Գլխավոր տեղեկություն
Համար
N 985-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2024 թվականի N 985-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 3 հավելվածներով հաստատված կարգերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2102-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, քաղ. Երևան, Նուբարաշեն Չնքուշի փողոց 14/1 հասցեում գտնվող՝ 465 քառ. մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.13785 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15092021-01-0315 վկայական) օտարել մրցույթով:

2. Սահմանել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը 2024 թվականի փետրվարի 19-ի դրությամբ՝ 63 000 000 դրամ.

2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 57 600 000 դրամ.

3) հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 9 421 083 դրամ.

4) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 63 000 000 դրամ.

5) մրցույթին մասնակցելու նախավճարը՝ գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝ 3 150 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.

6) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 252 213 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։

3. Կոմիտեի նախագահին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական մրցույթներ՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման.

4) մրցույթում հաղթողի առկայության և հաղթողի կողմից սույն որոշման 6-րդ կետով սահմանված ժամկետում վճարումներն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության հետ 2023 թվականի ապրիլի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 23/0023 պայմանագրի լուծման մասին համաձայնագրի կնքումը՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին.

5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝

ա․ մինչև պայմանագրային պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը գնորդի կողմից գույքի օտարումը, այն վարձակալությամբ տրամադրումը, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինումը չի կարող իրականացվել առանց կոմիտեի գրավոր համաձայնության,

բ. գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը,

գ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում գնորդը 6 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ 10 տոկոսի չափով,

դ. գնորդի կողմից մրցույթի արդյունքում ստանձնված ներդրումները սահմանված ժամկետում 50 կամ ավելի տոկոսով կատարելու, բայց ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը 4 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 10 տոկոսի չափով, եթե ներդրումների ծավալը չի գերազանցում 300 մլն դրամը, իսկ այն գերազանցելու դեպքում՝ 5 տոկոսի չափով,

ե. գույքն օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս նոր սեփականատերն իրավահաջորդության կարգով ստանձնում է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները,

զ. սույն ենթակետի «գ» կամ «դ» պարբերություններով սահմանված պարտավորություններից որևէ մեկը չկատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման, իսկ գույքը՝ վերադարձման Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, պայմանագրի լուծման դեպքում վճարված և ներդրված գումարները վերադարձման ենթակա չեն:

4. Սահմանել, որ՝

1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝

ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված նվազագույն գնից)՝ արտահայտված մեկ թվային մեծությամբ՝ կշռային գործակիցը՝ 0.9,

բ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ` արտահայտված մեկ թվային մեծությամբ` կշռային գործակից՝ 0.1.

2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.

3) հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին.

4) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների և չի կարող գերազանցել հինգ տարին։

5. Գնորդի կողմից սույն որոշմամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած և կազմակերպվում է նոր մրցույթ՝ նույն պայմաններով, առանց գույքի վաճառքի նվազագույն գնի նվազման։

6. Սահմանել, որ գնորդը վճարումը կատարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում, մրցույթում առաջարկված գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան