Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31753/02/20
2024 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31753/02/20

Նախագահող դատավոր`

 Ն. Մարգարյան

Դատավորներ`

 Ս. Թորոսյան

 Լ. Հովհաննիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Գ. հակոբյան 

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

2024 թվականի հունիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2023 թվականի որոշման դեմ` ըստ Ծովինար Գալստյանի հայցի ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և երրորդ անձ Գոհար Սահակյանի` մրցույթի արդյունքները չեղյալ ճանաչելու ու որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծովինար Գալստյանը պահանջել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու նպատակով 17.07.2020 թվականի մրցույթի և 23.07.2020 թվականին հետաձգված մրցույթի կայացմանը խոչընդոտելուն ու տապալելուն ուղղված անօրինական (ոչ իրավաչափ), ինչպես նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն ոչ թե դպրոցի խորհրդի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, այլ հեռահար հարցազրույցի արդյունքներով առաջարկելուն ուղղված անօրինական (ոչ իրավաչափ) գործողությունների հետևանքով չեղյալ ճանաչել Արարատի մարզի «Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 17.07.2020 թվականին հայտարարված մրցույթի արդյունքները և անվավեր ճանաչել Արարատի մարզպետի 04.08.2020 թվականի Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու մասին թիվ ՄՈ/132-2020 որոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 31.08.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.11.2021 թվականի որոշմամբ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2021 թվականի որոշմամբ կրկին վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերած անձի անունից ներկայացված Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 02.09.2022 թվականի որոշմամբ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.01.2023 թվականի որոշմամբ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի ու Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի անունից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 31.08.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, Կառավարության 04.03.2010 թվականի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն որոշմամբ (ուժը կորցրել է 24022023 թվականին՝ Կառավարության 09022023 թվականի թիվ 181-Ն որոշման 2-րդ կետով) հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ, 17-րդ, 18-րդ, 18.1-րդ, 28.1-րդ և 34-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կարգի 18.1-րդ կետը սահմանում է, որ հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության ու տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արարատի մարզի «Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված 17.07.2020 թվականի մրցույթն օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հետաձգվել է՝ խորհրդի նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով, քանի որ այդ օրը խորհրդի նիստին չեն մասնակցել խորհրդի ութ անդամներից երեքը՝ մեկական անդամ՝ նշանակված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմնի ու մարզպետարանի կողմից: Հետաձգված մրցույթը, կառավարման խորհրդի նախագահի կողմից ուղարկված գրության համաձայն, պետք է տեղի ունենար 23072020 թվականին, սակայն այն կրկին չի կայացել՝ նիստն իրավազոր չլինելու պատճառով՝ չեն մասնակցել խորհրդի երեք անդամներ։ Խորհուրդը, առաջնորդվելով Կարգի 18.1-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին է ներկայացրել խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմք ընդունելով Կարգի 28.1 կետը, 03.08.2020 թվականի թիվ 04/03.31/36736-2020 գրությամբ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջարկել է Գոհար Սահակյանի թեկնածությունը: Արարատի մարզպետը, ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, Կարգի 34-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 03.08.2020 թվականի թիվ 04/03.31/36736-2020 գրությունը, 04082020 թվականի թիվ ՄՈ/132-2020 որոշմամբ դպրոցի տնօրեն է նշանակել Գոհար Սահակյանին, ով եղել է տնօրենի հավակնորդներից մեկը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.01.2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի 26.03.2020 թվականի «Ծովինար Վրեժի Գալստյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ ՄՈ/56-2020 որոշմամբ Ծովինար Գալստյանը 30.03.2020 թվականից ազատվել է «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Դպրոց) տնօրենի պաշտոնից և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նույն օրվա «Նորամարգի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ ՄՈ/57-2020 որոշմամբ Սաթենիկ Դանիելյանը 30.03.2020 թվականից նշանակվել է Դպրոցի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով տնօրենի նշանակումը (հատոր 2-րդ, գթ67, 68).

2) Դպրոցի խորհուրդը 20.05.2020 թվականին որոշում է ընդունել Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 17.07.2020 թվականին, ժամը 13:00-ին մրցույթ հայտարարելու մասին (հատոր 2-րդ, գթ 30, 31).

3) Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդներ են եղել Ծովինար Գալստյանը, Գևորգ Մինասյանը և Գոհար Սահակյանը (հատոր 2-րդ, գթ 31, 32).

4) 17.07.2020 թվականին, ժամը 13:00-ին հրավիրված խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի ութ անդամներից հինգը՝ Ցողիկ Սահակյանը, Լուսինե Դավթյանը, Ներման Գևորգյանը, Սիլվա Հմայակյանը և Լիլիթ Միրզախանյանը Հայկազ Տերտերյանը, Արամ Գասպարյանը և Առաքել Ավետիսյանը նիստին չեն մասնակցել։ Նիստին չի մասնակցել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը (հատոր 2-րդ, գթ 32, 33).

5) 17.07.2020 թվականին, ժամը 13:00-ին հրավիրված խորհրդի նիստում որոշում է կայացվել խորհրդի նիստն իրավազոր չլինելու հիմքով մրցույթը հետաձգելու և այն 23.07.2020 թվականին, ժամը 12:00-ին նշանակելու մասին (հատոր 2-րդ, գթ 33).

6) 23.07.2020 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված խորհրդի նիստին մասնակցել են խորհրդի ութ անդամներից հինգը՝ Ցողիկ Սահակյանը, Լուսինե Դավթյանը, Ներման Գևորգյանը, Սիլվա Հմայակյանը, Արամ Գասպարյանը, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Ալինա ԱզնավուրյանըՀայկազ Տերտերյանը, Առաքել Ավետիսյանն ու Լիլիթ Միրզախանյանը նիստին չեն մասնակցել (հատոր 2-րդ, գթ 34).

7) 23.07.2020 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված խորհրդի նիստում որոշում է կայացվել երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին ներկայացնել խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները (հատոր 2-րդ, գթ 34).

8) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին 31.07.2020 թվականի թիվ 04/03.31/36736-2020 գրությամբ առաջարկել է հավակնորդներից Գոհար Սահակյանի թեկնածությունը (հատոր 2-րդ, գթ 73).

9) Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի 04.08.2020 թվականի «Գոհար Վաչիկի Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու մասին» թիվ ՄՈ/132-2020 որոշմամբ Գոհար Վաչիկի Սահակյանը 05.08.2020 թվականից նշանակվել է Դպրոցի տնօրեն և նրա հետ հինգ տարի ժամկետով կնքվել է աշխատանքային պայմանագիր։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի 05.08.2020 թվականի «Սաթենիկ Դանիելյանին տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից ազատելու մասին» թիվ ՄՈ/133-2020 որոշմամբ Սաթենիկ Դանիելյանը 05.08.2020 թվականից ազատվել է Դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից (հատոր 2-րդ, գթ 69, 70)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 28.06.2021 թվականը գործող խմբագրությամբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ու Կարգի 2-րդ, 17-րդ, 18-րդ, 18.1-րդ, 28.1-րդ և 34-րդ կետերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի որոշակի առանձնահատկություններին:

 

Սահմանադրության 86-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը:

Սահմանադրության 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների և հնարավորությունների շրջանակում պարտավոր են իրագործել Սահմանադրության 86-րդ հոդվածով սահմանված նպատակները:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրակրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, նույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:

Մինչև 03.03.2022 թվականը գործած խմբագրությամբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (․․․):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Մինչև 03.03.2022 թվականը գործած խմբագրությամբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն:

Մինչև 03.03.2022 թվականը գործած խմբագրությամբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: (․․․

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 1-ին կետի համաձայն՝ նույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ։

Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 3-րդ կետի համաձայն՝ խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 4-րդ կետի համաձայն՝ խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդ գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 13-րդ կետի համաձայն՝ մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 17-րդ կետի համաձայն՝ խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 18-րդ կետի համաձայն՝ խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 18.1.-րդ կետի համաձայն՝ 18-րդ կետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 26-րդ կետի համաձայն՝ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 28-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ (...) hավակնորդների թիվը 3 և ավելի լինելու և տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն «կողմ» ձայներ ստացած 2 հավակնորդները: Եթե բոլոր հավակնորդները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 28.1.-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 18.1-ին և 28-րդ կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում հավակնորդին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները: Ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` հավակնորդներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում դատական կարգով:

Մինչև 01.03.2021 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 34-րդ կետի համաձայն՝ լիազորված մարմինն ընտրված տնօրենի կամ նույն կարգի 28.1-ին կետի համաձայն առաջարկված թեկնածուի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ հանրակրթության բնագավառը կարգավորվում է նաև նշված օրենքով և այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերով։ Այդ իրավական ակտերի համաձայն՝ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ ու ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Նույն օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ուսումնական հաստատության գործադիր մարմնին` տնօրենին, ընտրում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով։ Խորհրդի լիազորությունները սահմանվում են ինչպես օրենքով, այնպես էլ՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Տվյալ դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն՝ վերը նշված Կարգով կարգավորվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները, որպիսի Կարգի համաձայն՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում լիազորված մարմինն ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար։ Իր հերթին հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին, և առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում ու անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը, իսկ խորհրդի որոշմամբ մրցույթը մեկ անգամ՝ ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, հետաձգվում է, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ: Ընդ որում, հետաձգված խորհրդի նիստը ևս իրավազոր չլինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Այս դեպքում հավակնորդին ընտրում և նրա հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում համապատասխան լիազոր մարմինը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի 26.03.2020 թվականի «Ծովինար Վրեժի Գալստյանին պաշտոնից ազատելու մասին» թիվ ՄՈ/56-2020 որոշմամբ Ծովինար Գալստյանը 30.03.2020 թվականից ազատվել է Դպրոցի տնօրենի պաշտոնից և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի նույն օրվա «Նորամարգի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ ՄՈ/57-2020 որոշմամբ Սաթենիկ Դանիելյանը 30.03.2020 թվականից նշանակվել է Դպրոցի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև օրենքով սահմանված կարգով տնօրենի նշանակումը։

Դպրոցի խորհուրդը 20.05.2020 թվականին որոշում է ընդունել Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 17.07.2020 թվականին, ժամը 13:00-ին մրցույթ հայտարարելու մասին։ Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդներ են եղել Ծովինար Գալստյանը, Գևորգ Մինասյանը և Գոհար Սահակյանը։

17.07.2020 թվականին, ժամը 13:00-ին հրավիրված խորհրդի նիստին խորհրդի ութ անդամներից մասնակցել են հինգը՝ Ցողիկ Սահակյանը, Լուսինե Դավթյանը, Ներման Գևորգյանը, Սիլվա Հմայակյանը և Լիլիթ Միրզախանյանը խորհրդի անդամներ Հայկազ Տերտերյանը, Արամ Գասպարյանը և Առաքել Ավետիսյանը նիստին չեն մասնակցել։ Նիստին չի մասնակցել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։ Դրա հիման վրա 17.07.2020 թվականին, ժամը 13:00-ին հրավիրված խորհրդի նիստում որոշում է կայացվել խորհրդի նիստն իրավազոր չլինելու հիմքով մրցույթը հետաձգելու և այն 23.07.2020 թվականին, ժամը 12:00-ին նշանակելու մասին։

23.07.2020 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված՝ հետաձգված խորհրդի նիստին խորհրդի ութ անդամներից կրկին մասնակցել են հինգը՝ Ցողիկ Սահակյանը, Լուսինե Դավթյանը, Ներման Գևորգյանը, Սիլվա Հմայակյանն ու Արամ Գասպարյանը, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Ալինա ԱզնավուրյանըՀայկազ Տերտերյանը, Առաքել Ավետիսյանն ու Լիլիթ Միրզախանյանը խորհրդի նիստին չեն մասնակցել։

Արդյունքում 23.07.2020 թվականին, ժամը 12:00-ին հրավիրված խորհրդի նիստում որոշում է կայացվել խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին ներկայացնելու մասին։

Իր հերթին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 31.07.2020 թվականի թիվ 04/03.31/36736-2020 գրությամբ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին է առաջարկել հավակնորդներից Գոհար Սահակյանի թեկնածությունը, որի հիման վրա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը 04.08.2020 թվականին որոշում է կայացրել Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու և նրա հետ հինգ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին՝ Սաթենիկ Դանիելյանին 05.08.2020 թվականից ազատելով տնօրենի պաշտոնակատարի պարտականություններից։

Այժմ Ծովինար Գալստյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և երրորդ անձ Գոհար Սահակյանի՝ պահանջելով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու նպատակով 17.07.2020 թվականի մրցույթի ու 23.07.2020 թվականին հետաձգված մրցույթի կայացմանը խոչընդոտելուն և տապալելուն ուղղված անօրինական (ոչ իրավաչափ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն ոչ թե դպրոցի խորհրդի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, այլ հեռահար հարցազրույցի արդյունքներով առաջարկելուն ուղղված անօրինական (ոչ իրավաչափ) գործողությունների հետևանքով չեղյալ ճանաչել Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար 17.07.2020 թվականին հայտարարված մրցույթի արդյունքներն ու անվավեր ճանաչել Արարատի մարզպետի 04.08.2020 թվականի Գոհար Սահակյանին դպրոցի տնօրեն նշանակելու մասին թիվ ՄՈ/132-2020 որոշումը:

Դատարանը, պատճառաբանելով նաև, որ՝

- «Տնօրենի ընտրության օրենքով, որպես ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմով սահմանված սկզբունքները հանդիսանում են հիմնարար կանոններ, որոնցից բխող կարգավորումներն ու պրակտիկան պետք է համապատասխանեն օրենքին, հետևաբար տնօրենի ընտրության ընդհանուր կանոնն այն է, որ տնօրենը պետք է ընտրվի մրցույթի միջոցով: Նշվածից բխում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բացառությունները պետք է կիրառել բացառիկ դեպքերում, բացառիկ հանգամանքների առկայության պայմաններում, երբ անհնարին է եղել ապահովել օրենքով սահմանված ընդհանուր կանոնը»,

- «Կառավարության որոշմամբ նախատեսված խորհրդի նիստի իրավազոր չլինելու դեպքը չի կարող օգտագործվել որպես մրցույթ իրականացնելու օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցման մեխանիզմ: Հակառակ մեկնաբանության դեպքում կստացվի, որ տնօրենի ընտրության մրցութային կարգը կիրառելի նորմ չէ, քանի որ այն հեշտությամբ կարելի է շրջանցել խորհրդի անդամների չներկանայալու հիմքով նիստի ոչ իրավազորություն առաջացնելու փաստով: Օրենքի նման մեկնաբանությունն անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել օրենսդրական կարգավորումների չեղարկման: Բացի այդ, դատարանը գտնում է, որ փոխվարչապետի կողմից տնօրենի ընտրության մեխանիզմը չի համապատասխանում կառավարման ժողովրդավարական սկզբունքներին, քանի որ այդ որոշումը կայացվում է միանձնյա և հակասում է ուսումնական հաստատության կառավարման կոլեգիալության օրենքով սահմանված սկզբունքին», և դրա արդյունքում եզրահանգում անելով այն մասին, որ «մրցույթի իրականացվել է այնպիսի ընթացակարգային և նյութաիրավական խախտումներով, որը հանգեցնում է դրա արդյունքում կայացված որոշումների անվավերության», 31.08.2021 թվականին վճիռ է կայացրել Ծովինար Գալստյանի հայցը բավարարելու մասին։

Վերաքննիչ դատարանը 3101.2023 թվականին որոշում է կայացրել Արարատի մարզպետարանի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի անունից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բերած վերաքննիչ բողոքները մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ՝

- «խորհրդի նիստին Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի պարտադիր ներկայանալու մասին դրույթի ամրագրումն ինքնանպատակ չէ և կոչված է գործնականում ապահովելու կառավարման խորհրդի կողմից մրցութային կարգով հաստատության ղեկավարի ընտրության ընթացակարգի իրագործումը։ Հակառակ պարագայում, ուսումնական հաստատության ղեկավարի ընտրությունը մրցութային կարգով իրագործվելու մասին դրույթը կկրի հռչակագրային բնույթ և գործնականում դրա կիրառումը չի ապահովվի, եթե խորհրդի անդամի չներկայանալու և նիստը իրավազոր չլինելու հիմքով մրցույթը հետաձգվի։ Ավելին, խորհրդի անդամները պետք է զերծ մնան դիտավորյալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը միտված կլինի մրցույթը հետաձգելուն, նաև հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու հիմքեր ստեղծելուն և հավակնորդներից մեկի ընտրությունը հաջորդ ատյան փոխանցելուն։ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ ուսումնական հաստատության ղեկավարի ընտրությունը պետք է իրականացվի մրցութային կարգով, նկատի ունենալով, որ օրենսդիրը սահմանել է ուսումնական հաստատության կառավարման ժողովրդավարական եղանակը: Այսինքն, մրցութային գործընթացը պետք է իրականացվի հիմնվելով ժողովրդավարական կառավարման ապահովման, ուսումնական հաստատության ինքնավարության սկզբունքների վրա»,

- «գործի քննության պահին գործող խմբագրության Օրենքի և Կարգի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ մրցութային կարգով, իսկ Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, ինչը չպետք է կրի ձևական բնույթ և կատարվի կամայականորեն։ Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը, ընտրված լինելով այդ պաշտոնում, պարտավոր է գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության և պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները, որոնց թվում է նաև՝ խորհրդի նիստերին մասնակցելը»։

Վերը նշված իրավական դիրքորոշումների և վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են ու չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքները մերժելու համար, քանի որ դրանք չեն բխում ինչպես վերը նշված նորմատիվ իրավական ակտերի բովանդակությունից, այնպես էլ դրանց վերաբերյալ վերը նշված վերլուծությունից հետևյալ պատճառաբանությամբ։

Սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ լիազորված մարմինը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պահպանելով վերը նշված իրավական ակտերով սահմանված նորմերի պահանջները, Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու փաստի ուժով նշանակել է հաստատության տնօրենի պաշտոնակատար։ Իր հերթին Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, Դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու փաստի ուժով որոշում է ընդունել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին, և կազմակերպել է ու անցկացրել այն՝ միաժամանակ ապահովելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությունը:

Խորհրդի նիստի իրավազոր չլինելու փաստի ուժով (խորհրդի ութ անդամներից նիստին մասնակցել են հինգը) մրցույթը մեկ անգամ հետաձգվել է: Նույն պատճառաբանությամբ իրավազոր չի եղել նաև խորհրդի հետաձգված հաջորդ նիստը, որի պայմաններում խորհուրդը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին է ներկայացրել խորհրդի նիստի արձանագրության և Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները՝ ղեկավարվելով բացառապես վերը նշված օրենսդրական կարգավորումներով սահմանված պարտադիր կանոններով: Արդյունքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը սահմանված ժամկետում լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկել է հավակնորդներից մեկի թեկնածությունը` նրա հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար, որը և տվյալ դեպքում կնքվել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դպրոցի տնօրենի նշանակումը կատարվել է տվյալ իրավահարաբերությունները կարգավորող վերը նշված նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝ դրանցով սահմանված պահանջների պահպանմամբ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ «խորհրդի նիստին Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի պարտադիր ներկայանալու մասին դրույթի ամրագրումն ինքնանպատակ չէ և կոչված է գործնականում ապահովելու կառավարման խորհրդի կողմից մրցութային կարգով հաստատության ղեկավարի ընտրության ընթացակարգի իրագործումը», «ուսումնական հաստատության ղեկավարն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ մրցութային կարգով, իսկ Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել խորհրդի նիստերին, ինչը չպետք է կրի ձևական բնույթ և կատարվի կամայականորեն։ Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը, ընտրված լինելով այդ պաշտոնում, պարտավոր է գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության և պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները, որոնց թվում է նաև՝ խորհրդի նիստերին մասնակցելը», ապա այդ առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, ընտրվում և նշանակվում է օրենսդրությամբ ու ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տվյալ դեպքում մինչև 03.03.2022 թվականը գործած խմբագրությամբ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: Միակ նորմատիվ իրավական ակտը, որը տվյալ ժամանակահատվածում սահմանել է տվյալ մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության վերը նշված որոշմամբ հաստատված Կարգը, որով սահմանված համապատասխան իրավակարգավորումների համաձայն՝ Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, այլ իրավասություն, քան խորհրդի նիստն իրավազոր չհամարվելու փաստի ուժով այն հետաձգելու ու ևս մեկ նիստ հրավիրելու, իսկ դրա՝ ևս իրավազոր չհամարվելու պայմաններում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները ներկայացնելը՝ չի ունեցել՝ անկախ նրանից, թե խորհրդի անդամներն ինչ պատճառով չեն ներկայացել խորհրդի նիստերին։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31.01.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այն առումով, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, և գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի դիմողի համար, և գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից` բավարարված պահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով։

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման՝ հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված հայցն աշխատանքային վեճի վերաբերյալ է, որի պայմաններում հայցվոր Ծովինար Գալստյանն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից։ Միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ չի ներկայացվել՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ ծախսերի մասով ևս դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2023 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Ծովինար Գալստյանի հայցը մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և Զեկուցող

Գ. հակոբյան 

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Ա. Մկրտչյան
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան