Գլխավոր տեղեկություն
Համար
N 1185-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2024 թվականի N 1185-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-879-02.07.2024-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

01.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-879-02.07.2024-ՊԱ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ ներառյալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» (այսուհետ՝ օրենք), «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և այլ օրենքներով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), ինչպես նաև այդ օրենսդրական ակտերի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով:

Այսպես՝ նախագծի 9-րդ հոդվածը, որով կարգավորվում են զոհված զինծառայողի ընտանիքի անդամի որոշակի ծախսերի փոխհատուցման հարաբերությունները, կարգավորված է ինչպես օրենսգրքով, այնպես էլ այլ օրենքներով։

Մասնավորապես՝

1) օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի հարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը.

2) օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ զոհված զինծառայողի ծնողներին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցների մասով նախագծով առաջարկվում է արտոնություն սահմանել 50 տոկոսի չափով, մինչդեռ օրենսգրքով գործող կարգավորումների համաձայն՝ վերջիններս ամբողջությամբ են ազատված փոխադրամիջոցների գույքահարկի գծով պարտավորությունից.

3) օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անդամներն օգտվում են ջրահեռացման և աղբահանության վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից և այլն։

Միաժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի անդամների կրթության ապահովման երաշխիքները (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում, ուսանողական նպաստ և այլն) ընդհանուր առմամբ կարգավորված են օրենքով, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով և այլ օրենքներով, որոնց համար ՀՀ պետական բյուջեում նախատեսված են համապատասխան միջոցներ:

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացը կարգավորված է օրենքի 64-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն, 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն, 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն, 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ, 2021 թվականի փետրվարի 4-ի N 131-Ն որոշումներով և այլ իրավական ակտերով:

Պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ իրավահարաբերությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով, որի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը, ծնողը և այլն։

Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ եթե հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները վճարվել են կամ հիփոթեքային վարկի մայր գումարի և սպասարկման համար ծառայության վճարների ուղղությամբ կատարված ծախսերը փոխհատուցվել են նույն հոդվածով սահմանված կարգով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ տոկոսների գումարները օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վերադարձի ենթակա չեն։

Այս առումով հայտնում ենք, որ եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերությունները կարգավորված են օրենսգրքի 160-րդ հոդվածով, իսկ այլ օրենքներով եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն: Ընդ որում՝ օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտվելու հանգամանքն այլ աջակցության ծրագրերից օգտվելու հետ կապված չէ, այն պարագայում, երբ բնակարաններ ձեռք բերելու նպատակով գործում են պետական աջակցության մի շարք ծրագրեր։

Խնդիրն այն է, որ օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտվելու հանգամանքն այլ աջակցության ծրագրերից օգտվելու հետ պայմանավորելը անխուսափելիորեն հանգեցնելու է հարկային վարչարարության բարդությունների՝ հաշվի առնելով այն, որ կլինեն վարձու աշխատողներ, որոնք կօգտվեն ինչպես հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարի վերադարձման գործող համակարգից, այնպես էլ այլ աջակցության համակարգերից: Ընդ որում՝ եկամտային հարկի գումարների վերադարձը ներկայումս իրականացվում է ինքնաշխատ եղանակով «Հարկատու 3» ծրագրային համակարգի միջոցով, և առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել նաև այդ համակարգում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ օրենսգրքից տարբերվող՝ այլ օրենքներով եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերություններ կարգավորելը և օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձի համակարգից օգտվելու իրավունքն այլ աջակցության ծրագրերից օգտված լինելու հետ պայմանավորելն ընդունելի չէ:

Նախագծի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ առևտրային բանկերը և վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու կարող են ներել զոհված անձանց, ինչպես նաեւ նրանց ամուսինների, համատեղությամբ ապրող զավակների կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները (ներառյալ տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները), եթե դրանք ստացել են մինչև զոհվելու օրը: Բացի այդ, նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով առաջարկվում է սահմանել՝

1) զոհված զինծառայողներին (կամ նրանց ընտանիքի անդամներին՝ ամուսին, երեխա, ծնող) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը չի հարկվում, մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը.

2) զոհված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցները գույքահարկից ամբողջական ազատվում են, եթե հարկման օբյեկտն անցել է երեխային, ծնողներից որևէ մեկին, խնամակալին, իսկ քրոջը կամ եղբորն անցնելու դեպքում ազատվում են 50 տոկոսի չափով.

3) զոհված զինծառայողի ծնողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցները գույքահարկից ազատվում են 50 տոկոսի չափով:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում ունենք մի պատկեր, որտեղ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել, որ այս ամենը մեկտեղվի մեկ օրենքում՝ միաժամանակ լրացնելով այն բացը, որն առկա է մինչ այժմ:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի և օրենսգրքով նախատեսված վճարների հետ կապված հարաբերությունները, սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները։

Ուստի առավել նպատակահարմար է հարկային արտոնությունները նախատեսել օրենսգրքով և միայն բացառիկ դեպքերում՝ օրենսգրքում դրանց նախատեսումը ոչ նպատակահարմար համարվելու դեպքում առանձին օրենքներով։ Հակառակ պարագայում կստացվի այնպես, որ տարբեր խնդիրների կարգավորման նպատակով բազմաթիվ օրենքներով կսահմանվեն հարկային արտոնություններ, ինչի արդյունքում կխաթարվի հարկային համակարգի համախմբվածության սկզբունքը, որի համաձայն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է լինեն հնարավորին չափ համախմբված, և պետք է խուսափել առանձին իրավական ակտերով հարկային հարաբերությունների կարգավորումից։

Բացի այդ, հայտնում ենք, որ զոհված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներելու դեպքերում հարկային պարտավորություններ չառաջանալու կարգավորումներ օրենսգրքով արդեն իսկ սահմանված են։ Մասնավորապես խոսքը վերաբերում է օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ և 24-րդ կետերով, 124-րդ հոդվածի 4-րդ մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ կետով սահմանված կարգավորումներին։

Նախագծով սահմանված երաշխիքների վերլուծությունից պարզվում է, որ այդ երաշխիքների մեծ մասը ներկայումս սահմանված են այլ օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով, սակայն նախագծով անդրադարձ չի կատարվում դրա ընդունման արդյունքում գործող օրենքներով և կարգավորիչ այլ ակտերով սահմանված նույնաբովանդակ երաշխիքների հարաբերակցությանը, որի պարագայում առաջանում են հակասություններ (օրինակ՝ «ընտանիքի անդամ» հասկացությունը և այլն), անհարկի կրկնություններ և փաստացի ապահովված չէ նախագծի ընդունման նպատակը՝ բոլոր երաշխիքները սահմանել մեկ միասնական օրենքով: Նախագծի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև հակասություններից և կրկնություններից խուսափելու համար անհրաժեշտ է գույքագրել առկա բոլոր օրենսդրական և իրավական ակտերը (կարևորելով քաղաքականություն մշակող լիազոր մարմնի(երի) դիրքորոշումը)՝ կապված ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների տրամադրման հետ։ Այդ գործընթացի արդյունքում էլ ի հայտ կգան այն բոլոր բացերը և չկարգավորված դեպքերը, որոնք դուրս են մնացել գործող իրավակարգավորումներից։ Հետևաբար անհրաժեշտ է նախագիծը ներկայացնել քննարկման հարակից օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի հետ միասին:

Միևնույն ժամանակ նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների ոլորտում կառավարության կողմից մեկ լիազոր մարմին սահմանելու առնչությամբ գտնում ենք, որ ինչպես վարչարարության իրականացման, այնպես էլ իրավակազմակերպական առումով վիճահարույց է մեկ լիազոր մարմին սահմանելը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, երաշխիքները և արտոնությունները պետական կառավարման մեկ մարմնի լիազորության ներքո գտնվող չեն, հետևաբար տվյալ դեպքում գործ ունենք ոլորտային տարբեր օրենքների և այլ իրավական ակտերի հետ, որի պարագայում մեկ լիազոր մարմին սահմանելն իրատեսական չէ:

Նախագծում առկա են նաև խնդրահարույց այլ կարգավորումներ: Մասնավորապես՝

1) նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով տրված է «սեփականության իրավունք» հասկացության բացատրությունը, մինչդեռ սեփականության իրավունքն արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով: Բացի այդ, անհասկանալի է, թե գնման իրավունքն ինչ տրամաբանությամբ է ներառված սեփականության իրավունքի մեջ.

2) նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զոհված զինծառայողի ծնողները իրավունք են ձեռք բերում որդեգրելու երեխա, եթե նրանց գումարային տարիքը չի գերազանցում հարյուրը, ինչպես նաև համապատասխանում են որդեգրման համար սահմանված մյուս չափորոշիչներին։ Հարկ է նկատի ունենալ, որ որդեգրման վերաբերյալ հիմնական դրույթները սահմանվում են ՀՀ ընտանեկան օրենսգրքով.

3) նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություններ ընդունելության հետ կապված հարաբերությունները կարգավորված են ենթաօրենսդրական իրավական ակտերով և այդ հարաբերություններն օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը բացակայում է։

Նախագծի հիմնավորման մեջ ներառված չեն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը և ակնկալվող արդյունքը: Բացահայտված չէ ոլորտի ընթացիկ իրավիճակը և տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, խնդիրները, առհասարակ առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը, վերլուծված չեն նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները, նշված չէ, թե ինչ բացերի մասին է խոսքը, առկա չէ ֆինանսական գնահատական:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի N ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «Սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Այս առումով գտնում ենք, որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից լիարժեք չի բացահայտվում օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

Հավելենք, որ տարբեր օրենքներով և այլ իրավական ակտերով զինծառայողների և նրանց ընտանիքների համար սահմանված երաշխիքների և արտոնությունների վերաբերյալ շահառուների՝ տեղեկատվությանը տիրապետելու խնդրի լուծումը կարգավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի «Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 1317-Ն որոշմամբ։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները մեծամասամբ արդեն իսկ կարգավորված են մի շարք օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար համանման սոցիալական երաշխիքներ և արտոնություններ սահմանող ևս մեկ օրենքի ընդունումը խնդրահարույց է, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնելու է չգնահատված պայմանական պարտավորություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան