ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԱՐԴ1/0007/13/20
Ա. Նիկողոսյան
նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ | ||
Ա. Պողոսյանի | ||
|
Ս. Օհանյանի |
26 հունվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Ռուբեն Շալիկոյի Տոնականյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ պաշտպան Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի դատավճռով Ռուբեն Շալիկոյի Տոնականյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 188.1-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ Ռ.Տոնականյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը փոխարինվել է 1800 (հազար ութ հարյուր) ժամ հանրային աշխատանքներով:
3. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը բավարարվել է և Ռ.Տոնականյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժատեսակի չկրած մասը` 1376 (հազար երեք հարյուր յոթանասունվեց) ժամ հանրային աշխատանքները փոխարինվել է 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկմամբ:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 6-ի որոշմամբ պաշտպան Հ.Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
5. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Հ.Գալստյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որի արդյունքում կայացրել է անհիմն դատական ակտ:
7. Ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանները սխալ են գնահատել Ռ.Տոնականյանի կողմից հանրային աշխատանքներից չարամտորեն խուսափելու հանգամանքը: Մասնավորապես, Ռ.Տոնականյանը մինչև «Բարեկարգում» ընկերությունում նշանակվելը, բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները, իսկ նշյալ ընկերությունում նշանակվելուց հետո, չի կատարել հանրային աշխատանքները, քանի որ նրան չեն ապահովել անհրաժեշտ հանդերձանքով, ինչը պարտադիր է: Ուստի, ըստ բողոքաբերի, Ռ.Տոնականյանը չարամտորեն չի խուսափել հանրային աշխատանքները կատարելուց:
8. Բողոքաբերը նշել է նաև, որ Ռ.Տոնականյանի նկատմամբ ազատազրկում չէր կարող նշանակվել, քանի որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածը պատիժ է նախատեսում միայն տուգանքի և կալանքի ձևով։ Հետևաբար, ըստ բողոքաբերի, Ռ.Տոնականյանի նկատմամբ նշանակվել է օրենքով չնախատեսված պատիժ:
9. Բացի այդ, բողոքաբերը գտել է նաև, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն ապաքրեականացվել է, որը նույնպես դատական ակտը բեկանելու հիմք է:
10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 6-ի որոշումը՝ Ռ.Տոնականյանին ազատելով նշանակված պատժից:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքերը.
11. Առաջին ատյանի դատարանը, 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ դատապարտյալ Ռ.Տոնականյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժատեսակի չկրած մասը փոխարինելով 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկմամբ, նշել է հետևյալը. «(…) Դատարանն արձանագրում է, որ (...) Ռ.Տոնականյանի կողմից հանրային աշխատանքները չկատարելը պատճառաբանվել է իրեն հանդերձանք չտրամադրելու փաստով, (...) [որպիսի] պատճառաբանությունը չի կարող համարվել հանրային աշխատանքները կատարելու անհնարինություն և Ռ.Տոնականյանի դրսևորած վարքագիծը վկայում է նրա կողմից հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու մասին:
Ստացվում է, որ դատապարտյալ Ռ.Տոնականյանը չի ներկայացել աշխատանքի վայր, ծանուցված լինելով՝ հրաժարվել է հանրային աշխատանքներ կատարելուց, այսինքն՝ խուսափել է հանրային աշխատանքի չկրած մասի 1376 (հազար երեք հարյուր յոթանասուն վեց) ժամ հանրային աշխատանքները կատարելուց, ուստի վերջինիս նկատմամբ թիվ ԱՐԴ/0013/13/19 գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի մայիսի 31-ի որոշմամբ սահմանված 1800 (հազար ութ հարյուր) պատժատեսակի չկրած մասը` 1376 (հազար երեք հարյուր յոթանասուն վեց) ժամ հանրային աշխատանքները, պետք է փոխարինել 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկմամբ՝ ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:
(…)
Ինչ վերաբերում է պաշտպան Հ.Գալստյանի այն պնդմանը, որ Ռ.Տոնականյանին մեղսագրվող արարքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասը չի նախատեսում ազատազրկում պատժատեսակը և նշված հոդվածի սանկցիայի առավել խիստ պատժատեսակը կալանքն է, որը չի կարող նշանակվել՝ [նախկին] ՀՀ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, Դատարանն արձանագրում է, որ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդության քննարկման ընթացակարգը կարգավորվում է [նախկին] ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ գլխի նորմերով՝ նշանակված պատժատեսակի փոփոխման կանոններով և սույն միջնորդության քննարկմանը վերաբերելի չեն ՀՀ քրեական օրենսգրքի պատժի նշանակման նորմերը (…)»2։
12. Վերաքննիչ դատարանի` 2022 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն` «(...) [Հ]աշվի առնելով, որ դատապարտյալն ըստ էության փորձել է բոլոր հնարավոր միջոցներով զերծ մնալ իր վրա դրված պարտավորության բարեխիղճ կատարումից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից Առաջին ատյանի դատարանում արված հայտարարության համաձայն նա չի ներկայացել «Բարեկարգում» տնօրինություն, քանի որ «իրենց ստրուկը չի»՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ են ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԱՐԴ1/0007/13/20 որոշմամբ՝ դատապարտյալ Ռուբեն Շալիկոյի Տոնականյանի նկատմամբ հանրային աշխատանքներ պատժատեսակի չկրած մասն ազատազրկմամբ փոխարինելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ արտահայտված հետևությունները:
Անդրադառնալով Բողոքաբերի փաստարկներին առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 188.1-րդ հոդվածի 1-ին մասը որպես պատժի տեսակ ազատազրկում առհասարակ չի նախատեսում, իսկ սահմանված պատժաչափը չի համապատասխանում կատարված արարքի ծանրությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ չնայած պատիժը հանդես է գալիս որպես հանցագործության կատարման դիմաց սոցիալական արդարությունը վերականգնելու, պատժի ենթարկված անձին ուղղելու, ինչպես նաև հանցագործությունները կանխելու միջոց, տվյալ դեպքում պատժատեսակի խստացումն ըստ էության հանդիսանում է փոխարինվող պատժի կրումից չարամտորեն խուսափելու արդյունք: Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, գնահատելով խնդրո առարկա իրավական կարգավորման սահմանադրականությունը, գտել է, որ իրավական հետևանքի առումով օրենսդիրը վերոհիշյալ դեպքում պահպանել է հետապնդվող նպատակի և դրան հասնելու իրավական միջոցների համարժեքության սկզբունքը:
Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում վերաքննիչ բողոքի փաստարկն առ այն, որ դատապարտյալ Ռուբեն Շալիկոյի Տոնականյանի կողմից հանրային աշխատանքները չկատարելը անհնարիության հետևանք է և իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևությանն այն մասին, որ հանդերձանք չտրամադրելու պատճառաբանությունը չի կարող համարվել հանրային աշխատանքները կատարելու անհնարինություն, իսկ դատապարտյալի դրսևորած վարքագիծը վկայում է նրա կողմից հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու մասին (...)»3։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դատապարտյալ Ռուբեն Տոնականյանի կողմից հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց»:
2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3. Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով՝
1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.
2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.
3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում»:
14. Վճռաբեկ դատարանը, Խաչիկ Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ նշել է՝ «(…) [Պ]ատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում պատժի կրման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տարածքային մարմինը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին, իսկ այն դեպքում, երբ դատապարտյալը չարամտորեն խուսափում է հանրային աշխատանքների կատարումից, տարածքային մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին:
ՀՀ Սահմանադրական դատարանը, թիվ ՍԴՈ-1082 որոշման շրջանակներում, չարամտությունը բնորոշել է որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, որն օբյեկտիվորեն հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը (ազատությունից զրկելու հետ կապված պատժով փոխարինմանն ու կիրառմանը), հետևաբար` նաև իրավակարգավորման արդյունավետ միջոցի գործադրմանը: Դրանով նպատակ է հետապնդվում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն՝ երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը»4:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ դատապարտյալ Ռ.Տոնականյանը չարամտորեն խուսափում է նշանակված հանրային աշխատանքները կատարելուց, որոշում է կայացրել պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին5:
- Վերաքննիչ դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է իրավաչափ հետևության։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ գործում առկա տվյալները բավարար են փաստարկված դատողություն անելու այն մասին, որ դատապարտյալ Ռ.Տոնականյանը չարամտորեն խուսափել է իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքները կատարելուց6:
16. Նախորդ կետում նշված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Ռ.Տոնականյանի կողմից հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու հարցի վերաբերյալ, հանգել են ճիշտ հետևության: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն դատողությանը, որ Ռ.Տոնականյանին համապատասխան հանդերձանք չտրամադրելը ողջամտորեն չի հանգեցնում նախատեսված աշխատանքների կատարման անհնարինության: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ասվածի համատեքստում գնահատում է նաև Ռ.Տոնականյանի կողմից Առաջին ատյանի դատարանում հայտնած դիրքորոշումը7։
17. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1082 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, կրկին իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետևությանը, որ հանրային աշխատանքները ազատազրկմամբ փոխարինելու դեպքում պատժատեսակի խստացումն ըստ էության նշանակված պատժի կրումից չարամտորեն խուսափելու արդյունք է8: Այլ կերպ ասած, պատժի կրումից չարամտորեն խուսափելու դեպքում, օբյեկտիվորեն առաջանում է պատժի խստացման անհրաժեշտություն, որը հանդիսանում է արդյունավետ միջոց և նպատակ է հետապնդում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները9: Հարկ է արձանագրել, որ վերոնշյալ մոտեցումն արտացոլված է նաև 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 60-րդ հոդվածի 8-րդ մասում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 8-րդ կետում նշված փաստարկն անհիմն է:
18. Ամփոփելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ռ.Տոնականյանի կողմից հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են։
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. առկա է արդյո՞ք Ռ․Տոնականյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժատեսակն ազատազրկմամբ փոխարինելիս ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումներին հետադարձ ուժ տալու անհրաժեշտություն:
20․ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ»:
Սույն հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
21. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Հանրային աշխատանքները դատապարտյալի համաձայնությամբ ոչ ավելի, քան օրական 4 ժամ տևողությամբ սահմանվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 60-270 ժամ տևողությամբ:
(…)
7. Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների 8 ժամը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում սահմանվող ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին»:
21.1. Մեջբերված կարգավորումների համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը հանրային աշխատանքներ պատժատեսակն ազատազրկմամբ փոխարինելիս սահմանում է պատժի հաշվարկման առավել մեղմ կանոն, քան նախատեսված էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքով։ Մասնավորապես, եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքով հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը փոխարինվում էր կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների 3 ժամվա դիմաց, ապա ըստ նոր կարգավորումների՝ հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների 8 ժամը հաշվարկելով ազատազրկման մեկ օրվա դիմաց: Միաժամանակ, համաձայն ՀՀ գործող քրեական օրենսգրքի՝ այն դեպքում, երբ նույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում պատժատեսակը նախատեսված չէ, ապա սահմանվող ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:
22. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի հիման վրա փաստում է, որ առկա է Ռ.Տոնականյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներ պատժատեսակն ազատազրկմամբ փոխարինելիս ՀՀ գործող քրեական օրենսգրքի՝ պատժի մեղմացման հանգեցնող կարգավորումներին հետադարձ ուժ տալու անհրաժեշտություն:
23. Ամփոփելով սույն որոշման 21-22-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է հանգի համապատասխան հետևության՝ հաշվի առնելով նաև քրեական նոր օրենսդրության կարգավորումները։
24. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 9-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն սույն գործի շրջանակներում չի կարող քննարկման առարկա դարձվել, քանի որ վերաբերում է Ռ.Տոնականյանի կողմից կատարված հանցանքը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանեցնելուն, ինչը դուրս է սույն գործի քննության շրջանակից և քննարկման առարկա կարող է դարձվել առանձին ընթացակարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 30-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 6-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 175-182։
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 71-79։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Խաչիկ Խաչատրյանի գործով 2022 թվականի օգոստոսի 26-ի թիվ ԱՐԴ/0018/13/19 որոշումը, կետ 13։
5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
7 Տե՛ս նյութեր, հատոր 1, դատական նիստի արձանագրություն, թերթ 174։
8 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
9 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի ապրիլի 23-ի թիվ ՍԴՈ-1082 որոշումը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: