ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան |
ԵԴ/1335/01/21 |
վերաքննիչ քրեական դատարան,
Կ. Ամիրյան դատավորներ՝ Ա․ Հովհաննիսյան
Ս․ Մարաբյան
Հայաստանի Հանրապետության
Նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Լ. Թադևոսյանի | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա. Պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
24 նոյեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սամվել Սուրենի Շախվերդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի մարտի 3-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 60161621 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Սամվել Սուրենի Շախվերդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
2021 թվականի հոկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունիսի 21-ի դատավճռով Սամվել Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով։ Ս․Շախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ։
3․ Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի հունիսի 21-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի մարտի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալ Ս․Շախվերդյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորև նշված գործոնները, որոնք վկայում են վերջինիս անձի և նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:
Մասնավորապես՝ բողոքաբերը փաստարկել է, որ հետիոտնային անցման առկայությունը տրանսպորտային միջոցի վարորդից պահանջում է առավել մեծ ուշադրություն դրսևորել երթևեկելի մասի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ապահովել հետիոտնային անցումների հատման կանոնների պահանջները, այսինքն՝ հիշյալ կանոնների խախտումն ավելի հավանական է դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը։ Կոնկրետ դեպքում, «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման (այսուհետ՝ նաև Ճանապարհային երթևեկության կանոններ) 105-րդ կետի պահանջն ըստ էության ենթադրում է, որ կարգավորվող հետիոտնային անցումներում, լուսացույցի թույլատրող ազդանշան միանալուց հետո տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը փաստացի չի թույլատրվում, քանզի այն արգելված է երթևեկությունը չավարտած հետիոտների առկայությամբ։
Տվյալ դեպքում, Ս․Շախվերդյանը մոտենալով կարգավորվող հետիոտնային անցմանը՝ կանգ չի առել և չի համոզվել անցումի վրա հետիոտնի բացակայության մասին, այլ շարունակել է երթևեկությունը՝ հնարավորություն չտալով կարգավորվող հետիոտնային անցումով, լուսացույցի թույլատրող ազդանշանի պայմանում հետիոտնային անցման գոտին հատող Լ․Շահինյանին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը՝ դրանով իսկ ստեղծել է վթարային իրադրություն, ու որպես արդյունք՝ հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկել վերջինիս և անզգուշությամբ պատճառել մահ։
Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն գործի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները վկայում են առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը մասնակիորեն բեկանել ու փոփոխել։ Ամբաստանյալ Ս․Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Սամվել Շախվերդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա․ «2021թ․ փետրվարի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, անձնական օգտագործման «Օպել» մակնիշի 35 ZT 243 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով մուտք է գործել Երևան քաղաքի Ա․Խաչատրյան և Վ․Վաղարշյան փողոցների խաչմերուկ, կատարել է ձախ շրջադարձ և լուսացույցի թույլատրող ազդանշանի առկայության պայմաններում հնարավորություն չի տվել կարգավորվող հետիոտնային անցումով ճանապարհը հատող հետիոտն Լերմոնտով Գուրգենի Շահինյանին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը, որի արդյունքում կարգավորվող հետիոտնային անցման գծանշումների վրա վրաերթի է ենթարկել նրան՝ տեխնիկական տեսակետից թույլ տալով ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» 105-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որի արդյունքում հետիոտն Լերմոնտով Գուրգենի Շահինյանին անզգուշությամբ պատճառել է մահ»1։
8․ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ս․Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ ապացուցված են ամբաստանյալ Ս․Շահվերդյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հետևյալ հանգամանքների առկայությունը.
- խնամքին է մինչև տասնչորս տարեկան մեկ երեխան՝ 2009թ. ծնված Սոնա Սամվելի Շախվերդյանը,
- հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասն ամբաստանյալը կամովին հատուցել է՝ վրաերթից հետո պարբերաբար այցելել է հիվանդանոցում բուժվող տուժողին և հոգացել բուժման ծախսերը, իսկ տուժողի մահից հետո՝ փոխհատուցել է հուղարկավորության ծախսերը:
Որպես ամբաստանյալ Ս․Շախվերդյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք [Առաջին ատյանի դ]ատարանը հաշվի է առնում նաև խնամքին տարեց ծնողների՝ 1946թ. ծնված Սուրեն Աբգարի Շախվերդյանի և 1947թ. ծնված Սվետ Հարությունի Խաչատրյանի առկայության, առաջադրված մեղադրանքում լիովին մեղավոր ճանաչելու, խոստովանական ցուցմունքներ տալու, կատարածի համար անկեղծորեն զղջալու և դրական բնութագրվելու հանգամանքների համակցությունը:
(…) [Ա]մբաստանյալ Ս․Շախվերդյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների առկայության վերաբերյալ տեղեկություններ [Առաջին ատյանի դ]ատարանին չեն ներկայացվել:
(…) [Ա]մբաստանյալ Սամվել Սուրենի Շախվերդյանի անձի և նրան վերագրվող հանցավոր արարքի հանրային վտանգավորությունը գնահատելիս, ի թիվս այլնի՝ [Առաջին ատյանի դ]ատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները.
Ամբաստանյալ Սամվել Շախվերդյանը վարելով տրանսպորտային միջոցը՝ մուտք է գործել Երևան քաղաքի Ա․Խաչատրյան և Վ․Վաղարշյան փողոցների խաչմերուկ, կատարել է ձախ շրջադարձ և հնարավորություն չի տվել կարգավորվող հետիոտնային անցումով լուսացույցի թույլատրող ազդանշանի առկայության պայմաններում ճանապարհը հատող հետիոտն Լերմոնտով Գուրգենի Շահինյանին՝ ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը, ինչի արդյունքում կարգավորվող հետիոտնային անցման գծանշումների վրա վրաերթի է ենթարկել նրան՝ տեխնիկական տեսակետից թույլ տալով (…) «Ճանապարհային երթևեկության կանոնների» 105-րդ կետի պահանջներին հակասող գործողություն:
Ամբաստանյալ Սամվել Շախվերդյանը տուժողին վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտին հետիոտնային անցումով՝ այսինքն թույլատրելի մասով հատելիս, որի ընթացքում տուժողի կողմից որևէ խախտում թույլ չի տրվել:
Ամբաստանյալ Սամվել Շախվերդյանն ավտոմեքենան վարել է սթափ վիճակում, տուժողին վրաերթի ենթարկելուց հետո իջել է ավտոմեքենայից, մոտեցել տուժողին` փորձելով ինչ-որ կերպ օգնել նրան։
(…) Հաշվի առնելով (․․․) նշված հանգամանքները` [Առաջին ատյանի դ]ատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ս.Շախվերդյանի անձի` հանրության համար վտանգավոր լինելու աստիճանը նվազել է և հնարավոր է հանգել հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու (․․․)»։
9․ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ ամբաստանյալ Ս․Շախվերդյանի ուղղվելը հնարավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ և վերջինիս նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով երկու տարի ժամկետով փորձաշրջան:
Վերաքննիչ դատարանի նման հետևության հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները՝
1․ ամբաստանյալ Սամվել Շախվերդյանն ավտոմեքենան վարել է սթափ վիճակում,
2․ տուժողին վրաերթի ենթարկելուց հետո իջել է ավտոմեքենայից, մոտեցել տուժողին` փորձելով ինչ-որ կերպ օգնել,
3․ հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասն ամբաստանյալը կամովին հատուցել է՝ վրաերթից հետո պարբերաբար այցելել է հիվանդանոցում բուժվող տուժողին և հոգացել բուժման ծախսերը, իսկ տուժողի մահից հետո՝ փոխհատուցել է հուղարկավորության ծախսերը,
4․ տուժող կողմից բողոք-պահանջ առկա չէ,
5․ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել,
6 տվել է խոստովանական ցուցմունքներ և ամբողջովին զղջում է կատարվածի համար,
7․ բնութագրվում է դրական,
8․ խնամքին է մինչև տասնչորս տարեկան մեկ երեխան՝ 2009 թվականին ծնված Սոնա Սամվելի Շախվերդյանը,
9․ խնամքին ունի տարեց ծնողներ՝ 1946թ. ծնված Սուրեն Աբգարի Շախվերդյանը և 1947թ. ծնված Սվետ Հարությունի Խաչատրյանը,
10․ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։
(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալի կողմից թե՛ հանցանքի կատարման պահին դրսևորած վարքագիծը, թե՛ հետհանցավոր վարքագիծը վկայում են վերջինիս կողմից ազատազրկման ձևով պատիժը կրելու աննպատակահարմարության մասին։
(․․․) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննության առարկա դեպքում Առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների շրջանակներում ամբաստանյալի կողմից կատարած խախտումը չի կարող մեկնաբանվել որպես կոպիտ խախտում, քանի որ ամբաստանյալը ոչ թե չի ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշանին, այլ հնարավորություն չի տվել հետիոտնին՝ վերջինիս համար թույլատրող ազդանշանի առկայությամբ ճանապարհն անցնել, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտնին։
(․․․) Միաժամանակ, անգամ կատարած արարքը կոպիտ խախտում դիտարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը, համակցության մեջ դիտարկելով գործում առկա փաստական հանգամանքները, գտնում է, որ դրանք քանակապես և որակապես բավարար հակակշռող գործոններ են և իրենց ամբողջության մեջ ունակ են ապահովելու պատժի նպատակների իրացումը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի գործադրմամբ»2:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս.Շախվերդյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ս.Շախվերդյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
12․ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով, ի թիվս այլնի, համարժեք իրավական գնահատական պետք է ստանան․
ա) հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,
բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը,
գ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
դ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,
ե) հանցագործությամբ պատճառված վնասը, և
զ) հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը3։
Հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման բնույթը գնահատելիս Վճռաբեկ դատարանն Էդմոն Ասատրյանի գործով արձանագրել է, որ․ «(․․․) [Տ]րանսպորտային միջոցի վարորդի կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը, այդ թվում` հետիոտնին չզիջելը, պարունակում է ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու մեծ հավանականություն։ Նշված իրադրությունում, որպես կանոն, խախտումը թույլ տվողի համար բավականաչափ ակնհայտ է լինում խախտման արդյունքում վտանգավոր հետևանքների առաջացման հավանականությունը»4։
13․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ս․Շախվերդյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա իր կողմից վարած «Օպել» մակնիշի 35 ZT 243 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ա․Խաչատրյան և Վ․Վաղարշյան փողոցների հատման խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս հնարավորություն չի տվել կարգավորվող հետիոտնային անցումով՝ լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո երթևեկելի մասը հատող հետիոտն Լ․Շահինյանին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը՝ այդ կերպ թույլ տալով Ճանապարհային երթևեկության կանոնների 105-րդ կետի պահանջին հակասող գործողություն, որի հետևանքով հետիոտնային անցման գծանշումների վրա վրաերթի է ենթարկել Լ․Շահինյանին և նրան անզգուշությամբ մահ պատճառել5։
Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ս․Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, անձը բնութագրող փաստական տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` մասնավորապես, դրական բնութագրվելը, ինքնախոստովանական ցուցմունք տալը, կատարած արարքի համար զղջալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, խնամքին մինչև 14 տարեկան երեխայի, ինչպես նաև ծնողների առկայությունը, տրանսպորտային միջոցը սթափ վիճակում վարելը, դեպքից հետո դրսևորած վարքագիծը և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքների համակցությունն էապես նվազեցնում է ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը՝ վկայելով առանց պատիժը փաստացի կրելու ամբաստանյալ Ս․Շախվերդյանի ուղղվելու հնարավորության մասին6։
Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտը թողել է անփոփոխ` պատճառաբանելով, որ վիճարկվող դատական ակտով արձանագրված վերը նշված հանգամանքները, ինչպես նաև՝ տուժող կողմի դիրքորոշումը՝ ամբաստանյալից բողոք-պահանջ չունենալու մասին, իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու7։
14․ Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Շախվերդյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ստորադաս դատարանները համարժեք իրավական գնահատականի չեն արժանացրել այն փաստը, որ ամբաստանյալը տուժողին վրաերթի է ենթարկել կարգավորվող հետիոտնային անցումով՝ լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո երթևեկելի մասը հատելիս, այսինքն՝ Լ.Շահինյանին անզգուշությամբ մահ է պատճառվել այնպիսի իրադրությունում, երբ նա ճանապարհի երթևեկելի մասը հատում էր օրենքով սահմանված կարգով` հետիոտների տեղաշարժվելու համար նախատեսված երթևեկելի մասի առանձնացված հատվածով, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո։
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցի վարորդը ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների մեջ առավել մեծ վտանգ ներկայացնելով, հետիոտնային անցումների հատման կանոնների պահանջներն ապահովելու առումով կարգավորվող հետիոտնային անցմանը մոտենալիս կարող է շարունակել երթևեկությունը` միայն համոզվելով, որ հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտներ չկան: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերջին պահանջն ըստ էության բխում է Ճանապարհային երթևեկության կանոնների 105-րդ կետում ամրագրված դրույթի բովանդակությունից։
Տվյալ դեպքում, մոտենալով կարգավորվող հետիոտնային անցմանը, որտեղ արդեն միացվել էր լուսացույցի թույլատրող ազդանշանը, ամբաստանյալ Ս.Շախվերդյանն իրադրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով, այն է՝ չցուցաբերելով բավարար ուշադրություն՝ համոզվելու համար, որ հետագա երթևեկությունն անվտանգ է, շարունակել է այն՝ հնարավորություն չտալով տուժողին ավարտելու ընտրված ուղղությամբ երթևեկելի մասի հատումը, արդյունքում ստեղծել է վթարային իրադրություն՝ դրանով իսկ պայմանավորելով վրաերթի առաջացումը։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ թույլ տրված խախտումը, կոնկրետ իրադրությունում, ավելի հավանական է դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը, և արդյունքում տուժողին անզգուշությամբ մահ է պատճառվել։
15․ Ընդհանրացնելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ եզրահանգումը չեն կառուցել կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես` սույն որոշմամբ մեջբերված և կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանի համատեքստում վերլուծված փաստական տվյալների համակցությունը, մասնավորապես՝ թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը և դրա արդյունքում վրա հասած հանրորեն վտանգավոր հետևանքը, այն է` տուժողին անզգուշությամբ մահ պատճառելը, ինչպես նաև տուժողին վրաերթի ենթարկելը՝ կարգավորվող հետիոտնային անցումով, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալուց հետո երթևեկելի մասը հատելիս, ինքնին վկայում են ամբաստանյալ Ս․Շախվերդյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին։ Նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ս․Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ վերը վկայակոչված հանգամանքները չեն կարող ողջամտորեն նվազեցնել ամբաստանյալ Ս․Շախվերդյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմք հանդիսանալ։
Անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնված այն հանգամանքին, որ ամբաստանյալը տրանսպորտային միջոցը շահագործել է սթափ վիճակում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերում չի ներկայացվել պատշաճ կերպով հիմնավորված որևէ պատճառաբանություն, թե իրավահպատակ վարքագիծ դրսևորելն ինչպես կարող է ազդել հանցավորի անձի կամ հանցագործության բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա8։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Շախվերդյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
16․ Հիմք ընդունելով նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ամբաստանյալ Ս.Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն` թույլ է տրվել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Ուստի անհրաժեշտ է Ս.Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով, իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Ս․Շախվերդյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Սամվել Սուրենի Շախվերդյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 21-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել: Սամվել Սուրենի Շախվերդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել՝ Սամվել Սուրենի Շախվերդյանին թողնելով կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 2 (երկու) տարի ժամկետով:
2. Պատժի կրման սկիզբը հաշվել Սամվել Սուրենի Շախվերդյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
____________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 126-134:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 56-77:
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդմոն Ասատրյանի գործով վերը նշված որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հովհաննեսյանի և Գագիկ Ղուկասյանի գործերով վերը նշված որոշումները:
Նախագահող` Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: