Հանրապետությունում գնաճի նվազման, դրամավարկային պայմանների մեղմացման և ներդրումների դրական դինամիկայի պայմաններում ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի բարձրացում, որը 2024-2025 թվականներին կկազմի 5,0-5,6 տոկոս։ Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, ֆինանսական ու առևտրային կապերի կառուցվածքային ձևափոխմանը զուգընթաց, տեղի է ունենում գործարար և սպառողական ակտիվության առաջընթացի վերականգնման գործընթաց, սակայն արտահանման արժեքի ու ծավալների նվազումը, բնակչության եկամուտների չափավոր դինամիկան և պատժամիջոցների խստացման ռիսկերը կարող են միջնաժամկետ ժամանակահատվածում նվազեցնող ճնշում գործադրել տնտեսական հեռանկարների վրա։ Կանխատեսվող տվյալների համաձայն՝ Բելառուսի Հանրապետությունում տնտեսության աճը 2024 թվականին կարագանա մինչև 3,8 տոկոս և 2025 թվականին՝ մինչև 6,0 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում կկազմի տարեկան 2,3 տոկոս։ Արդյունքում՝ Միության շրջանակներում տնտեսական զարգացումը 2024-2025 թվականներին կլինի բավականին զսպված և արտաքին գործոնների ազդեցությանը ենթակա։
Միջնաժամկետ ժամանակահատվածում ակնկալվում է համաշխարհային գնաճի գործընթացների աստիճանական նորմալացում։ Ենթադրվում է, որ 2024 թվականին գների գլոբալ աճը կկազմի 4,9 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 3,9 տոկոս։ Ֆինանսական կայունության հետ կապված մտավախությունների հետևանքով առաջատար ազգային (կենտրոնական) բանկերն անցել են տոկոսադրույքների ավելի զգուշավոր վերանայմանը։ Ընդ որում, աշխարհի երկրների մեծ մասում բազային գնաճը դեռևս բարձր մակարդակի վրա է։
Գլոբալ ֆինանսների ոլորտում հիմնական ռիսկերը կապված են փոխառությունների ծավալների ավելացման հետ՝ ֆինանսավորման հասանելիության խստացման ու բարձր տոկոսադրույքների հետ համակցությամբ, ինչը կուժեղացնի մակրոտնտեսական խոցելիության գործոնները և կարող է բացասաբար ազդել բարձր մակարդակի պարտք ունեցող երկրներում բյուջետային ու պարտքային կայունության վրա։ Անդամ պետություններում ծախսերի բարձր մակարդակի պահպանման և պարտքի շուկայի կոնյունկտուրայի վատթարացման պարագայում պետական բյուջեի եկամտային բաղադրիչի վրա ճնշման ուժեղացման ռիսկերի իրագործման դեպքում կարող է պահանջվել բյուջետային հավասարակշռության պահպանման ու պարտքի կառավարման ոլորտում այնպիսի միջոցների ձեռնարկում, որոնք ուղղված կլինեն, այդ թվում՝ փոխառությունների արժեքի նվազմանը։
Մակրոտնտեսական կայունության ապահովումը տնտեսական համակարգի անխափան ու արդյունավետ աշխատանքի կարևորագույն պայմանն է։ Անդամ պետությունների տնտեսական զարգացման գործընթացների ակտիվացման համար կրիտիկական կարևորություն ունի մակրոտնտեսական քաղաքականության կողմնորոշումը բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ տնտեսական ներուժի ամրապնդման, ներդրումների աճի և ապրանքների ու ծառայությունների արտադրության ընդլայնման համար, որն իր հերթին հիմք կծառայի երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության հասնելու համար։
Տնտեսության արտադրական ոլորտում ներդրումների ներհոսքի ծավալը կդառնա այն կարևորագույն գործոնը, որը միջնաժամկետ հեռանկարում ազդելու է Միությունում տնտեսական գործընթացների դինամիկայի վրա։ Միությունից կապիտալի զգալի արտահոսքի, ինչպես նաև արտաքին ֆինանսական ռեսուրսների հասանելիության նվազման պայմաններում հատուկ կարևորություն են ստանում տնտեսության ֆինանսավորման ներքին աղբյուրներն ու անդամ պետությունների փոխադարձ ներդրումները։ Վերջին տարիներին ներդրումների համար աջակցությունը հիմնականում ապահովվում է առանձին անդամ պետություններում դրական բյուջետային ազդակի պահպանմամբ, սակայն պետական ծախսերի հետագա ավելացման հնարավորությունները սահմանափակված են։ Բյուջետային միջոցների օգտագործման հետագա հեռանկարները գտնվում են պետական ներդրումների արդյունավետության և արդյունքայնության բարձրացման հարթությունում։
Բացասական արտաքին գործոններից ազգային ֆինանսական համակարգերի կախվածության նվազմանը կնպաստի անդամ պետությունների սուբյեկտների միջև ազգային արժույթներով հաշվարկների ավելացման միտման պահպանումը։
Ժողովրդագրական ռիսկերի ավելացման պայմաններում կարևոր է նաև հետագայում նպաստել Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի զարգացմանը՝ ձևավորելով նորարարական մտածելակերպ, բարձր որակավորում ունեցող կադրերի պահպանման և անդամ պետություններ ներհոսքի համար հարմարավետ պայմաններ։
Անդամ պետությունները պետք է միավորեն ջանքերը՝ ուղղված իրենց արտադրական բազայի ամրապնդմանն ու տնտեսության իրական հատվածի զարգացմանը։ Բոլոր անդամ պետություններում հիմնական ֆոնդերի մաշվածության աստիճանը մոտ 40 տոկոս և ավելի բարձր մակարդում է և շարունակում է ավելանալ, ընդ որում՝ անդամ պետություններում առկա է արտադրական հզորությունների թարմացման ու լիաբեռնման հետ կապված զարգացման էական ներուժ։ Առաջնահերթ խնդիր պետք է դառնա սեփական տեխնոլոգիական սարքավորումների արտադրման կարգավորումը, որի հիմքի վրա հնարավոր կդառնա առանցքային ոլորտներում արտադրության թարմացումը, ընդլայնումն ու արդիականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը և անդամ պետությունների տնտեսությունների համար կառաջացնի նշանակալի բազմապատկական էֆեկտ։
Արդյունաբերական, ագրոարդյունաբերական, ենթակառուցվածքային ոլորտներում կոոպերացիոն կապերի զարգացումը պետք է անդամ պետություններին ապահովի Միության շրջանակներում արտադրվող բարձր տեխնոլոգիական և ժամանակակից արտադրանքով։ Ներկայումս Միությունում ստեղծվում է մեխանիզմ, որով նախատեսվում է արդյունաբերական նախաձեռնություններին աջակցության և ֆինանսական օժանդակության տրամադրում՝ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման դեպքում։ Ենթադրվում է, որ տվյալ մեխանիզմն սկսելու է գործել 2024 թվականին։ Միևնույն ժամանակ՝ մշակված մեխանիզմի փորձարկումից հետո ենթադրվում է դրա առավել լայն գործնական ներդրման հնարավորության ուսումնասիրումը՝ ավելացնելով համատեղ արտադրությունների քանակն ու բարձրացնելով Միության շրջանակներում արտադրվող արտադրանքի որակը։
Կոոպերացիայի առավելությունների օգտագործումը և անդամ պետությունների ջանքերի համախմբման հիման վրա նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը հնարավորություն կտան Միության շրջանակներում արտադրվող արտադրանքը մրցունակ և պահանջված դարձնելու ներքին ու արտաքին շուկաներում։ Հաշվի առնելով Միության ներքին շուկայի գործունեության ապահովման ավելացած նշանակությունը՝ կարևոր է ջանքերն ուղղել դրա դինամիկ զարգացմանը, արգելքների վերացմանն ու սահմանափակումների և բացառումների առավելագույն կրճատմանը, նոր լոգիստիկ սխեմաների կառուցմանն ու ենթակառուցվածքում «նեղ հատվածների» վերացմանը։ Անհրաժեշտ է զարգացնել արտադրողից սպառողին ապրանքների վաճառքի և առաքման տարբեր ձևերը՝ իրացման շուկաների ընդլայնման համար՝ ներառյալ էլեկտրոնային ու կազմակերպված (բորսայական) առևտուրը, մեծածախ և լոգիստիկ կենտրոնները, որոնք հնարավորություն են տալիս կրճատել առաքման ժամանակը և օպտիմալացնել գները ներքին ապրանքային շուկայում։ Հատկապես արդիական է Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի զարգացման ներուժի օգտագործումը, որը հնարավորություն կտա կրճատելու բիզնեսի ծախքերը, նվազեցնելու ծառայությունների արժեքն ու բարձրացնելու դրանց որակը՝ անդամ պետությունների բնակչության համար։
Անհրաժեշտ է միջազգային մակարդակով կառուցել նոր արտադրական, լոգիստիկ և առևտրային կապեր՝ օգտագործելով անդամ պետությունների բարենպաստ աշխարհագրական դիրքը և երրորդ երկրների հետ հեռանկարային ուղղություններով իրավահավասար ու փոխշահավետ հարաբերությունների հաստատման և ամրապնդման հնարավորությունները։
2024-2025 թվականներին մակրոտնտեսական միջավայրի բարելավման, արտադրության զարգացման մեջ ներդրումների ավելացման, գիտատեխնոլոգիական և արտադրական ներուժի բարձրացման, եվրասիական կոոպերացիոն նախագծերի իրագործման, ինչպես նաև Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման և միջազգային տնտեսական համագործակցության զարգացման խնդիրների լուծմամբ պայմաններ կստեղծվեն՝ հեռանկարում համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերը գերազանցող տեմպերով Միության ՀՆԱ-ի տարեկան աճի հետագիծ դուրս գալու համար։
Առաջիկա ժամանակահատվածում առաջադրված խնդիրների լուծման համար անդամ պետություններին առաջարկվում է իրենց ջանքերն ուղղել հետևյալ միջոցառումների իրականացմանը։
Ներդրումների ծավալների ավելացման համար բարենպաստ մակրոտնտեսական պայմանների ստեղծում, այդ թվում՝
գների կայունության պահպանում.
փոխադարձ առևտրում հաշվարկներ կատարելու համար անդամ պետությունների ազգային արժույթների օգտագործման զարգացում.
ազգային արժույթների ուղիղ փոխադարձ գնանշումների ապահովում և անդամ պետությունների բորսայական արժութային շուկաների իրացվելիության բարձրացում.
բյուջեի համախմբման իրականացում, այդ թվում՝ բյուջեի ծախսերն օպտիմալացնելու և բյուջետային միջոցներն առավել մեծ սոցիալ-տնտեսական էֆեկտով ծախսերի օգտին ուղղելու միջոցով.
արժութային ռիսկերը նվազեցնելու նպատակով անդամ պետությունների ազգային արժույթով միջոցների ներգրավում՝ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար.
կոոպերացիայի զարգացում՝ Միության իրավունքով նախատեսված ֆինանսավորման գործիքների օգտագործմամբ համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործման, այդ թվում՝ գոյություն ունեցող արտադրության արդիականացման և (կամ) ընդլայնման միջոցով.
մանրածախ ներդրողների և ֆինանսական ծառայություններ սպառողների համար ռիսկերի նվազեցման մեխանիզմների զարգացման աշխատանքի շարունակում, այդ թվում՝ ֆինանսական գրագիտության բարձրացման և ֆինանսական կազմակերպությունների, կապի օպերատորների ու պետական իշխանության մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացման միջոցով։
Միության գիտատեխնոլոգիական ներուժի զարգացում, այդ թվում՝
գիտատեխնիկական առաջընթացի համատեղ սահմանվող գերակայությունների հիման վրա գիտատեխնոլոգիական և նորարարական զարգացման ոլորտում անդամ պետությունների համատեղ հետազոտությունների անցկացում.
Միության գիտատեխնիկական զարգացման՝ շրջանակային բնույթ ունեցող ռազմավարական ծրագրի մշակում և իրագործում.
անդամ պետությունների կողմից համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական այնպիսի նախագծերի ստեղծում և իրագործում, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշները.
անդամ պետությունների տարածքներում անդամ պետությունների համար գերակա ուղղություններով բարձր տեխնոլոգիական արտադրությունների տեղայնացման ջանքերի միավորում.
անդամ պետությունների տնտեսությունների ճյուղերում թվային տեխնոլոգիաների, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկաների թվային փոխակերպման զարգացում.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 18 հանձնարարականին համապատասխան՝ անդամ պետությունների գիտական կազմակերպություններում և բուհերում փոխադարձ ստաժավորումների միջոցով հետազոտողների (այդ թվում՝ մագիստրանտների, ասպիրանտների) որակավորումը բարձրացնելու ծրագրերի իրագործում.
Միության աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտություններին ներկայացվող որակավորման պահանջների մոտարկմանը վերաբերող հարցերի և մասնագիտական որակավորումների հաստատման կարգի մշակում։
Անդամ պետությունների արտադրական բազայի ամրապնդում և իրական հատվածում կոոպերացիայի զարգացում, այդ թվում՝
Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող՝ արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան՝ անդամ պետությունների միջև արդյունաբերական համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծում.
անդամ պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի զարգացում, եվրասիական արտադրական շղթաների ձևավորում, դրանցում փոքր և միջին արդյունաբերական ընկերությունների մասնակցության ընդլայնում.
պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության զարգացում՝ Միության շրջանակներում համաշխարհային լավագույն փորձի կիրառման, միջազգային արտադրական ու գիտատեխնիկական կոոպերացիայի զարգացման, երրորդ երկրների շուկաներում արդյունաբերական ապրանքների առաջխաղացման համար պայմանների ստեղծման մասով.
անդամ պետությունների գիտահետազոտական կազմակերպությունների, զարգացման ինստիտուտների և արդյունաբերական ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատման հարցում օժանդակություն.
արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում անդամ պետությունների համագործակցության զարգացում.
ագրոարդյունաբերական համալիրի բարձր տեխնոլոգիական այնպիսի ոլորտների զարգացում, որոնք էապես նվազեցնում են երրորդ երկրներից մատակարարումներից կախվածությունը.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ հաստատված միջոցների ցանկին համապատասխան՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտներում անդամ պետությունների օրենսդրության միասնականացում.
էներգախնայողության, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով անդամ պետությունների փոխգործակցության զարգացման աշխատանքի շարունակում.
եվրասիական տրանսպորտային միջանցքների տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործմանը և դրանց տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգմանն ուղղված միջոցառումների իրագործում.
Միության տեխնիկական կանոնակարգերում միջազգային և տարածաշրջանային առաջատար ստանդարտների վրա հիմնված՝ արտադրանքին ներկայացվող այնպիսի պահանջների սահմանման աշխատանքի շարունակում (հաշվի առնելով այդ պահանջներին անցում կատարելու նպատակով արդյունաբերության նախապատրաստման համար անհրաժեշտ բավարար անցումային շրջանները և անդամ պետությունների առանձնահատկությունները), որոնք պայմաններ և հնարավորություններ են ստեղծում մրցունակ, բարձր տեխնոլոգիական ու նորարարական արտադրանքի արտադրության համար։
Միության ներքին շուկայի զարգացում և արտահանման հնարավորությունների ընդլայնում, այդ թվում՝
արգելքների վերացում, բացառումների ու սահմանափակումների կրճատում, ինչպես նաև Միության ներքին շուկայում նոր արգելքների առաջացման բացառում.
Միության համատեղ նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրագործման մասին հիմնադրույթի նախագծի նախապատրաստում և համաձայնեցում.
Միության շրջանակներում ապրանքների ընդհանուր բորսայական (կազմակերպված) շուկայի ձևավորման շարունակում.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի, գազի ընդհանուր շուկայի, նավթի ու նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորում.
տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և Միության շրջանակներում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման աշխատանքի շարունակում.
առանձին գյուղատնտեսական ապրանքների ու պարենի մասով պահանջարկի և առաջարկի ինդիկատիվ հաշվեկշիռների ձևավորման համար ապրանքների անվանացանկի ընդլայնման նպատակահարմարությունը որոշելու հետ կապված հարցի մշակում.
Միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ակտիվացում.
Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծում.
երրորդ կողմերի հետ առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման աշխատանքի շարունակում՝ արտահանման հնարավորություններն ընդլայնելու նպատակով.
Եվրասիական վերաապահովագրական ընկերության գործունեության ապահովում.
Միությանն առընթեր դիտորդ պետությունների՝ Միության շրջանակներում առանձին նախաձեռնություններին մասնակցելու հնարավորության մշակում.
առանցքային տարածաշրջանային տնտեսական միավորումների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համակարգային երկխոսության կառուցում՝ փոխշահավետ համագործակցությունը կարգավորելու և համաշխարհային շուկայում Միության շահերն առաջ մղելու նպատակով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|