Գլխավոր տեղեկություն
Համար
N 2339-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2339-Լ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումն իրականացվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն միջոցառման իրականացման հիմնական նպատակն է նպաստել կենսաթոշակառուների գնողունակության բարձրացմանը՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս։

2. Միջոցառման իրականացումը նպատակ ունի նաև խթանելու անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնելու սպառողների, մասնավորապես, կենսաթոշակառուների և սոցիալական խոցելի խմբերի կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնելու նշված գործիքների կիրառելիության տարածվածությունը։

3. Սույն միջոցառման մեջ կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) կենսաթոշակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակներ, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստներ և դրամական այլ վճարներ, որոնք վճարվում են կենսաթոշակի համար սահմանված կարգով․

2) ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն․

3) բանկ՝ ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ, որի միջոցով վճարվում է կենսաթոշակ․

4) բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ, որով վճարվում է կենսաթոշակ․

5) կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ, կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ).

6) ՊՈՍ-տերմինալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված՝ վճարային քարտերով վճարումներ ընդունող (ավտոմատ գանձող) սարք.

7) հետվճար՝ հաշվետու ժամանակահատվածում (տվյալ ամսում) կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտի միջոցով ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց ՊՈՍ-տերմինալներով կատարված անկանխիկ վճարումներից հաշվարկվող գումար։

(3-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

4. Սույն միջոցառման շահառուներին հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով։

(4-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

5. Կենսաթոշակառուին վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6000 դրամը:

(5-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

6. Տվյալ ամսում կենսաթոշակառուին միաժամանակ մեկից ավելի բանկով կենսաթոշակի տարբեր տեսակներ վճարելու դեպքում 6000 դրամը կիրառվում է այդ ամսում բոլոր բանկերով կատարած գործարքների՝ սույն միջոցառման 4-րդ կետի համաձայն հաշվարկված հետվճարների հանրագումարի նկատմամբ և փոխանցվում է այն բանկային հաշվին, որով կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից հաշվարկված հետվճարի գումարն առավելագույնն է:

(6-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

7. Հետվճարի ամբողջ գումարը վճարվում է պետական բյուջեի միջոցներից:

(հավելվածը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 28-ի N 2339-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անկանխիկ գնումներից և վճարումների գործարքներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն սույն որոշման N 1 հավելվածով սահմանված իմաստները։

 

II. ՀԵՏՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ

 

3. Հետվճարը հաշվարկվում է միջոցառմամբ սահմանված չափով։

4. Հետվճարը վճարվում է (ծառայությունը բանկին փոխանցում է) յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։ Հետվճարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։

(4-րդ կետը լրաց. 08.08.24 N 1256-Լ)

5. Հետվճարները հաշվարկում և վճարում է ծառայությունը՝ 2024 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ տվյալ ամսվան նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների արդյունքներով։

(5-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

6. Նախորդող ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալները հաշվարկում են բանկերը՝ հաշվարկից բացառելով այն գործարքները, որոնց գծով չի ձևավորվում հետվճար։

7. Բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ) ծառայությանն է տրամադրում հետվճարի շրջանակներում կենսաթոշակառուների կողմից տվյալ ամսում կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ սույն կարգի N 1 ձևով սահմանված տվյալները («Էքսել» ֆորմատի ֆայլով, «յունիկոդ» տառատեսակով)՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը։

(7-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները բանկի կողմից ծառայությանը մեկից ավելի անգամ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված վերջին տվյալը։ Ընդ որում, յուրաքանչյուր անգամ տրամադրվում են ամբողջական տվյալներ։

(7.1-ին կետը լրաց. 08.08.24 N 1256-Լ)

8. Ծառայությունը ստացված տվյալները համադրում է համապատասխան տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալների հետ և սույն կարգի N 3 ձևով սահմանված տվյալները (այսուհետ` վճարման ցուցակ) մինչև տվյալ ամսվա 25-ը տրամադրում է բանկին: Վճարման ցուցակում հետվճարի գումարները կլորացվում են մինչև միավոր:

(8-րդ կետը փոփ. 08.08.24 N 1256-Լ)

9. (կետն ուժը կորցրել է 08.08.24 N 1256-Լ)

10. Բանկը հետվճարը պետական բյուջե չի վերադարձնում, բացառությամբ սույն կետում նշված դեպքերի։ Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարի գումարը վճարում է բանկը՝ իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ)։ Հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ միաժամանակ ծառայությանը տրամադրելով սույն կարգի N 2 ձևով սահմանված տվյալները։ Սույն կետում նշված 12-ամսյա ժամկետից հետո հետվճարը վճարման ենթակա չէ։

(10-րդ կետը խմբ. 08.08.24 N 1256-Լ)

11. (կետն ուժը կորցրել է 08.08.24 N 1256-Լ)

12. Հետվճարի վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերով, իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով:

 

Ձև N 1

 

Ց Ա Ն Կ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Հետվճարի շրջանակներում անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալը դրամով.

5. Անկանխիկ գնումների և վճարումների կատարման ամիսը, տարեթիվը, ցանկն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:

(ձևը փոփ., լրաց. 08.08.24 N 1256-Լ)

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ` ՀԵՏՎՃԱՐԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Վերադարձման ենթակա հետվճարի չափը.

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի փոխանցված (վերադարձված)՝ հետվճարի չափը.

6. Գանձապետական հաշիվը, որին փոխանցվել (վերադարձվել) է հետվճարը.

7. Հետվճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը:

 

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԲԱՆԿԻՆ

 

1. Բանկի անվանումը (ծածկագիրը).

2. Շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3. Շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4. Վճարման ենթակա հետվճարի գումարի չափը․

5. Վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:

(ձևը լրաց. 08.08.24 N 1256-Լ)

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 08.08.24 N 1256-Լ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ