Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ/0038/13/21

Նախագահող դատավոր՝  Ա. Ազարյան

 

 Ռ. Բարսեղյան

 Լ. Աբգարյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

 

Ա. Պողոսյանի

 

 

Ս. Օհանյանի

14 հունիսի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Արամայիս Յուրիկի Վիրաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշման դեմ պաշտպան ՎՍարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Արամայիս Յուրիկի Վիրաբյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ու դատապարտվել տուգանքի՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

12 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Արամայիս Վիրաբյանի նկատմամբ վերը նշված դատավճռով նշանակված պատիժը՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, փոխարինվել է 1.800 (հազար ութ հարյուր) ժամ հանրային աշխատանքներով:

2 Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը բավարարվել է, և ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված 1.800 (հազար ութ հարյուր) ժամ հանրային աշխատանքները փոխարինվել են 600 (վեց հարյուր) օր ժամկետով ազատազրկմամբ՝ ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:

3 Դատապարտյալ ԱՎիրաբյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի մայիսի 3-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:

4 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ ԱՎիրաբյանի պաշտպան ՎՍարգսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1 և 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքաբերի պնդմամբ՝ սույն գործով առկա է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսդրության հետադարձ ուժով կիրառելու դատարանի վարութային պարտականություն։

Այսպես, բողոքով փաստարկվել է, որ հանրային աշխատանքներ պատժատեսակի առումով քրեական նոր օրենսգրքում տեղ գտած կանոնակարգումները, ուժը կորցրած ճանաչված ՀՀ քրեական օրենսգրքի համեմատ էական փոփոխությունների են ենթարկվել։

Մասնավորապես, քրեական նոր օրենսգրքում կրճատվել է հանրային աշխատանքների տևողությունը. քրեական նոր օրենսգրքով հանրային աշխատանքները կարող են նշանակվել 60 (վաթսուն) ժամից մինչև 270 (երկու հարյուր յոթանասուն) ժամ։ Բացի այդ, սահմանվել է, որ հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների ութ ժամը հաշվարկելով ազատազրկման մեկ օրվա դիմաց: Արդյունքում, բողոքի հեղինակը գտել է, որ գործող իրավակարգավորումները համարվում են պատիժը մեղմացնող։

Անդրադառնալով սույն վարույթի փաստական հանգամանքներին, բողոք բերած անձը փաստարկել է, որ ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված 1.800 (հազար ութ հարյուր) ժամ հանրային աշխատանքները 600 (վեց հարյուր) օր ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, հետևաբար 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի համաձայն՝ գործող օրենսդրությունը տարածվում է մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ԱՎիրաբյանի վրա։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը, բողոքաբերը գտել է, որ ԱՎիրաբյանի նկատմամբ պետք է նշանակել առավելագույնը 270 (երկու հարյուր յոթանասուն) ժամ հանրային աշխատանքներ և այն փոխարինել 34 (երեսունչորս) օր ազատազրկմամբ՝ հանրային աշխատանքների ութ ժամը հաշվարկելով ազատազրկման մեկ օրվա դիմաց։

6 Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ու փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Հանրային աշխատանքները որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(․․․) Արամայիս Վիրաբյանը, իրազեկված լինելով հանրային աշխատանքները չկատարելու դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելու հնարավորության մասին, անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է հանրային աշխատանքներ կատարելուց, հետևաբար՝ [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ Արամայիս Վիրաբյանը չարամտորեն խուսափել է հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց։

Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունենալու պատճառով հանրային աշխատանքների կատարումից հրաժարվելու վերաբերյալ Արամայիս Վիրաբյանի պատճառաբանությունն [Առաջին ատյանի դ]ատարանի կողմից անհիմն գնահատվելուն, ապա այդ հետևությունը կատարելիս [Առաջին ատյանի դ]ատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.

Հանրային աշխատանքներ կատարելուց հրաժարվելիս դատապարտյալը պարտավորվել է առողջական վիճակի վերաբերյալ փաստական տվյալներ ներկայացնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն, սակայն չի ներկայացրել: Արդեն դատաքննության ընթացքում ներկայացրել է բժշկական փաստաթղթեր, մասնավորապես՝ 2012 թվականին տրված էպիկրիզներ, ըստ որոնց՝ նրա մոտ ախտորոշվել է «Երիկամների տուբերկուլոզ: Ցիստիտ ռեցիդիվ», ինչպես նաև՝ ամբուլատոր քարտից 2021 թվականի հուլիսի 13-ին տրված քաղվածք, ըստ որի՝ նրա մոտ ախտորոշվել է «Զարկերակային հիպերթենզիա 2-րդ շրջան նևրասթենիա, ՆՑԴ սրտային և հիպերտոնիկ ձև»:

Դատաքննության ընթացքում Արամայիս Վիրաբյանը հայտարարել է, որ ընտանիքի միակ աշխատողն ինքն է՝ զբաղվում է աղյուսի հավաքմամբ, պահեստավորմամբ և վաճառքով:

Վերոգրյալի հաշվառմամբ [Առաջին ատյանի դ]ատարանն արձանագրում է, որ Արամայիս Վիրաբյանի կողմից հանրային աշխատանքները կատարելուց հրաժարվելն առողջական վիճակով պայմանավորելն ընդամենը պատրվակ է, քանի որ առկա առողջական խնդիրների պայմաններում դատապարտյալը, եկամուտ ստանալու նպատակով, այնուամենայնիվ աշխատել է: Բացի այդ, շուրջ 5 ամիս տևած դատաքննության ընթացքում դատապարտյալն այդպես էլ պատրաստակամություն չի հայտնել ներգրավվելու հանրային աշխատանքների կատարմանը, ինչը ևս հաստատում է [Առաջին ատյանի դ]ատարանի հետևությունն առ այն, որ նա ունի հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափելու նպատակ։

Ելնելով վերոգրյալից (․․․) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ դատապարտյալ Արամայիս Վիրաբյանի նկատմամբ հանրային աշխատանքների ձևով նշանակված պատիժը որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ (․․․) միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հանրային աշխատանքների 3 (երեք) ժամի դիմաց սահմանելով 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկում»2։

8 Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանի որոշման (…) հիմնավորումները դիտարկելով [վերաբերելի] իրավական նորմերի լույսի ներքո, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, և ընդունելի են նաև Վերաքննիչ դատարանի համար»3:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի կողմից բարձրացված իրավական հարցը վերաբերում է սույն գործով, հետադարձության կարգով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի կիրառելիությանը։ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի գործողությունը՝ վերաբերելի մասով, հետադարձության կարգով տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ԱՎիրաբյանի նկատմամբ։

10 ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(․․․) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։

3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ։ Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից։ Նշված դեպքերում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն։ (․․․)»։

«ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ին ընդունված ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած կամ պատիժ կրող անձանց նկատմամբ կամ այն անձանց նկատմամբ, որոնք կրել են պատիժը, սակայն ունեն դատվածություն, նշանակված, կիրառվող կամ կիրառված պատժի ժամկետը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները»։

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(․․․), [Ս]ույն օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատելիս, պատիժը մեղմացնելիս կամ հանցանք կատարած անձանց իրավական վիճակն այլ կերպ բարելավելիս վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները»։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ «դատական վարույթը դատական ակտերի կատարման փուլում» բաժնի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու համար միջնորդությունը ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան»։

Մեջբերված քրեաիրավական նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ եթե ՀՀ գործող քրեական օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, ապա այդ դեպքում գործում է հետադարձ ուժ տալու երկու ռեժիմ՝ պարզ, երբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ առկա չէ և վերստուգիչ (ռևիզիոն), երբ առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:

Քրեական օրենսդրության հետադարձության պարզ ռեժիմի առումով գործող ՀՀ քրեական օրենսդրության կարգավորումներին Վճռաբեկ դատարանն անդրադարձ է կատարել Ռուզաննա Գևորգյանի գործով որոշմամբ, արձանագրելով, որ եթե առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն՝ տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա4:

Անդրադարձ կատարելով քրեական նոր օրենսդրության հետադարձ ուժ տալու ռևիզիոն ռեժիմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունը, որպես կանոն, հետադարձ ուժ չունի, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից: Նշված դեպքերում մեղմացնող օրենսդրությանը տրվում է հետադարձ ուժ և այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն։

Վերոգրյալի հետ մեկտեղ հարկ է նկատել, որ «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքը, անդրադառնալով 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսդրությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած քրեաիրավական հարաբերությունների նկատմամբ կիրառելու ընթացակարգին, սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտի առկայության դեպքում դատապարտյալի նկատմամբ նշանակված կամ կիրառված պատիժը մեղմացնելիս վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ դատական ակտերի կատարման փուլում դատական վարույթի կարգը սահմանող դրույթները: Այսպես՝ քրեակատարողական օրենսդրության համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատիժը նոր օրենսդրությանը համապատասխանեցնելու հարցի քննությունը համարվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ընդդատությանը վերապահված։ Այլ խոսքով՝ քրեական օրենսդրության հետադարձության ռևիզիոն ռեժիմի դեպքում՝ պատիժը մեղմացնող քրեական նոր օրենքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորության հարցն ուղղակիորեն նախատեսված է որպես դատական ակտը կայացրած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն։

11 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց»:

2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների 8 ժամը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով»։

Հանրային աշխատանքներ պատժատեսակն ազատազրկմամբ փոխարինելու կապակցությամբ հիշյալ կարգավորումների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ գործող քրեական օրենսդրությունն ազատազրկման ժամկետի հաշվարկման կանոնի առումով համարվում է պատիժը մեղմացնող օրենսդրություն։ Մասնավորապես՝ եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված օրենսդրությամբ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը փոխարինվում էր կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, ապա ըստ նոր կարգավորումների՝ հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` հանրային աշխատանքների ութ ժամը հաշվարկելով ազատազրկման մեկ օրվա դիմաց:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու առումով գործող ՀՀ քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ ազատազրկման ժամկետի հաշվարկման կանոնի փոփոխությունը պատիժը մեղմացնող է, հետևաբար նոր քրեական օրենսգիրքն այդ մասով հետադարձ ուժ ունի։

12 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմամբ Ա.Վիրաբյանի նկատմամբ նշանակված 1.800 (հազար ութ հարյուր) ժամ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու մասին5,

- Առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության ներկայացուցչի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ԱՎիրաբյանը չարամտորեն խուսափում է իր նկատմամբ նշանակված հանրային աշխատանքները կատարելուց, իսկ առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված հանրային աշխատանքների կատարման անհնարինության վերաբերյալ դատապարտյալ ԱՎիրաբյանի պնդումն ընդամենը պատրվակ է՝ հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու համար։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքները փոխարինել է 600 (վեց հարյուր) օր ժամկետով ազատազրկմամբ՝ ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց6,

- Վերաքննիչ դատարանը մերժելով դատապարտյալ ԱՎիրաբյանի վերաքննիչ բողոքը՝ ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին7։

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ hանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետի հաշվարկման կանոնի առումով ՀՀ գործող քրեական օրենսգրքով կատարված փոփոխությունը համարվում է պատիժը մեղմացնող օրենսդրություն և քրեական նոր օրենքին պետք է տրվի հետադարձ ուժ՝ դրա գործողությունը տարածելով ԱՎիրաբյանի նկատմամբ։ Մասնավորապես, ազատազրկման ժամկետի հաշվարկման կանոնում տեղի է ունեցել էական փոփոխություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանվել է հանրային աշխատանքների ութ ժամն ազատազրկման մեկ օրվա դիմաց հաշվարկման կարգ։

Վերոնշյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի գործողությունը՝ վերաբերելի մասով, հետադարձության կարգով տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած ԱՎիրաբյանի նկատմամբ և վերջինիս նկատմամբ նշանակված 1.800 (հազար ութ հարյուր) ժամ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս, ազատազրկման ժամկետը ենթակա է հաշվարկման ազատազրկման մեկ օրը հանրային աշխատանքների ութ ժամվա դիմաց։

14 Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ դատապարտյալ ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքների տևողությունը գերազանցում է ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանրային աշխատանքների վերին շեմը՝ 270 (երկու հարյուր յոթանասուն) ժամը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերադաս դատական ատյաններում դատական վերանայման առարկան սահմանափակված է ստորադաս դատարաններում քննարկված, տվյալ դեպքում՝ դատապարտյալ ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու հարցով, ուստի նշված փաստարկը չի կարող քննարկման առարկա դարձվել սույն գործի շրջանակներում։ Բացի այդ, հարկ է նկատել, որ բողոք բերած անձի փաստարկը վերաբերում է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտին, մինչդեռ այդ դեպքում, ըստ գործող իրավակարգավորումների, գործում է պատիժը մեղմացնող նոր օրենսդրությանը հետադարձ ուժ տալու ռևիզիոն ռեժիմը, որն արդեն իսկ Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվել է սույն որոշման 10-րդ կետում: Այսինքն՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված՝ դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելիս դրա տևողության հաշվարկը՝ որպես պատիժը մեղմացնող օրենսդրության հնարավոր կիրառելիության հարց, ենթակա է լուծման դատապարտյալ ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատական ակտը կայացրած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ համապատասխան միջնորդության հիման վրա։

15 Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվելուց հետո 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելն այնպիսի իրավական հանգամանք է, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ։ Այս համատեքստում, հարկ է նկատել, որ դատական ակտի իրավաչափության վրա ազդող իրավական հանգամանքի առկայությունը, որը ստորադաս դատարանի թերացման արդյունք չէ, որպես դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմք նախատեսվել է նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով8։

Այսպիսով, վերն արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդրական փոփոխությամբ պայմանավորված, ստորադաս դատարանների հետևությունն այն մասին, որ դատապարտյալ ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման մեկ օրը ենթակա է հաշվարկման հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց, իրավաչափ չէ։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել ԱՎիրաբյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Գործի նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետի հաշվարկման կանոնը, դատապարտյալ ԱՎիրաբյանի նկատմամբ նշանակվող ազատազրկման ժամկետի վերաբերյալ պետք է հանգի համապատասխան հետևության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արամայիս Յուրիկի Վիրաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս նյութեր, թերթեր 59-62:

3 Տե՛ս նյութեր, թերթեր 126-130:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ռուզաննա Գևորգյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԱՐԴ/0008/01/20 որոշման 20-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 1․2-րդ և 2-րդ կետերը։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ, 372-րդ, 378-րդ, 387-րդ հոդվածները։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: