Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2024 թվականի N 1369-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Նոր Եդեսիա, 2-րդ փողոց 7 հասցեում գտնվող 1.252 հեկտար մակերեսով հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16072024-02-0005, այսուհետ՝ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա գյուղում դպրոց (այսուհետ՝ դպրոց) կառուցելու նպատակով։

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի միջոցների հաշվին.

2) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (դպրոցի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կոմիտե ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել դպրոցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դպրոցի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել դպրոցի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

29.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ