Գլխավոր տեղեկություն
Համար
N 3088-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.08.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
13.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3088-Ա

«13» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԵՏՐՈՍ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 01/18-Դ-123916-2110 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Պետրոս Թովմասյանի 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-94680-24 դիմումով ներկայացված պահանջի քննության շրջանակներում Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ- 123916-2110 շինարարության թույլտվության տրման իրավաչափությունը գնահատման ենթարկելու և դրա շրջանակներում նշված վարչական ակտը վերանայելու նպատակով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:

Վարույթի շրջանակներում 2024 թվականի օգոստոսի 9-ին ժամը 11.00-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է դիմումատու Պետրոս Թովմասյանը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 21-րդ և 38-րդ հոդվածներից բխող իրավակարգավորումներին համաձայն՝ ծանուցվել է վարույթին մասնակից դարձված անձ՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվության հասցեատեր Դավիթ Խաչատրյանը:

Վարույթի լսումներին ներկայացել և մասնակցել են դիմումատու Պետրոս Թովմասյանը, վարույթին մասնակից դարձված անձ՝ Դավիթ Խաչատրյանը և վերջինիս լիազորված անձ՝ Արմինե Հարությունյանը:

Վարույթի շրջանակներում ուսումնասիրման ենթարկվելով Պետրոս Թովմասյանի 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-94680-24 դիմումով նշված փաստական հանգամանքները, լրացուցիչ ուսումնասիրության ենթարկելով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով Դավիթ Խաչատրյանին տրված՝ Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվությունն ու թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով կայացված դատական ակտերը, վարույթի լսումների վերաբերյալ 2024 թվականի օգոստոսի 9-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 123/8 հասցեում գտնվող 0.010885հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Դավիթ Խաչատրյանին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 23072013-01-0094 վկայական, տրված՝ 2013 թվականի հուլիսի 23-ին):

Հիմք ընդունելով Դավիթ Խաչատրյանի հայտը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 16012020-01-0170 վկայականը, «Արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2014 թվականի օգոստոսի 27-ին տրված թիվ 14-412 փորձագիտական դրական եզրակացությունը, Երևանի քաղաքապետի 2013 թվականի մայիսի 17-ի N 2480-Ա որոշմանը կից տրված նախագծման թույլտվությունը, 2015 թվականի մայիսի 20-ի N 01/18- 05/1-Խ-824-330 համաձայնեցված նախագիծը, 2017 թվականի մայիսի 20-ի N 01/18-05/1- Խ-997-308 վերահամաձայնեցված նախագիծը՝ Երևանի քաղաքապետի կողմից 2017 թվականի մայիսի 20-ին տրվել է N 01/18-Խ-997-365 շինարարության թույլտվությունը՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 123/8 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ կատարելու համար:

Երևանի քաղաքապետի 2017 թվականի մայիսի 20-ի N 01/18-Խ-997-365 շինարարության թույլտվության 2-րդ կետով սահմանվել է շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ՝ 35 (երեսունհինգ) ամիս տևողությամբ:

Երևանի քաղաքապետի 2017 թվականի մայիսի 20-ի N 01/18-Խ-997-365 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների իրականացման ժամկետը երկարաձգվել է Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվությամբ, որի 2-րդ կետով սահմանվել է շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ՝ 34 (երեսունչորս) ամիս տևողությամբ:

Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարական աշխատանքների իրականացման ժամկետը երկարաձգվել է Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվությամբ, որի 2-րդ կետով սահմանվել է շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ՝ 24 (քսանչորս) ամիս տևողությամբ:

Պետրոս Թովմասյանի կողմից Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է ներկայացվել՝ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18- 53148-703 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին հայցադիմում, որը 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ և թիվ ՎԴ/5199/05/20 գործի համարով ընդունվել է վարույթ:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով 2020 թվականի օգոստոսի 31-ին կայացված որոշմամբ Պետրոս Թովմասյանի կողմից ներկայացված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, այն է՝ կասեցվել է Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվության կատարումը:

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով 2020 թվականի հոկտեմբերի 15-ին կայացված որոշմամբ Դավիթ Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով 2023 թվականի հունիսի 23-ին կայացված վճռով Պետրոս Թովմասյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ Դավիթ Խաչատրյանի՝ բավարարվել է և ոչ իրավաչափ է ճանաչվել 2015 թվականի մայիսի 20-ի N 01/18-05/1-Խ-824-380 շինարարության թույլտվությունը, անվավեր են ճանաչվել 2017 թվականի մայիսի 20-ի N 01/18-05/1-Խ-997-365 և 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18- 53148-703 շինարարության թույլտվությունները: Նույն վճռի «Վճռեց» մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը վճռել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվության կատարման կասեցումը պահպանել մինչև նույն վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով 2023 թվականի հունիսի 23-ին կայացված վճռի դեմ Դավիթ Խաչատրյանի և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնց քննությունը նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 124-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմնի կողմից շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությամբ սահմանված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողությունը կարող է երկարաձգվել՝ ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

Հավելվածի 126-րդ կետի համաձայն՝ եթե կառուցապատողը նախազգուշացումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմնին` շինարարության ժամկետը երկարաձգելու մասին հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց իրավունքների ծանրաբեռնմամբ և կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ իրավունքներով հանդերձ վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:

Հավելվածի 127-րդ կետի համաձայն՝ կառուցապատողի կողմից սույն կարգի 126- րդ կետում նշված հայտն իրավասու մարմին է ներկայացվում՝ համաձայն N 5 հավելվածի N 2-1 ձևի:

Հավելվածի 124-րդ, 126-րդ և 127-րդ կետերով նախատեսված՝ շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու ձևով վարչական ակտի կայացում հայցելու իրավունքը պատկանում է կառուցապատողի իրավական կարգավիճակում գտնվող անձին, այսինքն՝ շինարարության ժամկետի երկարաձգում նախատեսող վարչական ակտի հասցեատերն օրենքի իմաստով հանդիսանում է կառուցապատող հանդես եկող անձը, հետևաբար քննարկվող պարագայում գնահատման է ենթակա այն հարցը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ- 123916-2110 շինարարության թույլտվության կայացման պահին Դավիթ Խաչատրյանը օգտվել է կառուցապատողի իրավունքներից և պարտականություններից, թե՞ ոչ, իրավասու է եղել վարչական մարմնում հանդես գալ և իրացնել կառուցապատողի՝ Հավելվածի 126-րդ և 127-րդ կետերով նախատեսված՝ շինարարության ժամկետը երկարաձգելու մասին հայտ ներկայացնելու և համապատասխան վարչական ակտով կառուցապատման ժամկետի երկարաձգում նախատեսող բարենպաստ վարչական ակտի ընդունում ակնկալելու իրավունքը, թե՞ ոչ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5- րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով 2020 թվականի օգոստոսի 31-ին կայացված որոշմամբ կասեցվել է Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվության կատարումը, ինչից հետևում է, որ կասեցված է համարվել նաև այդ վարչական ակտից բխող՝ Դավիթ Խաչատրյանի կառուցապատման իրավունքը, հետևաբար քննարկվող կասեցման գործողության պայմաններում վերջինս չէր կարող օգտվել Հավելվածի 126-րդ և 127-րդ կետերով նախատեսված՝ շինարարության ժամկետը երկարաձգելու մասին հայտ ներկայացնելու իրավունքից:

Վարույթում առկա նյութերի ուսումնասիրությամբ և թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով կայացված դատական ակտերով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվության կայացման պահին Դավիթ Խաչատրյանը չէր կարող հանդես գալ կառուցապատողի իրավական կարգավիճակով այն իմաստով, որ չէր կարող իրացնել Հավելվածի 126-րդ և 127-րդ կետերով սահմանված իրավունքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

ա) անձի դիմումը, բողոքը.

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվությունն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, Հավելվածի 124-րդ, 126-րդ և 127-րդ կետերի խախտմամբ, որի նկատմամբ ենթակա են կիրառման նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը չի կարող անվավեր ճանաչվել, եթե ակտի հասցեատերն իրավունք ունի վստահելու վարչական ակտի գոյությանը, և վերջինիս գործողության մեջ գտնվելը չի կարող վնաս պատճառել որևէ անձի իրավունքներին, Հայաստանի Հանրապետությանը կամ որևէ համայնքի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի համաձայն՝ վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գոյությանը վստահելու իրավունք չունի, եթե նա` նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ` իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով 2020 թվականի օգոստոսի 31-ին կայացված որոշման պայմաններում՝ Դավիթ Խաչատրյանն իմացել է կամ պարտավոր էր իմանալ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվության կատարումը կասեցված լինելու մասին, իսկ ակտի կատարումն իրենից ենթադրում է ակտով սահմանված իրավունքների և պարտականությունների կատարում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաչափ է այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի պահանջներին համապատասխան:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները.

ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում.

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձևի և նմուշի թղթի վրա:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքի քննարկումն իրականացվում է նույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավասու է՝

ա) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` ճանաչելով վարչական ակտն անվավեր կամ առ ոչինչ կամ ընդունելով նոր վարչական ակտ.

բ) մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվության ընդունման պահին թիվ ՎԴ/5199/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվության կատարումը եղել է կասեցված, ուստի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 124-րդ, 126-րդ, 127-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 53-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածի 1-ին մասով, 57- րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 69-րդ, 75-րդ և 76-րդ հոդվածներով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Պետրոս Թովմասյանի 2024 թվականի հուլիսի 24-ի թիվ Դ-94680-24 դիմումը բավարարել և Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 123/8 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով Դավիթ Խաչատրյանին տրված և Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 12-ի N 01/18-53148-703 շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգող՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 01/18-Դ-123916-2110 շինարարության թույլտվությունը ճանաչել անվավեր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ