Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2024 թվականի N 1282-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգը և մերժման հիմքերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

օգոստոսի 15-ի N 1282-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության և մերժման հետ կապված իրավահարաբերությունները։

2. Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին բազային տարածական տվյալները տրամադրվում են լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) թույլտվությամբ՝ կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցվում են ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմինները։ Բացառություն են կազմում «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված բազային տարածական տվյալների «անշարժ գույք» խմբի վերաբերյալ տվյալները, որոնց տրամադրման համար թույլտվություն չի պահանջվում։

3. Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին թեմատիկ տարածական տվյալները տրամադրում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների համապատասխան ստորաբաժանումները՝ տվյալ ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ, որի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցում են ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմիններին։

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծանուցումների մեջ նշվում են տեղեկատվություն պահանջողի վերաբերյալ նույնականացման տվյալները, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության բովանդակությունը։

5. «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված ինքնաշխատ տրամադրման ենթակա տեղեկություններն օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տրամադրվում են կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)՝ առանց կոմիտեի թույլտվության և ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի լիազոր մարմիններին ծանուցելու:

6. Օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տարածական տվյալների ստացման նպատակով ներկայացվում է դիմում, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը՝ գիտական հետազոտություն, կրթական, բիզնես գործունեություն կամ միջազգային համագործակցություն, և հիմնավորումը։ Ներկայացված դիմումը պետք է ներառի նաև նշում առ այն, որ դիմումատուն պարտավորվում է իր կողմից ստացված տեղեկատվությունը չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դա օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։

7. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով ներկայացված մարմիններն ուսումնասիրում են ստացված դիմումները և դրանց բովանդակությունը՝ վերջիններիս ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով:

8. Տեղեկատվություն տրամադրող լիազոր մարմինը ներկայացված դիմումը մերժում է, եթե՝

1) դիմումի բովանդակությունը չի համապատասխանում սույն կարգի 6-րդ կետի պահանջներին.

2) առկա է դիմումի և սույն կարգի պահանջների անհամապատասխանություն.

3) պարունակում է պետական գաղտնիք։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.08.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2024 թվական: