Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.07.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2024

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3538/05/22
2024 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3538/05/22

Նախագահող դատավոր`

 Ս. Հովակիմյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

 

2024 թվականի հուլիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12022024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Նադեժդա» արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, «Արդշինբանկ» ՓԲ ընկերություն (այսուհետ` Բանկ)` ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ թիվ 50 փողոցի 51-րդ հասցեի գույքի իրացման հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Նադեժդա» արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը պահանջել է անվավեր ճանաչել ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ թիվ 50 փողոցի 51-րդ հասցեի գույքի իրացման հարկադիր էլեկտրոնային աճուրդը և որպես հետևանք` անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։ Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացվել է հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս Հովակիմյանը 14.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, գործով երրորդ անձ է ներգրավել ՀՀ կադաստրի կոմիտեին և Բանկին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջել է ապացույցներ և հրավիրել է նախնական դատական նիստ։ Նույն որոշմամբ արձանագրվել է, որ դատարանը քննության առարկա չի դարձնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը՝ այն առարկայազուրկ լինելու հիմնավորմամբ:

ՀՀ նախագահի 25.08.2022 թվականի թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, որով պայմանավորված թիվ ՎԴ/3538/05/22 վարչական գործը 07.09.2022 թվականին վերամակագրվել է դատավոր Դ.Դանիելյանին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 30112023 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը համարվել է հարգելի և այն վերականգնվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12022024 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.11.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի դատավարական նախապատմությունից հետևում է, որ հայցվորի կողմից 06062022 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումն ի սկզբանե մակագրվել է դատավոր Ս Հովակիմյանին, ում համար դեռևս ՀՀ վարչական դատարանում, հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության քննության ժամանակ, հայցվորի կողմից ներկայացված փաստերը հանդիսացել են հավաստի, այդ նույն փաստերը հավաստի են եղել նաև Վերաքննիչ դատարանում՝ Բանկի վերաքննիչ բողոքը քննելու ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Բանկը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է անհերքելի և հավաստի ապացույց այն մասին, որ հայցվորն աճուրդի կայացված լինելու վերաբերյալ տեղեկացված է եղել շատ ավելի վաղ, քան վերջինս նշել է իր կողմից ներկայացված միջնորդությունում։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դատավոր Ս Հովակիմյանն առհասարակ չի անդրադարձել Բանկի կողմից վերաքննիչ բողոքում նշված փաստերին։ Արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ դատավոր Ս Հովակիմյանի համար ՀՀ վարչական դատարանում կայացված որոշմամբ արձանագրված փաստերն ունեցել են ավելի նախադատելի ապացուցողական ուժ, քան այդ փաստերը հերքող Բանկի կողմից ներկայացված ապացույցները:

Այսպիսով, պարզ է դառնում, որ դատավոր Ս. Հովակիմյանը ՀՀ վարչական դատարանում ըստ էության քննել է հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը, ուստի դատավոր Ս. Հովակիմյանը վերաքննիչ ատյանում պետք է հայտներ ինքնաբացարկ, ինչը վերջինս չի կատարել, որի արդյունքում խախտվել է Բանկի արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12022024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այլ դատարանում տվյալ գործի քննությանը մասնակցած լինելու հիմքով դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր բազմաթիվ վճիռներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր միջոցներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար: Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ghulyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 06.06.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 04.03.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս, De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ նույնիսկ արտաքին հատկանիշները կարող են որոշակի նշանակություն ունենալ, կամ, այլ կերպ ասած՝ «պետք է ոչ միայն արդարությունը հաստատվի, այլև տեսանելի լինի դրա հաստատումը»։ Նժարին դրված է այն վստահությունը, որը ժողովրդավարական հասարակությունում դատարանները պետք է ներշնչեն հանրությանը: Այսպիսով, ցանկացած դատավոր, որի անկողմնակալության մասով կա մտահոգվելու հիմնավոր պատճառ, պետք է գործի քննությունից հեռացվի (տե՛ս, Micallef v. Malta գործով Եվրոպական դատարանի 15.10.2009 թվականի վճիռը, կետ 98):

Անկողմնակալության ապահովման մասով ներպետական ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ghulyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

ՀՀ վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ինքնաբացարկ հայտնելու հիմքերից` տվյալ գործի քննությանն այլ դատարանում դատավորի մասնակցության հիմքին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ որպես դատարանի անաչառությունն ապահովող կառուցակարգ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինքնաբացարկի և բացարկի ինստիտուտը, որի հիմքերն ամրագրված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում: Յուրաքանչյուր դեպքում դատավորի կողմից ստորադաս դատական ատյանում նույն գործով ունեցած մասնակցությունը` որպես ինքնաբացարկի հիմք, ենթակա է գնահատման՝ հաշվի առնելով ստորադաս դատարանում դատավորի կողմից կատարված գործողությունների շրջանակը և բնույթը, կոնկրետ գործի հանգամանքներն ու առանձնահատկությունները: Ընդ որում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում» արտահայտությունը կիրառելի է քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլի նկատմամբ: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ ատյանում օրենքով սահմանված կարգով տվյալ գործով քննությունը պետք է իրականացվի և տվյալ հարցով որոշումը պետք է կայացվի կոլեգիալ` երեք դատավորի կազմով, ապա կոլեգիալ կազմում ընդգրկված դատավորներից առնվազն մեկի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը բավարար է արձանագրելու համար, որ դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով: Դրա արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ.

1. յուրաքանչյուր դեպքում դատավորը չպետք է մասնակցի իր իսկ կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությանը, նույնիսկ այն պարագայում, երբ այդ բողոքը քննվում է կոլեգիալ կարգով, քանի որ իր իսկ որոշումների դեմ բերված բողոքները քննելով՝ դատավորն իր անաչառության վերաբերյալ առաջացնում է օբյեկտիվ կասկած թե´ գործի մասնակցի, և թե´ օբյեկտիվ դիտորդի մոտ,

2. այն դեպքում, երբ բողոքարկված չէ նույն դատավորի կողմից նախկինում կայացված դատական ակտը, սակայն բողոքում բարձրացվում է տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարց, հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը, ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները, վերադաս դատական ատյանում կոլեգիալ կազմում տվյալ դատավորի դերակատարությունը (տե՛ս, «Հարութ Մեգերյան» ՍՊԸ ընդդեմ «Մարսարմետ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԱՎԴ/1405/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով, ըստ էության, վերահաստատել է վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ մասնավորապես արձանագրելով, որ թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է քաղաքացիական դատավարության կարգով քննված գործի շրջանակներում, սակայն այն հավասարապես կիրառելի է նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ վարչական դատավարությունում դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը (տե՛ս, Տիգրան Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ՎԴ/8486/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2020 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «Նադեժդա» արտադրական կոոպերատիվի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը դիմելով դատարան՝ պահանջել է անվավեր ճանաչել ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ թիվ 50 փողոցի 51-րդ հասցեի գույքի իրացման հարկադիր էլեկտրոնային աճուրդը և որպես հետևանք` անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։ Միաժամանակ հայցվորը միջնորդել է վերականգնել հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը` պատճառաբանելով, որ գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին տեղեկատվությունը ստացվել է սնանկության վարույթի շրջանակներում ստացված տեղեկատվության արդյունքում, որից հետո ներկայացուցչի միջոցով դիմում է ներկայացվել պատասխանողին և 26.04.2022 թվականի թիվ Եա3659/02 գրությամբ տրամադրվել է գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման պատճենը, որն էլ փոստային առաքմամբ ստացվել է 28.04.2022 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 8):

Սույն վարչական գործը 06062022 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս Հովակիմյանին (հատոր 1-ին, գ.թ. 1):

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս Հովակիմյանը 14.06.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ, գործով երրորդ անձ է ներգրավել ՀՀ կադաստրի կոմիտեին և Բանկին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պահանջել է ապացույցներ և հրավիրել է նախնական դատական նիստ։ Նույն որոշմամբ անդրադառնալով հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը՝ ՀՀ վարչական դատարանը նշել է հետևյալը «(․․․) ըստ հայցադիմումի և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության, հայցվորը վիճարկվող վարչական ակտի գոյության մասին տեղեկացել է 28.04.2022 թվականին, ուստի, հիմք ընդունելով վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալու վերաբերյալ (վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու) հայցվորի հայտնած տեղեկությունները՝ Դատարանը գտնում է, որ Հայցվորի դատարան դիմելու իրավունքը չսահմանափակելու նկատառումից ելնելով, նրա հայտնած տեղեկությունները պետք է համարել հավաստի՝ հնարավորություն տալով վերջինին օգտվելու արդար դատաքննության իր իրավունքից՝ նկատի ունենալով, որ Հայցվորի կողմից հայտնած տեղեկությունների՝ վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու և այն ստանալու վերաբերյալ, այլ փաստերի ի հայտ գալու դեպքում, Դատարանը կարող է դատավարական ժամկետներիիճարկման հայցը Դատարան ներկայացնելու ժամկետների) հարցին անդրադառնալ գործի քննության ընթացքում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատարանը քննության առարկա չի դարձնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը՝ այն առարկայազուրկ լինելու հիմնավորմամբ»։

ՀՀ նախագահի 25.08.2022 թվականի թիվ ՆՀ-238-Ա հրամանագրով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, որով պայմանավորված թիվ ՎԴ/3538/05/22 վարչական գործը 07.09.2022 թվականին վերամակագրվել է դատավոր Դ. Դանիելյանին (հատոր 2-րդ, գ.թ. 1-2):

Դատարանի 30112023 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է՝ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը համարվել է հարգելի և այն վերականգնվել է:

Դատարանի որոշման դեմ Բանկը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 11012024 թվականին մակագրվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ս Հովակիմյանին (հատոր 3-րդ, գ.թ. 1):

Վերաքննիչ դատարանի 12022024 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.11.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ «(․․․) Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Հայցվորի կողմից ներկայացված փաստարկները, արձանագրում է, որ հակառակի վերաբերյալ ապացույցների բացակայության պայմաններում վիճարկվող վարչական ակտի գոյության մասին Հայցվորն ըստ էության տեղեկացել է Պատասխանողի 26.04.2022 թվականի թիվ Եա3659/02 գրությամբ տրամադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշման պատճենից, որն էլ փոստային առաքմամբ ստացվել է 28.04.2022 թվականին, որպիսի պահն էլ Դատարանը հիմք է ընդունել` Հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու պահը և, ըստ դրա` օրենքով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու համար: (․․․) վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո Հայցվորն իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով 03.06.2022 թվականին փոստային ծառայության միջոցով դիմել է դատարան, այսինքն` Հայցվորը չի ցուցաբերել անգործություն և ձեռնարկել է միջոցներ` իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ, միաժամանակ, փաստելով, որ տվյալ դեպքում բացակայում է որևէ ապացույց առ այն, որ Հայցվորն իր ձեռքի տակ ունեցել է վիճարկվող վարչական ակտի օրինակը և, ըստ դրա` ծանոթացել է դրա բովանդակությանը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հայցվորի կողմից սույն գործով վիճարկվող վարչական ակտի վիճարկման համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով»:

 

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով դատավոր Ս Հովակիմյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտության վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքի հիմքին և հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տվյալ գործին այլ դատարանում մասնակցելու հիմքով այդ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ հարցը լուծելիս հարկավոր է գնահատել դատավորի մասնակցությունը՝ ստորադաս դատական ատյանում նրա կողմից կատարված դատավարական գործողությունները: Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով քննարկման առարկա դարձնել ստորադաս դատարանում դատավոր Ս Հովակիմյանի կողմից կատարված դատավարական գործողությունները, արձանագրում է, որ վերջինս ՀՀ վարչական դատարանում կայացրած 14.06.2022 թվականի որոշմամբ անդրադառնալով նաև հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, եզրահանգել է, որ այն առարկայազուրկ է, ըստ էության, հավաստի համարելով վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու օրվա վերաբերյալ հայցվորի հայտնած տեղեկությունները։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատավոր Ս Հովակիմյանը դեռևս ՀՀ վարչական դատարանում գնահատական է տվել հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնված լինել կամ չլինելու հարցին, որը խնդրո առարկա է հանդիսացել նաև Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում։ Մասնավորապես՝ Բանկի վերաքննիչ բողոքի հիմնավորումներն ամբողջությամբ վերաբերել են հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը հայցվորի կողմից պահպանված չլինելուն։

Նման պայմաններում դատավոր Ս Հովակիմյանը, հաշվի առնելով ստորադաս դատական ատյանում գործի քննությանն ունեցած իր մասնակցության բնույթը, պարտավոր էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում հայտնել ինքնաբացարկ, ինչը, սակայն, չի արել, որպիսի հանգամանքն օբյեկտիվորեն անկողմնակալ դիտորդի մոտ կարող էր ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմք է դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել:

Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը քննել է այնպիսի դատավոր, ով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք։

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը, հիմնավոր համարելով բողոք բերած անձի փաստարկներն առ այն, որ դատավոր Ս Հովակիմյանը սեփական նախաձեռնությամբ պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, արձանագրում է, որ սույն գործով առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, այն է՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը քննել է ոչ օրինական կազմով, ինչով պայմանավորված սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։

Վերոգրյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է Բանկի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հիմնարար խախտում:

Հիմք ընդունելով վերը նշված նորմերի խախտման առկայությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված այլ խախտումների վերաբերյալ փաստարկների գնահատմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 169-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12022024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան