Գլխավոր տեղեկություն
Համար
N 1482-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 19.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1482-Ն

 

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորմանը և մասնագիտական որակավորման քննություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը՝ համաձայն N 3 հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1482-Ն որոշման

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԵՆԵՋԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն պահանջներով կարգավորվում են ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կազմակերպող փոխադրումների մենեջերի (այսուհետ՝ փոխադրումների մենեջեր) մասնագիտական որակավորում ստանալու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված փոխադրումների մենեջերի մասնագիտական վերապատրաստման դասընթաց են իրականացնում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնից (այսուհետ՝ լիազոր մարմին) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները (այսուհետ՝ ուսումնական կենտրոն)։

3. Մասնագիտական որակավորման նպատակով փոխադրումների մենեջերը կարող է անցնել վերապատրաստման դասընթաց ուսումնական կենտրոնի կողմից մշակված ուսումնական ծրագրով նախատեսված ժամկետով։

4. Ուսումնական կենտրոնները պետք է ունենան՝

1) ուսումնական ծրագիր.

2) համապատասխան որակավորում ունեցող դասախոսական կազմ.

3) վերապատրաստման դասընթացները կազմակերպելու համար տարածք, լսարան, ուսումնական նյութեր։

5. Ուսումնական կենտրոնը՝ մինչև մասնագիտական վերապատրաստման դասընթաց իրականացնելու ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստանալը, պետք է մշակի վերապատրաստման դասընթացի ուսումնական ծրագիրը, որը ներառում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակված որակավորման քննությունների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների բնագավառները սահմանող իրավական ակտերը։

6. Վերապատրաստման դասընթացն ուսումնական կենտրոնն իրականացնում է վերապատրաստման ծրագրով։

7. Վերապատրաստման ծրագիրը կազմվում է ընդհանուր և մասնագիտական բաժիններից։ Ընդհանուր բաժնի հարցերը ներառում են ֆինանսների և կառավարման, տեխնիկական ստանդարտների, ճանապարհային երթևեկության անվտանգության, առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության և աշխատանքային օրենսդրության, քաղաքացիական իրավունքի, հարկային բնագավառները, իսկ մասնագիտական բաժնի հարցերն ընդգրկում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման բնագավառը։

8. Վերապատրաստման դասընթացը կարող է իրականացվել մասնագիտական և ընդհանուր բաժինները առանձին կամ միասին։

9. Վերապատրաստման ծրագրին մասնակցած անձին դասընթացն ավարտելուց հետո ուսումնական կենտրոնը տալիս է դասընթացն ավարտելու վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն ձևի։

 

2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Փոխադրումների մենեջերը մասնագիտական որակավորում ստանալու համար պետք է հանձնի մասնագիտական որակավորման քննություն, որը կազմակերպում է լիազոր մարմինը։

11. Մասնագիտական որակավորման քննությանը կարող է մասնակցել «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարած անձը։

12. Մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար անձը լիազոր մարմին է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) քննություն հանձնելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

13. Մասնագիտական որակավորման քննության հարցաշարերը կազմվում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման, ֆինանսների և կառավարման, տեխնիկական ստանդարտների, ճանապարհային երթևեկության անվտանգության, առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության և աշխատանքային օրենսդրության, քաղաքացիական իրավունքի, հարկային բնագավառներից։ Իրավական ակտերը, որոնցից կազմվում են հարցաշարերը, հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքում։

14. Մասնագիտական որակավորման քննությունները կազմակերպվում են համակարգչային թեստավորման միջոցով՝ հայերեն կամ ռուսերեն, կամ անգլերեն լեզվով քննության մասնակցի ընտրությամբ։

15. Մասնագիտական որակավորման քննության օրերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից՝ ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։

16. Քննության անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում քննության օրվանից 10 օր առաջ։

17. Քննական թեստերը բաղկացած են պատասխանի 4 տարբերակ պարունակող հարցերից, ընդ որում՝ պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը։

18. Քննական թեստերը բաղկացած են երկու մասից, յուրաքանչյուրը 25 հարց՝

1) մասնագիտական հարցեր, որոնք ընդգրկում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների կազմակերպման բնագավառը.

2) ընդհանուր հարցեր, որոնք ընդգրկում են ֆինանսների և կառավարման, տեխնիկական ստանդարտների, ճանապարհային երթևեկության անվտանգության, առևտրի և ծառայությունների, սոցիալական ապահովության և աշխատանքային օրենսդրության, քաղաքացիական իրավունքի, հարկային բնագավառները։

19. Մասնագիտական որակավորման քննությունը կարելի է հանձնել սույն կարգի 18-րդ կետով սահմանված մասնագիտական և ընդհանուր մասերը միանգամից կամ առանձին։ Մասնագիտական կամ ընդհանուր մասերն առանձին հանձնելու դեպքում փոխադրումների մենեջերին մասնագիտական որակավորում տրվում է նշված մասերից մեկը դրական հանձնելու օրվանից մեկ տարվա ընթացքում մյուս մասը դրական արդյունքով հանձնելու դեպքում։

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված որակավորման քննությունը մասնագիտական և ընդհանուր մասերն առանձին հանձնելու դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է մեկ անգամ։

21. Մասնագիտական որակավորման քննությունը մասնագիտական և ընդհանուր մասերն առանձին հանձնելու դեպքում քննություններից որևէ մեկը չհանձնած մասնակիցը մեկ տարվա ընթացքում կարող է կրկնակի հանձնել միայն բացասական արդյունքով հանձնված մասը՝ յուրաքանչյուր անգամ վճարելով «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքը:

22. Մասնագիտական որակավորման քննության թեստերը կազմվում են ներբեռնված հարցաշարերից քննության օրը համակարգչային ծրագրով պատահական ընտրության միջոցով։

23. Լիազոր մարմինը քննության անցկացման օրվա և ժամի մասին քննության համար դիմած անձանց գրավոր տեղեկացնում է քննությունից առնվազն 5 աշխատանքային օր առաջ։

24. Մասնագիտական որակավորման քննությունը սկսելուց առաջ լիազոր մարմնի աշխատողը քննության մասնակիցներին բացատրում է քննության անցկացման ընթացակարգը:

25. Մասնագիտական որակավորման քննության յուրաքանչյուր մասի համար սահմանվում է առավելագույնը 90 րոպե ժամանակ։

26. Մասնագիտական որակավորման քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը ճիշտ է պատասխանել թեստի հարցերից առնվազն 60 տոկոսին։

27. Մասնագիտական որակավորման քննության արդյունքները լիազոր մարմինը ամփոփում և արդյունքների վերաբերյալ քննության մասնակիցներին տեղեկացնում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

28. Քննության մասնակիցը կարող է բողոքարկել քննության արդյունքները լիազոր մարմնին։ Քննության արդյունքների բողոքարկման դեպքում լիազոր մարմինն այն քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե քննության արդյունքում պարզվում է, որ թեստում առկա է հարց, որն օրենսդրական փոփոխության արդյունքում՝ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով դարձել է սխալ, ընդունվում է որպես ճիշտ պատասխան։ Բողոքարկման քննության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է որոշում քննության մասնակցի կողմից քննությունը դրական կամ բացասական արդյունքով հանձնելու վերաբերյալ։

29. Բողոքարկման արդյունքում ընդունած որոշման վերաբերյալ լիազոր մարմինը քննության մասնակցին գրավոր տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

30. Մասնագիտական որակավորման քննության դրական արդյունքի դեպքում լիազոր մարմինը կայացնում է որոշում քննություն հանձնած փոխադրումների մենեջերին մասնագիտական որակավորման վկայական տալու մասին։

31. Մասնագիտական որակավորման քննության բացասական արդյունքի դեպքում լիազոր մարմինը կայացնում է մասնագիտական որակավորման վկայական տալը մերժելու մասին որոշում, որին կցվում է համապատասխան քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույնով հավաստվում է, որ _______________________________________________________

  (անունը, հայրանունը, ազգանունը)

Ծնված _______________________________, ____ __________________ 20 ___ թ․

______________________________________________________________ ում անցել է

(ուսումնական կենտրոնի անվանումը)

 

փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման դասընթաց __________

ուսումնական ժամ տևողությամբ։

 

Ուսումնական կենտրոնի ղեկավար

______________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1482-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնագիտական որակավորման վկայական տալու, այդ թվում` կորած կամ վնասված մասնագիտական որակավորման վկայականի կրկնօրինակ տալու գործընթացները:

2. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարող կազմակերպություններում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վերջին տասը տարվա անընդմեջ ղեկավար պաշտոններում կառավարման ստաժ ունեցող անձանց առաջին անգամ մասնագիտական որակավորման վկայականը տրվում է առանց որակավորման քննություն հանձնելու՝ «Պետական տուրքի մասին» օրենքով փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր աշխատանքային գործունեության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնելու դեպքում:

3. Որակավորման քննության դրական արդյունքի կամ սույն կարգի 2-րդ կետում նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելու դեպքում մասնագիտական որակավորման վկայականը տրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։

4. Սույն կարգի 3-րդ կետում նախատեսված դեպքում փոխադրումների մենեջերը մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար լիազոր մարմին ներկայացնում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

5. Մասնագիտական որակավորման վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով։

6. Կորած կամ վնասված մասնագիտական որակավորման վկայականի կրկնօրինակը ստանալու համար անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը և «Պետական տուրքի մասին» օրենքով փոխադրումների մենեջերի մասնագիտական որակավորման վկայական տալու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Կորած կամ վնասված մասնագիտական որակավորման վկայականի կրկնօրինակը տրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

7. Մասնագիտական որակավորման վկայականի ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ փոխադրումների մենեջերը կարող է դիմել լիազոր մարմնին՝ սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան մասնագիտական որակավորման նոր վկայական ստանալու համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1482-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

1. Մասնագիտական որակավորման վկայականը (այսուհետ՝ վկայական) պատրաստվում է դեղնաշագանակագույն 100գ/մ2 խտության A4 չափով։

2. Վկայականը պետք է ունենա հետևյալ պաշտպանիչ տարրերից առնվազն երկուսը՝

1) հոլոգրամ.

2) թղթի մեջ հատուկ մանրաթելեր, որոնք տեսանելի են դառնում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո.

3) առնվազն մեկ տողանի միկրոգրություն (տեսանելի է դառնում միայն խոշորացույցով նայելու դեպքում և չի վերատպվում տպիչ սարքով).

4) շոշափելի նիշեր, խորհրդանիշեր կամ պատկերներ.

5) կրկնակի համարակալում՝ սերիական համար և թողարկման համար.

6) պաշտպանված հետնապատկեր՝ նուրբ գելեոշիրային (ընդհատվող գծերից բաղկացած) գծանկարով և ծիածանային տպագրությամբ։

3. Վկայականը պատրաստվում է հայերեն և անգլերեն լեզվով։

4. Վկայականի վրա պետք է լինի Հայաստանի Հանրապետության միջազգային տարբերանշանը՝ «AM» և վկայականը տրամադրող լիազոր մարմնի անվանումը։

5. Վկայականի օրինակելի ձևը սահմանվում է՝ համաձայն ձևի։

 

Ձև

 

դիմերես

 

AM

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

N ____________

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սույնով հավաստում է, որ _______________________________________________________ը՝

(անունը, հայրանունը, ազգանունը)

ծնված _____________________________________, դրական արդյունքով հանձնել է

(օրը, ամիսը, տարեթիվը, վայրը)

միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ քննական թեստերը _____ _____________՝ ՏՆԵԿ բազմակողմ քվոտայի շրջանակներում իրականացվող միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների նկատմամբ կիրառվող Որակի խարտիայի դրույթներին համապատասխան։

Սույն վկայականը Որակի խարտիայի II գլխի 4-րդ հոդվածում նշված մասնագիտական որակավորման մասին վկայող բավարար ապացույց է։

Տրվել է՝ _____________________, ______ ________________20   թ.

(վայրը)

 

_________________

(պաշտոնը)

_____________________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

դարձերես

 

AM

Ministry of Territorial Administration

And Infrastructure

 

CERTIFICATE OF PROFESSIONAL COMPETENCE (CPC) FOR THE ROAD TRANSPORT MANAGER

 

N __________

 

We...………………………………………………………………………………… hereby

  Organization

certify that ………………………………………………………………………....

  Name, Surname
born on……………………………………… in ..…………………………………………

date of birth

place of birth

has successfully passed the tests for the examination (----- -------------20------) necessary for the award of the certificate of professional competence in road haulage in accordance with the provisions of the Quality Charter applicable to international road haulage operations carried out under the ECMT multilateral quota. This certificate constitutes the sufficient proof of professional competence referred to Article 4 of Chapter II of the Quality Charter.

Issued at..............................................................…., on----- --------- 20 -------

place

________________________________________________________________

positio

signature

name, surname

 

S. P.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

19.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական: