Գլխավոր տեղեկություն
Համար
N 1253-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2024 թվականի N 1253-Ն

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հուլիսի 12-ի ՀՕ-250-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու պահանջները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված 

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 8-ի N 1253-Ն որոշման

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների փոխադրավարձը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի արդյունքում հաստատված կանոնավոր երթուղիների փոխադրավարձը վերանայելու պահանջները։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման պահանջներին համապատասխան մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցի առանձին երթուղիների (այսուհետ՝ երթուղի) ուղեգծերի փոփոխության՝ դրանց երկարացման կամ կրճատման դեպքում, մրցույթի արդյունքում սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել՝ համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել։

3. Մրցութային եղանակով կազմակերպված միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղու ձևավորման դեպքում սահմանվում է այդ երթուղու փոխադրավարձը սույն կարգի պահանջներին համապատասխան։

4. Երթուղու ուղեգծի երկարացման կամ կրճատման դեպքում փոխադրավարձը կարող է համապատասխանաբար ավելացվել կամ նվազեցվել երկարացվող կամ կրճատվող կիլոմետրի հաշվարկով՝ տվյալ երթուղու փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջին արժեքի չափով։ Փոխադրավարձը հաշվարկելիս կիրառվում է ընդհանուր սակագնի մաթեմատիկական կլորացում, որը 1-49 դրամի դեպքում չի կարող գերազանցել 50 դրամը, 51-99 դրամի դեպքում՝ 100 դրամը։

5. Միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթով չնախատեսված նոր երթուղիների ձևավորման դեպքում երթուղու փոխադրավարձը հաշվարկվում է ըստ երթուղու երկարության՝ հիմք ընդունելով տվյալ միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքը։ Փոխադրավարձի արժեքը կարող է հաշվարկվել միասնական երթուղային ցանցի բոլոր երթուղիների փոխադրավարձի մեկ կիլոմետրի միջինացված արժեքից ցածր արժեքով, սակայն փոխադրավարձը չի կարող պակաս լինել 100 դրամից։

6. Սույն կարգի 2-րդ կետում նշված դեպքում երթուղու փոխադրավարձի վերանայման, իսկ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի սահմանման համար տվյալ երթուղին սպասարկող օպերատորը երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից կազմավորված մրցութային հանձնաժողովին (այսուհետ՝ մրցութային հանձնաժողով) հիմնավորված առաջարկություն է ներկայացնում փոխադրավարձի փոփոխության կամ սահմանման վերաբերյալ, որը մրցութային հանձնաժողովը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

7. Փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման վերաբերյալ մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ղեկավարն ընդունում է փոխադրավարձը հաստատելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտ։

8. Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությանը բացասական եզրակացություն է տալիս, եթե ներկայացված փոխադրավարձի հաշվարկը համապատասխանաբար չի բավարարում սույն կարգի 4-րդ կետի պահանջներին կամ սույն կարգի 5-րդ կետի պահանջներին։

9. Փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման վերաբերյալ առաջարկության վերաբերյալ մրցութային հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում երթուղային ցանցը կազմակերպող մարմնի ղեկավարն ընդունում է փոխադրավարձի փոփոխության կամ նոր երթուղու փոխադրավարձի սահմանման մերժման վերաբերյալ համապատասխան իրավական ակտ, որի վերաբերյալ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է երթուղին սպասարկող օպերատորին՝ ներկայացնելով մերժման հիմքերը։

10. Երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել նաև օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)։

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձը վերանայվում է տվյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությամբ, մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և հաստատվում երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ։

12. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի վերանայման վերաբերյալ առաջարկությունը երթուղին սպասարկող օպերատորը ներկայացնում է մրցութային հանձնաժողովին, կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկը.

2) փոխադրավարձի միջին կշռված սակագինը, որը համարժեք է տնտեսապես հիմնավորված մեկ ուղևորի փոխադրավարձի չափին, ինչը հնարավորություն է տալիս փոխհատուցել ուղևորների փոխադրման ընդհանուր ծախսերը և ապահովել տնտեսապես հիմնավորված շահութաբերություն.

3) տեղեկանք փոխադրավարձի բարձրացման պատճառների վերաբերյալ.

4) ուղևորափոխադրումների ինքնարժեքի հաշվարկը.

5) տվյալ երթուղին սպասարկելու համար վերջին հարկային տարվա ընթացքում փաստացի կատարված հետևյալ ծախսերը փաստաթղթային հիմնավորմամբ՝

ա. վառելիքի ծախս,

բ. քսանյութերի ծախս,

գ. անվադողերի փոխարինման ծախս,

դ. տրանսպորտային միջոցի վերանորոգման ծախս, ե. աշխատավարձի ծախս,

զ. այլ ծախսեր՝ ըստ տեսակի.

6) ամորտիզացիոն մասհանումներ.

7) հաշվետու ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը.

8) դրամի փոխարժեքի տատանումները.

9) շահութաբերության հաշվարկ։

13. Անհրաժեշտության դեպքում երթուղին կազմակերպող մարմինը կարող է երթուղին սպասարկող օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկություններ գործող փոխադրավարձի վերանայելը հիմնավորելու համար:

14. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձը վերանայելու վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկությունը մրցութային հանձնաժողովը քննարկում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։

15. Սույն կարգի 10-րդ կետում նշված դեպքում փոխադրավարձի վերանայման վերաբերյալ առաջարկն ընդունվում և հաստատվում է կամ մերժվում է համապատասխանաբար սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերի պահանջներին համապատասխան։

16. Փոխադրավարձի վերանայման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի կողմից սույն կարգի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում մրցութային հանձնաժողովը գրավոր առաջարկում է օպերատորին վերացնել թերությունները: Օպերատորը փաստաթղթերի թերությունները կարող է վերացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում։

17. Մրցութային հանձնաժողովը փոխադրավարձի վերանայման վերաբերյալ երթուղին սպասարկող օպերատորի առաջարկության վերաբերյալ կարող է տալ բացասական եզրակացություն սույն կարգի 12-րդ կետով պահանջվող փաստաթղթերը թերի ներկայացվելու կամ հիմնավորված փաստաթղթեր չներկայացվելու դեպքում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

09.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: