ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3132/02/22 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/3132/02/22 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի հուլիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 11.02.2022 թվականի թիվ 15-599/22 որոշումը։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2022 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2022 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28․06․2022 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.01.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.12.2023 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.01.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 2-րդ կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի թիվ RL1-001 կանոններով հաստատված «ԱՊՊԱ ընդհանուր պայմանների» 89-րդ կետը, 118-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 118-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի 31․08․2020 թվականի թիվ 11/20 որոշմամբ հաստատված պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների 107-րդ կետը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ ապահովագրական պատահարի մասին թեկուզև օրենքով սահմանված ժամկետում, սակայն ոչ ապահովադրի կողմից ապահովագրողին տեղեկացնելը սահմանված կարգի խախտում է, և հիմք է Ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար, անտեսել է, որ հատուցում ստանալու տեսանկյունից օրենսդիրը կարևորել է ոչ թե ապահովագրողի ակտիվ գործողությունները, այլ ապահովագրական պատահարի վերաբերյալ ապահովագրական ընկերության տեղեկացված լինելը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 09.07.2021 թվականին, ժամը 18:05-18:15-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին Ընկերությունը նույն օրը, ժամը 18։30-ին տեղեկացվել է պատահարի մասնակից Սարգիս Հովսեփյանի կողմից։ Հեռախոսազրույցի ընթացքում վերջինս Ընկերության աշխատակցի բոլոր հարցադրումներին տվել է պատահարի հանգամանքների վերաբերյալ սպառիչ պատասխաններ, այդ թվում՝ տրամադրել է Վահագն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի նույնականացման մասին տվյալներ։ Ընկերությունը տեղեկացել է, որ պատահարի մյուս մասնակցի ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը նույնպես ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում, տրամադրվել է Վահագն Գևորգյանի մեքենայի մակնիշը և հաշվառման համարանիշը։ Ավելին՝ Ընկերության աշխատակիցը հեռախոսազրույց է ունեցել նաև Սարգիս Հովսեփյանի ընկերոջ հետ, ով եղել է պատահարի վայրում, և պատահարի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատահարի մասին տեղեկացնելու՝ ապահովադրի պարտականությունը բովանդակային առումով ամբողջությամբ կատարվել է, իսկ Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ ապահովագրական պատահարի մասին Վահագն Գևորգյանի կողմից չտեղեկանալը խոչընդոտել է իր որևէ իրավունքի իրացմանը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պատահարի մյուս մասնակցի՝ Սարգիս Հովսեփյանի կողմից պատահարի մասին Ընկերությանը տեղեկացրած լինելու պայմաններում Վահագն Գևորգյանի մոտ առաջացել է իր պարտականությունը բովանդակային առումով կատարված լինելու մասին ողջամիտ համոզմունք և բացակայել է նույն պատահարի մասին ևս մեկ անգամ Ընկերությանը տեղեկացնելու անհրաժեշտությունը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ դիմումը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Վահագն Գևորգյանի միջև 28.04.2021 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SM439017 վկայագիրը (այսուհետ՝ Վկայագիր), որով ապահովագրվել է «71 RA 700» հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը՝ 28.04.2021 թվականից մինչև 28.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար։
Վկայագրի 8-րդ կետի համաձայն՝ ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում, իսկ ապահովագրական պատահարի հետևանքով անձնական վնասների առկայության դեպքում՝ ԱՊՊԱ պայմաններով սահմանված ժամկետներում, այդ մասին հայտնել ապահովագրողին` զանգահարելով +374-60-50-57-57 հեռախոսահամարով (որևէ մեկով) (հատոր 2-րդ, գ.թ. 57).
2) 09.08.2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման համաձայն՝ «(...) 2021թ. հուլիսի 9-ին ժամը 18:05-18։15-ի սահմաններում Համլետ Դոլուխանի Գևորգյանն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի 71 RA 700 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Գոհար Վահագնի Գևորգյանի և Հասմիկ Նորայրի Հայրապետյանի հետ միասին երթևեկել է Հրազդան քաղաքից դեպի Քաղսի տանող ճանապարհով: Հասնելով Բջնի գյուղ տանող ավտոճանապարհի հատման խաչմերուկ, կանգ է առել, փորձել է կատարել հետադարձ, նկատել է Հրազդան քաղաքի կողմից Սարգիս Ստեփանի Հովսեփյանը իր վարած «ՕՊԵԼ» մակնիշի 35 VM 924 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն շարունակել է հետադարձը մտածելով կհասցնի այն ավարտին հասցնել և բախումից խուսափել չի հաջողվել, վերջիններս բախվել են միմյանց, որի հետևանքով վարորդներ Հ. Գևորգյանը, Ս. Հովսեփյանը և վերջիններիս ուղևորներ Հ. Հայրապետյանը, Գ. Գևորգյանը և Հ. Ասլանյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ, այնուհետև Գ. Գևորգյանը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Հ. Գևորգյանը, Հ. Հայրապետյանը տեղափոխել են «Սևանի» ԲԿ, ապա Հ. Գևորկյանը «Էրեբունի» ԲԿ, Հ. Ասլանյանը տեղափոխվել «Երևանի Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց» (…)» (հատոր 2-րդ, գ.թ. 114-116).
3) Ընկերությունը 25.09.2021 թվականին տուժող Հայարփի Ասլանյանին տրամադրել է 83.000 ՀՀ դրամի չափով հատուցում՝ որպես առողջությանը պատճառված վնասի հետևանքով առաջացած ծախս, իսկ 28.09.2021 թվականին՝ 1.080.675 ՀՀ դրամի չափով հատուցում՝ որպես գույքին պատճառված վնասներ (հիմք՝ «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» թիվ CM22013459 և թիվ CT22013096-2 որոշում-ծանուցումներ) (հատոր 2-րդ, գ.թ. 51, 52, 55, 56).
4) Ընկերությունը 25.09.2021 թվականին տուժող Գոհար Գևորգյանին տրամադրել է 260.000 ՀՀ դրամի չափով հատուցում՝ որպես գույքին պատճառված վնասներ (հիմք՝ «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» թիվ CM22013460 որոշում-ծանուցում) (հատոր 2-րդ, գ.թ. 53, 54).
5) 06.10.2021 թվականին Վահագն Գևորգյանին հասցեագրված թիվ 4008/1546 գրությամբ Ընկերությունը ծանուցել է ապահովագրական հատուցման գումարի չափով ապահովադրի նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ունենալու մասին՝ հայտնելով, որ «(…) 09.07.2021 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն SM439017 ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա տուժողին հատուցել է 1.423.675 ՀՀ դրամ: Նշված պատահարով Ձեր կողմից խախտվել են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և/կամ ԱՊՊԱ պայմանների համապատասխան դրույթները՝ սահմանված կարգով չի հայտնվել պատահարի մասին (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 125).
6) 20.10.2021 թվականին Ընկերությանն ուղղված բողոք-պահանջով Վահագն Գևորգյանը խնդրել է իր նկատմամբ չկիրառել 1.423.675 ՀՀ դրամի չափով հետադարձ պահանջի իրավունք այն պատճառաբանությամբ, որ «(...) Վթարի պահին մեքենաս հայրս էր վարում, վթարից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ընտանիքիս այլ անդամները նույնպես տուժել էին վթարի պատճառով և տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց գնացած մեր ծանոթները ՃՏՊ մասնակից մյուս տրասնպորտային միջոցի վարորդին խնդրել են մեր մասով ևս տեղեկացնել տեղի ունեցած վթարի մասին, քանի որ երկուսիս ապահովագրական ընկերությունը նույնն էր՝ «ՌԵՍՈ»-ն։ Զանգը կատարվել է վթարը տեղի ունենալուց 23 րոպե անց։ (...) դեպքի վայրից ևս հեռախոսազանգ կատարվել էր։ Իսկ երբ հարազատներս գիտակցության են եկել, չենք զանգահարել այլևս՝ այն համոզմունքից ելնելով, որ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացված է եղել տեղի ունեցած պատահարի մասին վթարին մասնակից մյուս կողմի վարորդի կատարած հեռախոսազանգի միջոցով, ուստի երկրորդ անգամ տեղեկացումն օրեր անց ինքնանպատակ չպետք է լիներ» (հատոր 2-րդ, գ.թ. 126).
7) 09.07.2021 թվականին, ժամը 18:05-18:15-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին Ընկերությունը տեղեկացվել է նույն օրը, ժամը 18:30-ից սկսած։ Ընկերության աշխատակցի և Սարգիս Հովսեփյանի, ինչպես նաև Ընկերության աշխատակցի ու ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում գտնվող Սարգիս Հովսեփյանի ընկերոջ միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց (գործում առկա են ձայնագրությունները), որի ընթացքում Ընկերությանը տրամադրվել է պատահարի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում նաև՝ մասնակից ավտոտրանսպորտային միջոցների տվյալները (մակնիշները, հաշվառման համարանիշները)՝ միաժամանակ Ընկերության աշխատակիցը տեղեկացվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց (այս փաստը Հաշտարարը համարել է Վահագն Գևորգյանի պահանջի քննության համար էական նշանակություն ունեցող) (հատոր 2-րդ, գ.թ. 141).
8) Հաշտարարը, քննության առնելով հաճախորդ Վահագն Գևորգյանի պահանջն ընդդեմ Ընկերության, 11.02.2022 թվականին որոշել է բավարարել այն և «թիվ SM439017 վկայագրի շրջանակում 2021թ. հուլիսի 9-ին տեղի ունեցած պատահարի գծով սահմանված ժամկետում ապահովագրողին ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու հիմքով 1.423.675 (մեկ միլիոն չորս հարյուր քսաներեք հազար վեց հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամի գումարի չափով հետադարձ պահանջ չկիրառել»:
Որոշմամբ մասնավորապես նշվել է, որ «(...) պատահարից հետո «ՕՊԵԼ» մակնիշի 35 VM 924 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանը և վերջինիս ընկերը 2021 թվականի հուլիսի 9-ին 18:30-ից սկսած զանգահարել են Ընկերություն և հայտնել պատահարի մասին, ինչից հետևում է, որ Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է այն տեղի ունենալուց անմիջապես հետո։ Ավելին՝ Ընկերության աշխատակցի, Սարգիս Հովսեփյանի և վերջինիս ընկերոջ միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների բովանդակությունից հետևում է, որ վերջիններս սպառիչ պատասխանել են Ընկերության աշխատակցի բոլոր հարցադրումներին և հայտնել պատահարի հանգամանքների վերաբերյալ անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն։ Նշվածից բխում է, որ Ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունք՝ պատահարի մասին տեղեկացված չլինելու հիմքով չի ծագել, քանի որ վերջին սահմանված ժամկետում տեղեկացված է եղել պատահարի մասին։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ընկերությանը պատահարի մասին չի տեղեկացրել Հաճախորդը կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը, ապա Հաշտարարը անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ապահովագրողին տեղեկացնելը նպատակ է հետապնդում վերջինիս հնարավորություն ընձեռել օպերատիվորեն արձագանքել դեպքին, մանրամասն տեղեկատվություն ստանալ ապահովագրական պատահարի մասին, ժամանել պատահարի վայր, հնարավորինս չեզոքացնել հատուցման ենթակա գումարի արհեստական ավելացումը, ինչպես նաև կատարել ապահովագրական պայմանագրով և օրենքով նախատեսված գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապահովագրական հատուցման կամ հատուցման հետ կապված այլ գործընթացների պատշաճ իրականացման համար: Վերոնշյալ հիմնավորումների լույսի ներքո ավելի ակներև է դառնում Ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելու իրավակարգավորման նպատակը։ Սույն դեպքում Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է այլ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «ՕՊԵԼ» մակնիշի 35 VM 924 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանի և վերջինիս ընկերոջ կողմից, որպիսի հանգամանքը ինքնին Ընկերությանը չի զրկել ապահովագրական պատահարի առնչությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից» (հատոր 2-րդ, գ.թ. 129-138)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին հայտնելու պարտականությունը կատարելու առանձնահատկություններին` մասնավորապես այն դեպքերում, երբ պատահարի մասնակից մյուս ավտոտրանսպորտային միջոցի վարորդը, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված ժամկետներում ու կարգով ապահովագրողին տեղեկացրել է ապահովագրական պատահարի մասին՝ տրամադրելով պատահարի և մասնակից ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվություն։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1017-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով: (...)։
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով ապահովադիր համարվող անձը և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը ապահովագրական պատահարի դեպքում պարտավոր են այդ մասին հայտնել ապահովագրական ընկերությանը: Ապահովագրական պատահարի մասին հայտնելու ժամկետները և կարգը, ինչպես նաև ապահովագրական պատահարից հետո ապահովագրական ընկերության և պատահարի մասնակիցների այլ գործողությունները սահմանվում են Բյուրոյի կանոններով:
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին։
Վկայագիրը կնքելու (28.04.2021 թվական), ինչպես նաև ապահովագրական պատահարի տեղի ունենալու (09․07․2021 թվական) պահին գործած խմբագրություններով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի թիվ RL 1-001 կանոններով հաստատված ԱՊՊԱ ընդհանուր պայմանների (այսուհետ՝ Կանոններ) 89-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ (...) Ապահովադիրը և (կամ) Ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձն ապահովագրական պատահարի վայրում պարտավոր են ձեռնարկել հետևյալ գործողությունները՝ ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո, իսկ նույն կանոնների 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ այդ հիմքերը վերանալուց հետո՝ հետևյալ ժամկետներում, հայտնել տվյալ Ավտոտրանսպորտային միջոցի գծով ՊԿԱ-ին` զանգահարելով Վկայագրի վրա նշված հեռախոսահամարով (հեռախոսահամարներից որևէ մեկով) և պատասխանելով ՊԿԱ-ի հեռախոսային հարցադրումներին.
ա. պատահարի հետևանքով պատահարում ներգրավված որևէ անձի մահվան դեպքում՝ պատահարի պահից 30 օրվա ընթացքում,
բ. պատահարի հետևանքով պատահարում ներգրավված որևէ անձի առողջությանը վնաս պատճառված լինելու դեպքում՝ պատահարի պահից 3 օրվա ընթացքում, (…),
գ. նույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով չնախատեսված դեպքերում՝ պատահարի պահից 40 րոպեի ընթացքում:
Կանոնների 117-րդ կետի համաձայն՝ տուժողին վճարված ապահովագրական հատուցման չափով նույն գլխով [Կանոնների 18-րդ գլուխ] նախատեսված կարգով և դեպքերում հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռքբերում ՀՊԱ-ն: (...)։
Կանոնների 118-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հետադարձ պահանջի իրավունքն առաջանում է հետևյալ դեպքերում՝ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե սահմանված ժամկետում և կարգով ՊԿԱ-ն չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին։
Անդրադառնալով նշված իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարում է ապահովագրական հատուցում: Ապահովագրական ընկերությունն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հնարավորություն ունի հետադարձ պահանջի միջոցով հետ ստանալու իր կողմից կատարված հատուցումը: Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) և (կամ) օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Արմեն Ավետիսյանի և Սիմա Ղուկասյանի թիվ ԵՇԴ/0307/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.09.2021 թվականի որոշումը)։ Ընդ որում, այն դեպքերում, երբ ավտոմեքենայի սեփականատերն ապահովագրել է իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, ապա ապահովագրական ընկերության կողմից տուժող կողմին հատուցում վճարելու դեպքում ապահովագրական ընկերությունը սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ կարող է ներկայացնել միայն Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով թվարկված դեպքերում (տե՛ս «ՌԵՍՈ» ԱՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի և Սարգիս Գրիգորյանի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02․12․2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի և (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով, այսինքն` անհապաղ (ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում) ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին (տե՛ս «Նաիրի Ինշուրանս» ՍՍՊԸ-ն ընդդեմ Արմեն Ստեփանյանի թիվ ԿԴ1/1999/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․07․2017 թվականի որոշումը)։
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ապահովագրական ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունքի առկայությունը գնահատելիս նախ անհրաժեշտ է պարզել ապահովագրական ընկերությանը պատահարի մասին տեղեկացնելու փաստը, այսինքն՝ արդյո՞ք ապահովագրական ընկերությունն ընդհանրապես տեղեկացվել է պատահարի մասին: Այնուհետև գնահատման է ենթակա տեղեկացման ժամանակի և կարգի համապատասխանությունը ապահովագրական պայմանագրով սահմանված ժամանակին և կարգին (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Էդգար և Վաղարշակ Սաղաթելյանների թիվ ԵՄԴ/3378/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․07․2017 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում զարգացնել դրանք՝ ապահովագրական պատահարի մասին Կանոններով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրողին տեղեկացնելու՝ Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունը դիտարկելով իրավանորմի կարգավորիչ նպատակի լույսի ներքո՝ քննարկելով ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի կողմից այն կատարելու հարցն այն դեպքերում, երբ ապահովագրական պատահարի մասին Կանոններով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրողը տեղեկացվել է նույն պատահարի մասնակից ավտոտրանսպորտային այն միջոցի վարորդի կողմից, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է նույն ապահովագրական ընկերությունում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու կանոնն ինքնանպատակ չէ, քանի որ ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին իրազեկելու եղանակ լինելով հանդերձ՝ վերջինիս այդ կերպ հնարավորություն է ընձեռվում ձեռնարկելու անհրաժեշտ գործողություններ, այն է՝ հավաքագրելու պատահարի մասին լրացուցիչ, ելակետային տվյալներ, մասնակիցներին տրամադրելու իրենց հետագա վարքագծի մասին տեղեկատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ տալու ապահովագրական պատահարի հետևանքով հնարավոր կամ հատուցման ենթակա վնասները նվազեցնելու, արդյունավետ և արագ իրավիճակը լուծելու, ինչպես նաև երթևեկության բնականոն ընթացքը վերականգնելու մասին ցուցումներ։ Մասնավորապես, պարզեցված հատուցման գործընթացի դեպքում պատահարի մասին տեղեկացվելու պայմաններում ապահովագրողը նախ հավաստիանում է, որ վարորդները չեն խոչընդոտում բնականոն երթևեկությանը, որից հետո հարցադրումներ կատարում համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկատվության վերաբերյալ (Կանոնների 85-րդ կետի 4-րդ ենթակետ ու «ա» պարբերություն)։ Այսինքն՝ պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելն այս դեպքում նախ ծառայում է որպես երթևեկությունը կանոնակարգելու, իսկ հետո՝ համաձայնեցված հայտարարագիրը լրացնելիս վարորդներին օժանդակելու միջոց։ Մեկ այլ դեպքում, երբ ապահովագրողը տեղեկացվում է անձնական վնասներ չառաջացրած պատահարի մասին, իրեն տեղեկացրած անձից հեռախոսային խոսակցության ընթացքում ամեն դեպքում պարզում է պարզեցված հատուցման գործընթաց կիրառելու պայմանների առկայության փաստը, իսկ դրանց առկայության դեպքում՝ բացատրում համաձայնեցված հայտարարագիր լրացնելու հնարավորության, դրա իրականացման կարգի և հետևանքների մասին (Կանոնների 88-րդ կետ)։ Այս դեպքում ապահովագրական պատահարի մասին ապահովագրողին տեղեկացնելու նպատակը հանգում է պատահարի մասնակիցներին դրա գրանցման և հատուցման հետագա գործընթացների առավել արագ ու պարզ եղանակի մասին հայտնելուն։
Ստանդարտ հատուցման գործընթացի դեպքում տեղեկանալով ապահովագրական պատահարի մասին՝ ապահովագրողը հարցադրումների միջոցով ստանում է պատահարի հանգամանքների և մասնակիցների մասին տեղեկատվություն՝ անհրաժեշտության դեպքում հավաքագրելով նաև փորձաքննության համար փորձագետներին ներկայացվող լրացուցիչ, ելակետային տվյալներ (Կանոնների 89-րդ կետի 2-րդ ենթակետ)։ Ընդ որում, թե՛ պարզեցված ու թե՛ ստանդարտ հատուցման գործընթացների դեպքում ապահովագրական պատահարի հետևանքով հնարավոր, հատուցման ենթակա վնասները նվազեցնելու նպատակով ապահովադիրը (ներկայացուցչի) կարող է տալ ցուցումներ, ինչպես նաև պահանջել անցկացնել ավտոտրանսպորտային միջոցի զննում (Կանոնների 92-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետեր)։
Բացի այդ, տեղեկանալով ապահովագրական պատահարի մասին՝ ապահովագրողի համար կանխատեսելի է դառնում ապահովագրական հատուցումներ վճարելու գործընթացը, և այն պատշաճ իրականացնելու նպատակով վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ապահովագրողը Կանոններով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական պատահարի մասին տեղեկացել է դրա մասնակից ավտոտրանսպորտային միջոցի վարորդից, որի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է իր մոտ՝ ստանալով պատահարի և դրա մասնակից ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվություն, ապա տեղեկացումը ծառայել է Օրենքով հետապնդվող նպատակին, քանի որ ապահովագրողը, տեղեկացված լինելով ապահովագրական պատահարի մասին, փաստացի ունեցել է դրանից հետո Օրենքով, Կանոններով և պայմանագրով սահմանված գործողությունները ձեռնարկելու իրական հնարավորություն։ Նույն ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը կրկնակի տեղեկացնելու պարտականությունը Վճռաբեկ դատարանի համոզմամբ կրում է ձևական բնույթ՝ զուրկ բովանդակային նշանակությունից, և չի ծառայում օրենսդրի նպատակին, քանի որ ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի վրա փաստացի դրվում է Օրենքի ձևական պահանջին բավարարելու պարտականություն՝ այն դեպքում, երբ վերջինիս մոտ կարող էր ձևավորվել ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերության՝ արդեն իսկ տեղեկացված լինելու մասին հիմնավոր համոզմունք։
Շարադրվածի լույսի ներքո անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունը կատարված չլինելու հիմքով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի ուժով ապահովադրական ընկերության մոտ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք ծագած լինելու հարց քննարկելիս պետք է պարզել, թե արդյո՞ք ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը Կանոններով սահմանված ժամկետում և կարգով տեղեկացնելը ծառայել է Օրենքով հետապնդվող նպատակին, այսինքն՝ արդո՞ք ապահովագրական ընկերության համար ապահովվել է պատահարից հետո Օրենքով, Կանոններով կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքներից օգտվելու կամ պարտականությունները կատարելու հնարավորությունը։ Այլ կերպ ասած՝ պետք է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք նույն ապահովագրական ընկերությունում ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ ապահովագրական պատահարի մասին դրա մեկ մասնակցի (ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից Կանոններով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությանը տեղեկացնելը վերջինիս խոչընդոտել կամ զրկել է օգտվելու իր իրավունքներից կամ կատարելու իր պարտականությունները։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահագն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող «71 RA 700» հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը 28.04.2021 թվականից մինչև 28.07.2021 թվականն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրվել է Ընկերությունում։ Վկայագրով ապահովադիր Վահագն Գևորգյանը պարտավորվել է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում այդ մասին հայտնել ապահովագրողին` զանգահարելով +374-60-50-57-57 հեռախոսահամարով (որևէ մեկով)։
09.07.2021 թվականին ժամը 18:05-18։15-ի սահմաններում Համլետ Գևորգյանի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ» մակնիշի «71 RA 700» հաշվառման համարանիշով ավտոմեքենայի և Սարգիս Հովսեփյանի վարած «ՕՊԵԼ» մակնիշի «35 VM 924» հաշվառման համարանիշով ավտոմեքենայի միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որից հետո վարորդները, ինչպես նաև ուղևորները տեղափոխվել են բժշկական հաստատություն (փաստ 2)։ Նշված պատահարի մասին «ՕՊԵԼ» մակնիշի «35 VM 924» հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդ Սարգիս Հովսեփյանն Ընկերությանը տեղեկացրել է ժամը 18:30-ից սկսած, և հեռախոսազրույցի ժամանակ Ընկերության աշխատակցին ոչ միայն տրամադրել է պատահարի մասին տեղեկատվություն, այդ թվում՝ մասնակից ավտոտրանսպորտային միջոցների տվյալները (մակնիշները, հաշվառման համարանիշները), այլ նաև հայտնել է, որ պատահարի մասնակիցները տեղափոխվել են հիվանդանոց։ Նույն պատահարի մասին Ընկերությանը տեղեկացրել է նաև դեպքի վայրում գտնվող Սարգիս Հովսեփյանի ընկերը։
Ընկերությունը տուժողներ Հայարփի Ասլանյանին և Գոհար Գևորգյանին տրամադրել է ընդհանուր 1.423.675 ՀՀ դրամի չափով հատուցում, որպիսի չափով հետադարձ պահանջի իրավունք ունենալու մասին հետագայում ծանուցել է ապահովադիր Վահագն Գևորգյանին՝ հիմքում դնելով ապահովագրական պատահարի մասին սահմանված կարգով իրեն տեղեկացրած չլինելու հանգամանքը։
Վահագն Գևորգյանը խնդրել է իր նկատմամբ չկիրառել հետադարձ պահանջի իրավունք այն պատճառաբանությամբ, որ պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրված է եղել Ընկերությունում, որպիսի պայմաններում «մեր ծանոթները ՃՏՊ մասնակից մյուս տրասնպորտային միջոցի վարորդին խնդրել են մեր մասով ևս տեղեկացնել տեղի ունեցած վթարի մասին», իսկ ինքն Ընկերությանն այլևս չի տեղեկացրել նույն պատահարի մասին «այն համոզմունքից ելնելով, որ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացված է եղել տեղի ունեցած պատահարի մասին վթարին մասնակից մյուս կողմի վարորդի կատարած հեռախոսազանգի միջոցով, ուստի երկրորդ անգամ տեղեկացումն օրեր անց ինքնանպատակ չպետք է լիներ»։
Որպես Վահագն Գևորգյանի պահանջի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ համարելով Սարգիս Հովսեփյանի և Ընկերության աշխատակցի, ինչպես նաև դեպքի վայրում գտնված Սարգիս Հովսեփյանի ընկերոջ ու Ընկերության աշխատակցի միջև եղած հեռախոսազրույցները և նրանց կողմից պատահարի մասին Ընկերությանը տեղեկացրած լինելու փաստերը՝ Հաշտարարը որոշել է ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելու հիմքով հետադարձ պահանջ չկիրառել։
Հաշտարարն արձանագրել է, որ «Ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունք՝ պատահարի մասին տեղեկացված չլինելու հիմքով չի ծագել», քանի որ «վարորդ Սարգիս Հովսեփյանը և վերջինիս ընկերը 2021 թվականի հուլիսի 9-ին 18:30-ից սկսած զանգահարել են Ընկերություն և հայտնել պատահարի մասին, ինչից հետևում է, որ Ընկերությունը պատահարի մասին տեղեկացվել է այն տեղի ունենալուց անմիջապես հետո»։
Անդրադառնալով ապահովագրական պատահարի մասին Վահագն Գևորգյանի կողմից Ընկերությանը տեղեկացրած չլինելու հարցին՝ Հաշտարարը նշել է, որ «ապահովագրողին տեղեկացնելը նպատակ է հետապնդում վերջինիս հնարավորություն ընձեռել օպերատիվորեն արձագանքել դեպքին, մանրամասն տեղեկատվություն ստանալ ապահովագրական պատահարի մասին, ժամանել պատահարի վայր, հնարավորինս չեզոքացնել հատուցման ենթակա գումարի արհեստական ավելացումը, ինչպես նաև կատարել ապահովագրական պայմանագրով և օրենքով նախատեսված գործողություններ, որոնք անհրաժեշտ են ապահովագրական հատուցման կամ հատուցման հետ կապված այլ գործընթացների պատշաճ իրականացման համար», և «պատահարի մասին այլ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից «ՕՊԵԼ» մակնիշի 35 VM 924 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանի և վերջինիս ընկերոջ կողմից» տեղեկացվելը «Ընկերությանը չի զրկել ապահովագրական պատահարի առնչությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից»։
Դատարանը 23.01.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարել է և Հաշտարարի 11.02.2022 թվականի թիվ 15-599/22 որոշումը չեղյալ է ճանաչել այն պատճառաբանությամբ, որ «(…) թեև Հաշտարարը նշել է, որ դիմողը սահմանված ժամկետում տեղեկացվել է ապահովագրական պատահարի մասին, սակայն չի անդրադարձել իրազեկման սահմանված կարգը պահպանված չլինելու փաստին։ (…) Մինչդեռ դատարանը գտնում է, որ դիմողի մոտ հետադարձ պահանջի իրավունք ծագած չլինելու մասին հաշտարարի եզրահանգումը հիմնավոր չէ, քանի որ ապահովագրական պատահարի մասին թեկուզև սահմանված ժամկետում, սակայն ոչ ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից ապահովագրողին տեղեկացնելը հանդիսանում է սահմանված կարգի խախտում, և հիմք է հանդիսանում ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար: Վերը նշվածի հիման վրա, դատարանը գտնում է, որ Հաշտարարի որոշումը պատճառաբանված չէ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ»։
Անդրադառնալով ապահովագրողին տեղեկացնելու կապակցությամբ Հաշտարարի պատճառաբանությունների իրավաչափությանը՝ Դատարանն արձանագրել է, որ դրանք «դիմումը մերժելու հիմք հանդիսանալ չեն կարող», քանի որ «որպես տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ և (կամ) վնաս պատճառած անձի դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու իրավական հիմք համարվում է ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում [ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո 40 րոպեի ընթացքում, իսկ ապահովագրական պատահարի հետևանքով անձնական վնասների առկայության դեպքում (Կանոնների 89-րդ կետ) ԱՊՊԱ պայմաններով սահմանված ժամկետներում] և կարգով [ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից վկայագրում նշված հեռախոսահամարով զանգահարելու միջոցով] ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը չտեղեկացնելը, հետևաբար, երբ պահպանված չէ իրազեկման սահմանված կարգը, այն է՝ ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից վկայագրում նշված հեռախոսահամարով զանգահարելու միջոցով, ապահովագրական ընկերության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք»։
Վերաքննիչ դատարանը 14.12.2023 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.01.2023 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվելով օրինական ուժի մեջ։
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «(…) հաշտարարը հաստատված է համարել ապահովագրողին պատահարի վերաբերյալ տեղեկացնելու պարտականությունը ապահովադիր հանդիսացող անձ Վահագն Գևորգյանի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձ Համլետ Գևորգյանի կողմից չկատարելու հանգամանքները», նշել է, որ «օրենսդիրը սահմանել է ապահովագրողին պատահարի վերաբերյալ անձամբ տեղեկացնելու ապահովադրի և/կամ վնաս պատճառած անձի պարտականությունը»։
Միաժամանակ անդրադառնալով «վնաս պատճառած անձի կողմից ապահովագրողին պատահարի վերաբերյալ տեղեկացնելու իր պարտականությունը կատարելու նպատակի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմնավորմանը»՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ըստ էության վնաս պատճառած անձի կողմից ապահովագրողին պատահարի վերաբերյալ տեղեկացնելու պարտականությունը կատարված չլինելու պայմաններում ապահովադրի՝ նման պարտականության կատարումն էական է դառնում ապահովագրողի՝ հետադարձ պահանջի իրավունքի իրացման իրավաչափությունը որոշելու հարցում, հետևաբար այն փաստի ուժով, որ ապահովադիրը և/կամ ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը չեն կատարել պատահարի վերաբերյալ ապահովագրողին տեղեկացնելու իրենց պարտականությունը, Դատարանի հետևությունն այն մասին, որ ապահովագրական պատահարի մասին թեկուզև սահմանված ժամկետում, սակայն ոչ ապահովադրի (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձի) կողմից ապահովագրողին տեղեկացնելը հանդիսանում է սահմանված կարգի խախտում, և հիմք է հանդիսանում ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունքի ծագման համար, Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ և սույն գործի փաստական հանգամանքներից բխող»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունների իրավաչափությունը՝ Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի հաշվառմամբ գտնում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ 09.07.2021 թվականին, ժամը 18:05-18:15-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին Ընկերությունը հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է նույն օրը, ժամը 18։30-ին դրա մասնակից «ՕՊԵԼ» մակնիշի «35 VM 924» հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանի կողմից, որի օգտագործումից բխող պատասխանատվությունը ևս ապահովագրված է եղել Ընկերությունում։ Ընդ որում, թե՛ Սարգիս Հովսեփյանը և թե՛ նրա ընկերն Ընկերության աշխատակցի հարցադրումներին ի պատասխան տրամադրել են պատահարի մասին տեղեկատվություն, այդ թվում՝ մասնակից ավտոտրանսպորտային միջոցների տվյալները (մակնիշները, հաշվառման համարանիշները), որպիսիք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար են եղել ապահովագրական պատահարի, ինչպես նաև հատուցման գործընթացների կապակցությամբ Ընկերության կողմից անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապահովադիր Վահագն Գևորգյանը Կանոններով և Վկայագրով սահմանված ժամկետում ու կարգով թեև Ընկերությանը չի տեղեկացրել ապահովագրական պատահարի մասին, որպիսի փաստակազմն առերևույթ բավարարում է Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով Ընկերության մոտ հետադարձ պահանջի իրավունք ծագելու համար անհրաժեշտ պայմաններին, այդուհանդերձ տեղեկացված լինելով պատահարի մասին՝ Ընկերությունը պատահարից հետո ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ՝ հարցադրումների միջոցով հավաքագրել է պատահարի հետ կապված լրացուցիչ, ելակետային տվյալներ, կազմակերպել հատուցումներ վճարելու գործընթացներ։ Նշվածից հետևում է, որ այս պայմաններում ապահովագրական պատահարի մասին կրկնակի տեղեկացնելը Վահագն Գևորգյանի համար կրել է ձևական բնույթ, առավել ևս, որ Ընկերությանն ուղղված իր բողոք-պահանջում վերջինս նշել է, որ Ընկերությանը պատահարի մասին չի տեղեկացրել այն համոզմունքից ելնելով, որ պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Սարգիս Հովսեփյանը, որի օգտագործումից բխող պատասխանատվությունը ևս ապահովագրված է եղել Ընկերությունում, վերջինիս արդեն իսկ տեղեկացրել է պատահարի մասին։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ ստորադաս դատարանները, Օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածները մեկնաբանելով, իրավաչափորեն արձանագրել են, որ ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականությունը նախատեսված է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) համար, որպիսի պարտականությունն այդ անձի կողմից չկատարելու հետևանքով Ընկերությունն Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի հիմքով ապահովադրի նկատմամբ ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք։ Մինչդեռ անտեսել են, որ նորմատիվ իրավական ակտը մեկնաբանելիս ելակետային է համարվում այն ընդունող մարմնի նպատակը, իսկ դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունը պարզելը պետք է ուղղված լինի այդ նպատակը բացահայտելուն։ Հետևաբար սույն գործի փաստերի հաշվառմամբ Օրենքի 19-րդ և 27-րդ հոդվածները մեկնաբանելիս ստորադաս դատարանները պետք է որպես ուղենիշ ընդունեին ապահովագրական պատահարի մասին ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու պարտականության հիմքում ընկած նպատակը՝ քննարկելով այն հարցը, թե արդյո՞ք ապահովադիր Վահագն Գևորգյանի կողմից ապահովագրական պատահարի մասին կրկնակի չտեղեկացվելու հետևանքով Ընկերությունը զրկվել է պատահարի կամ հատուցումներ վճարելու գործընթացի կապակցությամբ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունից, այսինքն՝ արդյո՞ք այդ տեղեկացումն էր ծառայելու օրենսդրի նպատակի՝ սույն որոշմամբ ներկայացված նպատակների իրագործմանը, թե՝ ոչ։
Ամփոփելով շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշման մեջ Հաշտարարի ներկայացրած պատճառաբանությունները համահունչ են սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, ուստի այն չեղյալ ճանաչելու վերաբերյալ Ընկերության պահանջը հիմնավորված չէ, քանի որ Հաշտարարն իրավամբ հանգել է այն հետևության, որ Վահագն Գևորգյանի կողմից ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելը «Ընկերությանը չի զրկել ապահովագրական պատահարի առնչությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունից»։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «զ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բողոքներով բազային տուրքի 15-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «զ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 14.12.2023 թվականի որոշումը բեկանվում և փոփոխվում է՝ դիմումը մերժվում է՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև ենթակա են բաշխման հետևյալ կերպ՝
- դիմումի համար Ընկերության կողմից նախապես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
- Հաշտարարը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2022 թվականի և Դատարանի 23.01.2023 թվականի որոշումների դեմ՝ դրանցից յուրաքանչյուրի համար վճարելով 15.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, հետևաբար վերաքննիչ բողոքների համար Հաշտարարի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 30.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է բռնագանձման Ընկերությունից հօգուտ Հաշտարարի։
- սույն վճռաբեկ բողոքի համար Հաշտարարի կողմից նախապես վճարվել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որը նույնպես ենթակա է բռնագանձման Ընկերությունից հօգուտ Հաշտարարի։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության դիմումը՝ Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի 11.02.2022 թվականի թիվ 15-599/22 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, մերժել։
2. «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Ֆինանսական համակարգի հաշտարարի բռնագանձել 50․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված ու նախապես վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական: