ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
6 օգոստոսի 2024 թ. |
2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԵՎՐԱՋԱՍԹ) ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Արդարադատության նախարարի տեղակալ Կ. Կարապետյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի հուլիսի 4-ի N 1018-Ա որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի հուլիսի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսել քաղաքում:
2. Համաձայնագրի ընդհանուր նպատակն է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև համագործակցության խթանումը: Նշված նպատակին հասնելու համար Համաձայնագրով թույլատրվում է անձնական տվյալների փոխանակումը Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև՝ ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների քննության և դրանցով քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցության զարգացման նպատակով՝ միաժամանակ անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով անհատների հիմնարար իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության իրավունքի հետ կապված:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
3.1. ապահովել Եվրաջասթի և Հայաստանի իրավասու մարմինների միջև համագործակցությունը Եվրաջասթի գործունեության ոլորտներում և իրավասությունների ու խնդիրների շրջանակում, ինչպես սահմանված է Եվրաջասթի մասին կանոնակարգով՝ համաձայն Եվրոպական միության (այսուհետ՝ Միություն) մասին պայմանագրի և Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի, և սույն Համաձայնագրի (հոդված 2),
3.2. նշանակել առնվազն մեկ համակարգող Հայաստանի Հանրապետության ներպետական իրավասու մարմիններից՝ Եվրաջասթի և Հայաստանի իրավասու մարմինների միջև հաղորդակցությունը և համագործակցությունը դյուրացնելու նպատակով, ինչպես նաև վերջինիս նշանակել նաև որպես ահաբեկչության հարցերով համակարգող՝ այդ մասին տեղեկացնելով Միությանը, իսկ համակարգողին փոխելու դեպքում՝ տեղեկացնել Եվրաջասթին (հոդված 4),
3.3. Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը դյուրացնելու նպատակով Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ՝ սահմանելով վերջինիս լիազորությունները և գործուղման տևողությունը՝ Եվրաջասթի հետ համաձայնեցմամբ (հոդված 5, պարբերություններ 1 և 2),
3.4. ապահովել, որ Համագործակցության հարցերով դատախազը և Համագործակցության հարցերով դատախազի օգնականներն ունենան օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության լիազորություն (հոդված 5, պարբերություն 4),
3.5. ապահովել, որ Համագործակցության հարցերով դատախազը և Համագործակցության հարցերով դատախազի օգնական(ներ)ը, Հայաստանի ներպետական օրենսդրության համաձայն, հասանելիություն ունենան ներպետական քրեական կամ Հայաստանի ցանկացած այլ ռեգիստրում պարունակվող տեղեկություններին, ինչպես նաև վերջիններիս լիազորել ուղղակիորեն կապ հաստատել Հայաստանի իրավասու մարմինների հետ (հոդված 5, պարբերություններ 5 և 6),
3.6. տեղեկացնել Եվրաջասթին` Համագործակցության հարցերով դատախազին և Համագործակցության հարցերով դատախազի օգնականներին` Համաձայնագրին համապատասխան, Հայաստանում իրենց առաջադրանքները կատարելու կապակցությամբ վերապահված իրավական լիազորությունների ճշգրիտ բնույթի և ծավալի մասին (հոդված 5, պարբերություն 7),
3.7. երաշխավորել, որ Համաձայնագրի շրջանակում հայցվող և ստացվող անձնական տվյալները ենթակա լինեն մշակման միայն հանցագործությունների կանխման, նախաքննության, հայտնաբերման կամ քրեական հետապնդման իրականացման կամ պատիժների կատարման նպատակներով՝ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ կետի և իրավասու մարմինների համապատասխան լիազորությունների սահմաններում (հոդված 9, պարբերություն 1),
3.8. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն ամենաուշը մինչև անձնական տվյալները փոխանցելու պահը հստակ նշեն տվյալների փոխանցման կոնկրետ նպատակը կամ նպատակները (հոդված 9, պարբերություն 2),
3.9. ապահովել, որ Համաձայնագրի շրջանակում անձնական տվյալների փոխանցումը և դրանց հետագա մշակումը իրականացվեն Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով (հոդված 10, պարբերություն 1),
3.10. ապահովել ստացող մարմնի պարտականության կատարումը՝ անձնական տվյալների նկատմամբ հասանելիության և դրանց օգտագործման առնչությամբ փոխանցող մարմնի կողմից Համաձայնագրի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված ցանկացած սահմանափակում պահպանելու ուղղությամբ՝ կապված, մասնավորապես, անձնական տվյալների միջնորդավորված փոխանցման, որոշակի ժամանակահատվածից հետո դրանք ջնջելու կամ ոչնչացնելու կամ դրանց հետագա մշակման հետ (հոդված 10, պարբերություն 3),
3.11. երաշխավորել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի պարտականությունը՝ ձեռնարկել պատշաճ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ, որպեսզի հնարավոր լինի ցույց տալ, որ տվյալների մշակումն իրականացվում է Համաձայնագրին համապատասխան, և որ նշված տվյալների սուբյեկտների իրավունքները պաշտպանված են (հոդված 10, պարբերություն 4),
3.12. պահպանել Համաձայնագրով նախատեսված երաշխիքները՝ անկախ նշված տվյալների սուբյեկտի ազգությունից և առանց խտրականության (հոդված 10, պարբերություն 5),
3.13. երաշխավորել, որ Համաձայնագրի համաձայն փոխանցվող անձնական տվյալները ձեռք չեն բերվի Հայաստանի Հանրապետության համար պարտադիր ճանաչված՝ միջազգային իրավունքով նախատեսված՝ մարդու իրավունքների խախտմամբ, և որ ստացված անձնական տվյալները չեն օգտագործվի մահապատժի նշանակման կամ ցանկացած այլ ձևի դաժան կամ անմարդկային վերաբերմունքի պահանջ ներկայացնելու, դրանք նշանակելու կամ իրագործելու համար (հոդված 10, պարբերություն 6),
3.14. ապահովել, որ անձնական տվյալների բոլոր փոխանցումներն իրականացվեն Համաձայնագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ հաշվի առնելով այդ փոխանցումների նպատակները (հոդված 10, պարբերություն 7),
3.15. հանցագործությունից տուժած անձանց, վկաների կամ այնպիսի այլ անձանց վերաբերյալ անձնական տվյալների փոխանցումը, որոնք կարող են տեղեկություններ տրամադրել քրեական հանցագործությունների վերաբերյալ, թույլատրել միայն այն դեպքում, եթե դա յուրաքանչյուր առանձին դեպքում խիստ անհրաժեշտ է և համաչափ ծանր հանցագործություններով նախաքննություն և քրեական հետապնդում իրականացնելու համար (հոդված 11, պարբերություն 1),
3.16. ռասայական կամ էթնիկական ծագման, քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների կամ արհեստակցական միությանն անդամակցելու, գենետիկ տվյալների, ֆիզիկական անձի եզակի նույնականացման նպատակով մշակված կենսաչափական տվյալների վերաբերյալ տեղեկություններ բացահայտող անձնական տվյալների, ֆիզիկական անձի առողջությանը կամ սեռական կյանքին կամ սեռական կողմնորոշմանը վերաբերող տվյալների փոխանցումը թույլատրել միայն այն դեպքում, եթե դա յուրաքանչյուր առանձին դեպքում խիստ անհրաժեշտ է և համաչափ ծանր հանցագործություններով նախաքննություն և քրեական հետապնդում իրականացնելու համար (հոդված 11, պարբերություն 2),
3.17. նախատեսել լրացուցիչ երաշխիքներ՝ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն, անձնական տվյալների մշակման համար, այդ թվում՝ դրանց նկատմամբ հասանելիությանը ներկայացվող սահմանափակումներ, անվտանգության լրացուցիչ միջոցներ և միջնորդավորված փոխանցման մասով սահմանափակումներ (հոդված 11, պարբերություն 3),
3.18. արգելել այնպիսի որոշումների կայացումը, որոնք հիմնված կլինեն բացառապես փոխանցված անձնական տվյալների ինքնաշխատ մշակման վրա (ներառյալ՝ պրոֆիլավորումը), ինչը բացասական իրավական հետևանքներ է առաջացնում կամ բացասական ազդեցություն ունի տվյալների սուբյեկտի վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք օրենքով թույլատրված են ծանր հանցագործություններով նախաքննություն և քրեական հետապնդում իրականացնելու համար, ինչն ապահովում է տվյալների սուբյեկտի իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխիքներ, այդ թվում՝ առնվազն մարդու կողմից միջամտություն ստանալու իրավունքը (հոդված 12),
3.19 թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Համաձայնագրի շրջանակում ստացված անձնական տվյալները փոխանցեն Հայաստանի այլ մարմինների, եթե չեն կատարվում Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված բոլոր պայմանները (հոդված 13, պարբերություն 1),
3.20. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին արգելվեն Համաձայնագրի շրջանակներում ստացված անձնական տվյալների փոխանցումները որևէ երրորդ երկրի մարմիններին կամ միջազգային կազմակերպությանը՝ բացառությամբ, եթե պահպանված են 13-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված բոլոր պայմանները (հոդված 13, պարբերություն 2),
3.21. նախատեսել տվյալների սուբյեկտի իրավունքը՝ Համաձայնագրի համաձայն փոխանցված անձնական տվյալները մշակող մարմիններից ստանալ այն փաստի հաստատումը, թե արդյո՞ք իրեն վերաբերող անձնական տվյալները մշակվում են Համաձայնագրով սահմանված կարգով, և եթե այդպես է, ապա հասանելիություն ընձեռել Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված տեղեկություններին (հոդված 14, պարբերություն 1, մաս 1),
3.22. երաշխավորել տվյալների ցանկացած սուբյեկտի Համաձայնագրի համաձայն փոխանցված անձնական տվյալներ մշակող մարմիններից տվյալների սուբյեկտին վերաբերող ոչ ճշգրիտ անձնական տվյալների շտկում ստանալու իրավունքը, որը ներառում է Համաձայնագրի շրջանակներում փոխանցված թերի անձնական տվյալները լրացնելու իրավունք՝ հաշվի առնելով մշակման նպատակները (հոդված 15, պարբերություն 1),
3.23. երաշխավորել, որ տվյալների ցանկացած սուբյեկտ իրավունք ունենա Համաձայնագրի համաձայն փոխանցված անձնական տվյալներ մշակող մարմիններից պահանջելու ջնջել տվյալների սուբյեկտին վերաբերող անձնական տվյալները, եթե անձնական տվյալների մշակումը խախտում է Համաձայնագրի 10-րդ հոդվածի 1-ին կետը կամ 11-րդ հոդվածի 2-րդ կետը, կամ եթե անձնական տվյալները պետք է ջնջվեն մարմինների համար պարտադիր իրավական պարտավորությունը կատարելու համար (հոդված 15, պարբերություն 2),
3.24. ապահովել, որ անձնական տվյալները փոխանցող մարմինը և մշակող մարմինը միմյանց տեղեկացնեն Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված դեպքերի մասին, ինչպես նաև ապահովել, որ տվյալները մշակող մարմինը շտկի, ջնջի նշված անձնական տվյալները կամ սահմանափակի դրանց մշակումը՝ փոխանցող մարմնի կողմից ձեռնարկված գործողություններին համապատասխան (հոդված 15, պարբերություն 4),
3.25. նախատեսել Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերությունների համաձայն պահանջն ստացած մարմնի պարտականությունը՝ առանց անհարկի ուշացման տվյալների սուբյեկտին գրավոր տեղեկացնել, որ անձնական տվյալները շտկվել են, ջնջվել կամ, որ դրանց մշակումը սահմանափակվել է (հոդված 15, պարբերություն 5),
3.26. նախատեսել, որ Համաձայնագրի 15-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ պարբերության համաձայն պահանջն ստացած մարմինը տվյալների սուբյեկտին գրավոր ներկայացնի Համաձայնագրի 15-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ սահմանված տեղեկատվությունը (հոդված 15, պարբերություն 6),
3.27. Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող անձնական տվյալների վրա ազդող անձնական տվյալների խախտման դեպքում նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններն այդ խախտման մասին անհապաղ ծանուցեն միմյանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան վերահսկիչ մարմիններին, բացառությամբ եթե հավանական չէ, որ անձնական տվյալների այդ խախտումը կարող է վտանգել ֆիզիկական անձանց իրավունքներն ու ազատությունները, և միջոցներ ձեռնարկեն դրա հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար (հոդված 16, պարբերություն 1),
3.28. նախատեսել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների պարտավորությունը՝ փաստաթղթերով հիմնավորելու Համաձայնագրի շրջանակներում փոխանցված անձնական տվյալների վրա ազդող անձնական տվյալների ցանկացած խախտում, այդ թվում՝ խախտման հետ կապված փաստերը, դրա հետևանքները և ձեռնարկված շտկման միջոցները՝ դրանով հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության համապատասխան վերահսկիչ մարմիններին ստուգելու Համաձայնագրի 16-րդ հոդվածի պահանջների կատարումը (հոդված 16, պարբերություն 4),
3.29. նախատեսել անձնական տվյալների խախտման մասին առանց անհարկի ուշացման տվյալների սուբյեկտին հաղորդելու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների պարտավորությունն այն դեպքում, երբ հավանականություն կա, որ Համաձայնագրի 16-րդ հոդվածում նշված անձնական տվյալների խախտումը կարող է մեծապես վտանգել ֆիզիկական անձանց իրավունքներն ու ազատությունները (հոդված 17, պարբերություն 1),
3.30. Համաձայնագրի շրջանակներում ստացված անձնական տվյալների պահպանման կամ այդ տվյալների պահպանման անհրաժեշտության պարբերական վերանայման համար նախատեսել համապատասխան ժամկետներ, որպեսզի այդ տվյալները պահպանվեն ոչ ավելի, քան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար դրանք փոխանցվում են (հոդված 18, պարբերություն 1),
3.31. ապահովել անձնական տվյալների հավաքման, փոփոխման, դրանց նկատմամբ հասանելիության, բացահայտման, այդ թվում՝ միջնորդավորված փոխանցման, դրանց համադրման և ջնջման համար նախատեսված մատյանների կամ այլ փաստաթղթերի վարում, դրանք՝ ըստ պահանջի, հասանելի դարձնել վերահսկիչ մարմնին և օգտագործել միայն տվյալների մշակման օրինականությունը ստուգելու, ներքին մշտադիտարկման և տվյալների պատշաճ ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու համար (հոդված 19),
3.32. ապահովել տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների իրականացումը՝ Համաձայնագրի շրջանակներում փոխանցված անձնական տվյալների պաշտպանության նպատակով (հոդված 20, պարբերություն 1),
3.33. տվյալների ինքնաշխատ մշակման մասով ապահովել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք նախատեսված են Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ (հոդված 20, պարբերություն 2),
3.34. նախատեսել մեկ կամ մի քանի անկախ պետական մարմիններ, որոնք պատասխանատու են տվյալների պաշտպանության համար՝ վերահսկելու Համաձայնագրի կատարումը և ապահովելու վերջինիս հետ համապատասխանությունը՝ անձնական տվյալների մշակմանն առնչվող ֆիզիկական անձանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով (հոդված 21, պարբերություն 1),
3.35. ապահովել, որ յուրաքանչյուր վերահսկիչ մարմին իր առաջադրանքները կատարելիս և իր լիազորություններն իրականացնելիս գործի ամբողջովին անկախ, զերծ լինի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի արտաքին ազդեցությունից, ինչպես նաև չսպասի ցուցումների կամ չստանա դրանք, և յուրաքանչյուր վերահսկիչ մարմնի անդամ ունենա պաշտոնավարման որոշակի երաշխավորված ժամկետ, ինչպես նաև կամայականորեն պաշտոնից ազատվելու դեմ երաշխիքներ (հոդված 21, պարբերություն 2),
3.36. ապահովել, որ յուրաքանչյուր վերահսկիչ մարմին ունենա մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ, տարածք և ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են իր առաջադրանքների և լիազորությունների արդյունավետ կատարման համար (հոդված 21, պարբերություն 3),
3.37. ապահովել, որ յուրաքանչյուր վերահսկիչ մարմին ունենա քննություն և միջամտություն կատարելու արդյունավետ լիազորություններ՝ իր կողմից վերահսկվող մարմինների նկատմամբ հսկողություն իրականացնելու և իրավական գործընթացներ սկսելու համար (հոդված 21, պարբերություն 4),
3.38. ապահովել, որ յուրաքանչյուր վերահսկիչ մարմին ունենա լիազորություն՝ լսելու անհատների կողմից ներկայացվող բողոքներն իրենց անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ (հոդված 21, պարբերություն 5),
3.39. նախատեսել, որ տվյալների յուրաքանչյուր սուբյեկտ, անկախ այլ վարչական կամ արտադատական պաշտպանության որևէ միջոցից, ունենա արդյունավետ դատական պաշտպանության միջոցի իրավունք, եթե գտնում է, որ իր անձնական տվյալների՝ Համաձայնագրին ոչ համապատասխան մշակման արդյունքում խախտվել են Համաձայնագրով երաշխավորված իր իրավունքները (հոդված 22, պարբերություն 1),
3.40. ընդունել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Եվրաջասթից չեն կարող պահանջել վերադարձնել պատժիչ կամ ոչ փոխհատուցելի վնասների փոխհատուցումը (հոդված 24, պարբերություն 3),
3.41. նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իրենք կրեն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացած ծախսերը, եթե Համաձայնագրով կամ աշխատանքային պայմանավորվածությամբ այլ բան սահմանված չէ (հոդված 25),
3.42. նախատեսել յուրաքանչյուր իրավասու մարմնի պարտականությունը՝ հրապարակելու իրենց կոնտակտային տվյալները, ինչպես նաև Համաձայնագրի շրջանակներում երաշխավորված անձնական տվյալների երաշխիքների վերաբերյալ հստակ և պարզ լեզվով տեղեկություններ սահմանող փաստաթուղթը, այդ թվում՝ տեղեկություններ՝ ընդգրկելով առնվազն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված կետերը և տվյալների սուբյեկտների իրավունքների իրականացման համար հասանելի միջոցները, և ապահովել, որ այդ փաստաթղթի պատճենը տրամադրվի մյուս Կողմին (հոդված 28, պարբերություն 1),
3.43. ապահովել, որ իրավասու մարմիններն ընդունեն կանոններ, որոնք կհստակեցնեն, թե գործնականում ինչպես է կիրառվելու անձնական տվյալների մշակման վերաբերյալ դրույթների կատարումը, եթե այդպիսի կանոններ դեռևս չկան, ինչպես նաև ապահովել, որ կանոնների պատճենն ուղարկվի մյուս Կողմին և համապատասխան վերահսկիչ մարմնին (հոդված 28, պարբերություն 2),
3.44. մյուս Կողմին ծանուցել Համաձայնագրի կատարումը 21-րդ հոդվածի համաձայն վերահսկելու և դրա հետ համապատասխանությունն ապահովելու համար պատասխանատու վերահսկիչ մարմնի մասին (հոդված 28, պարբերություն 3):
4. Վերոգրյալից բացի, Համաձայնագրի Նախաբանում որպես վերաբերելի նորմատիվ աղբյուրներ նշվում են մի շարք միջազգային պայմանագրեր, մասնավորապես՝
4.1. 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում կնքված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2002 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի Ն-264-2 որոշմամբ (ՍԴՈ-350)), որն արտացոլված է նաև Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական միության խարտիայում,
4.2. 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում կնքված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2012 թվականի փետրվարի 27-ին Ազգային ժողովի ԱԺՈ-315-Ն որոշմամբ (ՍԴՈ-1001)),
4.3. 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում կնքված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխող Արձանագրությունը (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին ՀՕ-348-Ն օրենքով (ՍԴՈ-1588)):
5. Ըստ Համաձայնագրի` Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններ են գլխավոր դատախազությունը և արդարադատության նախարարությունը:
6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին, ինչպես նաև Սահմանադրության 1-ին հոդվածով երաշխավորված՝ Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետություն լինելու պահանջին և անձի՝ Սահմանադրության 3, 31, 34, 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին:
7. Միաժամանակ, գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի Հավելված 2-ի՝ Համաձայնագրի 3-րդ հոդվածի նպատակների համար Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ցանկում նշված են Հայաստանի Հանրապետության դատարանները, որից հետո առանձնացված են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, Հակակոռուպցիոն դատարանը, Վերաքննիչ քրեական դատարանը և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ առանց Վճռաբեկ դատարանը հիշատակելու:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
6 օգոստոսի 2024 թվականի ՍԴՈ-1742 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2024 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ԵՎՐԱՋԱՍԹ) ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1742 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴՈ-1742 որոշմամբ որոշել է, որ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴՈ-1742 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2024 թվականի օգոստոսի 6-ի ՍԴՈ-1742 որոշմամբ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
Դատավոր`
«06» օգոստոսի 2024թ. |
Ե. Խունդկարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|