Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16586/02/19
2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/16586/02/19

Նախագահող դատավոր`

 Հ Ենոքյան

Դատավորներ`

 Տ Նազարյան

 Ն Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. հակոբյան 

զեկուցող

Ա. Մկրտչյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հունիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ալինա Նիկողոսյանի հայցի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալինա Նիկողոսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, «www.hraparak.am» ինտերնետային կայքում հրապարակել սույն գործով կայացված վճիռն ամբողջությամբ, Ընկերությունից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությանը պարտավորեցնել Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով. ««Տեղադրել հոդված www.hraparak.am ինտերնետային կայքում, որի վերնագիրը շարադրել այսպես. «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «09.05.2019թ.-ին www.hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվել էր լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»։ Հոդվածը տեղադրել www.hraparak.am կայքում առավոտյան ժամը 09:30-10:00 ընկած հատվածում, աշխատանքային օր երկուշաբթիից ուրբաթ օրերից որևիցե մեկը: Հոդվածի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, հոդվածը տեղադրել www.hraparak.am կայքում նույն ժամկետով, հոդվածը www.hraparak.am կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, հոդվածին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական արտահայտություններ պարունակող լրատվական հոդվածինն է», Ընկերությունից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 8.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալինա Նիկողոսյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 42-րդ, 61-րդ, 63-րդ և 81-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ կետերը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ի պաշտոնե հանրությանը ներկայացնելով առողջապահության նախարարի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ՝ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը գործում է իր լիազորությունների սահմաններում: Չնայած նշվածը ներկայացվել է նաև գործի քննության ընթացքում Դատարանի կողմից տրված հարցերին ի պատասխան, միևնույն է, Դատարանն արձանագրել է, որ որպես վիրավորանք հայցվորի կողմից ներկայացված արտահայտությունների հասցեատերը հայցվորն է՝ «առողջապահության խոսնակը»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հանրային անձ է և իրականացնում է հանրային գործունեություն, իսկ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարվել հանրային գործունեություն իրականացնող Առողջապահության նախարարության մամուլի խոսնակին, այլ ոչ թե ֆիզիկական անձ Ալինա Նիկողոսյանին, ինչը հաստատվում է նաև նրանով, որ հոդվածում նույնիսկ վկայակոչված չեն մամուլի խոսնակի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վիճահարույց հրապարակման հետ կապված առկա է եղել գերակա հանրային շահ, ինչը հաստատվում է օրինակ, այն հանգամանքով, որ այլ կայքէջեր, հղում տալով սկզբնաղբյուրին՝ «hraparak.am»-ին, հոդվածը տեղադրել են իրենց կայքէջում՝ այդկերպ նաև իրենց լսարանին հասու դարձնելով տեղեկատվություն, որտեղ առկա է գերակա հանրային շահ: Այսինքն՝ Ընկերությունն ապահովել է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացումը:

Ավելին՝ եթե միջադեպը չունենար հանրային հետաքրքրություն, հայցվորը չէր անդրադառնա հրապարակմանը, հետևաբար հայցվորն էլ է գիտակցել, որ թեման հասու է դառնալու հասարակության լայն զանգվածի և այդ կապակցությամբ լինելու են բացասական արձագանքներ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածը և դրա սխալ մեկնաբանության հետևանքով եկել է այն եզրահանգման, որ վիճահարույց հրապարակման մեջ առկա չէ գերակա հանրային շահ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճահարույց հրապարակմանը նախորդած հրապարակումների բովանդակությունները վկայում են Ընկերության դիտավորության բացակայության մասին:

Բացի այդ, ստորադաս դատարանները սխալ որակում են տվել՝ «զրպարտության» փոխարեն համարելով, որ տեղի է ունեցել «վիրավորանք», և եթե պայմանականորեն ընդունենք, որ արատավորվել է հայցվորի արժանապատվությունը, ապա այն պետք է որակվեր որպես զրպարտություն, և ոչ թե՝ վիրավորանք:

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին և թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով 21.07.2020 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված որոշումներին, քանի որ Ընկերության գնահատողական դատողությունները, որոնք ներկայացվել են հանրային շահի հաշվառմամբ, որակվել են որպես վիրավորանք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Ընկերությունն իրեն անվանել է հանցագործություն պարտակող, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է, և անձի նկատմամբ նման արտահայտություն կատարելը չի կարող չարատավորել պատիվն ու արժանապատվությունը: Ընկերության դիտավորության մասին է վկայում վերջինիս գրելաոճը: Ընկերությունը չի հիմնվել որևէ փաստակազմի վրա և առաջնորդվել է բացառապես ենթադրություններով:

Ընկերությունը գերակա հանրային շահի առկայությունը հաստատելու նպատակով բավարարվել է բացառապես հայտարարությամբ, մինչդեռ պարտավոր էր ապացուցել, որ խնդրո առարկա տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել հանրության համար, և հանրությունը հետևել է դրա տարածման ընթացքին:

Վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ ինքը հանրային ծառայող է, զբաղեցնում է հայեցողական պաշտոն, սակայն հանրային անձ չի համարվում, քանի որ հանրային գործունեություն չի իրականացնում, այլ կատարում է առողջապահության նախարարի հանձնարարականները, և քննադատության լայն սահմանները կիրառելի են ոչ թե իր, այլ նախարարի նկատմամբ:

Ընկերությունն իր եկամուտների վերաբերյալ ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու, որ փոխհատուցման պահանջը բավարարվելու դեպքում պատասխանողի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել: Ավելին՝ Դատարանը, հաշվի առնելով Ընկերության՝ զանգվածային լրատվության միջոց լինելու փաստը, իր պահանջը բավարարել է 200.000 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով նաև, որ փոխհատուցման մեծ չափը կարող է անհարկի ֆինանսական պարտավորություններ առաջացնել Ընկերության համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի 19.11.2018 թվականի թիվ 331-Ա հրամանի 1-ին կետի համաձայն՝ Ալինա Նիկողոսյանը նշանակվել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար (հատոր 1-ին, գթ 28).

2) Ընկերությունը 09.05.2019 թվականին «www.hraparak.am» լրատվական կայքում հրապարակել է «Արտակարգ իրավիճակ. հիվանդները կորցրել են տեսողությունը» վերնագրով հոդված հետևյալ բովանդակությամբ. «Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց (...) է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։ Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։ Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։ Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նաև առողջապահության փոխնախարարը։ Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին» (հատոր 1-ին, գթ 55, 56).

3) Ալինա Նիկողոսյանը 09.05.2019 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հրապարկել է գրառումներ հետևյալ բովանդակությամբ. «Թարմացում 1* Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում: Վերջիններս վիրահատվել են: Թարմացում 2* Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով: Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը: Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը։ Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին: Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը: Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում: Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրամասները: Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ» (հատոր 1-ին, գթ 54).

4) Ընկերությունը 09.05.2019 թվականին «www.hraparak.am» լրատվական կայքում հրապարակել է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին» վերնագրով հոդված հետևյալ բովանդակությամբ. «Մեր հրապարակումը՝ «Արտակարգ իրավիճակ հիվանդները կորցրել են տեսողությունը» (…) հոդվածում ներկայացրել էինք «Մալայան» աչքի կլինիկայում կատարվածը՝ երբ վիրուսակիր դեղի սրսկումից հետո հիվանդները, այդ թվում՝ շաքարային դիաբետով տառապող մարդիկ, զրկվել են տեսողությունից՝ միայն լույսն ու ստվերն են տեսնում։ Դեղը սրսկելու հաջորդ օրը նրանք արթնացել են այդ վիճակում, կլինիկայում խուճապ է սկսվել, և հիվանդներին արտահերթ վիրահատություններ են արել, ընդ որում՝ անվճար։ Իսկ դեղի փորձաքննությունից հետո հիվանդներին տեղեկացրել են, որ «Ավաստին» դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է ագրեսիվ հարուցիչ, որի հետևանքն է տեսողության կորուստը, և հույս են տվել, որ մի քանի ամսում հիվանդների տեսողությունը կվերականգնվի։ Սակայն, պարզվում է, առողջապահության նախարարությունը փոխանակ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, հայտնաբերելու և պատժելու մեղավորներին, զբաղված է մի բանով՝ մամուլի հրապարակումները հերքելով։ Առողջապահության խոսնակը հավանաբար րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել և ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում, քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել։ ԱՆ-ն անմիջապես հաղորդագրություն է տարածել «Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը» վերնագրով, որտեղ շարունակության մեջ, թեև հաստատվում է մեր տեղեկությունը, սակայն կարդացողի մոտ առաջին տպավորությունն այն է, որ մամուլը սխալ բան է գրել։ Հարց է ծագում՝ ո՞ւմ է հովանավորում առողջապահության նախարարը։ Գուցե կեղծ դեղեր վաճառող «Նատալի ֆարմի՞ն», որը պատկանում է իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին։ Ինչո՞ւ են փորձում կոծկել կատարվածը, և ո՞ւմ շահերից է բխում այս կեղծ հերքումը» (հատոր 1-ին, գթ 22, 23)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 ու 21.07.2020 թվականի թիվ ԵԴ/7480/02/18 որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիրավորանքի միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառմանը՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: (...)։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։ Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։

Մարդու արժանապատվությանը վերաբերելի դրույթներն իրենց ամրագրումն են ստացել նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, որոնց համաձայն` մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ է արժանապատվությունը:

Սահմանադրությունը հռչակել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, որտեղ մարդու արժանապատվությունը ճանաչվում է որպես բարձրագույն արժեք, որպես մարդու իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, ինչից հետևում է, որ յուրաքանչյուր մարդու արժանապատվություն ենթակա է պաշտպանության պետության կողմից: Դրա հետ մեկտեղ, ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության և իրավական պետության հիմքում։ Այն հանդիսանում է ժողովրդավարական հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը, իսկ Սահմանադրության 23-րդ և Կոնվենցիայի 10-րդ հոդվածներն անվերապահորեն հետապնդում են նշված նպատակը: Սակայն, ինչպես նշված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածում, այս ազատության իրականացումը կապված է պարտականությունների և պատասխանատվության հետ: Ուստի չպետք է անտեսել նաև այլ իրավունքները, մասնավորապես` Սահմանադրությամբ և միջազգային` մարդու հիմնարար իրավունքներին վերաբերող փաստաթղթերում նշված արժանապատվության ու մասնավոր կյանքի իրավունքը, որոնք պակաս կարևոր չեն ժողովրդավարական հասարակության և իրավական պետության համար:

Պատիվն անձի բարոյական, քաղաքական, աշխատանքային, գործնական և այլ հատկանիշներին հանրության կողմից տրվող օբյեկտիվ սոցիալական գնահատականն է: Այն անձի նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսևորումն է, որի գիտակցումն իր հերթին ներքին շարժառիթ է հանրության կողմից ընդունված բարոյական նորմերով, սոցիալական կանոններով, գործարար շրջանառության սովորույթներով ղեկավարվելու և դրանց պահանջները պահպանելու համար:

Արժանապատվությունն անձի կողմից իրեն տրվող սոցիալական գնահատականի գիտակցումն է՝ սեփական արժանիքների ինքնագիտակցումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով մարդու արժանապատվության իրավական բովանդակության բացահայտման հիմնահարցին, նշել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի զարգացրած իրավունքն ընդհանուր առմամբ ճանաչում է անձնական կյանքի և դրա հետ կապված արժեքների կարևորությունը։ Այդ արժեքները, ի թիվս այլնի, ներառում են հոգեբանական բարեկեցությունը և արժանապատվությունը (տե՛ս Բեիզարասը և Լեվիցկասն ընդդեմ Լիտվայի գործով Եվրոպական դատարանի 14.05.2020 թվականի վճիռը, պարբ. 117):

Սահմանադրական դատարանն իր 14092010 թվականի թիվ ՍԴՈ-913 որոշմամբ նշել է, որ մարդու և քաղաքացու իրավական կարգավիճակի կարևորագույն բաղադրիչը նրա արժանապատվությունն է, որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու և քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ու երաշխավորված իրականացման համար: Այն նաև ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում և կամահայտնության դրսևորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն։

Եվրոպական դատարանի` ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում։ Այն ժողովրդավարական հասարակության, ինչպես նաև յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է: Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 10-րդ հոդվածը երաշխավորում է ոչ միայն այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ընդունվում են բարյացակամությամբ կամ անտարբերությամբ, այլ նաև այն տեղեկությունները և գաղափարները, որոնք ցնցում կամ անհանգստություն են պատճառում պետությանը կամ հասարակության տարբեր խմբերին, այդպիսին են բազմակարծությունը, հանդուրժողականությունը և լայնախոհությունը, առանց որոնց չկա ժողովրդավարական հասարակություն (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, պարբ. 41): Միաժամանակ, Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ազատորեն արտահայտվելու իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ազատ արտահայտվելու իրավունքը չի կարող գոյություն ունենալ մեկուսացման պայմաններում և պետք է հավասարակշռվի հասարակության ու պետության կենսական շահերի, ինչպես նաև մարդու այլ հիմնարար իրավունքների հետ։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքերում, երբ մարդու արժանապատվության և արտահայտվելու ազատության իրավունքների բախում է տեղի ունենում, անհրաժեշտ է դրանց միջև գտնել պարզ հավասարակշռություն: Դրանցից յուրաքանչյուրն էլ ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրամասեր են, և երկուսն էլ պետք է ներդաշնակորեն առկա լինեն ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս Անիկ Դավթյանն ընդդեմ Տիգրան Վիրաբյանի թիվ ԱՎԴ/0179/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մարդու արժանապատվությունից (ներառյալ` պատիվը, բարի համբավն ու մասնավոր կյանքը) բխող իրավունքները և ազատությունները՝ որպես բացարձակ իրավունք, գործնականում կարող են արդարացնել արտահայտվելու ազատության սահմանափակումը միայն իրավաչափ շրջանակներում։ Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին): (...):

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով:

Վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար (տե՛ս Կրիստինա Սարգսյանն ընդդեմ Մհեր Ենգիբարյանի թիվ ԱՎԴ/2194/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը նշել է, որ միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ի տարբերություն զրպարտության՝ վիրավորանքը չի հանդիսանում փաստացի տվյալների տարածում, այն մատնանշում է հատկանիշ, պիտակ: Մինչդեռ զրպարտությունը, ինչպես հետևում է բնորոշումից, որպես կանոն, մատնանշում է գործողություն (անգործություն): Միաժամանակ վիրավորանքի վերաբերյալ դիրքորոշումները՝ «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունների մասով, հավասարապես կիրառելի են նաև զրպարտության դեպքում։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինչպես վիրավորանքի, այնպես էլ զրպարտության դեպքում արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի ու թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Այսինքն՝ օրենսդիրը պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավն արատավորող տեղեկությունների սպառիչ ցանկ չի սահմանում՝ թողնելով, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը, ելնելով ձևավորված բարոյական նորմերից, գործարար սովորույթներից, տարածված տեղեկությունների արժևորման հասարակական պատկերացումներից, որոշի տեղեկությունների բնույթն ու դրանք հերքելու անհրաժեշտությունը: Եթե տարածված տեղեկությունները հանրության կողմից դատապարտելի կամ պարսավելի են, ապա այդպիսիք համարվում են արատավորող: Արատավորող կարող են ճանաչվել նաև անձի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող տեղեկությունները, մասնավորապես մասնագիտական և աշխատանքային պարտականությունների կատարման, հանցավոր գործունեությամբ զբաղվելու, բարոյապես դատապարտելի արարքների, սանձարձակության, բանսարկու կամ զրպարտիչ լինելու մասին ու այլ բնույթի տեղեկությունները: Իսկ նման տեղեկությունների հրապարակումը կարող է կրել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտիչ բնույթ: Ավելին, առանձին բաղադրիչներից ձևավորված համատեքստում որևէ կոնկրետ բառի և (կամ) արտահայտության ընդհանրական ընկալումը չի բացառում դրա՝ վիրավորական ու զրպարտիչ լինելու հավանականությունը: Հետևաբար` կապված արտահայտության համատեքստից նույն արտահայտությունները կարող են գնահատվել և՛ որպես վիրավորանք, և՛ որպես զրպարտություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատիվը և արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող, անձին անվանարկող ու նվաստացնող կարող են լինել ինչպես բառը (արտահայտությունը, պատկերը), այնպես էլ վերագրվող գործողությունը (անգործությունը): Միաժամանակ, ինչպես բառը (արտահայտությունը, պատկերը), այնպես էլ վերագրվող գործողությունը (անգործությունը) կարող են կրել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտիչ բնույթ: Հետևաբար՝ կախված արտահայտության համատեքստից անձին հասցեագրված պիտակն ու (կամ) վերագրվող գործողությունը (անգործությունը) կարող են լինել և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն:

Հաջորդիվ, արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն (տե՛ս Ստեփան Բաղդասարյանն ընդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Վերը նշվածի կապակցությամբ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց դեպքում հաստատվում է հավասարակաշռություն կարծիքն ազատորեն արտահայտելու և մասնավոր կյանքը հարգելու իրավունքների միջև: Մասնավորապես՝ հավասարակշռության թեստը կիրառելիս պետք է հաշվի առնել հետևյալը.

1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,

2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը և ո՞րն է հրապարակման առարկան,

3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,

4) տեղեկատվության ստացման միջոցը և դրա արժանահավատությունը,

5) հրապարակման բովանդակությունը, ձևը և հետևանքները,

6) կիրառված պատասխանատվության խստությունը (տե´ս Editorial board of Grivna newspaper v. Ukraine թիվ 41214/08 և 49440/08 գանգատներով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, պարբ 97):

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի՞ արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն) (տե´ս Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Հետևաբար՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիրավորանք հասցրած անձի դիտավորությունը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև հասարակական արձագանքը, տվյալ մշակույթում արմատավորված նորմերը, դրանց ընկալումը հասարակության անդամի կողմից և այլ սոցիալական առանձնահատկությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Եվրոպական դատարանի դիրքորոշումը, նշել է նաև, որ գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս Դյուլդին և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, պարբ 44, Ստեփան Բաղդասարյանն ընդդեմ Հասմիկ Աբովյանի թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով։ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի արտահայտումը` այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա և արված է արդար մտադրություններով։ Ընդ որում, գնահատող դատողություն արտահայտելու համար ապացույցներ չեն պահանջվում։ Քննադատությունը, որն ուղղված է անձի գործունեությանը քաղաքականության, բիզնեսի, գիտության, արվեստի կամ այլ հանրային բնագավառներում, ինչպես նաև հանրային պաշտոնի, հասարակական դիրքի առնչությամբ և ակնհայտորեն չի գերազանցում իրավաչափության սահմանները, վեճի առարկա հոդվածի իմաստով չի կարող համարվել վիրավորանք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը)։

Վերը նշվածը նշանակում է, որ պետք է տարանջատում իրականացնել փաստերի և գնահատողական դատողությունների միջև:

Հարկ է նշել, որ օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է այն որպես վիրավորանք գնահատելու պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք:

Ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական բովանդակությունից բխում է, որ արտահայտությունը չի կարող որպես վիրավորանք որակվել, եթե այն ունի որոշակի փաստական հիմք: Այսինքն՝ վիրավորանք պետք է համարել ոչ թե գնահատողական դատողությունը, այլ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը: Այստեղ կարևոր է նաև «արատավորելու նպատակով» արտահայտության իրավական իմաստի ճիշտ ընկալումը: Տվյալ համատեքստում այն ենթադրում է դիտավորություն, կանխամտածված գործողություն, ոտնձգություն անձի արժանապատվության նկատմամբ: Մինչդեռ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Անդրադառնալով «ստույգ փաստեր» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, պարբ 46, Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով մի անձի իրավունքը պաշտպանելու իր պոզիտիվ պարտականությունն իրականացնելու համար ստիպված է ինչ-որ աստիճանով սահմանափակել այլ անձի իրավունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Ժողովրդավարական հասարակությունում նման սահմանափակումների անհրաժեշտությունը «այլ անձանց համբավը կամ իրավունքները պաշտպանելու» շահերից ելնելով գնահատելիս՝ Եվրոպական դատարանն ստուգում է, թե արդյո՞ք ազգային իշխանություններն արդարացի հավասարակշռություն ապահովել են Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջև, որոնք կարող են հակասության մեջ լինել որոշ դեպքերում, մասնավորապես, մի կողմից՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատությունը, իսկ մյուս կողմից՝ 8-րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքի հարգման իրավունքը (տե՛ս Bédat v. Switzerland թիվ 56925/08 գանգատով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, պարբ 74): Ընդ որում, անդրադառնալով «գնահատողական դատողությունների» և «փաստացի տվյալների» տարբերակմանը՝ Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ այն դեպքում, երբ փաստացի տվյալների մասին հայտարարությունը հավասարազոր է գնահատողական դատողությանը, խոսքի ազատությանը միջամտելու համաչափությունը պարզելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին ու արված դատողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային հետաքրքրություն ունեցող գործերով ներկայացված փաստացի տվյալները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (տե՛ս Morice v. France թիվ 29369/10 գանգատով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, պարբ 126, Հայկ Մարությանն ընդդեմ Սոնա Աղեկյանի թիվ ԵԴ/26070/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի թիվ 49017/99 գանգատով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, պարբ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի թիվ 65545/01 գանգատով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, պարբ 45):

Հետևաբար՝ որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիք արտահայտելու ազատության սահմանները, և կարծիքն արտահայտելու նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ:

Վկայակոչված իրավակարգավորումների հիմքով հրապարակային արտահայտությունը չի համարվի վիրավորանք նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, այսինքն՝ վիրավորանքի դեպքում տեղեկատվության՝ գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքը բացառում է այն վիրավորանք համարելը:

Անդրադառնալով «գերակա հանրային շահ» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են գերակա հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյո՞ք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի, Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումները)։

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ «գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Հետևաբար՝ դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյո՞ք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորված է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել (տե՛ս Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ 04.07.2013 թվականի որոշումը):

Անդրադառնալով «գերակա հանրային շահ» եզրույթի իրավական որոշակիության խնդրին` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, կախված գործի հանգամանքներից, պետք է որոշվի, թե արդյո՞ք հասարակության տեղեկացված լինելու շահը գերակա է եղել տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության ու պատասխանատվության համեմատ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի համաձայն` այսպիսի դեպքերում ազգային իշխանությունների հայեցողության շրջանակը սահմանափակված է ժողովրդավարական հասարակության շահով, որը կայանում է նրանում, որ մամուլին թույլատրվի կատարել «հասարակական վերահսկող օղակի» (watcհdօg) իր գործառույթը և տեղեկատվություն տարածել հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ: Ըստ այդ դատարանի դիրքորոշման` իրավակիրառական պրակտիկայում առաջին հերթին պետք է գնահատվի այնպիսի «անհետաձգելի հասարակական պահանջի» առկայության փաստը, որն ունակ է արդարացնել այդ միջամտությունը հավասարակշռված և բարեխղճորեն` առանց չարամիտ, անձին անվանարկող դիտավորության (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Եվրոպական դատարանն ընդգծել է ժողովրդավարական հասարակությունում մամուլի դերի կարևորությունը՝ նշելով, որ թեև լրատվամիջոցը չպետք է անցնի որոշակի սահմաններ, մասնավորապես այլոց հեղինակության և իրավունքների ու խորհրդապահական տեղեկությունների բացահայտումը կանխելու հետ կապված, այդուհանդերձ, վերջինիս պարտականությունն է իր պարտավորություններին և պատասխանատվությանը համապատասխան հաղորդել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ու գաղափարներ (տե՛ս Դե Հաեսն ու Գիյսելսն ընդդեմ Բելգիայի թիվ 19983/92 գանգատով Եվրոպական դատարանի 1997 թվականի վճիռը, պարբ 37)։

Եվրոպական դատարանը մամուլի ազատությանը տալիս է ուժեղ պաշտպանություն ոչ միայն քաղաքական, այլև ընդհանրապես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի հրապարակային քննարկման շրջանակներում (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի թիվ 9815/82 գանգատով Եվրոպական դատարանի 1986 թվականի վճիռը): Մամուլի ազատության համատեքստում կարևոր խնդիրներից է հանրային խոսակցությունների և երրորդ անձանց պնդումների հրապարակումը, որոնք լրագրողները չեն կարող ապացուցել (տե՛ս Թորգիր Թորգիրսոնն ընդդեմ Իսլանդիայի թիվ 13778/88 գանգատով Եվրոպական դատարանի 24.06.1992 թվականի վճիռը)։ Ավելին՝ լրագրողական ազատությունից ելնելով, պետք է նշել, որ այն ներառում է որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորություն: Այդ իմաստով Կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն տեղեկությունների և գաղափարների բովանդակային մասը, այլև դրանց մատուցման եղանակը (տե՛ս Պրագերն ու Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի թիվ 15974/90 գանգատով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը, Չեմոդուրովն ընդդեմ Ռուսաստանի թիվ 72683/01 գանգատով Եվրոպական դատարանի 31.07.2007 թվականի վճիռը):

Միաժամանակ ժողովրդավարական պայմաններում մամուլի կողմից իրականացվող էական գործառույթի ուժով՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, ապահովվում է լրագրողների պաշտպանությունը՝ պայմանով, որ նրանք գործեն բարեխղճորեն, որպեսզի պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան ճշգրիտ և հուսալի տեղեկություններ տրամադրեն (տե՛ս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 61737/08 գանգատով Եվրոպական դատարանի 18.05.2021 թվականի վճիռը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կարևորում է այս հարցում լրագրողների գործունեության բնույթը: Լրագրողները լրատվական գործունեություն իրականացնող (այսինքն՝ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ՝ տեղեկատվություն տարածող) արհեստավարժ սուբյեկտներ են: Եթե հասարակության սովորական անդամի համար միգուցե կարող է ոչ միանշանակ լինել տեղեկատվության տարածման հարցում բարեխղճության սկզբունքի պահպանումը, ապա սույն սկզբունքը պետք է ընկած լինի լրագրողական գործունեության հիմքում (տե՛ս Ժիրայր Սէֆիլյանն ընդդեմ «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ի թիվ ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2019 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ զանգվածային լրատվության միջոցները կրում են հասարակական հետաքրքրություն ներկայացնող լուրջ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու պարտականություն՝ կատարելով «հասարակական վերահսկող օղակի» (watcհdօg) գործառույթ, որին համապատասխանում է հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը: Միաժամանակ, այլ անձանց վերաբերյալ արատավորող տեղեկատվության տարածումն արդարացված է այն դեպքում, երբ պայմանավորված է «անհետաձգելի հասարակական պահանջի» փաստի առկայությամբ, և անձը գործել է բարեխղճորեն՝ լրագրողական վարքագծի նորմերի հիման վրա ճշգրիտ ու վստահելի տեղեկատվություն տրամադրելու նպատակով, այսինքն՝ «գնահատողական դատողության» քողի ներքո լրատվամիջոցը չպետք է անցնի այլ անձանց հեղինակության պաշտպանության համար նախանշված սահմանները:

Հետևաբար, «գերակա հանրային շահ»-ի առկայությունը պարզելիս անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հանրային հետաքրքրության, հասարակության տեղեկացված լինելու շահի և տեղեկատվության սոցիալական անհրաժեշտության առկայությունը, այլև այդպիսի տեղեկատվություն հաղորդելու թույլատրելի սահմանները, մասնավորապես բարեխղճության պահպանումը, որը ենթադրում է անձին անվանարկելու դիտավորության բացակայություն: Այսինքն՝ միայն «գերակա հանրային շահ»-ի առկայությունը բավարար չէ վիրավորանքը բացառելու համար, քանի որ դրա անօտարելի բաղադրատարր է նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության բարեխիղճ տարածումը, այն է՝ ճշգրիտ և հուսալի տեղեկատվության տրամադրումն ու հասարակության տեղեկացված լինելու շահի գերակայությունը տեղեկություն հայտնած անձի վրա դրված պարտականության և պատասխանատվության համեմատ:

Ըստ այդմ, անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը նախատեսված է օրենքով, ծառայում է Սահմանադրությամբ և Կոնվենցիայով թվարկված «իրավաչափ նպատակներից» առնվազն մեկին, տվյալ դեպքում` անձի «պատվի ու բարի համբավի» կամ «հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելուն» և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»:

Խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչները հանգում են հետևյալին.

1) խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2) դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3) դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4) կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին (տե՛ս Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Միջազգային իրավական մոտեցումները ելնում են այն կանխավարկածից, որ լրատվության կարևորագույն առաքելություններից են` ասել միայն ճշմարտությունը և բարեխղճորեն ստուգել փաստերը: Անհավատարմությունն այս առաքելությանը, կեղծ փաստերով շահադիտական կամ կանխամտածված այլ նպատակներով անձին անվանարկելը, նրա` անմեղության կանխավարկածին վնաս հասցնելը կամ անձնական կյանքին միջամտելը պետք է համարժեք իրավական գնահատական ստանան (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական իրավունքներն օբյեկտիվորեն ունեն խախտվելու առավել մեծ ռիսկայնություն, քան մասնավոր անձանց իրավունքները, քանի որ հասարակական և քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց գործունեությունն առավել քան հրապարակային է, որն էլ իր հերթին ենթադրում է առավել մեծ հանդուրժողականություն: Նմանատիպ գործերի շրջանակներում գնահատող դատողություններն ունեն պաշտպանության առավել բարձր աստիճան և հանդիսանում են որոշակի առանձնահատկություններ ունեցող կատեգորիա, քանի որ դրանք առնչվում են ոչ թե մասնավոր անձանց, այլ՝ հանրային լայն գործունեությամբ զբաղվող անձանց իրավահարաբերություններին: Վերջին հանգամանքն էլ, ըստ էության, որոշիչ դերակատարում ունի վիրավորանքի և զրպարտության գործերում՝ խոսքի ազատությունը որպես գերակա դիտարկելու հարցում:

Այդուհանդերձ, հրապարակելով որևէ գնահատողական դատողություն՝ լրագրողը պարտավոր է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Ընդ որում, անգամ գնահատողական դատողությունը պետք է հիմնվի բավարար փաստական կազմի վրա՝ պայմանավորված բարեխղճության սկզբունքի պահպանման անհրաժեշտությամբ, քանի որ գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է: Lրագրողի գործունեությունը չի կարող հետապնդել քողարկված կերպով անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ: 

Հետևաբար՝ դատական վեճի քննության ընթացքում դատարանը պետք է հավասարակշռի մի կողմից՝ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի իրավունքը, իսկ մյուս կողմից՝ խոսքի ազատության իրավունքը: Արդյունքում գործը քննող դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք տեղի է ունեցել խոսքի ազատության իրավունքի չարաշահում, և արդյո՞ք անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորվել են:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Տվյալ դեպքում Ընկերությունը հրապարակել է երկու հոդված՝

- «Արտակարգ իրավիճակ. հիվանդները կորցրել են տեսողությունը» վերտառությամբ (այսուհետ՝ Հոդված 1, տե՛ս փաստ 2),

- «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին» վերտառությամբ (այսուհետ՝ Հոդված 2, տե՛ս փաստ 4):

Ստորադաս դատարանները որպես վիրավորանք են գնահատել Հոդված 2-ում կատարված «հանցագործություն պարտակող» արտահայտությունը: Այսպես՝

Դատարանը, արձանագրելով, որ ««հանցագործություն պարտակող» հասկացությունը անկախ այն հանգամանքին, որ օգտագործվել է լրատվամիջոցի կողմից, չի կարող ընթերցողի մոտ ընկալվել այլ կերպ, քան քրեադատավարական իմաստով», «արտահայտությունն ինքնին վերագրում է հասցեատիրոջը հանցավոր գործողություն, որն իրենց ներկայացնում է Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում», ««Առողջապահության խոսնակը, հավանաբար, րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել և ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում», և «քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել» պարբերությունը վերաբերվում է անձնապես առողջապահության խոսնակին, այն է՝ հայցվորին», «հայցվորը, թեև հանրային ծառայող է, ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, սակայն չի հանդիսանում հանրային գործիչ Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից, քանզի անձնապես չի իրականացնում հանրային գործունեություն և հանդես գալով որպես առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի կարգավիճակով, գործում է ի պաշտոնե», «հանցագործություն պարտակող» արտահայտությունը գնահատել է որպես վիրավորանք:

Անդրադառնալով վեճի առարկա արտահայտության՝ գերակա հանրային շահով պայմանավորված վիրավորանք չլինելու վերաբերյալ Ընկերության փաստարկին՝ Դատարանն արձանագրել է, որ «նույն հոդվածում նախորդ երկու պարբերություններում պատասխանող լրատվամիջոցն արդեն իսկ ներկայացրել է հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցի վերաբերյալ տեղեկատվական տվյալներ և գնահատող դատողություններ, որով հանրության ուշադրությունը հրավիրել է քննարկվող փաստական տվյալներին և դրանց արժանահավատությանը, իսկ 3-րդ պարբերությունում քննարկել է բացառապես առողջապահության նախարարի խոսնակի գործողությունները, որոնք տվյալ համատեքստում նպատակ չեն հետապնդել հասարակությանը տեղեկատվություն տրամադրել կամ տարածել գաղափարներ, որպիսի պայմաններում դատարանը տվյալ նյութի 3-րդ պարբերության մեջ տեղ գտած արտահայտությունները չի դիտում պայմանավորված գերակա հանրային շահով և համարում է վիրավորանք:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «տվյալ դեպքում գործի նյութերից և կողմերի փաստարկներից պարզ է դառնում, որ կատարված արտահայտությունը հիմնված չէ փաստերի վրա, այն զուրկ է փաստական հիմքից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ հանցագործություն պարտակողը համարվում է հանցագործությանն օժանդակող, ուստի առնվազն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործություն պարտակողը կարող է համարվել հանցագործ և միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է հաստատել փաստի առկայությունը։ Մինչդեռ սույն դեպքում բացակայում է որևէ փաստական հիմք, որը կհաստատեր վերոգրյալը, ուստի կատարված արտահայտությունը որպես գնահատողական դատողություն չի կարող ընկալվել», «պատասխանողը չի ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնցից կարելի էր հանգել հետևության, որ վերջինս օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսևորել է բարեխիղճ մոտեցում, իսկ կուրացած հիվանդներից մեկի հոր հաղորդած տեղեկատվությունը, դեպքերի ընթացքին անմիջականորեն հետևելը, չեն կարող համարվել այն ամբողջական բավարար փաստական հիմքերը, որոնց համակցությամբ արտահայտությունը կհամարվի գնահատողական դատողություն», «հոդվածի վիճարկվող պարբերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահայտություններն ուղղված են եղել հենց մամուլի խոսնակին և ոչ թե նախարարությանը, քանի որ որպես գործողություններ կատարած անձ կամ հասցեատեր հստակ նշվել է «Առողջապահության խոսնակը», այսինքն՝ հայցվոր Ալինա Նիկողոսյանը։ Հոդվածի հետագա բովանդակությունը ենթադրում է, որ այն վերաբերել է ՀՀ առողջապահության նախարարությանը, սակայն կոնկրետ Դատարանի գնահատման արժանացած արտահայտության պարբերությունը հասցեագրված է եղել հենց հայցվորին, (...)։ Այսինքն՝ սովորական ընթերցողի համար ևս հասկանալի և ընկալելի է, որ արտահայտությունը վերաբերում է հենց խոսնակին և ոչ թե նախարարությանը», «Տվյալ դեպքում թեև հայցվորը զբաղեցնում է հայեցողական պաշտոն և օրենքի տեսանկյունից հանրային անձ չի համարվում, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը ելնելով այն համոզմունքից, որ վերջինս իր գործունեության ոլորտով պայմանավորված հանրության մոտ որոշակի հեղինակություն ունեցող անձ է ընկալվում, (...)», «Վերաքննիչ դատարանը կարևորում է ոչ թե հայցվորի՝ հանրային անձ կամ քաղաքական գործիչ հանդիսանալու հանգամանքը, այլ այն, որ վերջինս անգամ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, ունի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք, ուստի ցանկացած արտահայտություն, որն իրենից կներկայացնի ոչ գնահատողական դատողություն և պայմանվորված չի լինի գերական հանրային շահով, կընկալվի որպես վիրավորանք կամ զրպարտություն։ Այսինքն՝ եթե բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, ուրեմն վիրավորանքը կամ զրպարտությունն առկա են անկախ այն հանգամանքից դրանք արվել են քաղաքական գործչի, հանրային անձի թե մասնավոր անձի նկատմամբ։ Այն բացառությունը, որ հանրային անձի նկատմամբ հնչեցված քննադատությունների նկատմամբ վերջիններս ավելի մեծ հանդուրժողականություն պետք է դրսևորեն, Վերաքննիչ դատարանը սույն դեպքի համար կիրառելի չի համարում (...) քանի որ «հանցագործությունը պարտակողը» արտահայտությունը ավելի շատ որակվում է որպես մասնավոր անձի հասցեին ուղղված վիրավորանք, քան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնին կամ գործունեությանը վերաբերող վիրավորանք»։

Անդրադառնալով վեճի առարկա արտահայտության՝ գերակա հանրային շահով պայմանավորված վիրավորանք չլինելու վերաբերյալ Ընկերության փաստարկին՝ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ «գերակա հանրային շահի առկայությունը հաստատված կլիներ, եթե պատասխանողը ապացուցեր, որ հրապարակած հոդվածի «Առողջապահության խոսնակը, հավանաբար, րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել և ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում, քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել» պարբերությունը զգալի անհրաժեշտ է եղել հասարակությանը և հանրությունը հետևել է տեղեկությունների տարածման ընթացքին, սպասել հետագա զարգացումներին, մինչդեռ պատասխանողը նման ապացույցներ Դատարանին չի ներկայացրել։ Այսինքն՝ բացառապես պատասխանողի դիրքորոշումը, որ գերակա հանրային շահն առկա է, դեռևս ապացույց չէ»:

Վերոգրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը:

Անդրադառնալով ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանների կողմից որպես վիրավորանք որակված արտահայտությունը կատարվել է հրապարակային (չի վիճարկվում բողոք բերած անձի կողմից):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի սկզբանե Ընկերության կողմից հրապարակվել է առողջապահական ոլորտին առնչվող Հոդված 1-ը, որի նպատակն ակնաբուժական կլինիկայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հասարակությանն իրազեկելն է: Հոդված 1-ի բովանդակությամբ, մասնավորապես՝ հաղորդվել է տեղեկություն՝ ակնաբուժական կլինիկաներից մեկում իրականացված վիրահատությունների հետևանքով տեսողության համատարած կորստի և դրանով պայմանավորված՝ տարածված խուճապի մասին: Ընդ որում, Հոդված 1-ում հղում է կատարվել Ընկերությանը զանգահարած անհայտ քաղաքացու, ով Հոդված 1-ում ներկայացվել է որպես տեսողությունը կորցրած «հիվանդներից մեկի հայր»: Նշվածից հետևում է, որ Ընկերությունը Հոդված 1-ում ներկայացրել է տեսողության կորստի վերաբերյալ փաստական տվյալ, միաժամանակ Հոդվածը 1-ը որևէ հղում չի պարունակում որոշակի նույնականացվող անձանց, չի բովանդակում տեսողությունը կորցնելու վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն տրամադրող անձին անհատականացնող տվյալներ: Այսինքն՝ տեսողության համատարած կորստի վերաբերյալ իր հետևությունն Ընկերությունն արել է անհայտ անձի կողմից հայտնած տեղեկատվության հիման վրա:

Բացի այդ, տեսողության կորստի վերաբերյալ Ընկերության հրապարակումը չի ելնում նաև մամլո քարտուղարի կատարած գրառումների բովանդակությունից, քանի որ իր հրապարակման մեջ վերջինս հերքել է տեսողության կորստի փաստը (փաստ 2):

Մասնավորապես՝ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի կողմից վերոգրյալ փաստի առնչությամբ սոցիալական հարթակում կատարվել են գրառումներ, որոնցում, ի թիվս այլնի, հերքվել է հիվանդների «կուրության» փաստը՝ ընդգծելով, որ «հիվանդների առողջությանը վտանգ չի սպառնում»: Բացի այդ, գրառմամբ հաղորդվել է նաև տեղեկություն այն մասին, որ ակնաբուժական կլինիկա են այցելել փորձագետներ:

Ի պատասխան Ալինա Նիկողոսյանի գրառումների՝ Ընկերությունը հրապարակել է Հոդված 2-ը, որում անդրադառնալով առողջապահության նախարարության գործունեությանը և մամլո քարտուղարի գրառմանը, վերահաստատել է հիվանդների կողմից տեսողությունը կորցնելու փաստի վերաբերյալ Հոդված 1-ում իր կողմից հայտնված տեղեկությունը, իր նախաձեռնությամբ ու մեկնաբանմամբ ներկայացրել է անհայտ փորձաքննության արդյունքներ, հակադրվել է մամլո քարտուղարի հրապարակմանը՝ արձանագրելով, որ հիվանդների կողմից տեսողությունը կորցնելու փաստը հաստատվել է՝ ըստ էության, փորձելով մամլո քարտուղարի հայտնած տեղեկությունը (տեսողության կորստի հերքման վերաբերյալ) ներկայացնել որպես իրականությանը չհամապատասխանող, վերջինիս մեղադրելով իր գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելու մեջ, ինչից ելնելով էլ վերջինիս անվանել է «հանցագործություն պարտակող»:

Հոդվածի հետագա բովանդկությունում իր կողմից տրված բնորոշումն «արդարացնելու» նպատակով Ընկերությունն ընդգծել է, որ մամլո քարտուղարի գրառման մեջ հաստատվում է Ընկերության կողմից տարածված տեղեկությունը: Արդեն հաջորդիվ ներկայացված փաստացի տվյալները վերաբերում են Առողջապահության նախարարության գործունեությանը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ հրապարակված Հոդված 2-ի միջոցով Ընկերությունը ոչ թե ներկայացրել է հայցվորի հրապարակած տեղեկատվության (տեսողությունը կորցնելու) ոչ ճշմարտացիությունը բացահայտող փաստական տվյալներ, այլ բավարարվել է միայն վիրավորական բնույթի արտահայտության շարադրանքով՝ առանց որևէ փաստական հիմք ներկայացնելու:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես հոդվածի բովանդակությունից, այնպես էլ գործի փաստերից չի բխում, որ լրատվամիջոցն Ալինա Նիկողոսյանի գործունեության և նրա ենթադրյալ իրավախախտ վարքագծի վերաբերյալ իր դատողություններն արտահայտելիս իր տրամադրության տակ ունեցել է նվազագույն փաստական տվյալներ, որոնք օբյեկտիվ ու ողջամիտ դիտորդի մոտ կձևավորեին համոզմունք առ այն, որ այդ գնահատականը կարող է վերագրվել վերջինիս:

Տվյալ դեպքում Ընկերությունը, բացառապես հիմնվելով մեկ փաստական տվյալի, այն է՝ անհայտ անձի հայտարարության վրա, դրանից բխեցրել է ընդհանուր բնույթի վերացական եզրահանգում և փաստական հիմքից զուրկ դատողություն:

Նման պայմաններում բացակայում է Ընկերության մոտ ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն տրամադրելու նպատակի առկայությունը հիմնավորված համարելու օբյեկտիվ հնարավորությունը: Բացի այդ, Ընկերությունը, առանց իր տեղեկությունների արժանահավատությունը բարեխղճորեն ստուգելու, արտահայտել է իր՝ որևէ փաստական հիմք չունեցող սուբյեկտիվ գնահատականը մամլո քարտուղարի անձի վերաբերյալ:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունն ուղղակիորեն քննադատության թիրախ է դարձրել մամլո քարտուղարին՝ վերջինիս անվանարկելով: Մինչդեռ ո՛չ Ալինա Նիկողոսյանի նախորդող գործողությունները (կատարած գրառումները), ո՛չ Ընկերության ներկայացրած փաստարկները և հրապարակած հոդվածները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ որևէ օբյեկտիվ հիմք չէին կարող հանդիսանալ Ընկերության սուբյեկտիվ համոզմունքի ձևավորման համար, իսկ օբյեկտիվ հիմք չունեցող դատողությունը, կարծիքը, գնահատականը չափազանցված է, հետևաբար՝ փաստական հիմք չունեցող, որպիսի պայմաններում հերքվում է նաև գնահատող դատողությունների վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը:

Ինչ վերաբերում է գերակա հանրային շահով պայմանավորված լինելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային շահից բխող հայտարարությունները, եթե նույնիսկ ապացուցվում է դրանց ոչ ճշմարիտ լինելը, պատժելի չեն միայն այն դեպքում, եթե կատարվել են առանց դրանց ոչ հավաստի լինելու փաստի իմացության, առանց վնաս պատճառելու դիտավորության և դրանց ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր են գործադրվել:

Ի տարբերություն Ընկերության կողմից հրապարակված Հոդված 1-ի, որում զետեղված տեղեկատվությունն իր բովանդակությամբ բխել է գերակա հանրային շահից, և ըստ էության հիմնավորվել է այդպիսի տեղեկատվության հրատապությունն ու սոցիալական անհրաժեշտությունը, միաժամանակ պահպանելով նման տեղեկատվությունը հավասարակշռված և բարեխիղճ տարածելու իր՝ որպես լրատվամիջոցի վրա դրված պարտականություն, Հոդված 2-ի՝ վիրավորանք պարունակող համապատասխան պարբերությունում առկա չէ որևէ մտահոգություն ստեղծված առողջապահական իրադրության վերաբերյալ. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանում բացակայել է հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը:

Հոդված 2-ի՝ վիրավորանք պարունակող համապատասխան պարբերության բովանդակությունից հնարավոր չէ դատողություն անել առողջապահական խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելու կամ դրա վերաբերյալ բարձրաձայնելու նպատակի արտահայտման մասին. դրանում Ընկերությունն առավելապես շեշտադրել և ընդգծել է իր հայտնած տեղեկատվության ճշմարտությունը՝ առերևույթ, առանց որևէ փաստական հիմնավորման ու ապացույցների հակադրվելով մամլո քարտուղարի հայտնած տեղեկություններին, դրանք ըստ էության գնահատելով որպես իրականությանը չհամապատասխանող:

Վերոգրյալը բավարար է՝ փաստելու, որ հրապարակված Հոդված 2-ի համապատասխան պարբերության նպատակը ոչ թե հանրությանը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իրազեկելը և դրա տարածումը կանխելն է, այլ մամլո քարտուղարի գործունեությունն ստվերելը, վերջինիս պատիվն արատավորելը. Ընկերությունը նպատակ է ունեցել հանրության մոտ ձևավորելու ընդգծված բացասական կարծիք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հոդված 2-ի վերտառությունը («Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին») և բովանդակությունը, ինչպես նաև դրա համատեքստը վկայում են այն մասին, որ Ընկերությունը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով կոնկրետ և հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ ու վարքագիծ, որ առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ և բավարար փաստական կազմ նույնիսկ գնահատող դատողություն, կարծիքի ազատ արտահայտում որակելու համար, մինչդեռ, հայցվորին հասցեագրված որակումը (արտահայտությունը) զուրկ է փաստական հիմքից:

Հոդված 2-ում տեղ գտած արտահայտությունը ոչ միայն հիմնված չի եղել ստույգ փաստերի վրա, այլև Ընկերության կողմից դրա ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում, և բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունը կատարվել է դրա ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, հայցվորին վնաս պատճառելու դիտավորությամբ:

Նշվածը բավարար է արձանագրելու, որ Ընկերությունն այդ կերպ գիտակցաբար, դիտավորությամբ անվանարկել է Ալինա Նիկողոսյանին, ուստի «հանցագործություն պարտակող» արտահայտությունը չի կարող դիտարկվել գնահատողական դատողություն, ինչպես նաև պայմանավորված գերակա հանրային շահով:

Ինչ վերաբերում է մամլո քարտուղարի՝ որպես հանրային անձի նկատմամբ քննադատության լայն սահմանների վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նույնիսկ քննադատության «լայն սահմաններ»-ի թեստ կիրառելու պայմաններում սույն գործի փաստերի հաշվառմամբ վիրավորանքի փաստակազմի բացակայության մասին հետևություն անելու օբյեկտիվ հնարավորությունը նույնպես բացակայում է, քանի որ Ընկերության կողմից հայցվորին հասցեագրված արտահայտությունն արվել է ոչ թե Առողջապահության նախարարության գործունեության առնչությամբ, այլ ուղղակիորեն քննադատության թիրախ է հանդիսացել մամլո խոսնակը: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ վերջինիս նույնականացնող տվյալների՝ անվան-ազգանվան բացակայությանը, ապա դա ինքնին չի կարող վկայել մամլո խոսնակի անձը քննադատելու մտադրության (դիտավորության) բացակայության մասին: Բացի այդ, Ընկերության դատողություններն ուղղված չեն եղել երևույթին՝ հերքման տեքստի բովանդակությանը, այլ հենց հայցվորին: Մասնավորապես՝ տվյալ դեպքում հասցեագրված արտահայտության բովանդակությունը և դրան նախորդող գործողությունները (այդ թվում՝ Ընկերության խոսույթը, արտահայտությունների համատեքստը, շեշտադրումները) վկայում են բացառապես այն մասին, որ Ընկերությունը հետապնդել է մամլո քարտուղարին վիրավորելու նպատակ:

Ինչ վերաբերում է զրպարտություն լինելու վերաբերյալ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում նշել, որ մամլո քարտուղարի անձն ըստ էության արատավորվել է ոչ թե վերջինիս վերաբերյալ փաստացի տվյալներ տարածելու միջոցով, այլ մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանն անվանարկվել է սոցիալական հարթակում Ընկերության գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու համար: Արատավորող փաստացի տվյալը ոչ թե Ընկերության գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող հերքման տեքստ հրապարակելու գործողությունն է, այլ այն կատարած անձին տրված սոցիալական գնահատականը:

Բացի այդ, ինչպես նշվել է, արտահայտության զրպարտող բնույթը չի բացառում այն նաև վիրավորական որակելու իրավական հնարավորությունը, հատկապես այն դեպքում, երբ «հանցագործություն պարտակող» արտահայտությունն արվել է հայցվորի առնչությամբ, ում մեղքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ քրեաիրավական մեղքն այլ կերպ հիմնավորող որևէ ծանրակշիռ կամ նույնիսկ անուղղակի ապացույց Ընկերության կողմից չի ներկայացվել: Մինչդեռ, անմեղության կանխավարկածի չպահպանումն ըստ էության կարող է ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում կամ նպաստել դրան: Հոդվածում արտացոլված տեղեկությունն ընթերցողի մոտ հստակ պատկերացում է ձևավորում այն մասին, որ մամլո քարտուղարը դեղեր ներմուծողի հանցավոր գործունեությունը պարտակող անձ է:

Վերոգրյալ պատճառաբանությունների ուժով Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ընկերությունն իրավամբ միտում և դիտավորություն է ունեցել արատավորելու հայցվորի պատիվը, որպիսի պայմաններում վերջինիս հասցեին հնչեցված, նրա անձին հասցեագրված արտահայտությունը «վիրավորանք» որակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը Վճռաբեկ դատարանը գնահատում է հիմնավորված ու գործի փաստական հանգամանքներից բխող:

Միաժամանակ նկատի ունենալով, որ սույն գործով ներկայացված նյութական հատուցման բավարարված չափի վերաբերյալ վճռաբեկ բողոքը հիմքեր և հիմնավորումներ չի բովանդակում, Վճռաբեկ դատարանը վիրավորանքի դեպքում վնասի փոխհատուցման մասով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը քննության առարկա չի դարձնում:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու, վճռաբեկ բողոքը մերժվելու և փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի բացակայության պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ա. Մկրտչյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/16586/20/19 քաղաքացիական գործով 2024 թվականի հունիսի 03-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

03․06․2024 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի հունիսի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ալինա Նիկողոսյանի հայցի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ալինա Նիկողոսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել, «www.hraparak.am» ինտերնետային կայքում հրապարակել սույն գործով կայացված վճիռն ամբողջությամբ, Ընկերությունից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 17.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությանը պարտավորեցնել Ալինա Նիկողոսյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով. ««Տեղադրել հոդված www.hraparak.am ինտերնետային կայքում, որի վերնագիրը շարադրել այսպես. «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղարից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես. «09.05.2019թ.-ին www.hraparak.am ինտերնետային կայքում տեղադրվել էր լրատվական հոդված, որի վերնագիրն է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում լֆիկին», որի երրորդ պարբերությունը պարունակում է վիրավորական արտահայտություններ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հասցեին, ինչի համար ներողություն ենք խնդրում»։ Հոդվածը տեղադրել www.hraparak.am կայքում առավոտյան ժամը 09:30-10:00 ընկած հատվածում, աշխատանքային օր երկուշաբթիից ուրբաթ օրերից որևիցե մեկը: Հոդվածի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, հոդվածը տեղադրել www.hraparak.am կայքում նույն ժամկետով, հոդվածը www.hraparak.am կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, հոդվածին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական արտահայտություններ պարունակող լրատվական հոդվածինն է», Ընկերությունից հօգուտ Ալինա Նիկողոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում, 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 8.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.03.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալինա Նիկողոսյանը (ներկայացուցիչ Դավիթ Հունանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 42-րդ, 61-րդ, 63-րդ և 81-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին ու 3-րդ կետերը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ի պաշտոնե հանրությանը ներկայացնելով առողջապահության նախարարի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ՝ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը գործում է իր լիազորությունների սահմաններում: Չնայած նշվածը ներկայացվել է նաև գործի քննության ընթացքում Դատարանի կողմից տրված հարցերին ի պատասխան, միևնույն է, Դատարանն արձանագրել է, որ որպես վիրավորանք հայցվորի կողմից ներկայացված արտահայտությունների հասցեատերը հայցվորն է՝ «առողջապահության խոսնակը»:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հանրային անձ է և իրականացնում է հանրային գործունեություն, իսկ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարվել հանրային գործունեություն իրականացնող Առողջապահության նախարարության մամուլի խոսնակին, այլ ոչ թե ֆիզիկական անձ Ալինա Նիկողոսյանին, ինչը հաստատվում է նաև նրանով, որ հոդվածում նույնիսկ վկայակոչված չեն մամուլի խոսնակի անձնական տվյալները՝ անունը, ազգանունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վիճահարույց հրապարակման հետ կապված առկա է եղել գերակա հանրային շահ, ինչը հաստատվում է օրինակ, այն հանգամանքով, որ այլ կայքէջեր, հղում տալով սկզբնաղբյուրին՝ «hraparak.am»-ին, հոդվածը տեղադրել են իրենց կայքէջում՝ այդկերպ նաև իրենց լսարանին հասու դարձնելով տեղեկատվություն, որտեղ առկա է գերակա հանրային շահ: Այսինքն՝ Ընկերությունն ապահովել է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի իրացումը:

Ավելին՝ եթե միջադեպը չունենար հանրային հետաքրքրություն, հայցվորը չէր անդրադառնա հրապարակմանը, հետևաբար հայցվորն էլ է գիտակցել, որ թեման հասու է դառնալու հասարակության լայն զանգվածի և այդ կապակցությամբ լինելու են բացասական արձագանքներ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածը և դրա սխալ մեկնաբանության հետևանքով եկել է այն եզրահանգման, որ վիճահարույց հրապարակման մեջ առկա չէ գերակա հանրային շահ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ վիճահարույց հրապարակմանը նախորդած հրապարակումների բովանդակությունները վկայում են Ընկերության դիտավորության բացակայության մասին:

Բացի այդ, ստորադաս դատարանները սխալ որակում են տվել՝ «զրպարտության» փոխարեն համարելով, որ տեղի է ունեցել «վիրավորանք», և եթե պայմանականորեն ընդունենք, որ արատավորվել է հայցվորի արժանապատվությունը, ապա այն պետք է որակվեր որպես զրպարտություն, և ոչ թե՝ վիրավորանք:

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով 27.04.2012 թվականին և թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով 21.07.2020 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված որոշումներին, քանի որ Ընկերության գնահատողական դատողությունները, որոնք ներկայացվել են հանրային շահի հաշվառմամբ, որակվել են որպես վիրավորանք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Ընկերությունն իրեն անվանել է հանցագործություն պարտակող, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ է, և անձի նկատմամբ նման արտահայտություն կատարելը չի կարող չարատավորել պատիվն ու արժանապատվությունը: Ընկերության դիտավորության մասին է վկայում վերջինիս գրելաոճը: Ընկերությունը չի հիմնվել որևէ փաստակազմի վրա և առաջնորդվել է բացառապես ենթադրություններով:

Ընկերությունը գերակա հանրային շահի առկայությունը հաստատելու նպատակով բավարարվել է բացառապես հայտարարությամբ, մինչդեռ պարտավոր էր ապացուցել, որ խնդրո առարկա տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել հանրության համար, և հանրությունը հետևել է դրա տարածման ընթացքին:

Վճռաբեկ բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ ինքը հանրային ծառայող է, զբաղեցնում է հայեցողական պաշտոն, սակայն հանրային անձ չի համարվում, քանի որ հանրային գործունեություն չի իրականացնում, այլ կատարում է առողջապահության նախարարի հանձնարարականները, և քննադատության լայն սահմանները կիրառելի են ոչ թե իր, այլ նախարարի նկատմամբ:

Ընկերությունն իր եկամուտների վերաբերյալ ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու, որ փոխհատուցման պահանջը բավարարվելու դեպքում պատասխանողի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել: Ավելին՝ Դատարանը, հաշվի առնելով Ընկերության՝ զանգվածային լրատվության միջոց լինելու փաստը, իր պահանջը բավարարել է 200.000 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով նաև, որ փոխհատուցման մեծ չափը կարող է անհարկի ֆինանսական պարտավորություններ առաջացնել Ընկերության համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարի 19.11.2018 թվականի թիվ 331-Ա հրամանի 1-ին կետի համաձայն՝ Ալինա Նիկողոսյանը նշանակվել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար (հատոր 1-ին, գթ 28).

2) Ընկերությունը 09.05.2019 թվականին «www.hraparak.am» լրատվական կայքում հրապարակել է «Արտակարգ իրավիճակ. հիվանդները կորցրել են տեսողությունը» վերնագրով հոդված հետևյալ բովանդակությամբ. «Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց (...) է ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։ Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։ Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։ Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նաև առողջապահության փոխնախարարը։ Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին» (հատոր 1-ին, գթ 55, 56).

3) Ալինա Նիկողոսյանը 09.05.2019 թվականին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հրապարկել է գրառումներ հետևյալ բովանդակությամբ. «Թարմացում 1* Պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում: Վերջիններս վիրահատվել են: Թարմացում 2* Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով: Պարզվում է դրա պատճառահետևանքային կապերը: Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը։ Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին: Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը: Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում: Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրամասները: Հանձնարարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ» (հատոր 1-ին, գթ 54).

4) Ընկերությունը 09.05.2019 թվականին «www.hraparak.am» լրատվական կայքում հրապարակել է «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին» վերնագրով հոդված հետևյալ բովանդակությամբ. «Մեր հրապարակումը՝ «Արտակարգ իրավիճակ հիվանդները կորցրել են տեսողությունը» (…) հոդվածում ներկայացրել էինք «Մալայան» աչքի կլինիկայում կատարվածը՝ երբ վիրուսակիր դեղի սրսկումից հետո հիվանդները, այդ թվում՝ շաքարային դիաբետով տառապող մարդիկ, զրկվել են տեսողությունից՝ միայն լույսն ու ստվերն են տեսնում։ Դեղը սրսկելու հաջորդ օրը նրանք արթնացել են այդ վիճակում, կլինիկայում խուճապ է սկսվել, և հիվանդներին արտահերթ վիրահատություններ են արել, ընդ որում՝ անվճար։ Իսկ դեղի փորձաքննությունից հետո հիվանդներին տեղեկացրել են, որ «Ավաստին» դեղամիջոցի մեջ հայտնաբերվել է ագրեսիվ հարուցիչ, որի հետևանքն է տեսողության կորուստը, և հույս են տվել, որ մի քանի ամսում հիվանդների տեսողությունը կվերականգնվի։ Սակայն, պարզվում է, առողջապահության նախարարությունը փոխանակ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, հայտնաբերելու և պատժելու մեղավորներին, զբաղված է մի բանով՝ մամուլի հրապարակումները հերքելով։ Առողջապահության խոսնակը հավանաբար րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել և ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում, քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել։ ԱՆ-ն անմիջապես հաղորդագրություն է տարածել «Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը» վերնագրով, որտեղ շարունակության մեջ, թեև հաստատվում է մեր տեղեկությունը, սակայն կարդացողի մոտ առաջին տպավորությունն այն է, որ մամուլը սխալ բան է գրել։ Հարց է ծագում՝ ո՞ւմ է հովանավորում առողջապահության նախարարը։ Գուցե կեղծ դեղեր վաճառող «Նատալի ֆարմի՞ն», որը պատկանում է իշխանությունների սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին։ Ինչո՞ւ են փորձում կոծկել կատարվածը, և ո՞ւմ շահերից է բխում այս կեղծ հերքումը» (հատոր 1-ին, գթ 22, 23)։

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Տվյալ դեպքում Ընկերությունը հրապարակել է երկու հոդված՝

- «Արտակարգ իրավիճակ. հիվանդները կորցրել են տեսողությունը» վերտառությամբ (այսուհետ՝ Հոդված 1, տե՛ս փաստ 2),

- «Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին» վերտառությամբ (այսուհետ՝ Հոդված 2, տե՛ս փաստ 4):

Ստորադաս դատարանները որպես վիրավորանք են գնահատել Հոդված 2-ում կատարված «հանցագործություն պարտակող» արտահայտությունը: Այսպես՝

Դատարանը, արձանագրելով, որ ««հանցագործություն պարտակող» հասկացությունը անկախ այն հանգամանքին, որ օգտագործվել է լրատվամիջոցի կողմից, չի կարող ընթերցողի մոտ ընկալվել այլ կերպ, քան քրեադատավարական իմաստով», «արտահայտությունն ինքնին վերագրում է հասցեատիրոջը հանցավոր գործողություն, որն իրենց ներկայացնում է Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում», ««Առողջապահության խոսնակը, հավանաբար, րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել և ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում», և «քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել» պարբերությունը վերաբերվում է անձնապես առողջապահության խոսնակին, այն է՝ հայցվորին», «հայցվորը, թեև հանրային ծառայող է, ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, սակայն չի հանդիսանում հանրային գործիչ Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից, քանզի անձնապես չի իրականացնում հանրային գործունեություն և հանդես գալով որպես առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի կարգավիճակով, գործում է ի պաշտոնե», «հանցագործություն պարտակող» արտահայտությունը գնահատել է որպես վիրավորանք:

Անդրադառնալով վեճի առարկա արտահայտության՝ գերակա հանրային շահով պայմանավորված վիրավորանք չլինելու վերաբերյալ Ընկերության փաստարկին՝ Դատարանն արձանագրել է, որ «նույն հոդվածում նախորդ երկու պարբերություններում պատասխանող լրատվամիջոցն արդեն իսկ ներկայացրել է հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցի վերաբերյալ տեղեկատվական տվյալներ և գնահատող դատողություններ, որով հանրության ուշադրությունը հրավիրել է քննարկվող փաստական տվյալներին և դրանց արժանահավատությանը, իսկ 3-րդ պարբերությունում քննարկել է բացառապես առողջապահության նախարարի խոսնակի գործողությունները, որոնք տվյալ համատեքստում նպատակ չեն հետապնդել հասարակությանը տեղեկատվություն տրամադրել կամ տարածել գաղափարներ, որպիսի պայմաններում դատարանը տվյալ նյութի 3-րդ պարբերության մեջ տեղ գտած արտահայտությունները չի դիտում պայմանավորված գերակա հանրային շահով և համարում է վիրավորանք:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «տվյալ դեպքում գործի նյութերից և կողմերի փաստարկներից պարզ է դառնում, որ կատարված արտահայտությունը հիմնված չէ փաստերի վրա, այն զուրկ է փաստական հիմքից, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ հանցագործություն պարտակողը համարվում է հանցագործությանն օժանդակող, ուստի առնվազն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործություն պարտակողը կարող է համարվել հանցագործ և միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է հաստատել փաստի առկայությունը։ Մինչդեռ սույն դեպքում բացակայում է որևէ փաստական հիմք, որը կհաստատեր վերոգրյալը, ուստի կատարված արտահայտությունը որպես գնահատողական դատողություն չի կարող ընկալվել», «պատասխանողը չի ներկայացրել այնպիսի հիմնավորումներ, որոնցից կարելի էր հանգել հետևության, որ վերջինս օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսևորել է բարեխիղճ մոտեցում, իսկ կուրացած հիվանդներից մեկի հոր հաղորդած տեղեկատվությունը, դեպքերի ընթացքին անմիջականորեն հետևելը, չեն կարող համարվել այն ամբողջական բավարար փաստական հիմքերը, որոնց համակցությամբ արտահայտությունը կհամարվի գնահատողական դատողություն», «հոդվածի վիճարկվող պարբերության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահայտություններն ուղղված են եղել հենց մամուլի խոսնակին և ոչ թե նախարարությանը, քանի որ որպես գործողություններ կատարած անձ կամ հասցեատեր հստակ նշվել է «Առողջապահության խոսնակը», այսինքն՝ հայցվոր Ալինա Նիկողոսյանը։ Հոդվածի հետագա բովանդակությունը ենթադրում է, որ այն վերաբերել է ՀՀ առողջապահության նախարարությանը, սակայն կոնկրետ Դատարանի գնահատման արժանացած արտահայտության պարբերությունը հասցեագրված է եղել հենց հայցվորին, (...)։ Այսինքն՝ սովորական ընթերցողի համար ևս հասկանալի և ընկալելի է, որ արտահայտությունը վերաբերում է հենց խոսնակին և ոչ թե նախարարությանը», «Տվյալ դեպքում թեև հայցվորը զբաղեցնում է հայեցողական պաշտոն և օրենքի տեսանկյունից հանրային անձ չի համարվում, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը ելնելով այն համոզմունքից, որ վերջինս իր գործունեության ոլորտով պայմանավորված հանրության մոտ որոշակի հեղինակություն ունեցող անձ է ընկալվում, (...)», «Վերաքննիչ դատարանը կարևորում է ոչ թե հայցվորի՝ հանրային անձ կամ քաղաքական գործիչ հանդիսանալու հանգամանքը, այլ այն, որ վերջինս անգամ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, ունի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք, ուստի ցանկացած արտահայտություն, որն իրենից կներկայացնի ոչ գնահատողական դատողություն և պայմանվորված չի լինի գերական հանրային շահով, կընկալվի որպես վիրավորանք կամ զրպարտություն։ Այսինքն՝ եթե բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները, ուրեմն վիրավորանքը կամ զրպարտությունն առկա են անկախ այն հանգամանքից դրանք արվել են քաղաքական գործչի, հանրային անձի թե մասնավոր անձի նկատմամբ։ Այն բացառությունը, որ հանրային անձի նկատմամբ հնչեցված քննադատությունների նկատմամբ վերջիններս ավելի մեծ հանդուրժողականություն պետք է դրսևորեն, Վերաքննիչ դատարանը սույն դեպքի համար կիրառելի չի համարում (...) քանի որ «հանցագործությունը պարտակողը» արտահայտությունը ավելի շատ որակվում է որպես մասնավոր անձի հասցեին ուղղված վիրավորանք, քան պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնին կամ գործունեությանը վերաբերող վիրավորանք»։

Անդրադառնալով վեճի առարկա արտահայտության՝ գերակա հանրային շահով պայմանավորված վիրավորանք չլինելու վերաբերյալ Ընկերության փաստարկին՝ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ «գերակա հանրային շահի առկայությունը հաստատված կլիներ, եթե պատասխանողը ապացուցեր, որ հրապարակած հոդվածի «Առողջապահության խոսնակը, հավանաբար, րոպեների ընթացքում «փորձաքննություն» է իրականացրել և ինքն էլ պայծառատես է ու կարողանում է կանխատեսել, թե ինչ է կատարվելու առաջիկայում, քանի որ նման հերքման տեքստ միայն պայծառատեսն ու հանցագործությունը պարտակողը կարող էր տարածել» պարբերությունը զգալի անհրաժեշտ է եղել հասարակությանը և հանրությունը հետևել է տեղեկությունների տարածման ընթացքին, սպասել հետագա զարգացումներին, մինչդեռ պատասխանողը նման ապացույցներ Դատարանին չի ներկայացրել։ Այսինքն՝ բացառապես պատասխանողի դիրքորոշումը, որ գերակա հանրային շահն առկա է, դեռևս ապացույց չէ»:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Դատարանի վճիռը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) Ի տարբերություն Ընկերության կողմից հրապարակված Հոդված 1-ի, որում զետեղված տեղեկատվությունն իր բովանդակությամբ բխել է գերակա հանրային շահից, և ըստ էության հիմնավորվել է այդպիսի տեղեկատվության հրատապությունն ու սոցիալական անհրաժեշտությունը, միաժամանակ պահպանելով նման տեղեկատվությունը հավասարակշռված և բարեխիղճ տարածելու իր՝ որպես լրատվամիջոցի վրա դրված պարտականություն, Հոդված 2-ի՝ վիրավորանք պարունակող համապատասխան պարբերությունում առկա չէ որևէ մտահոգություն ստեղծված առողջապահական իրադրության վերաբերյալ. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դրանում բացակայել է հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը:

Հոդված 2-ի՝ վիրավորանք պարունակող համապատասխան պարբերության բովանդակությունից հնարավոր չէ դատողություն անել առողջապահական խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելու կամ դրա վերաբերյալ բարձրաձայնելու նպատակի արտահայտման մասին. դրանում Ընկերությունն առավելապես շեշտադրել և ընդգծել է իր հայտնած տեղեկատվության ճշմարտությունը՝ առերևույթ, առանց որևէ փաստական հիմնավորման ու ապացույցների հակադրվելով մամլո քարտուղարի հայտնած տեղեկություններին, դրանք ըստ էության գնահատելով որպես իրականությանը չհամապատասխանող:

Վերոգրյալը բավարար է՝ փաստելու, որ հրապարակված Հոդված 2-ի համապատասխան պարբերության նպատակը ոչ թե հանրությանը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իրազեկելը և դրա տարածումը կանխելն է, այլ մամլո քարտուղարի գործունեությունն ստվերելը, վերջինիս պատիվն արատավորելը. Ընկերությունը նպատակ է ունեցել հանրության մոտ ձևավորելու ընդգծված բացասական կարծիք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հոդված 2-ի վերտառությունը («Առողջապահության նախարարությունը կոծկում է կատարվածը և իր հովանու տակ առնում Լֆիկին») և բովանդակությունը, ինչպես նաև դրա համատեքստը վկայում են այն մասին, որ Ընկերությունը, հանդիսանալով լրատվական գործունեություն իրականացնող անձ, միտումնավոր քննադատության թիրախ է դարձրել հայցվորին՝ վերջինիս վերագրելով կոնկրետ և հստակ ուղղվածություն ունեցող այնպիսի գործողություններ ու վարքագիծ, որ առանց բացառությունների պետք է ունենա ծանրակշիռ և բավարար փաստական կազմ նույնիսկ գնահատող դատողություն, կարծիքի ազատ արտահայտում որակելու համար, մինչդեռ, հայցվորին հասցեագրված որակումը (արտահայտությունը) զուրկ է փաստական հիմքից:

Հոդված 2-ում տեղ գտած արտահայտությունը ոչ միայն հիմնված չի եղել ստույգ փաստերի վրա, այլև Ընկերության կողմից դրա ճշմարտացիության ստուգման համար համապատասխան ջանքեր չեն գործադրվել, ինչը չի կարող գնահատվել որպես բարեխիղճ վարքագծի դրսևորում, և բավարար է՝ հետևություն անելու, որ արտահայտությունը կատարվել է դրա ոչ հավաստի լինելու փաստի իմացությամբ, հայցվորին վնաս պատճառելու դիտավորությամբ:

Նշվածը բավարար է արձանագրելու, որ Ընկերությունն այդ կերպ գիտակցաբար, դիտավորությամբ անվանարկել է Ալինա Նիկողոսյանին, ուստի «հանցագործություն պարտակող» արտահայտությունը չի կարող դիտարկվել գնահատողական դատողություն, ինչպես նաև պայմանավորված գերակա հանրային շահով:

Ինչ վերաբերում է մամլո քարտուղարի՝ որպես հանրային անձի նկատմամբ քննադատության լայն սահմանների վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նույնիսկ քննադատության «լայն սահմաններ»-ի թեստ կիրառելու պայմաններում սույն գործի փաստերի հաշվառմամբ վիրավորանքի փաստակազմի բացակայության մասին հետևություն անելու օբյեկտիվ հնարավորությունը նույնպես բացակայում է, քանի որ Ընկերության կողմից հայցվորին հասցեագրված արտահայտությունն արվել է ոչ թե Առողջապահության նախարարության գործունեության առնչությամբ, այլ ուղղակիորեն քննադատության թիրախ է հանդիսացել մամլո խոսնակը: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ վերջինիս նույնականացնող տվյալների՝ անվան-ազգանվան բացակայությանը, ապա դա ինքնին չի կարող վկայել մամլո խոսնակի անձը քննադատելու մտադրության (դիտավորության) բացակայության մասին: Բացի այդ, Ընկերության դատողություններն ուղղված չեն եղել երևույթին՝ հերքման տեքստի բովանդակությանը, այլ հենց հայցվորին: Մասնավորապես՝ տվյալ դեպքում հասցեագրված արտահայտության բովանդակությունը և դրան նախորդող գործողությունները (այդ թվում՝ Ընկերության խոսույթը, արտահայտությունների համատեքստը, շեշտադրումները) վկայում են բացառապես այն մասին, որ Ընկերությունը հետապնդել է մամլո քարտուղարին վիրավորելու նպատակ:

Ինչ վերաբերում է զրպարտություն լինելու վերաբերյալ բողոքի փաստարկին, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում նշել, որ մամլո քարտուղարի անձն ըստ էության արատավորվել է ոչ թե վերջինիս վերաբերյալ փաստացի տվյալներ տարածելու միջոցով, այլ մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանն անվանարկվել է սոցիալական հարթակում Ընկերության գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնելու համար: Արատավորող փաստացի տվյալը ոչ թե Ընկերության գնահատմամբ իրականությանը չհամապատասխանող հերքման տեքստ հրապարակելու գործողությունն է, այլ այն կատարած անձին տրված սոցիալական գնահատականը:

Բացի այդ, ինչպես նշվել է, արտահայտության զրպարտող բնույթը չի բացառում այն նաև վիրավորական որակելու իրավական հնարավորությունը, հատկապես այն դեպքում, երբ «հանցագործություն պարտակող» արտահայտությունն արվել է հայցվորի առնչությամբ, ում մեղքի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կամ քրեաիրավական մեղքն այլ կերպ հիմնավորող որևէ ծանրակշիռ կամ նույնիսկ անուղղակի ապացույց Ընկերության կողմից չի ներկայացվել: Մինչդեռ, անմեղության կանխավարկածի չպահպանումն ըստ էության կարող է ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին հասարակական ընկալում կամ նպաստել դրան: Հոդվածում արտացոլված տեղեկությունն ընթերցողի մոտ հստակ պատկերացում է ձևավորում այն մասին, որ մամլո քարտուղարը դեղեր ներմուծողի հանցավոր գործունեությունը պարտակող անձ է:» (...)։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: (...)։

«Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից՝ նույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: (...):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված և պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.

1. խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Մեկնաբանելով «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին» պայմանները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին և իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարևորությամբ (տե՛ս, «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերությունը և մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):

Նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝ վիրավորանք գնահատելու չափանիշներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ

1. արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը,

2. արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն՝ պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա,

3. արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով:

Վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար (տե՛ս Կրիստինա Սարգսյանն ընդդեմ Մհեր Ենգիբարյանի թիվ ԱՎԴ/2194/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը նշել է, որ միջազգային իրավական պրակտիկայում «վիրավորանք» և «զրպարտություն» որակումների հիմնական տարբերությունն այն է, որ զրպարտության պարագայում խոսքը վերաբերում է դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող փաստերի, փաստացի տվյալների տարածման միջոցով անձի արժանապատվությունն արատավորելուն, նրան հանցանքի կամ զանցանքի մեջ իրականությանը չհամապատասխանող փաստերի հիման վրա մեղադրելուն, իսկ վիրավորանքը ենթադրում է անձի` դիտավորությամբ, կանխամտածված նվաստացում: Այս տրամաբանությունն է դրված նաև քննության առարկա հոդվածում հասկացությունների բնորոշման հիմքում (տե՛ս Սահմանադրական դատարանի 15.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-997 որոշումը):

Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս, Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում «հրապարակային ներկայացնել», «փաստեր» և «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունները:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե´ս, Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե´ս, Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45)։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը պարտադիր է արտահայտությունը վիրավորանք գնահատելու համար: Այդուհանդերձ, օրենսդիրն ամրագրել է որոշակի դեպքեր, երբ արտահայտությունը թեև բավարարում է վերոնշյալ պայմաններին, սակայն կոնկրետ իրավիճակում և իր բովանդակությամբ օրենքի ուժով կարող է չհամարվել վիրավորանք: Այդպիսիք են այն դեպքերը, երբ տեղեկատվությունը հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Օրենսդրական նման ձևակերպումը հիմք է արձանագրելու, որ այդ դեպքերը յուրաքանչյուր կոնկրետ գործով ենթակա են առանձին գնահատման` պարզելու, թե արդյոք տվյալ բովանդակությամբ և տվյալ իրավիճակում ներկայացված արտահայտությունը պարունակում է վիրավորանք, թե ոչ (տե՛ս ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե´ս, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

Վերոգրյալից զատ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում (տե՛ս, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գնահատող դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերևույթ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր:

ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ վիրավորանքի և զրպարտության հետևանքով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև արդարացի հավասարակշռություն ապահովելու նպատակով կարևոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզև դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը և այլն:

Հետևաբար որևէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, և կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարևոր է նաև կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը՝ որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից:

Այսպիսով, նաև հիմք ընդունելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ որևէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նաև պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալները հրապարակած և տուժող անձանց վարքագիծը մինչև արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը և մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը (տե՛ս, թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ընկերության կողմից հոդվածները հրապարակելն ունեցել է հստակ ուղղվածություն՝ հանրությանը տեղեկացնել դեղամիջոցները օգտագործելուց հետո առաջացած բացասական հետևանքների մասին: Ընկերությունը ներկայացրել է տեղեկություններ տվյալ իրավիճակի վերաբերյալ: Ընկերության կողմից հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարվել հանրային գործունեություն իրականացնող ԱՆ մամուլի խոսնակին, և ոչ թե ֆիզիկական անձ Ալինա Նիկողոսյանին: Դա է փաստում նաև այն, որ հոդվածում նույնիսկ վկայակոչված չէ մամուլի խոսնակի անձնական տվյալները՝ անուն, ազգանունը:

Այս ամենը ձևավորում է համոզմունք այն մասին, որ Ընկերությունը, ցանկանալով հանրությանը բացատրել դեղամիջոցի օգտագործման հնարավոր բացասական հետևանքների մասին, նպատակ չի ունեցել արատավորել Ալինա Նիկողոսյանի համբավը, այլ իր բացասական գնահատականը, քննադատությունը, հետևաբար՝ գնահատողական դատողությունն է արտահայտել՝ ունենալով բավարար փաստական հիմքեր:

Ավելին սույն գործով էական նշանակություն ունի նաև հետևյալ փաստական հանգամանքը՝ արդյո՞ք գերակայել է հանրային շահը: «Գերակա հանրային շահ» եզրույթում օգօտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորվա՞ծ է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե՞ այն զուտ մասնավոր բնույթ է կրում:

Սույն գործի վիճահարույց հրապարակման հետ կապված ակնհայտորեն առկա է եղել գերակա հանրային շահ, ինչը փաստվում է օրինակ այն հանգամանքով, որ այլ լրատվական միջոցներ, օրինակ՝ pastinfo.am, pastinfo.am, hayeli.am, henaran.am, blog.168.am, fmg.news, lurer.com և այլ կայքէջեր, հղում տալով սկզբնաղբյուր հանդիսացող hraparak.am-ին, քննարկվող հոդվածը տեղադրել են իրենց կայքէջում, այդպիսով իսկ, միջնորդավորված կերպով իրենց լսարանին ևս հասու դարձնելով տեղեկատվություն, որտեղ առկա է գերակա հանրային շահ, այսինքն Ընկերությունը ապահովել է հասարակության տեղեկացված լինելու գերակա շահի իրացումը:

Գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի՝ հրապարակային արտահայտության գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքը և եկել այն եզրակացության, որ վիճահարույց հրապարակման մեջ առկա չէ գերակա հանրային շահ:

Ինչ վերաբերում է հայցվորին վիրավորանք հասցնելու դիտավորությանը, պետք է նշել, որ դիտավորության առկայությունը հիմնավորվում է միայն փաստերով՝ առաջին հերթին անձի կոնկրետ գործողություններով կամ հայտարարություններով, որոնք նախորդել կամ հաջորդել են վիճահարույց հրապարակմանը: Սույն գործով վիճահարույց համարվող հրապարակմանը նախորդել է երկու հրապարակում՝ 09.05.2019թ. 13:56-ին «Արտակարգ իրավիճակ. Հիվանդները կորցրել են տեսողությունը» և 09.05.2019թ. 15:46֊ին հրապարակված «Հայտնի է վեց հոգու տեսողության կորստի պատճառ դարձած դեղամիջոցի անունը» վերտառությամբ հոդվածներ, որոնք կարդալիս ակնհայտ է, որ վիճահարույց հոդվածին, հրապարակված 09.05.2019թ. ժամը 16:17-ին, չեն նախորդել կամ հաջորդել այնպիսի հոդվածներ, որոնց բովանդակությունը կհիմնավորեր Ընկերության կողմից հայցվորին վիրավորանք հասցնելու դիտավորության առկայությունը:

Այսպիսով գտնում եմ, որ Ընկերությունը, ոչ թե հրապարակված հոդվածներով նպատակ է ունեցել խախտել անմեղության կանխավարկածի սկզբունքը և Ալինա Նիկողոսյանի պատիվն ու արժանապատվությունը, այլ պարզապես եղել է Ընկերության գնահատողական դատողությունը մինչև այդ իր լսած տեղեկությունների վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վերաքննիչ դատարանի 25.09.2020 թվականի որոշումը բեկանելու և Ալինա Նիկողոսյանի հայցը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, վճիռը հրապարակելուն պարտավորեցնելու և որպես փոխհատուցում գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժելու համար։

Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ առկա են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2020 թվականի որոշումը բեկանելու հիմքեր:

 

Դատավոր`

ԷԴ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան