ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, |
ԱՐԴ/0007/15/23 | ||
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,
Գ. Հովհաննիսյան
նախագահող դատավոր՝
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա. Պողոսյանի | ||
|
Ս. Օհանյանի |
11 հունվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ Մանուկ Նշանի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճռով Մանուկ Նշանի Կարապետյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ Կ.Թորոսյանի միջնորդությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի մայիսի 11-ի որոշմամբ մերժվել է։
2. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 11-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ։ Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրության այս փոփոխությունը կատարումը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է նաև, որ Մ.Կարապետյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։
5․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ.Կարապետյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ կետը հանդիսանում է Մանուկ Նշանի Կարապետյանի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք, քանի որ դրանում սահմանված են նրա նկատմամբ պատժի փոփոխման ոչ նպաստավոր պայմաններ: Այլ խոսքով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի իմաստով՝ Մ.Կարապետյանի նկատմամբ նշանակված տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը չէր կարող փոփոխվել տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձմամբ, սակայն 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ կետի իմաստով՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատարանի որոշմամբ բռնագանձվում է տուգանքի չափին համարժեք գույք, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ:
Այսպես՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասն անմիջականորեն առնչվում է արարքի պատժելիության հարցերին, քանի որ դրա արդյունքում որպես պատիժ նշանակված տուգանքը դատապարտյալի կողմից չվճարելու դեպքում վրա հասնող իրավական հետևանքների մասով իրավակարգավորումն ըստ էության խստացվել է, նախատեսվել են այնպիսի կարգավորումներ, որոնք, ի տարբերություն նախկինի, անձի համար առաջացրել են վատթարացնող հետևանքներ: Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածով ամրագրված` ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությունը սահմանող կանոնն առ այն, որ արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, և նկատի ունենալով, որ խնդրո առարկա փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են նշանակված պատիժների փոխարինման կարգին, Դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Մ.Կարապետյանի նկատմամբ կիրառելի է իր կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործող համապատասխան կարգավորումը:
Այլ կերպ՝ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կառուցակարգը ճիշտ կիրառելու հարցում ելակետային նշանակություն ունի հանցավոր արարքի կատարման պահը: Քրեական օրենքի իմաստով՝ հանցանքը կատարելու պահ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքների վրա հասնելու պահից: Հետևաբար իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ: Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնի միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, ինչը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա:
Մինչդեռ, եթե հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված նոր օրենքն անձի համար վատթարացնող հետևանքներ է առաջացնում (հանցավորություն է սահմանում, պատիժն է խստացնում կամ այլ կերպ վատթարացնում է անձի վիճակը), ապա չի կարող տարածվել նախքան այդ օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների նկատմամբ: Բացի այդ, քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածն ի թիվս արարքի հանցավորությունը սահմանելու և արարքի պատժելիությունը որոշելու հարցերի հստակ կանոն է նախատեսում նաև կատարված արարքի արդյունքում վրա հասնող քրեաիրավական այլ հետևանքները որոշելու հարցում։
Այս համատեքստում, Դատարանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ քննարկվող հարցի կապակցությամբ որպես իրավահարաբերությունների ծագման պահ պետք է դիտարկել ոչ թե համապատասխան միջնորդությունը ներկայացնելու, այլ դատապարտյալի կողմից հանցանք կատարելու պահը:
(…)
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ ներկայացված միջնորդությունը բավարարելու դեպքում հետադարձ ուժ կտրվի Մանուկ Նշանի Կարապետյանի վիճակը վատթարացնող օրենքին, ինչն իրավաչափ չէ, ուստի ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ Կ․Թորոսյանի միջնորդությունը՝ թիվ ԱՐԴ/0082/01/22 քրեական գործի դատավճռով Մանուկ Նշանի Կարապետյանի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ, ենթակա է մերժման (...)»1։
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ կետը հանդիսանում է Մանուկ Նշանի Կարապետյանի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք, քանի որ դրանում սահմանված են վերջինիս նկատմամբ պատժի փոփոխման ոչ նպաստավոր պայմաններ, հիմնավոր է և բխում է վերաբերելի իրավակարգավորումներից։
Այսպես, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումը զբաղեցնում է անցումային դիրք տուգանք և ազատազրկում պատժատեսակների միջև։ Մասնավորապես՝ տուգանքի վճարումից խուսափողի կողմից տուգանքի չափին համարժեք գույք հայտնաբերվելու դեպքում կիրառվում է գույքը բռնագանձելու ինստիտուտը, իսկ առհասարակ գույքի կամ տուգանքին համարժեք գույքի բացակայության, տուգանքը վճարելու համար անհրաժեշտ գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնելու, այլ կերպ՝ գույքի բռնագանձման անհնարինության (կամ ժամանակավոր դժվարության) դեպքում՝ այլևս կիրառման ենթակա է նույն անձի նկատմամբ նշանակված տուգանքի չվճարված մասն այլ, առավել խիստ պատժատեսակով՝ ազատազրկմամբ փոխարինելու ընթացակարգը:
Այսինքն՝ տուգանքի ամբողջական վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց և հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն ըստ էության քրեաիրավական նոր ինստիտուտ է, որի կիրառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստացնում, սակայն վատթարացնում է այն դատապարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել և առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց: Ընդ որում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է), այն դեպքում, երբ հանցանքի կատարման և դատավճռի ի կատար ածման պահին գործող քրեական և քրեակատարողական օրենսգրքերի կարգավորումները դատապարտյալների վիճակը բարելավող էին՝ տուգանքը կարող էր փոխարինվել և դատավճռի կատարման գործընթացն ավարտվեր տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելով և այդ պատիժը կրելով:
Նշվածի համատեքստում անդրադառնալով Բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգի պայմաններն ավելի բարենպաստ են դատապարտյալի համար, քան այն, ինչ առկա է եղել մինչև նոր օրենսգրքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառման պարագայում տուգանքի գումարը վճարելուց խուսափելու դեպքում դատապարտյալները կարող էին իրավաչափորեն ակնկալել, որ տուգանքի չվճարած մասը կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով և հանցագործության կատարման պահից պետության հետ ծագած քրեաիրավական հարաբերությունները կարող են ավարտվել այդ, և ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով: Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերոնշյալ կարգավորումը տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալին զրկում է լեգիտիմ այդ ակնկալիքից, այն է՝ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինվելու հնարավորությունից։
Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորումը, այն է՝ տուգանքի վճարումից խուսափող դատապարտյալից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, դրա բացակայության պարագայում՝ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու նորմը դատապարտյալների վիճակը վատթարացնող է, հետևաբար՝ այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող տրվել:
Անդրադառնալով բողոքաբերի (Դատախազի) այն փաստարկին, որ գործող իրավակարգավորումների պայմաններում նշանակված տուգանքը ոչ թե անմիջապես փոխվում է հանրային աշխատանքներ պատժատեսակով, այլ հնարավոր է այն վճարելու ժամկետը ևս 1 տարով երկարաձգել կամ ըստ դատապարտյալի ցանկության փոխել հանրային աշխատանքների, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի (Դատախազի) կողմից նշված կառուցակարգը՝ տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու կամ տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ, ՀՀ քրեական նոր օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ կետի համատեքստում գործում է այն դեպքերում, երբ տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից։ Մինչդեռ սույն գործով ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմինը միջնորդություն է ներկայացրել ՀՀ քրեական նոր օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ կետի կառուցակարգով, այն է՝ դատապարտյալի կողմից տուգանքի վճարումից խուսափելու հիմքով, հետևաբար բողոքաբերի (Դատախազի) կողմից նշված կառուցակարգը սույն դեպքին վերաբերելի չէ և չի կարող կիրառվել։ (...)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
9. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
10. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։
10.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Կարապետյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող5։
- Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ գործող իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է՝ նման եզրահանգման հիմքում դնելով բռնագանձման ենթակա գույքի բացակայության դեպքում վրա հասնող իրավական հետևանքը՝ տուգանքը, արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքի կանոնակարգման համեմատ, ավելի խիստ պատժատեսակով՝ ազատազրկմամբ փոխարինվելը6։
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։
13. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար7:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի պետ Կ.Թորոսյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Մանուկ Նշանի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 29-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-46։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 77-88։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։
4 Տե՛ս նույն որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: